Առողջություն

Մաս 1. Զոհվածների ծնողների շրջանում մեծացել է կրկին մայրանալու պահանջարկը

Խմբագրի խոսք․ Երկու մասից բաղկացած լրագրողական այս նախագիծը հրապարկվում է ի հիշատակ այն աղջիկների և տղաների, որոնց կյանքն ընդհատվել է, ըստ էության, հասուն մարդկանց որոշումների պատճառով։ Այս նախագծում մենք միավորել ենք` թվում է, թե իրար հետ կապ չունեցող երկու խնդիր՝ Հայաստանում աղջկա սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն ու փոխնակ մայրության պահանջարկի մեծացումը, մասնավորապես` պատերազմում զոհված տղաների ծնողների շրջանում։

Սրանով մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում մի հասարակությունում, երբ խախտվում է բնության օրինաչափությունը կամ ինչպես մասնագետներն են ասում՝ կենսաբանական նորմերը։ Թեման լիարժեք պատկերացնելու համար, նյութի հեղինակ Լիլիթ Հարությունյանն ուսումնասիրել է վիճակագրական տվյալներ և զրուցել է տասնյակ մարդկանց հետ, այդ թվում՝ փոխնակ մայրերի, անպտղություն ունեցող կանանց, սեռով պայմանավորելու պատճառով հղիությունը դադարեցրած կանանց, ինչպես նաև նորից մայրանալ ցանկացող զոհված զինվորների մայրերի հետ։ Իսկ Հայաստանն այն երկիրն է, որտեղ բնակչության 15 տոկոսն այսօր անպտղությամբ է տառապում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սա մտահոգիչ թիվ է։

Նյութի երկրորդ մասը կարդալ այստեղ՝ Աղջիկ պտղից հրաժարվողները

Ծնունդ պարգևելով

35-ամյա Լուիզան այն փոխնակ մայրերից է, ով երեխա է լույս աշխարհ բերել 44-օրյա պատերազմում զոհված զինվորներից մեկի ընտանիքի համար։ Երեխան ծնվել է 2023 թ․-ի դեկտեմբերին կեսարյան հատման միջոցով, և հիմա փոխնակ մայրը հետվիրահատական վերականգնման փուլում է։

Լուիզան փոխնակ մոր դերում առաջին անգամ էր, բայց սա նրա 2-րդ ծննդաբերությունն էր։ Ասում է, որ իր համար այս անգամ դժվար է տրվում հետծննդյան շրջանը․ իր աղջկան 13 տարի առաջ բնական ճանապարհով է ունեցել։

Մասնագիտությամբ ուսուցչուհի Լուիզան ի սկզբանե որոշել է փոխնակ մայր դառնալ սեփական բնակարանն ունենալու նպատակով, սակայն երբ ծանոթացել է հերոսի ընտանիքի անդամների հետ, այս գործը առաքելություն է համարել․

«Սա միայն ֆինանսական հարցերի լուծման համար չէր, սա ավելի շատ առաքելություն էր․ գումարը ծախսելու եմ, բայց իրենց օրհնանքը իմ և իմ աղջկա հետ կմնան», – ասում է Լուիզան, այնուհետև հայացքն ուղղելով վերև՝ ավելացնում, – «Շնորհակալ եմ Տիրոջը, որ նոր կյանք պարգևելու համար ինձ է ընտրել»։

Ի՞նչ է փոխնակ մայրությունը

Փոխնակ մայրությունը երեխայի կրումն ու ծնունդն է կնոջ կողմից՝ այլ անձանց համար, ովքեր կդառնան երեխայի ծնողները նրա ծնվելուց հետո: ԱՀԿ-ն փոխնակ մայրությունը դասակարգում է որպես օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիա։

Սաղմի ձևավորման համար գենետիկական նյութը (սպերմատոզոիդներ և ձվաբջիջներ) հիմնականում վերցնում են այն անձանցից, որոնք ուզում են երեխա ունենալ, բայց կարող են տրամադրվել նաև դոնորական ձվաբջիջ կամ սպերմատոզոիդներ։

