Մեր մասին Էթիկա
Իրավունք Քաղաքական

Մամուլի ազատության հետընթացը. Հայաստանը զիջում է դիրքերը, իսկ տարածաշրջանը վերածվում «ռեպրեսիվ փորձադաշտի»

Միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների վերջին հետազոտությունները վկայում են Հայաստանում մամուլի ազատության հետընթացի մասին։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս 2026»-ում ներառված 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 34-րդի փոխարեն։ RSF-ի վերլուծաբանները նշում են, որ Հայաստանում մամուլի ազատության վիճակն այժմ դասակարգվում է որպես «խնդրահարույց»:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում մեդիայի բևեռացվածությունն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացվածությունը․ «բազմաթիվ լրատվամիջոցներ կապված են 2018-ից հետո ձևավորված քաղաքական գործիչների հետ, իսկ մյուսները հավատարիմ են նախկին օլիգարխներին։ Միայն փոքրաթիվ մեդիաներ են ցուցաբերում իրական անկախություն»։

Համաձայն RSF-ի, կա առավել զգայուն երկու քաղաքական թեմա՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններն ու հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը։ Այս համատեքստում լրագրողները հաճախ են բախվում համակարգված ապատեղեկատվական արշավների և հիբրիդային գործողությունների, որոնք ուղղակիորեն կապված են աշխարհաքաղաքական լարվածության հետ և ավելի են խաթարում տեղեկատվական միջավայրը։

«Որոշ քաղաքական ուժեր թիրախավորում են լրագրողներին»։

16 նիշով նահանջն ուղեկցվում է նաև տեղական մշտադիտարկումներում արձանագրված խնդիրներով։

Օրենսդրական սահմանափակումներ և դատական հայցեր

Համաձայն RSF-ի զեկույցի, թեև բոլոր հինգ ցուցիչներով Հայաստանն անկում է գրանցել, առավել մտահոգիչը իրավական ցուցիչի փոփոխությունն է, որտեղ Հայաստանը 14-րդից նահանջել է 45-րդ հորիզոնական:

«Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և մեդիա սեփականության թափանցիկությունը ապահովող օրենքների ներդրմանը, ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար կերպով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»։

Իրավական ցուցիչի անկումը բացատրվում է նաև զրպարտության հիմքով դատական հայցերի և օրենսդրական այնպիսի նախագծերի աճով, որոնք զսպող ազդեցություն են ունենում լրատվամիջոցների վրա:

Սրա մասին է վկայում նաև ապրիլի վերջին հրապարակված մեկ այլ զեկույց, որը հեղինակել է Հայաստանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ)։

Ըստ այս զեկույցի՝ 2026թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է լրագրողների իրավունքների խախտման 30 դեպք։

ԽԱՊԿ-ի զեկույցում նշվում է, որ քաղաքական շրջանակներից հնչեցված վիրավորանքների և խոչընդոտումների 8 դեպքից 7-ի հեղինակները եղել են իշխանության ներկայացուցիչները։

Դատական հայցեր և ֆիզիկական անվտանգություն

Համաձայն նույն աղբյուրի, ինչպես և նախորդ տարիներին, լրատվամիջոցների դեմ դատական հայցերի հոսքը մնում է ինտենսիվ։ Տարվա առաջին եռամսյակում ներկայացվել է 14 նոր հայց, որոնք բոլորն էլ հիմնված են զրպարտության և վիրավորանքի վրա։

Արձանագրված ֆիզիկական բռնության դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում, որտեղ անվտանգության աշխատակիցներն ուժ են կիրառել լրագրողին շենքից հեռացնելու համար։

Մտահոգիչ է նաև նախկինում հարուցված գործերի ընթացքը։ 2022 թվականից ի վեր գրանցված ֆիզիկական բռնության 9 դեպքով քրեական գործերը դեռևս նախաքննության փուլում են։

Տեղեկատվության ազատություն և օրենսդրական չարաշահումներ

Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման դեպքերը նվազել են (7 դեպք), սակայն ԽԱՊԿ-ն արձանագրել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ժամկետների չարաշահում։ Պետական մարմինները հաճախ օգտվում են 30-օրյա ժամկետից նույնիսկ այն դեպքերում, երբ հնարավոր է պատասխանել 5-օրյա ժամկետում, ինչը խոչընդոտում է թեմաների օպերատիվ լուսաբանմանը։ Արձանագրվել են նաև «լղոզված» պատասխանների (2 դեպք) և անհիմն մերժումների (3 դեպք) օրինակներ։

Տարածաշրջանային համատեքստ

RSF-ի տվյալների համաձայն, Հայաստանի հարևան Վրաստանի և Ադրբեջանի մամուլի ազատության պատկերն անհամեմատ ծանր է։

Վրաստանը գրանցել է ինդեքսի ամենակտրուկ անկումը՝ նահանջելով 21 կետով և զբաղեցնելով 135-րդ հորիզոնականը: Պատճառը «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի ընդունումն է, տեղեկատվության հասանելիության նոր արգելքները և լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները:

Ադրբեջանում իրավիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այն ունի աշխարհում ամենացածր իրավական միավորներից մեկը ( 100 հնարավորից՝ 22-32 միավոր) և գտնվում է վարկանիշային աղյուսակի 171-րդ հորիզոնականում: Ռուսաստանն այս աղյուսակում 172-րդ, իսկ Բելառուսը՝ 165-րդ հորիզոնականներում են։

Ռուսաստանում և Բելառուսում շարունակում է քրեականացվել լրագրողների աշխատանքը հակաահաբեկչական օրենքների միջոցով։ Այս երկրները շարունակում են մնալ աշխարհի ամենավտանգավոր գոտիները մեդիայի ներկայացուցիչների համար։

Մարտահրավերներ ընտրությունների շեմին

Հայաստանյան մեդիադաշտում պահպանվում է բևեռացվածությունը և քաղաքակիրթ բանավեճի դեֆիցիտը։ 2026թ. հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լրացուցիչ լարվածություն են հաղորդում իրավիճակին։ ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ մի շարք դեպքերում լրագրողներն անտեսում են էթիկայի նորմերը՝ հանուն քաղաքական հովանավորների շահերի, իսկ պաշտոնյաները խախտում են բարեվարքության սկզբունքները։

RSF-ը նշում է, որ Հայաստանում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնության թե՛ իշխանական ներկայացուցիչների, թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում։ Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 30/04/2026