Առողջություն

Քրոնիկ հիվանդությունների վեցանիշ թվերն ու առողջապահական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Ամերիկահայ բժիշկ Շանթ Շեխերդիմյանը, որն այս օրերին իր մասնագիտական պարտքն է կատարում Ռոնալդ Ռեյգանի անվան Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում, ասում է, որ COVID-19-ն ամբողջ աշխարհում նոր իրավիճակ է ստեղծել։

«Նախկինում արձանագրված համաճարակներից որոշակի փորձ կա, բայց այս վարակը նման չէ նախկիններին։ Ամեն օր նոր բան ենք սովորում, ու կան քայլեր, որոնք հնարավոր է՝ որոշ ժամանակ անց այլ գնահատականի արժանանան»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է բժիշկ Շեխերդիմյանը։

Նոր կորոնավիրուսային վարակի հետ մինչև այժմ առերեսված երկրների թիվը հատել է 200-ի սահմանը։ Անգամ զարգացած տնտեսություն ունեցող երկրները, որոնք, թվում էր, թե հզոր առողջապահական համակարգ պետք է ունենային, վարակին դիմագրավել չկարողացան։

Հիմնված լինելով գերազանցապես անհատական բուժօգնության վրա՝ առողջապահական համակարգերն ի զորու չեղան միանգամից մեծ թվով պացիենտներ ընդունել։ Որոշ երկրներ ստիպված եղան COVID-19-ով հիվանդների մի մասին տեղավորել ժամանակավոր բացված վրանային հոսպիտալներում։

Այնուամենայնիվ, մի շարք երկրներ արդեն հաջողություն են գրանցել։ Նոր Զելանդիան, Իսլանդիան, Սլովենիան հայտարարել են կորոնավիրուսային վարակը հաղթահարելու մասին։

Բժիշկ Շեխերդիմյանի համոզմամբ՝ վարակի տարածման տեմպը դանդաղեցնելու համար չափազանց կարևոր է մարդկանց վարքագիծը և կարգապահության աստիճանը։ Նա ասում է, որ պարբերաբար հեռավար քննարկումներ է ունենում իր հայաստանյան գործընկերների հետ և կարող է փաստել, որ Հայաստանի բժիշկների պայքարի մեթոդները համապատասխանում են իրավիճակին։

Շեխերդիմյանը համոզվել է, որ հայ մասնագետներն իրենց գիտելիքներով և փորձով չեն զիջում արտասահմանցի գործընկերներին, սակայն նույն կարծիքին չէ բնակչության վարքագծի հարցում։

Հայաստանը մայիսի կեսերից փորձ արեց վերադառնալ բնականոն կյանքին, սակայն սահմանափակումների վերացումից մոտ մեկ շաբաթ անց վարակի տարածման նոր ալիք սկսվեց. օրական հայտնաբերված դեպքերի թիվը հասավ 500-700-ի։

Բժիշկ Շեխերդիմյանն ասում է, որ Հայաստանի պարագայում սահմանափակումների մեղմացումն անխուսափելի էր, բայց զուգահեռ պետք էր վարակի զսպման համարժեք մեխանիզմներ կիրառել։

Համաձայն Առողջապահության նախարարության հունիսի 6-ի տվյալների՝ նոր կորոնավիրուսային վարակից Հայաստանում 200 մահացածների 97%-ն ունեցել է քրոնիկական հիվանդություն։ Եվս 70 մահացածի դեպքում, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, նշվում է, որ վերջիններս մահացել են կորոնավիրուսի հետ չփոխկապակցված հիվանդությունից։

«Բոլոր տեղերում է այդպես։ Քրոնիկական հիվանդությամբ պացիենտների մահացությունը բարձր տոկոս է կազմում։ Օրինակ, ԱՄՆ-ում՝ Նյու Յորք նահանգում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվողների 80%-ը մահանում է»,- ասում է Շեխերդիմյանը։

Հայաստանի բնակչության շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդությունների առաջին շարքերում են շնչառական օրգանների և սրտանոթային հիվանդությունները, նորագոյացություններն ու շաքարային դիաբետը։

Բացի քրոնիկական հիվանդություններ ունեցողներից, նոր կորոնավիրուսային վարակի դեպքում բարձր ռիսկային խմբում են նաև 65-ից բարձր տարիքի մարդիկ։ Իսկ 2019թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմել է 12%, ինչը 5%-ով բարձր է ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի սահմանած շեմից:

