Էկոլոգիա Տնտեսություն

Երկրակեր երկնաքեր Երևան․ մաս 2

Խախտումն իշխանությունից է սկսվում

Ըստ ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանի՝ Երևանն ունի գլխավոր հատակագիծ, որն անընդհատ փոփոխվում է՝ պայմանավորված ժամանակի առաջ բերած նոր պահանջներով, սակայն արդյունավետ կառավարման և վերահսկողության բացակայությունը թույլ է տվել շինարարությանը դառնալ դրամական շահերով սնվող լոկոմոտիվ՝ ստվերելով քաղաքաշինության սկզբունքներն ու ամբողջականությունը:

«Շինարարությունը շոգեքարշի նման է՝ բյուջեն լցնում է փողով, այդ իսկ պատճառով սկզբունքայնությունն ու կամքը տեղի են տալիս փողի գայթակղությանը», – ասում է ճարտարապետ Զուրաբյանը, «Զաարտ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիրը։

Երկրակեր երկնաքեր Երևանի 1-ին մասը կարդացեք այստեղ։

Ըստ փորձառու ճարտարապետի, գոյություն ունի «գոտիավորում» հասկացություն, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր հողակտոր ունի իր նշանակությունը և բաժանված է գոտիների՝ արտադրական, բնակելի կամ կանաչ, և դրանց կարգավիճակ փոխելը շատ բարդ, ժամանակատար ու խրթին գործընթաց պետք է լինի, մինչդեռ Հայաստանում մեկ-երկու օրում հողի կարգավիճակ է փոխվում։

«Հասկանո՞ւմ եք, խախտումն իշխանությունից, ղեկավարությունից է սկսվում։ Եթե նրանք թույլ չտան, եթե պարտադրանքով հարցեր չլուծեն, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Երևանն անհրաժեշտ է բեռնաթափել․ ևս 2-3 հարյուր հազարով եթե ավելանա մայրաքաղաքի բնակչությունը, «վարագույրը կփակվի»», – իր մտահոգությունն է հայտնում ճարտարապետը։

Ճարտարապետի խոսքերի վառ օրինակ է Երևանի Դալմայի այգիների տարածքում բնակելի շենքերի ու զվարճանքի մեծ կենտրոնի կառուցումը։ Դրա ընթացքին կարող եք հետևել տեղադրված Գուգլ քարտեզի ժամանակագրական տեսանյութով։ Ակնհայտ երևում է, թե ինչպես է տվյալ հատվածում կառուցապատման աշխատանքների պատճառով կտրուկ նվազում կանաչ տարածքը։

Այն, որ խախտումներ կան, փաստում է նաև Ռուբեն Խոջայանը՝ Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը՝ անդրադառնալով կանաչապատման և կառուցապատման հարաբերակցությանը․

«Օրենքով բոլոր բազմաբնակարան շենքերն իրավունք ունեն կառուցապատելու իրենց պատկանող տարածքի ընդհանուր մակերեսի միայն 40%-ը, իսկ 60%-ը պետք է ծառայի կանաչապատման ու սպասարկման գոտիների համար, այդուհանդերձ, երբեմն շեղումներ լինում են», – ասում է Խոջայանը։

Ըստ նրա՝ քիչ չեն նաև Երևանի բնակիչներից նորմերի խախտմամբ շինարարության վերաբերյալ ստացվող դիմումները։ Խոջայանը նշում է, որ ստացվող բողոքների գերակշիռ մասը վերաբերում է օրինական շինարարություններին։

«Խնդիրն, ուղղակի, այն է, որ երևանցիները չեն սիրում, երբ իրենց շենքի դիմաց մեկ այլ շենք է կառուցվում՝ փակելով տեսադաշտը, արևի լույսը և այլն», – ասում է Խոջայանը։

Ճարտարապետ Զուրաբյանը լիովին հիմնավոր է համարում երևանցիների դժգոհությունը, ասելով, որ մայրքաղաքում ամբողջությամբ խախտվել են ճարտարապետաշինարարական կարմիր գծերը, – «Խախտված է շենքերի խտությունը, հարկայնությունը, որոնք անվտանգային լուրջ խնդիրներ են հարուցում։

Բնակելի շենքերը չունեն բակեր, ավտոկայանատեղի, խանութները՝ ազատ տարածք։ Փողոցները վերածվել են ավտոկայանատեղերի, որոնք ավելի են սրում առանց այն էլ գերբեռնված երթևեկությունը»։

Եվ այս գործընթացը նոր թափ է առնում․․․

Միայն 2022 թ-ին Հայաստանում շինարարության և շինմոնտաժային աշխատանքներն ընթացիկ գներով կազմել են ավելի քան մեկ տրիլիոն դրամ, որից 29%-ը կամ շուրջ 300 մլրդ դրամը ծախսվել է Երևանի միայն բնակելի շենքերի շինաշխատանքներն իրականացնելու համար։