Փոխնակ մայրությունը կիրառվում է, երբ հղիությունը և ծննդաբերությունը անցանկալի են կամ բժշկական տեսանկյունից անհնարին, նաև՝ երբ հղիությունը չափազանց վտանգավոր է կնոջ համար։

Աշխարհում առաջին անգամ փոխնակ մոր միջոցով երեխա ծնվել է ԱՄՆ-ում շուրջ 38 տարի առաջ՝ 1986 թվականին։ Երեխան գենետիկորեն փոխնակ մոր հետ կապ չուներ։

Լուիզան ասում է, որ նման որոշման առաջին աջակիցն իր սկեսուրն է եղել։ Լուիզան այրի է․ ամուսինը մահացել է դժբախտ պատահարից 12 տարի առաջ։

«Աղջկաս էլ բացատրեցի, որ ծնվող բալիկը իր եղբայրը չի լինելու», – ասում է փոխնակ մայրը։

Պատմում է, որ վարկով արդեն բնակարան է ձեռք բերել և փոխնակության համար ստացված գումարով մարել է գումարի մեծ մասը։

«Ես իրենց օջախին ծուխ պարգևեցի, իրենք ինձ՝ տանիք»,- ասում է Լուիզան։

Մեկ այլ փոխնակ մայր էլ այս տարվա օգոստոսին լույս աշխարհ է բերել 44-օրյա պատերազմում զոհված Մհեր Գրիգորյանի եղբորը։

Մհեր Գրիգորյանի ընտանիքը կյանքը շարունկելու հույս է ստացել փոքրիկ Մհերի լույս աշխարհ գալու հետ։

«Նոր շունչ տվեց մեր կյանքին, էնքան փոխվել է մեր կյանքը։ Գիտես՝ ինչի համար ես արթնանում։ Աստծուց առողջություն եմ խնդրում, որ կարողանամ հասցնել իր նպատակին․․․», – ասում է Մհերի մայրը՝ Նազիկ Գրիգորյանը։

Նա պատմում է, որ որդուն կորցնելուց հետո ինքնուրույն էր փորձում բալիկ ունենալ, բայց մի քանի անհաջող փորձերից հետո դիմեց փոխնակի օգնությանը։

«Տեսա, որ կան մամաներ, որ փոխնակ մայրերի միջոցով են իրենց բալիկներին ունենում։ Ես էլ շատ-շատ էի ուզում, որ իմ Մհերը վերածնվի։ Մտածում էի՝ պետք ա իմ Մհերը վերածնվի, ես որ կանչեմ Մհեր ու պատասխան ստանամ։ Բավականին երկար սպասեցինք․․․»,- ասում է Նազիկը։

Մոտ մեկ տարի է տևել մինչև որ հիվանդանոցը Նազիկի երազանքն իրականացնելու համար փոխնակ մայր է գտել։

Նազիկ Գրիգորյանն ու փոքրիկ Մհերը

«Փոխնակ մայրը միայն մի հոգու չէ, որ կյանք է տալիս։ Թող Աստված օրհնի նրանց, նրանք անբողջ մի ընտանիքի հույս ու լույս են տալիս։ Նա մեզ վերակենդանացրեց։ Մեզ էլ ա կյանք տվել։ Մեռած ապրում էինք»։

Նազիկ Գրիգորյանը նշում է, որ պետությունն է վճարել փոխնակ մոր համար նախատեսված գումարը, նաև փաստաթղթերի հետ կապված ավելորդ քաշքշուկ չի եղել։

ՀՀ Կառավարության դերը

ՀՀ Կառավարության 2022 թ․-ի հունվարին ընդունած որոշման (64-Լ) համաձայն, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնության կամ փոխնակ մոր ծառայության միջոցով, պետության աջակցությամբ երեխա ունենալու հնարավորություն ունեն։

Որոշումը մեծ հետաքրքրություն է առաջացրել զոհվածների ծնողների շրջանում, ասում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) աշխատակազմի ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։

