Սոցիալական

Ծերացող հասարակություն․ հարգել տարեցներին` աջակցելով նրանց սոցիալիզացմանը

71-ամյա Անահիտ Մարգարյանը շաբաթը 2 անգամ պարի սիրողական խմբակ է այցելում։ Նա մասնագիտությամբ արվեստաբան է և շարունակում է աշխատել Ազգային պատկերասրահում։

Տիկին Անահիտի համար պարը կյանք է։ «Ես ինձ երիտասարդ եմ զգում շնորհիվ պարի։ Աղջիկներով նաև շփվում ենք, պարից հետո՝ սրճում», – ասում է նա։

Ըստ տիկին Անահիտի, բացի ֆիզիկական շարժումներից, որ շատ կարևոր է հատկապես 50 տարեկանից հետո, խմբակը նաև դրական տրամադրություն է ստեղծում։

«Ես իմ տարեկիցներին ու ավելի երիտասարդներին, ովքեր 55-65 տարեկանում իրենց հիվանդ ու ծեր են զգում, ասում եմ՝ շարժվեք, պոզիտիվ բերեք ձեր կյանք՝ անկախ հանգամանքներից»։

Բնակչության ծերացումը մերօրյա աշխարհում դիտվում է որպես սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական գլոբալ մարտահրավերներից մեկը:

ՄԱԿ-ի կանխատեսումներով` 2022թ․-ի համեմատ 2050-ին աշխարհում 65 և բարձր տարիքի անձանց թիվն ավելի քան կկրկնապատկվի՝ կազմելով բնակչության 16%-ը։ Բնակչությունը համարվում է «ծերացող», եթե նրա 65 և բարձր տարիքի բնակչությունը գերազանցում է 7%-ը, և «ծեր», եթե գերազանցում է 14%-ը:

Բնակչության ծերացումը հանգեցնում է նաև տնտեսական մարտահրավերների՝ պայմանավորված աշխատուժի (15-64 տարեկաններ) նկատմամբ թոշակառուների (65+) թվի աճով։

Հայաստանում 2023թ-ի առաջին եռամսյակի տվյալներով, յուրաքանչյուր 4 աշխատող քաղաքացու հաշվով կա մեկ թոշակառու։

Ակտիվ կենսակերպով տարեցները, տարիքի հետ պատասխանատու են մնում իրենց կյանքի համար, սոցիալական մեկուսացման մեջ չեն գտնվում, իրենց չափով օգուտ են բերում տնտեսությանը և ակտիվ մասնակցություն են ունենում հասարակության կյանքում։

Սակայն Հայաստանում կենսաթոշակի տարիք ունեցող մարդիկ հիմնականում կտրված են ակտիվ հասարակական և տնտեսական կյանքից։ Հայաստանում կա աշխատող և հարկ վճարող 72 635 կենսաթոշակառու, որոնք տարիքային կենսաթոշակառուների ընդհանուր թվի 20%-ն են կազմում։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, 80-ից բարձր տարիքի աշխատողների թիվը շուրջ 1320 է, որոնցից 110-ն ունեն հաշմանդամություն։

Հայաստանը դասվում է արդեն իսկ ծեր հասարակություն ունեցող երկրների շարքին, քանի որ այստեղ բնակչության 65 և բարձր տարիքի անձանց թվաքանակը գերազանցում է 14%-ը։ Այս իրավիճակը ցածր պտղաբերության հետևանք և երկարակեցության արդյունք է։


Կարդացեք նաև․ ՀՀ-ում անպտղությունը հատել է սահմանային ցուցանիշը՝ սոցիալ-բժշկականից վերածվելով ազգային անվտանգության խնդրի


Հայաստանում կյանքի միջին տևողությունը 75 տարի է, ինչը մոտ է եվրոպական երկրների թվերին, սակայն կյանքի որակը բարձր չէ, ինչպես Եվրոպայում բնակող տարեցներինը։

Հայաստանում թոշակի անցնելուց հետո, սովորաբար տարեցները կտրվում են հասարակությունից և ավելի մեկուսացած կյանք են վարում, ասում է Առողջապահության նախարարության հանրային առողջության գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը։

«Երկրում չկան հնարավորություններ այդ մարդկանց ընդգրկելու ակտիվ կյանք, որ չկտրվեն հասարակությունից»։

Ըստ Գալստյանի, շատերը, թոշակի տարիքում անցնում են պասիվ ապրելակերպի, ինչն էլ պատճառ է դառնում քրոնիկ հիվանդությունների և դեպրեսիայի արագ տեմպերով զարգանալուն։

Այն, որ հաճախ ավագ սերնդի մարդիկ ընդգրկվում են կենցաղային հարցերում, դա զբաղվածության հաջող ձևերից չէ, նշում են մասնագետներն ու ընգծում՝ տարեցները պետք է ունենան հնարավորություն շփվելու իրենց տարեկիցների հետ, տրամադրեն ժամանակ անձնական հետաքրքրություններին։

