Սոցիալական

Կենսաթոշակառուները և նպաստառուները ՀՀ մարզերում. 2019թ. 1-ին կիսամյակ

«Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարը պատրաստելիս «Ամփոփ մեդիան» վիճակագրական տվյալներից առանձնացրել էր կենսաթոշակառուներին և նպաստառուներին վերաբերող վիճակագրական տվյալները:

Համաձայն այդ տվյալների, Հայաստանի մարզերում կենսաթոշակառուների թվի աճ է գրանցվել: Ամենաշատը ավելացել են Կոտայքի մարզի թոշակառուները՝ 2.2%-ով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 465 199 մարդ: Նրանց թվում են աշխատանքային, զինծառայության հետ կապված և այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուները:

Մարզերում է ապրում կենսաթոշակառուների 63%-ը:

Կենսաթոշակի միջին չափը Հայաստանում կազմում է 40519 դրամ: Սակայն այս ցուցանիշից բարձր թոշակ ստանում են միայն Երևանի ու Սյունիքի մարզի թոշակառուները: Մյուս մարզերում թոշակի չափը տատանվում է միջինը 37000-39000 դրամի սահմաններում:

Ինչ վերաբերվում է նպաստառուներին, ապա նրանց քանակը 2019թ. առաջին կեսամյակում նվազել է: Ընտանեկան նպաստ ստանում է 63912 քաղաքացի, որից 88.6%-ը բնակվում են մարզերում:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեն մինչև 18 տարեկան ընտանիքի անդամ ունեցող անապահով ընտանիքները: Ընտանեկան նպաստ ստացողները մեծ թիվ են կազմում հատկապես Շիրակի մարզում` 10183 ընտանիք: Բնակչության գրեթե նույն թվով Կոտայքի մարզում կա 6086 ընտանեկան նպաստառու, ինչը զգալիորեն ցածր է Շիրակի մարզի ցուցանիշից: Վիճակագրական տվյալների համաձայն, ընտանեկան նպաստառուների շուրջ 33% նվազում է գրանցվել Լոռիում: Մարզում այդ կարգավիճակում կա 9020 ընտանիք:

Սակայն Լոռու մարզը առաջատարն է սոցիալական նպաստ ստացողների շարքում՝ 4603 բնակիչ: Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեն մինչև 18 տարեկան ընտանիքի անդամ չունեցող անապահով ընտանիքները:

Եռամսյակային հրատապ օգնություն ստացել է շուրջ 4900 քաղաքացի: Նպաստի յս տեսակը տրվում է այն ընտանիքներին, որոնք ընտանեկան և սոցիալական նպաստ չեն ստանում, բայց անապահովության շեմը բարձր է 0-ից և հայտնվել են անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակներ և կարճատև ֆինանսական խնդիրներ):

Մարզերում սոցիալ-տնտեսական իրավիճակը վիզուալ պատկերներով կարող եք համեմատել ստորև:

https://readymag.com/1497134

«Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի ոլորտային մյուս ուղղություններին ծանոթացեք այստեղ`

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 29/08/2019