Յուրաքանչյուր փոխնակ մոր համար պետությունը փոխհատուցման առավելագույն շեմը սահմանել է մինչև 5,5 միլիոն ՀՀ դրամ, իսկ յուրաքանչյուր դոնորական ձվաբջջի ծախսերի համար՝ մոտ 600 հազար ՀՀ դրամ։

2022 թ․-ի մայիսից՝ ծրագրի գործարկման 20 ամիսների ընթացքում, 160 զոհվածի ծնող դիմել է դոնորական ձվաբջջի համար փոխհատուցում ստանալու նպատակով, ինչի համար պետությունը շուրջ 93,3 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել։

Օրենքում կատարված փոփոխություններից հետո 2023 թ․-ի հուլիսից ծրագրից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են։

«Նախկինում յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի տրամադրվում էր ձվաբջջի ծախսերի միանվագ փոխհատուցում, սակայն հիմա կարող են ձվաբջջի ծախսերի փոխհատուցում ստանալ նաև երկրորդ անգամ, քանի որ ոչ բոլորի մոտ է առաջին անգամը հաջող ընթացք ունենում»,- ասում է Արմեն Մարգարյանը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի տեղեկացմամբ, ծրագրի գործարկման 20 ամիսների ընթացքում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությամբ զոհված զինծառայողների ընտանիքում ծնվել է 54 երեխա։

Այսօր 24 զոհվածի ծնող ևս ցանկություն է հայտնել պետական ծրագրի շրջանակներում օգտվել փոխնակ մոր ծառայություններից, սակայն ըստ ԱՍՀՆ ներկայացուցչի, փոխնակ մայրերի քանակը չի բավարարում։

«Մենք ունենք փոխնակ մայրերի անհրաժեշտություն։ Նրանք ավելի քիչ են, քան այս պահին Հայաստանում նրանց պահանջարկն է»,- «Ամփոփ Մեդիա»-ին ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արմեն Մարգարյանը։

Նրա խոսքով, երբեմն պատճառը գումարի չափն է՝ փոխնակ մայրերը ավելի շատ գումար են պահանջում։

Ո՞վ կարող է լինել փոխնակ մայր

Փոխնակ մայր կարող են առաջարկել ինչպես այս գործընթացով զբաղվող բուժհաստատությունները, այնպես էլ երեխա ցանկացող անձինք։ Բժշկներն այս դեպքում հետազոտում են թեկնածուին՝ պարզելու՝ արդյոք նա համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին։

Հայաստանում գործող օրենքով՝ փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր՝ այսինքն նա կենսաբանական մայր չի կարող հանդիսանալ:

Փոխնակ մայրը կենսաբանական մայր չի կարող հանդիսանալ։

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր միջև փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:

Փոխնակ մայրը պարտավոր է բժշկական հաշվառման կանգնել հղիության վաղ ժամկետներում (մինչև հղիության 12 շաբաթը), մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ, խստորեն կատարել նրա խորհուրդները և հետևել իր առողջությանը:

Փոխնակ մայրերի արժեքը

Լիլիթ Կարապետյան

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Լիլիթ Կարապետյանը հաստատում է նախարարության ներկայացուցչի խոսքերը։ Նա նույնպես ասում է, որ այսօր փոխնակ մայրերի համար բավական մեծ հերթեր են գոյացել, այդ թվում՝ պետական ծրագրերից չօգտվողների շրջանում։

Դժվարացել է փոխնակ մայր գտնելը, քանի որ պահանջարկը մեծացել է, և փոխնակ մայրերը սկսել են բարձրացնել իրենց ծառայության գինը։ Ընտանիքները մինչև փոխնակ մայր փնտրելը հիմնականում բավական երկար ճանապարհ են անցած լինում՝ տարբեր տեսակի բուժումներ, մի քանի արտամարմնային բեղմնավորման փորձ։

Մի քանի աղբյուրների հետ զրուցելուց հետո հստակ է դառնում, որ այսօր փոխնակ մայրերի ծառայության արժեքը տատանվում է 15-20 հազար ԱՄՆ դոլարի սահմանում, դրան գումարվում են նաև հղիության ընթացքում ծագող բոլոր ծախսերը, այդ թվում՝ անհրաժեշտ հետազոտությունների համար։ Այս բոլոր ծախսերը հոգում են երեխայի ապագա ծնողները։

