Մայրաքաղաքի շուրջ 6 760 հա-ը կամ 30%-ը կանաչապատ տարածքներն են։ Եթե այս ցուցանիշը արժանահավատ չի թվում, նշենք, որ մեզ համար էլ արժանահավատ չէ, սակայն սա է պաշտոնական տվյալը։ Այս թվի մեջ ներառված են մայրաքաղաքի բոլոր հանրային և մասնավոր կանաչ տարածքները, ինչպես նաև կանաչ բուսականության ամեն տեսակի ծածկերը, ներառյալ՝ ծաղկաթմբերը և սիզամարգերը: Կարճ ասած՝ այն ամենը, ինչը կանաչ է կամ ծաղիկ։
Մինչդեռ շատ ավելի կարևոր կլիներ հասկանալ՝ որքան են կազմում քաղաքի այն բնական կանաչ պատնեշներն ու ծառածածկ տարածքները, որոնք իսկապես թթվածին են ապահովում և պաշտպանում են մայրաքաղաքը փոշուց։
Եթե անգամ ընդունենք այս տվյալն ի գիտություն, կարևոր է արձանագրել նաև, որ առնվազն 2015 թ-ից հանրայնացված բոլոր պաշտոնական փաստաթղթերում այն մնացել է անփոփոխ՝ ներառյալ քաղաքի զարգացման պլանում, տարեկան հաշվետվություններում և զեկույցներում։ Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին մայրաքաղաքում մի քանի անգամ ակտիվացել է քաղաքաշինությունը, որի մի մասը, եթե ոչ մեծ մասը, իրականացվում է կանաչ գոտիների հաշվին։
Այդպես ոչնչացվեց, օրինակ, Երևանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում կանաչապատ տարածքի մի զգալի հատված՝ շուրջ 2000 քմ, որը հայտնի «Ֆիզգորոդոկ» բնակելի թաղամասի մաս է կազմում։ 2020թ․-ից այս տարածքը վերածվեց շինհրապարակի, որի համար կառուցապատողները քաղաքային իշխանություններից չունեին օրինական թույլտվություն։
3-4 հարկանի շենքերի հարևանությամբ 12 հարկանի բազմաբնակարան շենքի ապօրինի կառուցապատման դեմ «Ֆիզգորոդոկի» բնակիչների բողոքների հիման վրա թեև հարուցվեց քրեական գործ, սակայն դա ամենևին չխոչընդոտեց, որ շինարարական ընկերությունը ոչնչացնի կանաչ գոտին և շարունակի շինաշխատանքները՝ բնակիչներին բազմաթիվ անհարմարություններ պատճառելով։
Շինարարության մեկնարկից երեք տարի անց՝ 2023-ի մարտին, ՀՀ գլխավոր դատախազությունը փաստեց` ապօրինի օտարում է եղել՝ պետությանը խոշոր չափի վնաս հասցնելով:
Երկրակեր երկնաքեր Երևանի 1-ին մասը կարդացեք այստեղ։
Հետևանքները
Մինչև 90-ականներ, Երևանի հիմնական կանաչ տարածքները ներառել են Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները։ Սակայն այս տարածքները, կրելով 90-ականների էներգետիկ ճգնաժամով պայմանավորված ծառահատումների, ապա նաև ապօրինի օտարումների և կառուցապատման բացասական ազդեցությունը, կորցնում են իրենց նախկին կարևոր նշանակությունը. Նորքի 113 հա-ից կանաչածածկ է մնացել ուղիղ կեսը, Դալմայի 700 հա-ից՝ կեսից էլ պակաս՝ 256 հա-ը։
Քաղաքի կարևորագույն կանաչապատ տարածքներից մեկն էլ Երևանի Բուսաբանական այգին է, որի շուրջ 70%-ը (56 000քմ) նույնպես լրջորեն վերականգնելու կարիք կա։
Փաստացի ստացվում է, որ այսօր քաղաքը չունի բնական կանաչ պատնեշներ՝ դիմակայելու քաղաքաշինության և բուսականության բացակայության պատճառով առաջացող հողի էրոզիայից բարձրացող փոշուն և քամուն։
Իսկ Երևանում նախորդ 5 տարիների կտրվածքով (2018-2022թթ.) դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաների աճի միտում, առանձին ամիսներին՝ դրանց գերազանցում։
Օրինակ 2023թ-ի հուլիս ամսին փոշին Երևանում 1.2 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ):