Քրոնիկ հիվանդների բարձր տոկոսի հիմքերը

Քրոնիկ հիվանդությունների կանխարգելման հարցում Շեխերդիմյանը մեծ նշանակություն է տալիս առողջության պահպանման առաջնային օղակին՝ ընտանեկան բժշկության ինստիտուտին։

«Ընտանեկան բժիշկը մեծ դեր ունի հանրային առողջության պահպանման գործում։ Նա պիտի ժամանակին վերահսկի ճնշումը, արյան մեջ շաքարի պարունակությունը, փորձի հիվանդին քաջալերել, որ առողջ ապրելակերպով ապրի»,-ասում է նա։

Հայաստանում վերջին 2-3 շաբաթների ընթացքում առավել քան երբևէ զգացվում է առողջության պահպանման կայացած առաջնային օղակի կարիքը։

Հիվանդանոցների գերծանրաբեռնվածության պատճառով չհոսպիտալացված, հիվանդության թեթև ընթացքով COVID-19-ով վարակվածների առողջական վիճակը մշտական հսկողության տակ պետք է պահեն հենց ընտանեկան բժիշկները։

Քանի որ հիվանդության ընթացքը շատ դեպքերում անկանխատեսելի է, և ոչ մի երաշխիք չկա, որ թեթև ախտանշաններով հիվանդի վիճակը կտրուկ չի ծանրանա, ուստի այս օղակի պատրաստվածությունն էական դեր ունի։ Հիվանդների՝ սոցիալական ցանցերում արած գրառումները վկայում են, որ այստեղ թե´ մասնագիտական, թե´ կառավարման ուղղությամբ անելիքները շատ են։

Հայաստանում COVID-19-ով պայմանավորված մահերի վիճակագրությունը ևս վկայում է, որ մեր երկրում ընտանեկան բժշկի ինստիտուտը թերզարգացած է։ Շեխերդիմյանն այստեղ նաև տեսնում է համապատասխան մշակույթի բացակայությունը։ Պրոֆեսորն ասում է, որ նախ և առաջ ընտանեկան բժշկության ինստիտուտի նկատմամբ վստահություն և նրա հետ համագործակցելու մշակույթ պետք է ձևավորվի։

Եվրոպայում, ԱՄՆ-ում ընդունված պրակտիկա կա՝ առողջական գանգատների դեպքում դիմել ընտանեկան բժշկին։ Շեխերդիմյանը նկատել է՝ Հայաստանում միանգամից հիվանդանոց են գնում, նեղ մասնագետին դիմում։ Ասում է՝ այն երկրներում, որտեղ այս օղակն իր տեղում է, խնդիրը լուծել փորձում է նախ ընտանեկան բժիշկը և միայն անհրաժեշտության դեպքում՝ ուղեգրում համապատասխան մասնագետի մոտ։

Սեփական դիտարկումների արդյունքում ամերիկահայ բժիշկը մի շարք հետևություններ է արել։ Նախ այն, որ բյուջեից առողջապահական ոլորտին հատկացվող գումարով, որը վերջին տարիներին կազմել է ՀՆԱ-ի 1.3-1.6%-ը, ոլորտը զարգացնել հնարավոր չէ։ Հիվանդանոցների նեղ ուղղվածությունն ու տեղաբաշխվածությունը, ըստ նրա, կառավարման առումով նպատակահարմար չեն։

Շեխերդիմյանը նկատել է, որ բժշկական ծառայությունների որակը Հայաստանում հաճախ կապում են նոր հիվանդանոցի հետ, մինչդեռ նոր շենքային պայմանները, ինչպես ինքն է ասում, բավարար չեն որակյալ ծառայություն մատուցելու համար։ Այստեղ էականը մասնագետների շարունակական ինքնակրթությունն ու մասնագիտական նրբությունների յուրացումն է։

Այս առումով, անելիք ունի նաև կրթական համակարգը՝ բուհերն ու քոլեջները։ Գիտելիքները, որ ապագա բժիշկը ստանում է բուհում կամ միջին մասնագիտական հաստատությունում, մեր զրուցակցի խորին համոզմամբ, պետք է ամրապնդվեն ակտիվ փորձուսուցման ընթացքում։

«Ապագա բժիշկը կամ բուժաշխատողը կրթությանը զուգահեռ անընդհատ ինքնակրթվելու, ստացած գիտելիքը սեփական փորձով ամրապնդելու կարիք ունի։ Նա չպետք է դիտողի կարգավիճակում լինի»,-համոզված է բժիշկ Շեխերդիմյանը։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի, Գայանե Մելիքյանի

Նույն թեմայով կարդացեք

#COVID19 #ArmGov #anticrisis #actions

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/06/2020