Իրավունք

Երկու լույս կորցրած մոր պատմություն․ Արցախից բռնագաղթած Ալլան միայն որդիների դիակներն է բերել

Սամվել և Արսեն (աջից) Ստեփանյաններ․ Լուսանկարը՝ «Ամփոփ Մեդիայի»

Եղբայրներ Սամվել և Արսեն Ստեփանյանները զոհվել են մի քանի ժամվա տարբերությամբ՝ սեպտեմբերի 19-ի Արցախի վրա ադրբեջանական հարձակման օրը՝ Սամվելը «Եղնիկներ» կոչվող զորամասում, Արսենը՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի մատույցներում։

19-ամյա Արսենն ու 21-ամյա Սամվելը պայմանագրային զինծառայողներ էին, երկուսն էլ՝ գնդացրորդ (ПК)։ Սեպտեմբերի 14-ին Սամվելը դիրքերից պետք է իջներ, բայց հերթափոխ չի արվել․ Արսենն էլ մեկ շաբաթ շուտ համար 1-ով էր բարձրացել դիրք, բայց ոչ թե մինչ այդ իր պահած դիրքը, այլ՝ Ճանկաթաղում։ Մոր համար առայսօր հանելուկ է, թե ինչու և ինչպես է կրտսեր որդին տեղափոխվել Ճանկաթաղ։

Արսենը՝ դիրքերում

«Սեպտեմբերի 17-ին եմ իմացել, որ Արսենս Ճանկաթաղում է։ Սառը ջուր էր ուզում պարբերաբար․ երկու օրը մեկ սառեցնում էի, հորս հետ ուղարկում դիրքեր։ Մի քանի օր չէր ուզել, զանգեցի, ասացի՝ ցավդ տանեմ, էլ ջուր չես ուզում, հո բան չի՞ եղել, ասաց՝ չէ, մամ, ուղղակի էստեղ չես կարող ուղարկել։ Պարզվեց՝ Ճանկաթաղում է»,- պատմում է մայրը։

Տղաների մայրը՝ Ալլա Աբրահամյանը, նույնպես զինծառայող էր՝ կապավոր։ Որ պատերազմն սկսվեց, պանրի հերթում էր, գնացել էր, որ գոնե մի կտոր պանիր առնի, որպեսզի որդիները դիրքերից իջնեն, տանն ուտելու բան լինի․

«Խանութից վազեցի եղբորս ու քրոջս երեխեքի հետևից ու անըդհատ զանգում էի Արսենին, չէր պատասխանում․․․ Սամվելին զանգ չէր գնում․ գիտեի, որ իր տեղն անհասանելի է։ Զանգեցի ծանոթներիցս մեկին, ասացի՝ Արսենից նորություն չունեմ, նա չգիտեր, որ Արսենը Ճանկաթաղի դիրքերում է։ Ասաց՝ իրա համար մի անհանգստացիր, հիմա Ճանկաթաղի ուղղությամբ է թեժ, գյուղն արդեն վերցրել են։ Ասացի՝ բա Արսենս էնտեղ ա, թե՝ ո՞նց, ու անջատեց․․․ Համազգեստս հագա ու վազեցի զորամաս, վերջին հույսս ներքին կապն էր»,- պատմում է տիկին Ալլան։

Ավագ որդու ձայնը ներքին կապով մորը հաջողվում է լսել։ Իսկ Արսենից նորություն չկար։ Եղբոր՝ մի քանի ժամ շարունակ կապի դուրս չգալու հանգամանքը շատ էր անհանսգտացնում նաև Սամվելին, բայց աշխատում էր մոր հետ զրույցում ցույց չտալ։

«Սամվելը շատ զուսպ ու խիստ մարդ էր, երբեք ոչ խոսում էր ծառայությունից, ոչ թույլ էր տալիս մի բան հարցնես էդ թեմայով։ Իրենց զորամաս զանգել ու իրենից հարցնելու մասին էլ չեմ ասում․ դա երբեք չէի համարձակվի անել։ Անգամ չգիտեի, թե ով է իր հրամանատարը, պատահաբար եմ իմացել։ Այդ օրը, սակայն, երեխես ոչ մի անգամ չասաց՝ մամ, ինչո՞ւ ես զանգում, հանգիստ խոսում էր, ասում էր՝ իմ տեղը լավ ա, մամ, մի անհանգստացիր, Արսենին փորձիր գտնել։ Ու որ սկսեցի լացել, ասաց՝ մամ, մի լացիր, մի տեղից դուրս կգա Արսենը, ինքը կորչող չի։ Ես էլ մտածում էի՝ եթե չի զանգում, ուրեմն տեղը շատ նեղ է կամ էլ թուրքերի ձեռքն է ընկել։ Էդ մտքից սարսափում էի»։