«Միջազգային վարկանիշային աղյուսակներում օդի աղտոտվածության ցուցանիշով Երևանն առաջատարներից է․ այն պարբերաբար կարմիր գույնով է նշվում։ Ըստ այդ կայքերի՝ դա նշանակում է, որ Երևանում առողջության համար վտանգավոր է առանց դիմակի զբոսնելը, ցանկալի չէ սպորտով զբաղվելը և այլն», – «Ամփոփ Մեդիային» ասում է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։
Երևանի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիաների փոփոխությունները յուրաքանչյուր նախորդ տարվա համեմատ՝ ըստ ամիսների
Հետաքրքիրն այն է, որ «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում» նշված է, որ քաղաքի բյուջեն չունի ֆինանսական բավարար միջոցներ քաղաքի շուրջ գլխավոր հատակագծով նախատեսված կանաչ պատնեշը (876 հա) վերստեղծելու համար։ Բացի այդ, տնկարկների ստեղծումն է անհնար, քանի որ հողամասերն այլևս հասանելի չեն, մյուսներն աղտոտված են կամ էրոզիայի ենթարկված:
Ստացվում է, որ քաղաքային իշխանությունը մի կողմից չունի միջոցներ և ռեսուրսներ քաղաքի շուրջ կանաչ գոտիները վերականգնելու համար, մյուս կողմից կանաչ լույս է վառում կանաչ տարածքների հաշվին քաղաքի ներսում հարյուրավոր բազմաբնակարանային համալիրների շինարարության համար։
Ըստ քաղաքապետարանի կայքում առկա տվյալների՝ ներկայումս մայրաքաղաքի համար կա տրված 6545 շինթույլտվություն, որի 65%-ը բնակելի շինությունների համար։ Դրանցից 575-ը՝ բոլորովին նոր բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի ու համալիրների կառուցման համար։
Արդյոք կարիք և պահանջարկ կա՞ այսքան բազմաբնակարան կառուցելու հանրապետության 1%-ից էլ պակաս տարածք զբաղեցնող մայրաքաղաքում։
Կենտրոն համայնքում, որտեղ թվում է՝ այլևս նոր բազմաբնակարան կառուցելու տեղ չկա, ընդհանուր 762 շինթույլտվություններից 376-ը (49%) տրված են բնակելիների կառուցման, վերակառուցման կամ ընդլայնման նպատակով։
Հաշվի առնելով հողի և օդի աղտոտվածության ներկա մակարդակը՝ մասնագետներն անբավարար են գնահատում մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքները, պատահական ծառատեսակներով լուծումներ տալու մոտեցումն էլ՝ անտրամաբանական։
«Մենք սովոր ենք խնդիրների լուծումը կապել ֆինանսական միջոցների հետ, բայց հաճախ ուղղակի քթածակի խնդիր է լինում․ ցանկության պակասն ու ոչ կոմպետենտությունն էլ ավելի են խորացնում խնդիրները», – ասում է Սահակյանը։
Լիլիթ Սահակյանը, ով շուրջ 24 տարի զբաղվել է Երևանի երկրաքիմիական խնդիրների հետազոտմամբ, շատ է կարևորում վերահսկողության մեխանիզմների կիրառումը։ «Օրինակ, եթե շինհրապարակ է, ուրեմն պետք է պատշաճ փակված լինի բոլոր կողմերից, եթե հանք է՝ շահագործելուց հետո պետք է փակվի, շինարարական փոշին ջրով հանգցվի և այլն»,- ասում է նա։
Լիլիթ Սահակյանի հետ ամբողջական հարցազրույցը հասանելի է աուդիոտարբերակով։
Քաղաքային աղբի խնդիրը
Էկոլոգիական ևս մեկ լրջագույն խնդիր է թափոնների կառավարումը։ Այստեղ ևս քաղաքային իշխանությունները մշտապես պարտվողի կարգավիճակում են։ Նրանց մոտեցումներն այս ոլորտում սահմանափակվում են նախընտրական խոստումներով։