Այս նպատակով այս տարվա մայիսի 1-ից Հայաստանում կսկսեն գործել տարեցների հիշողության զարգացման 4 ակումբներ։ Ապրիլից Երևանի 10 դպրոցներում արդեն գործում են ֆիզիկական ակտիվության խմբակներ` 55 և բարձր տարիքի մարդկանց համար։

Առողջապահության նախարարությունը առաջին անգամ ֆիզիկական ակտիվության և սոցիալիզացիայի խմբակների պիլոտային ծրագիր կազմակերպել էր 2023 թվականի աշնանը Երևանի 60 դպրոցներում։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում է՝ փորձում էին հասկանալ, թե որքանով են պատրաստ ավագ սերնդի ներկայացուցիչները մասնակցելու նման խմբակների։

«Փորձը ցույց տվեց, որ բազմաթիվ դպրոցներում մասնակցությունը բարձր էր, տարեցները շատ գոհ էին և շնորհակալ։ Նրանք, ովքեր չամաչեցին և այցելեցին, այսօր անհամբեր սպասում են հաջորդ հանդիպմանը»։

Խմբակ այցելող տարեցների մի մասը խոստովանել է, որ ընտանիքի անդամները սատարել և ողջունել են այսպիսի նախաձեռնությունը, սակայն քիչ չէին այն մասնակիցները, որոնց ընտանիքի անդամները փորձել են խոչընդոտել նրանց այցին․

«Շատ ընտանիքներ խոչընդոտեցին և թույլ չտվեցին, որ իրենց տարեցներն այցելեն խմբակ։ Քանի որ գաղափարը նոր էր, հավանաբար խուսափեցին հանրային կարծիքից։ Բայց բազմաթիվ են օրինակները, երբ տարեցները թաքուն մասնակցեցին»,- ասում է Գալստյանը։

Լաուրա Ղազարյան

70-ամյա Լաուրա Ղազարյանն այն երջանիկներից է, ում ընտանիքը ողջունում է տարբեր խմբակներում նրա մասնակցությունը։ Նա Առողջապահության նախարարության՝ դպրոցներում անցկացված պիլոտային նախաձեռնության ակտիվ մասնակիցներից է։ Թոռնիկի միջոցով է տեղեկություն ստացել դրա մասին։

«Լավ վարժություններ էինք անում, շատ արդյունավետ էր, բայց ընկերներ ունեմ, որ չեն գալիս, կոմպլեքսներ ունեն, չորս պատի միջից չեն ուզում դուրս գալ»։

Տիկին Լաուրան այցելում է նաև «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության կողմից կազմակերպված «Հիշողության սրճարան» նախաձեռնությանը։ Մոտ 15 թոշակառու, ովքեր հիշողության հետ կապված որևէ խնդիր ունեն, շաբաթը մեկ՝ մեկ ժամով այցելում են այս խմբակ։

Հանդիպում «Հիշողության սրճարան» խմբակում

«Ինձ համար շատ կարևոր է շփումը, հոգեբանների աշխատանքը մեզ հետ։ Խաղեր են անցկացնում հիշողության հետ կապված։ Այստեղ ինձ շատ լավ եմ զգում, կուզեի շաբաթական 2 անգամ լիներ գոնե։ Էս մի օրը ինձ անբողջ շաբաթվա համար լիցք է տալիս, այնքան լավ եմ զգում ինձ», – ասում է Լաուրա Ղազարյանը։

«Հիշողության սրճարանը» գործում է նաև Գյումրիում։ Այնտեղ ևս 15-20 թոշակառու շաբաթը մեկ այցի հնարավորություն ունի։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանի խոսքով, դեռ չի եղել մեկը, ով առաջին անգամ այցելելուց հետո չցանկանա շարունակել գալ, դե իսկ տասնյակ թոշակառուներ էլ սպասում են իրենց հերթին։

«Եթե բոլոր համայնքներում՝ գյուղերում և պոլիկլինիկաներում, լինեն այսպիսի «Հիշողության սրճարաններ», մարդիկ չեն հասնի ծերունական թուլամտության՝ դեմենցիայի։ Այստեղ կան մարդիկ, որ եթե չայցելեին, ապա շատ շուտով կունենային դեմենցիա։ Սոցիալական շփումը ակտիվացնում է ուղեղի բջիջները»։

Օֆելյա Կամավոսյանը, այնուամենայնիվ, նշում է, որ շատերը Հայաստանում շարունակում են ամաչել այցելել նման խմբակներ։

