Մեր մասին Էթիկա











Իրավունք Միջազգային

Էթնիկ չեչեն դասալիքը Աստանայի օդանավակայանում 4 ամիս մնալուց հետո եկել է Երևան. ի՞նչ է սպասվում նրան

Էթնիկ չեչեն Զելիմխան Մուրտազովը, ով հրաժարվել է շարունակել մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին՝ լքելով Ռուսաստանը, շուրջ չորս ամիս անց է կացրել Աստանայի օդանավակայանի տարանցիկ գոտում։

Մուրտազովը հայտնվել էր իրավական փակուղում դեռ նախորդ տարվա դեկտեմբերին այն բանից հետո, երբ Թուրքիան՝ արտասահմանյան անձնագիրը առգրավելով, ետ էր ուղարկել նրան Ղազախստան, իսկ Ղազախստանի իշխանությունները մերժել էին ապաստան տալ՝ պատճառաբանելով «ազգային անվտանգության շահերը»։

Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազա» ռադիոկայանը, Մուրտազովի դիմումը մերժվել է ընդամենը 10 օրում, ինչը, իրավապաշտպանների պնդմամբ, փաստում է պատշաճ քննության բացակայության մասին։

Ապրիլի 20-ին Մուրտազովին վերջապես հաջողվել է լքել Աստանայի օդանավակայանը և ժամանել Երևան։ Եղբոր խոսքով՝ Մուրտազովն այժմ փորձում է վերադառնալ բնականոն կյանքի՝ «Նստում է արևի տակ ու կատակում, թե վերջապես վիտամին D է ընդունում»։

Ինչո՞ւ է նա փախել Ռուսաստանից

Մուրտազովը ռազմաճակատ էր մեկնել 2022-ին՝ եղբայրներին ապահովագրելով նման քայլից, քանի որ Չեչնիայում պահանջվում էր, որ ամեն ընտանիքից առնվազն մեկը զինվորական պայմանագիր ստորագրեր։

Սակայն, ըստ «Կավկազսկի ուզել» պարբերականի, նրա պայմանագիրը երկարաձգվել է առանց իր համաձայնության, իսկ եղբայրների նկատմամբ ճնշումները շարունակվել են։ Մուրտազովի պնդմամբ՝ նա պատերազմի ընթացքում միայն խրամատներ է փորել և «ոչ ոքի չի սպանել»։ 2025 թ. հոկտեմբերին, արձակուրդի հինգերորդ օրը, նա որոշել է լքել երկիրը՝ խուսափելու նոր զորակոչից և հնարավոր խոշտանգումներից։ Սկզբում մեկնել է Ղազախստան, երկու ամիս անց՝ Թուրքիա։

Ինչո՞ւ հենց Հայաստան

Մուրտազովի ազատումը Աստանայի օդանավակայանի «կալանքից» ուղիղ կապված է Հայաստանի հետ։ «Կավկազսկի ուզելը» նշում է, որ Աստանա-Երևան ուղիղ չվերթների վերականգնումը վճռորոշ դարձավ Մուրտազովի համար, քանի որ նա հնարավորություն ստացավ մեկնել այնպիսի երկիր, որտեղ մուտքն արտոնված է ՌԴ ներքին անձնագրով։

«Սա օդանավակայանից դուրս գալու նրա միակ հնարավորությունն էր»,- նշել է Մուրտազովի փաստաբանը։

Անվտանգությունը՝ խոցելի

Թեև Հայաստանը ջերմորեն ընդունել է Մուրտազովին, և իրավապահները նրա նկատմամբ պահանջներ չեն ներկայացրել, նրա անվտանգությունը մնում է խոցելի։ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ և ունենալով սերտ իրավական կապեր Ռուսաստանի հետ, միշտ չէ, որ դիտարկվում է որպես վերջնական անվտանգ հանգրվան Ռուսաստանից ժամանած ընդդիմադիրների կամ դասալիքների համար։

Իրավապաշտպան Անի Չատինյանը զգուշացնում է, որ նման կարգավիճակ ունեցող անձինք պետք է առավելագույն զգոնություն ցուցաբերեն՝ հիշեցնելով ամիսներ առաջ Երևանում չեչեն Այշաթ Բայմուրադովայի սպանության ողբերգական դեպքը։

Երևանում սպանված չեչեն կնոջը կհուղարկավորեն Հայաստանում

Ապաստան և արտահանձնում

Մուրտազովի դեպքը ցայտուն օրինակ է, թե որքան բարդ են աշխատում ապաստան տրամադրելու միջազգային մեխանիզմները տարածաշրջանում։ Ղազախստանը, որը հաճախ մերժում է չեչեն փախստականներին, Մուրտազովի հարցում ընտրեց «միջանկյալ» լուծում՝ թույլ տալով նրան մեկնել Հայաստան։

Այս դեպքը Հայաստանի համար ևս մեկ անգամ արդիական է դարձնում այն հարցը, թե որքանով է երկիրը պատրաստ անվտանգ հանգրվան դառնալ պատերազմելուց հրաժարվող անձանց համար, և որքանով են պաշտպանված նրանց իրավունքները քաղաքական ռիսկերի համատեքստում։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/04/2026