Համաձայն վիճակագրական տվյալների, բնակարանաշինությունն ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում ավելի քան 90%-ով իրականացվում է բնակչության և կազմակերպությունների միջոցների հաշվին։ Պետական բյուջեից ներդրումները Երևանի դեպքում գրեթե զրոյական են, մարզերի դեպքում` տարեցտարի նվազել են՝ 2018թ-ի տասը տոկոսից 2022-ին իջնելով 2.7%-ի։

Նույնն է իրավիճակը նաև մարդասիրական օգնությունների միջոցների պարագայում, Երևանում` գրեթե զրոյական, մարզերում՝ հինգ տարվա կտրվածքով (2018-2022թթ․) միջինում շուրջ 2%։ Իսկ համայնքների միջոցներից իրականացված բնակարանաշինական աշխատանքները միջինում կազմել են 2.5%:

Ըստ ՀՀ քաղաքաշինության շինարարական նորմերի՝

Բնակավայրերի նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել տրանսպորտի և ճանապարհափողոցային ցանցի միասնական փոխկապակցված համակարգ, որը կապահովի բնակավայրի գործառական գոտիների, մերձակայքում գտնվող օբյեկտների, տարաբնակեցման համակարգի այլ բնակավայրերի, արտաքին տրանսպորտի օբյեկտների, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների հետ հարմար, արագ և անվտանգ կապ:

«Ենթակառուցվածքների մասին չեմ խոսում․ աննկարագրելի տեմպերով կառուցվում են բնակելի շենքեր, բայց դրանց կողքին չկան դպրոցներ, մանկապարտեզներ, թատրոններ․․․ Բացի այդ, նորակառույց շենքերի մի մասը գազաֆիկացման, ջրի հասանելիության խնդիրներ ունեն», – շարունակում է թվարկել ճարտարապետը։

Գազի ամենամեծ սպառողը բնակչությունն է, և 2018 թվականին բնակչության սպառումը կտրուկ աճել է։ Գազի սպառման հարցում ցնցումային վարքագիծ կա նաև էներգետիկայում, որովհետև որոշ դեպքերում ատոմակայանին փոխարինել են ՋԵԿ-երը, որոնք գազով են աշխատում։


Ճարտարապետը նշում է, որ մոտեցումն սկսել է փոխվել 1950-ականներից, երբ մի կողմից՝ կուսակցական բնակարանաշինարական ծրագրերը, մյուս կողմից՝ արևմտյան քաղաքակրթության հետզհետե աճող ազդեցությունը, սկսեցին խախտել քաղաքաշինության թամանյանական սկզբունքները։ Ի վերջո, քանակը հաղթեց գաղափարին, ու սկսեցին ծնվել շենքեր՝ քաոսի վերածելով քաղաքաշինությունը։

Թամանյանական հատակագծում առանցքային տեղ են ունեցել ընդարձակ բակերը՝ որոնք, ինչպես ճարտարապետն է նկարագրում՝ փաթաթված էին 4-5 հարկանի շենքերով։

«Բակը կապված էր շենքի հետ․ տատիկը պատշգամբից հետևում էր, թե ինչպես է բակում խաղում թոռը։ Այդ հատակագծի մեջ ամեն ինչ համահունչ էր թե՛ քաղաքաշինական, թե՛ ճարտարապետական առումով»։

Մինչդեռ այսօր, աստիճանաբար նվազում են 4-5 հարկանի շենքերը։ Դրանց փոխարինում են վեց, ութ, ինը հարկանիները և ավելի բարձրերը։

2022-ի տարեսկզբի դրությամբ՝ Երևանի 4982 բնակելի շենքերից 2130-ը կամ ընդհանուրի 43%-ը ինը հարկանի և ավելի բարձր շենքերն են, 267-ը՝ վեցից ութ հարկանիները։


Փաստացի, հինգ տարվա կտրվածքով՝ Երևանում 1-5-հարկանի շենքերի թիվը պակասել է 52-ով, մինչդեռ 6-8-հարկանինները և ավելի բարձրերն ավելացել են 145-ով: Արդյունքում, նշված ժամանակահատվածում ավելացել են նաև բնակարանները՝ 3728-ով։

Նոր բնակարանների կառուցման ընթացքը դիտելիս պարզ է դառնում, որ 2017 թվականից սկսած՝ Հայաստանում նոր բնակարանների թվի աճը գլխավորապես կապված է մայրաքաղաքում բնակարանների կառուցման հետ։


Նույն ժամանակահատվածում՝ Երևանի բազմաբնակարան շենքերում ընդհանուր առմամբ հաշվառվել է 238 680 բնակարան՝ 16,1 մլն քառ․ մետր մակերեսով։ Սա հանրապետությունում առկա բնակարանների 56%-ն է։