Կարապետյանն ասում է, որ ավելացել է նաև փոխնակ մայր դառնալ ցանկացողների թիվը, սակայն բարդ է ընտրելը, քանի որ պահանջները խիստ են՝ վերջինս պետք է լինի միչև 35 տարեկան, պատասխանատու, պարտաճանաչ անձնավորություն, ունենա առնվազն մեկ բալիկ և չունենա առողջական խնդիրներ․

«Օրինակ, կարող ենք 10-ից մեկին միայն վերցնել»։

Լիլիթ Կարապետյանի խոսքով՝ փոխնակ մայրության համար իրենց դիմող կանայք հիմնականում անապահով խավից են և խիստ կարիքավոր։

Երբ սեռը կարևոր չէ․ երեխա ունենալը՝ կյանքի նպատակ

«Ամփոփ Մեդիա» -ի հետ զրուցած 37-ամյա կինը, ով չցանկացավ անունը նշել, նույնպես փորձում է փոխնակի միջոցով երեխա ունենալ։ Առողջական խնդիրների պատճառով հղիությունը նրա մոտ ընդհատվում է վաղ շրջանում։

2022 թվականից փորձում է փոխնակի միջոցով երեխա ունենալ և արդեն երկրորդ փոխնակ մորն է գտել։ Ֆինանասական խնդիրներ չունենք, ասում է, – «ամուսիններով բավարար գումար վաստակում ենք և կարող ենք մեզ թույլ տալ, բայց առաջին փոխնակի դեպքում երկու փորձն էլ անհաջող էր՝ հղիություն չգրանցվեց»։

Իր ասելով՝ փոխնակներին գտել է անհատ ձեռներեցի միջոցով։ Առաջին փոխնակը պահանջել է 15 հազար ԱՄՆ դոլար և ամսական 150 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, երկրորդը՝ 16 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար ՀՀ դրամ ամսական աշխատավարձ։ Պատվիրատուն նաև պարտավորվում է վճարել փոխնակի բոլոր հետազոտությունների համար։ Զույգ պտղի դեպքում գումարն ավելանում է։

«Ամփոփ Մեդիա»-ի զրուցակիցը ևս նշում է, որ տարեցտարի փոխնակների պահանջարկը մեծանում է, և գները բարձրանում են։

Ըստ նրա՝ իրեն հանդիպած փոխնակ մայրերից առաջինը միայնակ մայր էր, երկրորդն ուներ ամուսին, որն էլ նախնական շրջանում դեմ էր այսպիսի գործարքին, սակայն տուն ունենալու ցանկությունը կոտրեց նրա դիմադրությունը։

Կրկին անանուն մնալու պայմանով «Ամփոփ Մեդիայի» հետ զրուցած 44-ամյա մեկ այլ կին պատմում է, որ վերջին 16 տարիների ընթացքում արտամարմնային բեղնավորման 9 անհաջող փորձ է ունեցել, մի քանի ամսից պատրաստվում է տասներորդին։

«Այս տարիների ընթացքում մեր ողջ աշխատած փողը տվել ենք բժիշկներին ու անարդյունք․․․ Մի քանի օր առաջ բազմոց ենք գնել մեր տան համար, ու երբ տուն բերեցին, լացեցի․․․ այն եզակի իրերից է, որ կարողացել ենք գնել տան համար, պատկերացնո՞ւմ եք», – ասում է 44-ամյա կինը։

Նրա խոսքով՝ երկու անգամ նաև նորածին երեխայի որդեգրման անհաջող փորձ են ունեցել․ նախապատվությունը տրվել է այլ ընտանիքի։

Ընտանիքը մտածում է նաև փոխնակ մայր գտնելու մասին, սակայն մեծ ծախսերը, հոգեբանական պատնեշները դեռ թույլ չեն տալիս որոշում կայացնել։

