Գերմանացի 72-ամյա քահանա Մարտին Շուբերտը հանդես է եկել բացահայտ խոստովանությամբ՝ ընդունելով, որ արդեն երկու տասնամյակ խախտում է կուսակրոնության (ցելիբատ՝ սեռական շփման բոլոր ձևերից զերծ մնալու ճգնավորի սովորույթ) ուխտը:
Այս պատմությունը, որը հանրայնացրել է գերմանական Bayerischer Rundfunk (BR24) հեռուստաընկերությունը, վեր է հանել կաթոլիկ եկեղեցու հազարամյա կանոնների և թաքնված տառապանքների բախումը։
Պատմական հետահայաց. ուխտը միշտ չէ, որ պարտադիր է եղել
Հետաքրքրական է, որ դարեր շարունակ կաթոլիկ քահանաներին թույլատրվել է ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Միայն 1139 թվականին Ինոկենտիոս II Պապը Լատերանյան երկրորդ ժողովի ժամանակ սահմանեց պարտադիր կուսակրոնությունը։ Ըստ Կանոնական իրավունքի՝ հոգևորականները պետք է պահպանեն «կատարյալ և հարատև ժուժկալություն հանուն երկնային արքայության»։ Այսօր Գերմանիայում այս կանոնին պետք է հետևեն շուրջ 11,000 կաթոլիկ քահանաներ։
20-ամյա գաղտնիքը և զրույցը «ինտիմ հարցերի» շուրջ
Մարտին Շուբերտը կուսակրոնության ուխտ էր տվել դեռ երիտասարդ տարիքում ձեռնադրվելիս: Սակայն ուխտը դրժել է 20 տարի առաջ, երբ սիրահարվել է Կարինա Շինկային։ Ինչպես նշում է լրատվամիջողը, Մարտինը նրան «մկնիկ» է անվանում, իսկ Կարինան նրան՝ «սիրելի»։ Երբ գաղտնիքը բացահայտվում է, և Մյունխենի ու Ֆրայզինգի արքեպիսկոպոսարանը բողոքներ է ստանում, եկեղեցական ղեկավարությունը զրույցի է կանչում ոչ թե քահանային, այլ նրա կնոջը՝ Կարինա Շինկային:
Կինը պատմում է , որ հանդիպման ընթացքում իրեն տվել են անպարկեշտ և ինտիմ հարցեր.
«Ես նրանց պատասխանեցի, որ չափահաս կնոջը նման բաներ հարցնելն ուղղակի ամոթալի ու անպարկեշտ է»,- նշել է նա:

Գաղտնի սեր և սոցիալական մեկուսացում
Մարտին Շուբերտի բացահայտ կեցվածքը բացառություն է։ BR24-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ քահանաների մեծ մասը նախընտրում է գաղտնի պահել հարաբերությունները, ինչը ծանր հարված է հասցնում նրանց մտերիմներին։ Հատկապես խոցելի են երեխաները, ովքեր դառնում են եկեղեցական արգելքի անուղղակի «զոհերը»։ Հոդվածում բերվում է Քաթարինայի օրինակը (անունը փոխված է), ում մայրը 12 տարի գաղտնի կապ է ունեցել քահանայի հետ։
«Գյուղում մարդիկ մատով էին ցույց տալիս ինձ, դուրս էին հանում ընկերական շրջապատից ու խնջույքներից»,- պատմում է նա։ Ըստ Քաթարինայի՝ հենց պարտադրված գաղտնիությունն է կործանել իրենց ընտանիքը և զրկել իրեն նորմալ մանկությունից ու «բոնուսային հայրիկ» ունենալու հնարավորությունից։
Եկեղեցու որոշումը և իրավական լուծումները
Չնայած բողոքներին, Մյունխենի արքեպիսկոպոսարանը Մարտին Շուբերտին թույլ է տվել պահպանել հոգևորականի աստիճանը և շարունակել ծառայությունը։ Սա դիտարկվում է որպես եվրոպական եկեղեցու իրատեսական և լիբերալ մոտեցման դրսևորում։
Կյանքը նույն հարկի տակ, իրավական լուծումներ
Մարտինն ու Կարինան պատմում են, որ վաղուց արդեն պաշտոնապես ամուսնացած կլինեին, եթե չլիներ եկեղեցական արգելքը: Քանի որ ցելիբատի կանոնն ուժի մեջ է։ Նրանք գտել են աշխարհիկ-իրավական լուծումներ իրենց համատեղ կյանքն ապահովագրելու համար.
- Նրանք համատեղ սեփականության իրավունքով տուն ունեն,
- Ձևակերպել են փոխադարձ ժառանգության իրավունք,
- Կազմել են բժշկական լիազորագիր (Patientenverfügung), որով միմյանց իրավունք են տալիս որոշումներ կայացնել կողմերից մեկի առողջական ծանր վիճակում հայտնվելու դեպքում։
Մարտինն ու Կարինան այլևս չեն հավատում, որ իրենց կյանքի օրոք կաթոլիկ եկեղեցին կթույլատրի պաշտոնական ամուսնություն, սակայն որոշել են ապրել բացահայտ՝ չթաքցնելով իրենց սերը։
Կարևոր հավելում
BR24-ը նաև նշում է, որ կուսակրոնության պարտադրանքն այսօր լուրջ քննադատության է ենթարկվում։ Կաթոլիկ եկեղեցու բարեփոխումների գործընթացի՝ «Սինոդալ ուղու» շրջանակներում գերմանացի եպիսկոպոսների և աշխարհիկների մեծամասնությունն արդեն արտահայտվել է հօգուտ այս կանոնի վերացման։ Այդուհանդերձ, Հռոմի Պապը մինչ օրս անդրդվելի է և շարունակում է պաշտպանել կուսակրոնության պահպանման անհրաժեշտությունը։
Պատրաստեց Սուրեն Դեհերյանը
Լուսանկարները՝ BR24-ի տեսանյութից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 25/04/2026