Տարեկան մայրաքաղաքի աղբավայրեր է տեղափոխվում ավելի քան 300 հազ․ տոննա աղբ։ Տարիներով կուտակված աղբի հսկայական զանգվածը ժամանակ առ ժամանակ ինքնաբռնկվում և աղտոտում է օդը։ Քաղաքի ամենախոշոր՝ Նուբարաշենի աղբավայրի մեկուսացումը կամ վերամշակումը խոստումից գործ չի դառնում։
Հաշվի առնելով այս խնդիրները՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ ապագա է սպասվում Երևանին աղբի անընդհատ ավելացող կուտակումների պարագայում՝ անսպառ բնակարանաշինության և բնակչության գերաճի հետևանքով։
Երկրակեր երկնաքեր Երևանի 2-րդ մասը կարդացեք այստեղ։
Սեյսմիկ անվտանգություն
Հայաստանը, ըստ սեյսմիկ վտանգի, բաժանված է երեք գոտիների: Երևանը, լինելով ամենախիտ բնակեցված քաղաքը՝ երկրորդ ամենավտանգավոր գոտում է:
«Եթե Երևանում լինի 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, շենքերի 80%-ը փլվելու է, միանգամից մահանալու է 300000 մարդ, հաշմանդամ են դառնալու՝ 500000-ը»,- «Ամփոփ Մեդիային» ասում է սեյսմոլոգ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա, այս թվերը իր ու գործընկերների մանրազնին արված ուսումնասիրությունների արդյունքում են ստացել։
«Մենք գտնվում ենք կոլիզիայի գոտում [խմբ․՝ բախման գոտում]․ արաբական սալն անընդհատ շարժվում է դեպի հյուսիս՝ մեկ տարում 18 մմ արագութամբ։ Դա շատ մեծ արագություն է և, սեղմելով Անդրկովկասը, բախվում է եվրասիական սալի հետ։ Արդյունքում, Թուրքիայի տարածքը մղում է դեպի ծով», – ասում է պրոֆեսոր Մելքումյանը։
Ըստ նրա, այս տարածաշրջանում երկրաշարժեր միշտ եղել են ու լինելու են։ Ըստ այդմ՝ շատ կարևոր է, սեյսմիկ ռիսկերը ճիշտ գնահատելով շինարարություն իրականացնել։
Ըստ VolcanoDiscovery կայքի, 2023թ․-ին՝ 365 օրերի ընթացքում տարածաշրջանում տեղի է ունեցել ավելի քան 61 000, իսկ միայն Հայաստանում 183 երկրաշարժ [խմբ․՝ VolcanoDiscovery թարմացվող հաշվետվություններ է տրամադրում աշխարհում տեղի ունեցող բնական աղետների քանակի, ուժգնության և այլ մանրամասների վերաբերյալ, հիմնվելով ակադեմիական և պաշտոնական աղբյուրներից ստացվող տվյալների հավաքագրման և մշակման վրա]:
Հայաստանում գրանցված երկրաշարժերից 38-ը երեքից հինգ մագնիտուդ ուժգնություն են ունեցել։
Սպիտակի երկրաշարժի աղետալի հետևանքները, պրոֆեսոր Մելքումյանի վստահեցմամբ, գլխավորապես պայմանավորված են եղել շենքերի սեյսմիկ ռիսկի թերագնահատմամբ։
Պետական մակարդակով Սպիտակի երկրաշարժից քաղած միակ դասը եղել է նոր սեյսմիկ նորմեր ստեղծելը։
«Սպիտակի երկրաշարժից հետո մի խումբ գիտնականներով ստեղծել ենք նոր նորմեր Հայաստանի համար, քանի որ մինչ այդ գործող նորմերով մեր տարածաշրջանում սեյսմիկ ռիսկը թերագնահատված էր և շենքերը կառուցվում էին հիմնականում 7 բալ սեյսմակայունությամբ»,- նշում է Մելքումյանը և հավելում, որ այսօր էլ նորմերը շատ դեպքերում խախտվում են։
Մասնագետի հավաստմամբ՝ համակարգի կոռումպացված լինելը թույլ չի տալիս ինչպես հարկն է՝ վերահսկել շինարարությունը։
Պրոֆեսոր Մելքումյանի հետ ամբողջական հարցազրույցը հասանելի է աուդիոտարբերակով։
«2020թ․ հաստատված նորմերով մանրամասն ներկայացված են նաև շինարարության տարրերը, սակայն շինարարության ոլորտում կոռուպցիայի առկայությունը հանգեցնում է դրանց խախտումների։ Գոյություն ունի քարտեզ, որտեղ մանրամասն նշված է, թե շենքերի քայքայման ռիսկը Երևանի որ հատվածում ինչ աստիճանի է, բայց ոչ մեկը դա հաշվի չի առնում»,- ահազանգում է Մելքումյանը։
