Սոցիալական

Սեռասպանությունից փրկվածը․ պայքար Հայաստանում սելեկտիվ աբորտների դեմ

Լիլիթ Բալաբեկյանը ընտանիքի երրորդ դուստրն է, ասում է՝ մայրիկի հղիության 9 ամիսների ընթացքում բժիշկները վստահեցրել են՝ տղա՛ եք ունենալու։ Ծնողներն ու քույրերն արդեն անվան հարցն էլ լուծել էին, սպասում էին Արմանին, ծնվեց Լիլիթը։

սպասում էին Արմանին, ծնվեց Լիլիթը

«Մայրս պատմում է, որ իմ ծծնդյան օրը քույրս մտել է հիվանդանոցի այն սենյակ, որտեղ սովորաբար լինում են նորածինները, մոտեցել կողքիս պառկած տղա երեխային ու գրկել, հետո, երբ իմացել է, որ քույր է ունեցել, ինձ չի էլ մոտեցել»,- պատմում է 22-ամյա Լիլիթը։

Սկզբնական շրջանում ընտանիքում հիասթափություն է եղել, այդ առիթով Լիլիթի հոր ընկերներն էլ իրավիճակը «մեղմելու» համար «պապայի տղա» են կոչել 3-րդ դստերը։

«Հիմա, ծնողներս հաղթահարել են այդ ամենը։ Կարծում եմ՝ միակ խնդիրն այն էր, որ 9 ամիս շարունակ տղայի են սպասել։ Երբեք չեմ զգացել, թե սպասված կամ սիրված չեմ։ Հիմա, որ ծնողներիս հարցնենք, կասեն՝ իրենք տղայի կարիք չունեն։ Ինձնից հետո մեր ընտանիքում այլևս երեխաներ չեն ծնվել»,- հավելում է նա։

Լիլիթն ավագ քույրերի հետ

Լիլիթը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի ուսանող լինելով, որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել էր սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին ներկայացման բեմադրումը։

Ասում է, որ այսպիսի որոշումը ուղղակիորեն կապ ունի իր անձնական պատմության հետ։ Միայն թե Լիլիթի «Նէ պատմություն ունի» անվամբ ներկայացման մեջ ներառված պատմությունները՝ իրականության մութ ու տխուր կողմն են բացահայտում։

Երկու մասից բաղկացած ներկայացումն իր մեջ 5 տարվա ընթացքում կատարված պատմություններ է ներառում ՝ 90-ականների վերջ, 2000-ականների սկիզբ։ Առաջին մասում ընտանիքի պատկերն է, մյուսը մոնոլոգ է։

«Ներկայացման մեջ թվով 3 աղջիկների պատմություն է, որոնք ծնվել են․ մեկն իմ պատմությունն է…: Անգամ հատված ունենք, երբ երեխան նկարագրում է, թե ոնց է աբորտը տեղի ունենում,- ասում է Լիլիթն ու հետո պատմում հետևյալը,- կինը հղի է եղել, պիտի զույգ աղջիկ ունենար, պտուղները մեծ են եղել, ու քանի որ օրենքն արգելում է 12 շաբաթական և ավելի դեպքերում սեռով պայմանավորված  հղիության ընդհատում անել, փորձել է ինքնուրույն ինչ-որ բան ձեռնարկել վիժելու համար։ Շյուղով իրեն ներսից փորձել է հարվածել, վնասել, որ վիժում լինի, չի ստացվել։ Երբ աղջիկները ծնվել են, նրանցից մեկի  դեմքին սպի է եղել՝ աչքի շրջանում»։

«Նէ պատմություն ունի» ներկայացումից

Շյուղով իրեն ներսից փորձել է հարվածել, վնասել, որ վիժում լինի, չի ստացվել։ Երբ աղջիկները ծնվել են, նրանցից մեկի դեմքին սպի է եղել՝ աչքի շրջանում…

Լիլիթը նկատել է՝ Գեղարքունիքի մարզում ընտանիքների մեծամասնությունն ունի տղա երեխաներ, մի կին պատմել է, որ տղաները գնում են արտագնա աշխատանքի, ու շատերը չեն էլ վերադառնում, որովհետև մարզում շատ քիչ աղջիկներ կան, մնում են այնտեղ, ամուսնանում են ռուսների կամ մեկ այլ ազգի ներկայացուցչի հետ։

Լիլիթն իր ներկայացումն արդեն ցուցադրել է Երևանում և Գավառում։ Նա մեծ ցանկություն ունի այն ներկայացնել բոլոր մարզերում, սակայն առաջնային այն մարզերում, որոնք սելեկտիվ աբորտների թվով ավելի բարձր ցուցանիշ ունեն։