«Մենք ուզում ենք, որ մարդիկ հասկանան՝ տարիքը խոչընդոտ չէ երազանքի հետևից գնալու համար։ Մենք քարոզում ենք, որ 60 տարեկանից հետո հենց այն ժամանակն է, որ անեք այն, ինչ չեք հասցրել։ Մենք փորձում ենք փոխել կարծրատիպերը և ձևավորված մշակույթը։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում մարդիկ 80 տարեկանում կենսունակ են, իսկ մեզ մոտ 60-ից հետո գրեթե ոչինչ չեն անում ուղեղի առողջացման համար»։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը 2022 թ․-ին ուղեղի աշխատանքի հետ կապված թեսթ է անցկացրել Հայաստանի մոտ 4000 բնակիչների շրջանում և պատկերը, Կամավոսյանի խոսքով, մեղմ ասած, հուսադրող չէ։

«35%-ի մոտ տարբեր խնդիրներ է հայտնաբերվել՝ դեմենցիա չէ, բայց խնդիր կա»։

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ը հիմնադրել է ամերիկահայ վիրաբույժ Ջեյն Մահաքյանը 2017 թ․-ին՝ Հայաստան այցելելուց հետո՝ նպատակ ունենալով կանխել ծերունական թուլամտության զարգացումը, վերապատրաստել բժշկներին և օգնել Հայաստանում դեմենցիա ունեցող մարդկանց և նրանց ընտանիքներին։

«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում Մահաքյանը, համեմատական տանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, ասում է, որ ԱՄՆ-ում տնտեսական հնարավորություններն ավելի մեծ են բարձր տարիքում ակտիվություն ապահովելու համար, բայց նաև նշում է, որ երկու երկրներում էլ ծերունական թուլամտության հետ կապված խարան գոյություն ունի, և այս մոտեցումը դեռ պետք է հաղթահարել։

Սիրողական պարի խումբը, ուր հաճախում է տիկին Անահիտը, ստեղծել է «Հայ աստղեր» պարային անսամբլի հիմնադիր-ղեկավար, Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի դասախոս Սուրեն Խաչատրյանը։

Նա առաջիններից էր, որ 90-ականներին անկախ Հայաստանում սկսեց սիրողական պար ուսուցանել մեծահասակներին։ Սիրողական խմբերում պարում են հայկական և աշխարհի տարբեր ազգերի պարեր։

«Հայ աստղեր» պարային անսամբլի սիրողական խմբի անդամները

«Այդ տարիներին ավելի դժվար էին գալիս տարեցները, քանի որ ընդունված չէր։ Հիմա շատ բան է փոխվել»,- ասում է Խաչատրյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, սոցիալական խնդիրները, վերջին տարիներին ստեղծված հոգեբանական ծանր վիճակը շարունակում են խոչընդոտ հանդիսանալ պարելու և այս մշակույթի զարգացման համար։

Պարի խմբերից մեկը, որ ստեղծվել է 2007 թ․-ին, կայացել և ամրապնդվել է որպես կոլեկտիվ կամ ընտանիք։ Նրանք արդեն մոտ 18 տարի միասին են և փորձում են ոչ մի դաս բաց չթողնել։ Խմբում պարում են 40-75 տարեկան կանայք։ Նրանք մի քանի տարի առաջ նաև ելույթ են ունեցել բեմի վրա։ Հանդիսատեսը ընկերներն ու ընտանիքի անդամներն էին, որոնց թվում էին ամուսինները, թոռները, հարսները, փեսաներն ու խնամիները։

Խմբի անդամ է մասնագիտությամբ բժիշկ 56 տարեկան Գայանե Ասլանյանը․

«Վերջին 3 տարիների ընթացքում եղել է, որ անգամ շունչ չէինք կարողանում քաշել, պատերազմի ու վերջին իրադարձությունների հետ կապված, բայց որպեսզի շարունակես ապրել, պետք է դրական էմոցիա ունենաս, որի աղբյուրներից մեկն ինձ համար պարն է»։

Սուրեն Խաչատրյանն իր նվիրյալ սաների հետ

Սուրեն Խաչատրյանի խոսքով, պարը գործիք է մեր հասարակությունը առողջացնելու համար, քանի որ կանխարգելվում և լուծվում են ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրներ։

«Ակնհայտ տեսնում ենք, որ պարապմունքի գալիս մարդը էմոցիոնալ լավ վիճակում չէ, բայց պարապմունքի վերջում նա առույգ է՝ բարձր տրամադրությամբ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ հաջորդ օրերի ակտիվությունը պահպանելու համար»,- ասում է Սուրեն Խաչատրյանը։

Հեղինակ` Լիլիթ Հարությունյան
Ինֆոգրաֆիկան՝ Անուշ Բաղդասարյանի
Լուսանկարները՝ Էլեն Միքայելյանի և «Հայ աստղեր» պարային անսամբլի արխիվից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/04/2024