Պրոֆեսոր Մելքումյանը բազմիցս գրություններ է ուղարկել պատկան մարմիններին՝ փորձելով նրանց ուշադրությունը հրավիրել անթույլատրելի խախտումների վրա, բայց այդ ահազանգերն անարձագանք են մնացել։
Մյուս հանգամանքը, որը խորացնում է խնդիրն ու մտահոգության տեղիք տալիս, համապատասխան տեղերում ոչ բանիմաց մասնագետների ներգրավվածությունն է։
Հնարավոր երկրաշարժի դեպքում զոհերից ու վնասներից առավելագույնս խուսափելու հնարավորություն, ըստ Մելքումյանի, կա։ Շենքերի ամրացման տեխնոլոգիան, որը մշակել է պրոֆեսորը, թույլ է տալիս առանց բնակիչներին տարհանելու, շենքը կտրել հիմքից և տեղադրել սեյսմամեկուսիչ համակարգ։ Այդ մեթոդը կիրառելի է ինչպես արդեն կառուցված, այնպես էլ նոր կառուցվող շենքերի դեպքում։
2020թ․ պրոֆեսորն այդ առաջարկով դիմել է նաև Կառավարությանը, բայց մինչև հիմա «սայլը տեղից չի շարժվել»։
«Ես մենակ եմ մնացել մի ամբողջ բանակի՝ պետական համակարգի դեմ։ Չեն ուզում իմ մշակած տեխնոլոգիան կիրառել, քանի որ այն հին մեթոդներով ամրացումից 3-5 անգամ էժան է նստում․ իրենց գրպանները մտնող փողն այդպես կկրճատվի․․․»,- նշում է պրոֆեսորը։
Նա հավաստիացնում է, որ սեյսմամեկուսիչներ տեղադրելու դեպքում մեկ քառակուսի մետրի արժեքը մոտավորապես 40 դոլար է կազմում, իսկ աշխատանքը տևում է 3-5 ամիս։
Սա «Երկրակեր երկնաքեր Երևան» լրագրողական ուսումնասիրության երրորդ և վերջին մասն էր, թեև նախագծի շուրջ աշխատելիս կուտակած տվյալներն ու այդ տվյալներից դուրս բերված խնդիրները շատ ավելին են։
Բայց մենք փորձեցինք մի քանի մասից բաղկացած այս պատմության մեջ առանձնացնել և ցույց տալ այն հիմնական խնդիրները, որոնք երկրի համար առաջացնում են անվտանգային լրջագույն մարտահրավերներ՝ ժողովրդագրական, առողջապահական, բնապահպանական, տնտեսական, սեյսմիկ վտանգներ՝ խարխլելով երկրի անվտանգային հիմքերը։
Իսկ խնդիրների հիմքում տարիներ շարունակ քաղաքացիակենտրոն տեսլական չունեցող կառավարումն ու անարդյունավետ վերահսկողությունն է եղել, ինչի հետևանք է նաև մայրաքաղաքում կենտրոնացած լայնածավալ բնակարանաշինությունը։ Մնացած եզրահանգումները թողնում ենք հանրությանը, մասնագետներին և որոշում կայացնողներին։
Նախագծի և նյութի հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Ստեղծագործական թիմի անդամներ՝
Դիզայնը՝ Անուշ Բաղդասարյանի
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Հարցազրուցները՝ Լիլիթ Պողոսյանի
Լուսանկարները՝ Էլեն Միքայելյանի
Սույն հոդվածը պատրաստվել է «Երևանում բնակարանաշինության կապը ուկրաինական և արցախյան պատերազմների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի հետ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Forset Data Communication Fellowship ծրագիրը։
This story has been created as part of the project titled “The Link Between Housing Construction in Yerevan and Forced Migration Caused by the NK and Ukrainian Wars” which is supported by the ForSet Data Communication Fellowship Program.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 10/09/2023