Մտահոգիչ վիճակագրություն

«Ամեն տարի Հայաստանում չի ծնվում 1400 և ավելի աղջիկ։ Մինչև 2060 թ․ Հայաստանում չի ծնվի գրեթե 93․000 աղջիկ, եթե սեռով պայմանավորված աբորտների կամ մինչև ծննդաբերությունը երեխայի սեռի ընտրության միտումը շարունակի մնալ անփոփոխ»,- ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2016թ-ին պատրաստված «Հանրային հետազոտություն Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների իրացման վերաբերյալ» զեկույցում։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սեռով պայմանավորված աբորտները տարածված են հատկապես մարզերում։ Քիչ չեն դեպքերը, երբ կանայք հեռացնում են աղջիկ երեխային՝ ընտանիքի անդամների ճնշումների ներքո կամ «ընտանիքի ծուխը վառ պիտի մնա» լոզունգով առաջնորդվելով։ Սակայն, հստակ թվեր առանձնացնելը դեռ դժվար է, պատմություններից շատերը այդպես էլ մնում են հիվանդանոցային կամ տնային «մութ» սենյակներում։

Դեռևս 2016թ․-ի հուլիսի 7-ին  «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում է ընդունվել, մասնավորապես սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք, սակայն բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ընդհատումն արգելվում է»։

Ընդ որում, օրենսդրությամբ թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում բուժաշխատողների կողմից օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքերի համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն, տուգանք:

 

Կնոջ վիճակը աբորտից առաջ և հետո

«Արգանդն ունի հիշողություն,- համոզված է հոգեբան Աննա Բադալյանը ,- չծնված երեխայից հետո արգանդը  դեռ երկար ժամանակ իր մեջ պահում է ոչնչացված պտղի հիշողությունը։ Իհարկե, հղիության արհեստական ընդհատման պատճառները տարբեր են, բայց նույնիսկ, եթե դա կատարվել է պտղի ոչ առողջ լինելու պատճառով, ելքը մեկ է  կարող է տրավմատիկ լինել։ Էլ ուր մնաց, որ ոչ ցանկալի հղիություն լինի կամ սեռով պայմանավորված լինի աբորտը։»

Հոգեբանը համոզված է, որ քիչ կանայք կարող են աբորտին բնականոն ու հանգիստ վերաբերվել։

«Իրենք էլ երբեմն ներքին կոնֆլիկտներ և մեղքի զգացում են ունենում»։

Հոգեբանն ասում է՝ շատ կանայք դրա հաղթահարման միջոց են համարում երկրորդ երեխայի ծնունդը և նախորդ հղիությունից մնացած վատ հուշերն այդպես են փորձում մոռանալ։ Բայց, իհարկե, եթե կինը շատ էմոցիոնալ է, ապա դեռ երկար այդ զգացումով կապրի ու հաճախ դա կարող է բերել ծայրահեղ իրավիճակի, երբ այդ մեղքի զգացումը այնքան սկսի մեծանալ, աճել, որ արդյունքում կինը կորցնի նաև մայրության ունակությունն ու հոգեբանական զգացողությունը։

Ասում է՝ եղել է դեպք, երբ կանացի բոլոր պահանջմունքներն ու զգացումները բթացել են։

Գինեկոլոգ Օֆելյա Դաշյանն էլ հավելում է՝ կլինի ընդհատումը դեղորայքային, թե՝ գործիքային, ամեն դեպքում ցանկալի չէ, որովհետև աբորտից հետո կարող են առաջանալ մի շարք առողջական խնդիրներ՝ արյունահոսություն, բորբոքային պրոցես, երկրորդային չբերություն, այսինքն՝ արյունը կուտակվել է, հետ է գնացել դեպի փողերը, որոնք էլ խցանվել են։ Կարող են լինել նաև հորմոնային խանգարումներ։

Բժշկուհի Դաշյանն ասում է՝ հաճախ կանայք բուժհաստատություններ չեն էլ հասնում, տնային պայմաններում ինչ մեթոդ ասես, որ չեն կիրառում՝ երեխայից ազատվելու համար։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2016թ-ին պատրաստված «Հանրային հետազոտություն Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների իրացման վերաբերյալ» զեկույցի համաձայն՝ ամեն տարի աշխարհում տեղի է ունենում գրեթե 20 մլն անապահով աբորտ: Սա հանգեցնում է աշխարհում 47 000 կանանց մահացության և բարդությունների արդյունքում հաշմանդամություն է առաջ բերում ևս 5 մլն-ի մոտ:

