Տնտեսություն

Տնտեսական ցուցանիշները ՀՀ մարզերում. 2019թ. 1-ին կիսամյակ

«Ամփոփ մեդիան» ներկայացնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը՝ համեմատելով 2018թ-ի և 2019թ-ի առաջին կեսերի տվյալները դեմոգրաֆիայի, գործազրկության, սոցիալական և տնտեսական ոլորտներում:

Շարքի այս հատվածում վերլուծել ենք ՀՀ մարզերում տնտեսական ցուցանիշները՝ շինարարությունը, թողարկված և իրացված արդյունաբերական արտադրանքը, մանրածախ առևտրաշրջանառությունը և ծառայությունները:

ՀՀ մարզերի տնտեսական վիճակը ներկայացնելու համար համեմատվել են 2018թ-ի և 2019թ-ի առաջին կեսերին շինարարության, արդյունաբերական թողարկված արտադրանքի, մանրածախ առևտրաշրջանառության և ծառայությունների ցուցանիշները: Թեպետ Հանրապետության մասշտաբով բոլոր ոլորտներում գրանցվել է 2.5-16% աճ, այնուամենայնիվ յուրաքանչյուր մարզում կան կոնկրետ ոլորտներ որտեղ նվազում է գրանցվել:

Մասնավորվապես շինարարության ոլորտում զգալի անկում է նկատվում Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերում: Մինչդեռ շինարարության ծավալների ավելի քան 2 անգամ աճ է գրանցվել Շիրակի մարզում:

Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքին, ապա դրա 60%-ը ապահովում են մարզերը: 2019թ. առաջին կեսին արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում մարզերից ամենամեծ ներդրումն ունեն Սյունիքի (18.6%), Արարատի (14%) և Կոտայքի (9%) մարզերը: Ամենաքիչ ներդրումն ունեն Վայոց ձորի և Տավուշի մարզերը՝ 1.2-ական տոկոսներով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են Արմավիրում՝ 45%-ով և Գեղարքունիքում՝ 43%:

Արդյունաբերական արտադրանքի ամենաշատ նվազումը՝ 50%-ով, նկատվում է Լոռու մարզում: Այստեղ նվազել է թե թողարկված, թե իրացված արդյունաբերական արտադրանքը:

Լոռիում և Վայոց ձորում նվազել է նաև մանրածախ առևտրաշրջանառությունը: Գեղարքունիքի հետ միասին այս երեք մարզերը ունեն մեկ բնակչին բաժին ընկնող ամենացածր առևտրաշրջանառությունը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Գեղարքունիքում մեկ բնակչին ընկնող առևտրաշրջանառությունը կազմել է միջինը շուրջ 53000 դրամ:

Այս ցուցանիշով առաջատար է Տավուշի մարզը՝ 122 776 դրամ:

Մարզերն ապահովում են հանրապետության առևտրաշրջանառության ծավալի ընդամենը 25%-ը, իսկ ծառայությունների ծավալի՝ 18%-ը: Այս տեսանկյունից ակնհայտ է մարզերի և մայրաքաղաք Երևանի տնտեսական անհամաչափ զարգացվածությունը:

Մեկ բնակչին բաժին ընկնող ծառայությունների ծավալի հաշվով բացարձակ առաջատարն է Վայոց ձորի մարզը՝ 261 730 դրամ: 2019թ. առաջին կեսին այս ցուցանիշով զգալիորեն՝ 45%-ով անկում է ապրել Սյունիքի մարզը: Ամենացածր ցուցանիշը գրանցել են Գեղարքունիքի և Լոռու մարզերը:

Տնտեսական ցուցանիշներով ամենաշատ հետընթացը, փաստորեն արձանագրել է Լոռու մարզը, բոլոր ոլորտներում կայուն աճ են ունեցել Արարատի և Արմավիրի մարզերը:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2019թ. առաջին կեսին հանրապետությունում էական գնաճ կամ գնանկում չի գրանցվել: Առանձին մարզկենտրոններում ամենաբարձր գնաճը՝ 2.4%, եղել է Աշտարակ քաղաքում:

Մարզերում տնտեսական ցուցանիշները վիզուալ պատկերներով կարող եք համեմատել ստորև:

https://readymag.com/1497134

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 29/08/2019