Որպես լուծում՝ ճարտարապետ Զուրաբյանը ազգային ռազմավարության ստեղծման անհրաժեշտությունն է նշում։

«Առաջին հերթին ազգային ռազմավարություն է պետք, որով անշեղորեն կզարգանա երկիրը՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության գլուխ։ Մինչև չիմանանք, թե որ քաղաքում կամ գյուղում ինչ է կառուցվելու, չենք կարողանալու բեռնաթափել Երևանն ու համաչափ զարգացնել երկիրը»,- ասում է ճարտարապետը։

Ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանի հետ ամբողջական հարցազրույցը հասանելի է նաև աուդիոտարբերակով։

Նա առաջարկում է բեռնաթափել Երևանը՝ մյուս քաղաքներն ու գյուղերը զարգացնելով․ ստեղծել աշխատավայրեր, գայթակղիչ պայմաններ՝ Երևանից դուրս և առաջին հերթին՝ սահմանամերձ բնակավայրերում ապրելու, աշխատելու համար։ Ճարտարապետը վստահ է, որ Երևանը բեռնաթափելու համար պետք է, որ Գյումրին, Վանաձորը և մյուս համեմատաբար խոշոր քաղաքներն ունենան գլխավոր հատակագծեր։

«Այսինքն՝ պետք է մեծ ծրագրից անցնել փոքրերին և ոչ թե հակառակը․ տնտեսական զարգացման ընդհանուր ծրագրից է բխելու, թե ինչպես է հնարավոր դուրս գալ «մեկ պետություն՝ մեկ քաղաք» վիճակից ու երկիրը տանել համաչափ զարգացման ճանապարհով», – եզրափակում է ճարտարապետը։

Մինչդեռ հանրապետությունում Երևանն առայժմ մրցակից չունի տնտեսության առնվազն չորս ճյուղերում՝ ծառայությունների (87%), մանրածախ առևտրի (70%), շինարարության (43%) և անգամ արդյունաբերության մեջ։

ՀՀ արդյունաբերության ընդհանուր ծավալի 34%-ը կենտրոնացած է մայրաքաղաքում, 22%-ը՝ հարակից մարզերում՝ Կոտայքում և Արարատում։ Եվս 22%-ը՝ Սյունիքում՝ հանքարդյունաբերության հաշվին։ Սակայն մյուս յոթ մարզերում այս ոլորտի տեսակարար կշիռը միջինում 3% է կազմում։

Մինչդեռ նշված ոլորտները վճռորոշ դեր են խաղում տնտեսության աճը խթանելու և զբաղվածության հնարավորություններ ստեղծելու առումով: Ահա, անվտանգությունից բացի, մարզային բնակչության դեպի Երևան ներհոսքի ևս մեկ պատճառ։

Ճարտարապետի խոսքով՝ խախտվում են նաև արդյունաբերական կետերի հետ կապված նորմերը․ դրանք պետք է շրջապատված լինեն կանաչ գոտիով, առանձնացված լինեն բնակելի գոտիներից, որպեսզի չափումները ճշգրիտ լինեն, բայց չեն պահպանվում այդ նորմերը։

«Որ ասում են չկան նորմեր, սուտ է․ նորմերը կան, հետևող չկա։ Երևանի կենտրոնը բեռնաթափելու անհրաժեշտության մասին խոսվում, բայց քայլեր չեն արվում։ Վերահսկող մարմինը՝ այս դեպքում քաղաքապետարանը, իր գործառույթները չի կատարում, ու ես արդեն մտավախություն ունեմ, որ կարող է գալ մի օր, որ կոլապսն այն աստիճան խորանա, որ լուծում չգտնվի։ Երևանը կոլապսի մեջ է արդեն իսկ․․․»

Երկրակեր երկնաքեր Երևանի 3-րդ մասը կարդացեք այստեղ։

Նախագծի և նյութի հեղինակ՝ Կարինե Դարբինյան

Ստեղծագործական թիմի անդամներ՝
Դիզայնը՝ Անուշ Բաղդասարյանի
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի և Գարիկ Հարությունյանի
Հարցազրուցները՝ Լիլիթ Պողոսյանի
Լուսանկարները՝ Էլեն Միքայելյանի

Սույն հոդվածը պատրաստվել է «Երևանում բնակարանաշինության կապը ուկրաինական և արցախյան պատերազմների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի հետ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Forset Data Communication Fellowship ծրագիրը։

This story has been created as part of the project titled “The Link Between Housing Construction in Yerevan and Forced Migration Caused by the NK and Ukrainian Wars” which is supported by the ForSet Data Communication Fellowship Program. 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/08/2023