Ե՛վ հոգեբանը, և՛ գինեկոլոգը փաստում են՝ հոգեբանական մոտեցում է պետք ցուցաբերել։

«Կարևոր է, որ կինը մասնագիտական խորհրդատվությունը կարողանա ճիշտ կիրառել և կառավարել իր հուզական վայրէջքներն ու վերելքները։ Կնոջ հետ լինում է զրույց-քննարկում, իրավիճակի վերլուծություն և այլն։ Բայց վերջնական որոշումը կնոջն է»,- ասում է հոգեբանը։

Հանուն հավասարության

Նմանատիպ զրույց-քննարկումներ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանը ասում է, որ այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ վիճակագրությունը Հայաստանում ոչ միայն ժողովրդագրական առումով էր խնդրահարույց, այլև միջոց էր՝ տեսնելու հանրապետությունում եղած գենդերային  անհավասարության ու խտրականության օրինակներ, ինչպես՝ սելեկտիվ աբորտը։

«Դա էլ, ըստ երևույթին, բռնության տեսակ է»,- ասում է Պետրոսյանը։

Ծրագիրը սելեկտիվ աբորտները դիտարկեց որպես կանանց և աղջիկների նկատմամբ պակաս արժևորող վերաբերմունք ու նորմ։ Եվ որոշվեց թիրախավորել ոչ անպայման սելեկտիվ աբորտը, այլ այն հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են այդ երևույթի ի հայտ գալուն։ Օրինակ՝ տղա երեխայի նախընտրությունը, ինչը սնվում է գենդերային անհավասարության ու խտրականությունից։ Ավելի ուշ կազմակերպությունը որոշում է հանրային արշավ սկսել՝ անվանելով «Տարբեր ու հավասար»։

«Այս խորագրի սկզբունքային հեղինակները, բնականաբար, մենք չենք, որովհետև այն կարելի է տարբեր կերպ դիտարկել, օրինակ՝ ռասսայական խտրականության տեսանկյունից։ Իմաստը այն է, որ թեև մարդիկ կարող են լինել տարբեր, այս դեպքում՝ կանայք և տղամարդիկ, ելնելով իրենց սեռից և գենդերային դերից, որը ձևավորվում է հասարակության, մշակույթի, ավանդույթների և նորմերի հիման վրա, նրանք պետք է լինեն հավասար՝ ոչ միայն օրենսդրորեն, այլև իսկապես հավասար իրավունքներ ունենան՝ ապրելու, ստեղծագործելու և ինքնարտահայտվելու»,- ասում է Պետրոսյանը։

Կազմակերպությունը Երևանում տեղակայված կենտրոնական գրասենյակից բացի, 14 մասնաճյուղեր ունի հանրապետության 6 մարզերում։ Մասնաճյուղերից 12-ում արդեն իրականացրել ու շարունակում են իրականացնել ծրագիրը, որի հիմնական թիրախը համայնքներում բնակվող ընտանիքներն են։

Պետրոսյանն ասում է, որ առաջին անգամ փորձ արվեց գենդերային հարցերին առնչվող խնդիրները քննարկել և ծրագիրն իրականացնել տղամարդկանց հետ, քանի որ նրանք գենդերային նորմերը պարտադրող բավականին ուժեղ խումբ են։

«Հնարավոր չէ հասարակության մեջ փոփոխություն ակնկալել, հատկապես նման արմատացած, խորը, զգայուն հարցի շուրջ՝ բաց թողնելով տղամարդկանց խմբին»,- ասում է նա։

Ծրագրի շրջանակներում կազմվում են համայնքային խմբեր, որոնց հետ կազմակերպվում են 14 շաբաթ տևող հանդիպումներ և խոսում գենդերային կարծրատիպերի ու բռնության, ծնողավարության, երեխաների խնամքի և տան գործը կիսելու կարևորության մասին։ Դրանց մասնակցում են ծնողներ, երիտասարդ տղաներ ու աղջիկներ։

«Փորձել ենք զգուշությամբ ու հստակ թիրախավորված խմբերին ներկայացնել այդ կարծրատիպերը՝ գենդերային բացասական նորմերը, որոնք վնասում են կանանց և աղջիկներին։ Ցույց ենք տվել աղջիկ երեխայի հնարավորությունները և, որ նա ևս իրավունք ունի և կարող է օգտվել դրանցից»,- ասում է Պետրոսյանը և նշում, որ ծրագրերը շարունակական են լինելու․ կուտակած փորձը թույլ չեն տա՝ իզուր կորչի։

Փոփոխությունը դժվար է գալիս, բայց կլինի և պիտի լինի։

Հեղինակ Սոֆի Թովմասյան

Լուսանկարները Լիլիթ Բալաբեկյանի անձնական արխիվից

Տվյալների մշակում և դիզայն՝ Գայանե Մելիքյան 

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/10/2019