Առողջություն

Սարերում քայլելով-հաղթելով. Հայաստանում առաջին անգամ լեռնարշավային մրցույթ է անցկացվել

Լեռնարշավային մշակույթը փոքր, բայց հաստատուն քայլերով մտնում է մեր կենցաղ։ Հայաստանի նման լեռնային երկրում զարմանալիորեն այս ուղղությունը սկսեց զարգանալ 2019 թվականից հետո։ COVID-19-ի համատարած բացասական հետևանքների ֆոնին՝ արշավական ակումբների աշխուժացումը թերևս այն եզակի երևույթներից էր, որ առանց վերապահումների կարող ենք համարել դրական փոփոխություն։

Սար ու ձորերով քայլելուն սովոր մարդիկ, հավանաբար, կհաստատեն՝ ամենադժվարն առաջին արշավն է։ Ֆիզիկական հոգնածությունը հաղթահարելուց հետո կրկին արշավելու ցանկությունը շատերի մոտ հետզհետե աճում է ու գալիս է մի պահ, երբ ծնվում է նաև սեփական ուժերը չափելու ցանկություն։

Լեռնային տուրիզմի սիրահարների համար նման եզակի հնարավորություն էր օրերս կայացած «Բարձունք արահետ 2023» լեռնարշավային գավաթի առաջին խաղարկությունը։

«Բարձունք» հասարակական կազմակերպության այս նախաձեռնությանը միացել էր 10 թիմ՝ 5 ռազմամարզական, 4 արշավական և մեկ լեռնային ակումբներից։

Մեկնարկ

Մրցույթին մասնակցելու համար առաջինը հայտ ներկայացնողներից մեկը եղել է North Peak լեռնային ակումբը։

«Ակումբը հիմնադրելու նպատակը լեռնային տուրիզմը զարգացնելն էր։ Ես շատ էի ուզում, որ այս ուղղությունը զարգանա, քանի որ մեր երկրի տարածքի 83%-ը լեռներ են, ու աբսուրդ է, որ ապրելով այստեղ, մշտապես լինելով պատերազմների մեջ՝ մարդկանց զգալի մասը սար բարձրացած չկա»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է North Peak ակումբի հիմնադիր, թիմի ավագ Սամվել Մանուկյանը։

Մոտիվացիոն տեսանկյունից նման մրցույթները Սամվելն ավելի խոստումնալից է համարում, քանի որ այդ դեպքում ստանում ես հնարավորություն՝ ցույց տալու ներուժդ։ Իսկ ահա շահագրգռել, որ մարդիկ փող տան ու գնան արշավ, շատ ավելի բարդ է։

North Peak ակումբի անդամները

Սամվելը վստահ է՝ մրցակցությունը՝ անկախ ոլորտից, նպաստում է, որ այն զարգանա։
Գավաթին հավակնող թիմերից ակնհայտորեն ամենաթեժ մրցակցությունը North Peak-ի և Hiking with friends-ի միջև էր։

Վճռորոշ 12 րոպեն

28 կմ-ոց արահետը թիմերն անցել են գրեթե հավասար ժամանակահատվածում․ ընդամենը 12 րոպե տարբերությամբ առաջինը տեղ է հասել Hiking with friends-ի կազմը։

Արահետը, որն ուժեղագույն ճանաչված թիմն անցել է 5 ժամ 35 րոպեում, ձգվում էր Վայոց ձորի Գողթանիկ գյուղից մինչև Վերնաշեն․ այսինքն՝ ընդգրկում էր Թեքսարի ամբողջ լեռնազանգվածը՝ երկու գագաթ, մեկ վանք, մեկ ամրոց։

Առաջադրանքը տեխնիկապես, մասնակիցների վստահեցմամբ, բարդ չէր․խնդիրն արագության ու ճարպկության մեջ էր։