Արսենի բնավորությունը եղբորինից շատ տարբեր էր․ Սամվելը որքան գաղտնապահ ու լուրջ էր, Արսենը նույնքան ասող-խոսող ու կենսուրախ մարդ էր։ Տիկին Ալլան ևս ներքին համոզմունք ուներ, որ նա մի տեղից դուրս է գալու։

Սամվելը՝ դիրքերում

Երեկոյան 20։10-ին կապ են տվել, որ Սամվելենց զորամասի վրա թշնամու ինքնաթիռներն են գրոհում։ Ավագ որդուն մոր վերջին զանգը եղել է այդ ժամանակ՝ խնդրել է ուշադիր լինել․․․ Դրանից հետո Սամվելն էլ էր անհասանելի։

Տիկին Ալլայի զինակիցները նրան փորձում էին հանգստացնել՝ ասելով, թե կապի հանգույցն է վնասվել ռմբակոծությունից, տղաները, իբր, լավ են, բայց մայրը վատ կանխազգացում ուներ։

Սեպտեմբերի 19-ի գիշերը տիկին Ալլան լուսացրել է դրսում՝ Սամվելից զանգի սպասումով։ Ընկերների հորդորներին՝ իջնել զորամասի ապաստարան, տեղի չի տվել։ Առավոտյան, երբ ադրբեջանցիները ռմբակոծել են նաև իրենց զորամասը՝ քարացած նստած էր նույն տեղում՝ ձեռքը հեռախոսին․․․

«Լուսացավ, բայց երեխեքիցս ոչ մի լուր չունեի։ Դող էր մտել մեջս, ոտքերս չէի զգում, չէի կարողանում շարժվել տեղիցս, ոնց որ երկու պատերազմ տեսած չլինեի, սիրտս վատ բան էր կանխազգում: Ժամը 13-ին, որ դադար տվեցին, բոլորը գնացին, զորամասում մնացի ես ու նորակոչիկները»,- հիշում է նա։
Վատ կանխազգացումն ու սպանող անորոշությունը ցրել էր պետք․ վերջին հույսը կապի շտաբի պետն էր։ Սամվելից մի լուր իմանալու ակնկալիքով տիկին Ալլան զանգում է նրան։ Պատասխան զանգ նրանից այդպես էլ չի ստանում։

Երեկոյան իր հրամանատարի մոտ է մտնում՝ խնդրանքով թույլ տալ Սամվելին իջնել դիրքից, որ փնտրեն Արսենին։ Հրամանատարի՝ «լավ, գնա տուն, վաղը կբերենք» պատասխանն ու շտաբի պետի՝ այդպես էլ հետ չզանգելու պատճառը հետո է հասկանում տիկին Ալլան։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Ալլան մորից՝ տիկին Ալվինայից իմանում է, որ Սամվելենց զորամասից վիրավորներ են իջեցրել։ Իրականում դիակներ էին, մայրը չէր ուզում միանգամից ասել աղջկան։

Մարտակերտի դիահերձարան բերված դիակների երրորդ ցուցակում գտնում են Սամվելի անունը․ որդուն ճանաչում է անձամբ։

«Սպասում էի, որ Սամվելս կիջնի, կգնանք Արսենիս փնտրելու, Էլ չգիտեի, որ Սամվելիս Արսենիցս շուտ են բերելու»։

Մարտակերտի դիահերձարանը չէր աշխատում հոսանքի բացակայության պատճառով, Ստեփանակերտ տանող ճանապարհն ադրբեջանցիները փակել էին արդեն, դագաղները վերջացել էին․ մարմինները հնարավոր չէր պահել, հուղարկավորում էին՝ որտեղ ու ինչպես ստացվում էր։ Սամվելին նույնպես որոշել էին առանց դագաղի հողին հանձնել։

«Որ իմացա էդ մասին, ասացի՝ ոնց ուզում եք, երեխայիս հասցրեք Եռաբլուր։ Ասացին՝ դագաղ չկա, ասացի՝ դա ինձ չի հուզում, որտեղից ուզում եք՝ փայտ գտեք, դագաղ սարքեք, երեխաս Եռաբլուրում պիտի հուղարկավորվի»։