«Այդ դեպքում պետք է մեր տունը գրավ դնենք։ Գիտեք՝ տուն ունենալը ինչ դժվար բան է դարձել մեր օրերում, հետո 15-20 հազարով չենք պրծնի, պետք է դոնորական ձվաբջջի համար վճարենք, անալիզների, հազար ու մի բան կա․․․»։

Հղիությունը որպես աշխատանք

Հայաստանում արտամարմնային բեղմնավորման պատմությունը սկսել է Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնից և առաջին անգամ կատարվել է 2004 թվականին, ինչի արդյունքում եռյակ է ծնվել։

Հայաստանում փոխնակ մոր միջոցով առաջին երեխան ծնվել է 2006 թվականին՝ կրկին Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնում․ քույրը եղբոր ընտանիքի համար է հանդիսացել փոխնակ մայր։ Այս տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մայրը աղջկա համար է փոխնակ հանդիսացել։

Եղել են դեպքեր, երբ մայրը աղջկա համար է փոխնակ հանդիսացել։

Հայաստանում օրենքը թույլ է տալիս, որ փոխնակ մայրերը երեխաներ լույս աշխարհ բերեն ոչ միայն կոմերցիոն, այլ նաև մարդասիրական նկատառումներով։ Սակայն Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնից գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ հիմնականում փոխնակ մայր դառնալու համար դիմում են ֆինանսական կարիքից դրդված։

«Դիմում են աշխատանքի և ֆինանսի կարիք ունեցող կանայք։ Մենք երկար զրուցում ենք նրանց հետ, կարելի է ասել հոգեբանի դեր ենք նաև կատարում, քանի որ դիմելուց, գուցե, ոչ բոլորն են պատկերացնում աշխատանքի ամբողջ լրջությունը և բնույթը»։

Նրա խոսքով, մեծ մասամբ փոխնակները բարեխիղճ ու սրտացավ են մոտենում աշխատանքին, պատշաճ կատարում են իրենց պարտականությունները, նաև ջերմ կապ է ստեղծվում երեխայի ծնողների հետ։ Փոխնակ մայրերը հիմնականում ապրում են իրենց տներում, սակայն լինում են դեպքեր, երբ հղիության վերջին ամիսներին ցանկանում են իրենց բնակավայրից հեռու գտնվել՝ շրջապատից գաղտնի պահելու համար։ Լինում են նաև դեպքեր, երբ երեխայի ապագա ծնողները պնդում են, որ փոխնակ մայրը հղիության ընթացքում ապրի իրենց հետ։

Արմինե Սայադյանն ասում է, որ տարեցտարի ավելանում է փոխնակ մայրերի պահանջարկը և ընտանիքները, ում փոխնակ մայր է անհրաժեշտ, շատ երկար են փնտրում ու սպասում․ «Այսօր նաև շատ են դիմում արտերկրի մեր հայրենակիցները, քանի որ մի շարք երկրներում օրենքն արգելում է փոխնակ մայրությունը»։

Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և ԱՄՆ որոշ նահանգներում փոխնակ մայրությունը լիովին արգելված է։ Որոշ տեղերում օրենքը թույլ է տալիս միայն ոչ առևտրային նպատակով կատարվող փոխնակ մայրությունը։

Ու մինչ շատ ընտանիքներ երազում ու պայքարում են երեխա ունենալու համար և պատրաստ են վճարել մեծ գումարներ, փնտրել փոխնակ մայր ու հույսով սպասել, կան ընտանիքներ, որոնք ընդհատում են առողջ հղիությունը՝ սեռով պայմանավորված։

Նյութի երկրորդ մասը կարդալ այստեղ՝ Աղջիկ պտղից հրաժարվողները

Հեղինակ` Լիլիթ Հարությունյան
Պատկերազարդումն ու ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Լուսանկարները տրամադրել են նյութում նշված աղբյուրները՝ անձնական արխիվներից։

Նախագծի հեղինակ՝ Սուրեն Դեհերյան

Սույն հրապարակումը պատրաստվել է Online journalism, in-depth նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն BMZ-ի տեսակետներին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/01/2024