«Hiking with friends»-ի ավագը խոստովանում է՝ պատկերացնում էին, որ բարդ է լինելու հաղթելը, քանի որ ի դեմս North Peak-ի՝ ուժեղ մրցակից ունեին։ Արագությունն է, որ օգնել է հաղթել։

«Hiking with friends» թիմի անդամները

«Թիմի բոլոր անդամները մարզիկներ են․ ունենք թեթև ատլետ, վազորդ, բռնցքամարտիկ և այլն։ Հենց մեր լավ մարզավիճակում լինելու շնորհիվ ենք կարողացել առաջ անցնել։ Բավականին տեղ հավասար էինք առաջ շարժվում North Peak-ի հետ, չնայած մենք գնում էինք նախապես սահմանած երթուղով, իսկ իրենք՝ կարճ։ Հետո հասկացանք, որ այդպես շարունակելու դեպքում հետ ենք ընկնելու․ տեղում փոխեցինք երթուղին»,-«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Hiking with friends թիմի ավագ Վրեժ Բադալյանը։

Երրորդը սահմանագիծը հատած «Խարույկ» արշավական թիմը նույնպես իմպրովիզ էր արել, բայց ավելի արագ տեղ հասնել բոլոր 6 անդամները չեն կարողացել։ Թիմի անդամ Նարե Դավթյանն անկեղծանում է՝ բոլորն արշավական ընկերներ են, բայց արագության առումով ընտրության մեծ հնարավորություն չեն ունեցել։

«Խարույկ» արշավական թիմի անդամները

Առաջնությունից հետո մրցանակային տեղեր գրաված թիմերը խոստովանել են՝ տեղանքը նախապես ուսումնասիրել էին, ուժերը՝ գնահատել։ Մրցույթի պայմաններին դա չէր հակասում՝ ինչպես և չէր հակասում 28 կմ-ը կրճատելու փորձը։

Առաջին երեք տեղերի համար սահմանված մրցանակները՝ համապատասխանաբար դրոն, GPS թրեքեր և ռադիոկապի միջոցներ, հունիսի 23-ին կհանձնվեն մրցանակակիրներին։

Ռազմամարզական թիմերից և ոչ մեկի՝ մրցանակային տեղ չգրավելու փաստն «Ազատազէն»-ի ավագ Իշխան Գևորգյանին տխրեցրել է։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության կարևորությունը, նրա դիտարկմամբ, դրանից չի պակասել․

«Մի քանի կարևոր կողմեր ունի մրցույթը․ նախ՝ նորմալ բանով ենք մրցում, և հետո՝ շփվում ենք, նոր կապեր հաստատում ու, վերջապես, ճանաչում մեր սարերը, լեռները․․․ Ինչ վերաբերում է թիմի թերություններին, դրանք արձանագրել ենք, հետևություններ արել։ Կարճ եթե ասեմ՝ Երևանից դուրս ապրելու ու մարզվելու կարիք ունենք»։

Մասնակից թիմերի գնահատականներն ի մի բերելով՝ կարող ենք ամփոփել՝ մրցույթի կարևորագույն կողմը լեռնագնացությունը խթանելն է։ Ու քանի որ նախաձեռնության հիմնական նպատակը նույնպես դա է, «Բարձունք» ՀԿ նախագահ Գեղամ Օհանյանը հույս հայտնեց, որ գավաթի խաղարկությունը շարունակական կլինի․

«Առաջիկա տարիներին փորձելու ենք մասշտաբներն ընդլայնել՝ ներգրավելով մարզերը ևս։ Նախատեսում ենք կենտրոններ բացել մարզերում և մարզային կառույցների օգնությամբ էլ «Բարձունք արահետ»-ը դարձնել ամենամյա փառատոն»։
Ակնկալիքը մեծ է, որ գավաթի հաջորդ խաղարկությանը կմասնակցեն առնվազն եռապատիկ ավել թիմեր։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Լուսանկարները տրամադրել են մրցաշարի կազմակերպիչներն ու մասնակիցները

#COVID19

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/06/2023