Համոզվելով, որ Սամվելի մարմինը տեղափոխվում է Հայաստան, տիկին Ալլան շարունակում է փնտրել Արսենին՝ արդեն Ստեփանակերտում։ Պաշտպանության նախարարությունից մինչև ԱԻՆ, այնտեղից՝ ՄԻՊ թե քանի դուռ է թակել, որ որդուց լուր իմանա, ինքն էլ է հաշիվը կորցրել։

Ամսի 25-ի առավոտյան՝ ժամը 6։30 անծանոթ համարից ստացած զանգը սպանում է կրտսեր որդուն ողջ գտնելու վերջին հույսը։ Ամսի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները գտնում են Արսենի մարմինը։

Հաջորդ օրն առավոտյան Արսենի դիակը տեղափոխվում է Հայաստան։

«Էդ օրը մենք էլ ենք դուրս գալիս Ստեփանակերտից։ Հասնում ենք Գորիս, մտնում դիահերձարան, թե՝ նման անուն-ազգանունով դիակ չկա մեր մոտ։ Ասում են՝ շատ էին, տեղ չկար էստեղ, երրորդ մեքենան ուղարկել ենք Երևան՝ Հերացի։ Այստեղ ևս չենք գտնում որդուս»։

Մեծ դժվարությամբ, մի քանի օր անց Արսենի դիակը գտնվում է։

Մարմինն արդեն անճանաչելի էր․ քեռին է ճանաչում՝ հագուստից, բայց մոր թախանձանքներին՝ մի վերջին անգամ տեսնել որդուն՝ թեկուզ այդ վիճակում, տեղի են տալիս։

Հոկտեմբերի 9-ին երկու եղբայրներին՝ Սամվելին ու Արսենին հուղարկավորում են Եռաբլուրում։

Հայրենի Արցախի համար հերոսական կռիվ տված տղաներից ոչ մեկի հրամանատարը հուղարկավորությանը ներկա չի եղել։ Զինվորականներ եղել են, բայց տղաների, տիկին Ալլայի, եղբոր ու քրոջ զինակից ընկերներն էին։

«Քանի՜ զոհի հետ եմ մեռել-հետ եկել, քանի-քանի վիրավոր հանել, որ հիվանդանոց հասցնենք, ապրեն․․․ Բոլորի ցավով ապրել եմ, իսկ իմ երկու երեխեքին ոչ մեկն օգնության չհասավ, մենակ էին թողել։ Որ Սամվելիս հրամանատարին զանգեցի, ասացի՝ ո՞ւր է որդիս, ասաց՝ ցավակցում եմ, դու զինվորական ես, չգիտե՞ս պատերազմն ինչ բան է, 9 հոգանոց դիրքի վրա 200 թուրք է եկել, ասացի՝ իսկ ինչո՞ւ էին 9 հոգով, ու՞ր էիք դուք՝ հրամանատարներդ, ինչո՞ւ իրենց հետ կանգնած չէիք այնտեղ․․․»։

Արցախը երբեք չլքելու խոստում էր տվել տիկին Ալլան։ Միշտ ասում էր՝ եթե մի մարդ մնա Արցախում, էդ ես եմ լինելու։ Նրա հնչեցրած մեկ այլ միտք՝ «Հայրենիքի համար արժե զոհվել․․․» կողքից նրա մայրը՝ տիկին Ալվինան է հիշեցնում։

Հարվածը չափազանց ծանր էր․ մեկ օրում նա կորցրեց թե՛ Արցախը, թե՛ երկու որդիներին՝ կարոտ մնալով «մամա» բառին ու առանց պաշտելի Արցախի․․․

Օտար տան մի անկյունում հիմա որդիների լուսանկարներն են ու մի քանի անձնական իրեր։ Սամվելից մնացած իրերն են, որ մարտական ընկերներն են հանել, իսկ Արսենից ոչինչ չունի։ Տնից նույնպես ոչ մի իր, անգամ փաստաթղթերը չի վերցրել։ Հարցին՝ ի՞նչ ես բերել հետդ Արցախից, պատասխանում է՝ երկու դիակ։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Լուսանկարները՝ հեղինակի 
Տղաների արխիվային լուսանկարները տրամադրել է նրանց մայրը՝ Ալլա Աբրահամյանը

Այս նյութը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտած մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտած կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/11/2023