Առողջություն

Պորտուգալիայում մեկուսացած․ «Ծնողներս անհանգստանում են, բայց նաև գիտակցում են, որ բժիշկ եմ»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատոր, մասնագիտությամբ ռադիոլոգ, 25-ամյա Գայանե Սարգսյանը փետրվարից գտնվում է Պորտուգալիայի Պորտո քաղաքում։ Գայանեն սովորում է Պորտոյի համալսարանի Բժշկական ֆակուլտետում, որի պրակտիկ դասերն անցկացվում են Պորտուգալիայի օնկոլոգիայի ինստիտուտում։

Ինչպես արտերկում սովորող շատ ուսանողների, այնպես էլ Գայանեի՝ արդեն իսկ կազմած գրաֆիկը փոխվեց՝ վարակի տարածման և սահմանափակումների արդյունքում։

Իրավիճակը Պորտուգալիայում

Աշխարհի շատ երկրներում վարակն արդեն տարածվել էր և շարունակում էր ընդլայնել աշխարհագրությունը։ Գայանեի խոսքով՝ փետրվարի վերջին Պորտուգալիայում վարակի մասին միայն միջազգային լուրերում էին հաղորդում։ Բնակչության շրջանում չկար խուճապ, վախ, սակայն կար գիտակցում, որ օրերից մի օր վարակը կհատի նաև իրենց երկրի սահմանները․ այդպես էլ եղավ։

Պորտուգալիայում վարակի առաջին երկու դեպքն արձանագրվեց մարտի 2-ին։ Մոտ 10մլն բնակչություն ունեցող երկրում հետագա երեք ամիսների ընթացքում հաստատված դեպքերի թիվը հասավ 34 000-ի, որից 1465-ը՝ մահվան ելքով։ Հունիսի 6-ի դրությամբ բուժվածները 20 526-ն են։

Ինչպես նշում է Գայանեն՝ Պորտուգալիայում պիկ կոչվող շրջանն անցել է։ Այն արձանագրվել է ապրիլի 10-ին, երբ վարակակիրների թիվը մեկ օրում կրկնապատկվել էր՝ հասնելով 1516-ի։

Գայանեի խոսքով՝ մասնագետները կանխատեսում են իրավիճակի լավացում, սակայն միևնույն ժամանակ նշում՝ Պորտուգալիան հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կարող է բախվել վարակի երկրորդ ալիքին։

Մեր հերոսուհին չէր էլ կարող պատկերացնել, որ կհայտնվեր մի քաղաքում, որը վարակակիրների թվով առաջինը կլիներ երկրում։ «Երբ երկրում վարակվածների թիվը 14 000-ի հասավ, Պորտոյում ամենաշատ վարակվածներն էին՝ մոտ 60%։ Սակայն այժմ պատկերն այլ է։ Վարակվածներն առավել շատ են այլ համայնքներում»,- «Ամփոփ Մեդիային» պատմում է Գայանեն։

Արտակարգ դրություն

– Պարտուգալիայում արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 18-ին։ Առաջին քայլը եղավ ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների փակումը, ընդ որում՝ նշեմ, որ առաջինը փակվեց բժշկական ֆակուլտետը, որտեղ սովորում եմ։ Ուսանողներից մեկի մոտ վարակ էր հայտնաբերվել։ Մոտ 5 օր հետո՝ շղթայաբար փակվեցին մյուս ֆակուլտետները, դպրոցները, մանկապարտեզները։

image-11791
Պորտոյի կենտրոնական փողոցներից

Բայց մինչև արտակարգ դրություն հաստատելը մի այսպիսի տենդենց կար․ ծնողներն արդեն չէին թողնում, որ երեխաները դպրոց կամ մանկապարտեզ հաճախեն։

Ինչպես մյուս երկրներում, այստեղ ևս մարդիկ սկզբում չէին ընկալում, թե իրականում ինչ է կատարվում, ինչ է սպասվում հետո, ինչ հետևանքներ կլինեն։ Բայց պետք է փաստեմ, որ այս ամենը չէր ուղեկցվում խուճապով։ Իհարկե, մարդկանց պատկերացումներն ու մոտեցումները փոխվեցին, երբ վարակակիրների աճ և մահեր արձանագրվեցին:

Արտակարգ դրությունը 2 անգամ երկարաձգվեց։ Գործում էին խիստ սահմանափակումներ։ Բաց էին միայն սննդի խանութները, իսկ ռեստորաններն ու սրճարանները աշխատում էին բացառապես առաքմամբ։

Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտը դարձավ անվճար։ Այն աշխատում էր հատուկ ռեժիմով և հիմնականում՝ սահմանափակ թվով մասնագիտություններ ունեցողների համար։ Ի դեպ, տրանսպորտում կամ մետրոյում մարդ տեսնելը հրաշքի պես բան էր։ Իմ փորձից եմ ասում։ Մի օր բանկ գնալու նպատակով օգտվեցի մետրոյից, և այնպիսի տպավորություն էր, որ հատուկ ինձ համար է աշխատում մետրոն․ ես միայնակ էի։

Արտակարգ դրությունից հետո

– Արտակարգ դրությունը հանվեց մայիսի 2-ին, սակայն կարանտինային ռեժիմը՝ ոչ։ Առաջին փուլով սկսեցին բացվել փոքր խանութները, գեղեցկության սրահները, մարզասրահները, երկրորդ փուլով՝ սննդի կետերը, որոնք սակայն աշխատում էին հստակ կանոնակարգով՝ ժամային գրաֆիկով, 1,5 մետր հեռավորությամբ դրված սեղաններով։ Սակայն շատ քիչ մարդ կարելի էր տեսնել ռեստորաններում կամ սրճարաններում։ Հունիսի 1-ից Պորտուգալիան, կարելի է ասել, անցել է իր բնականոն կյանքին, սակայն՝ կանոնների պահպանմամբ և էլի որոշակի ժամային գրաֆիկով:

Հեռավար դասեր, անկատար հույսեր

– Երբ հաստատվեց արտակարգ դրություն և անցում կատարվեց հեռավար դասերի, ես դեռ շարունակում էի պրակտիկաս Օնկոլոգիայի ինստիտուտում։ Մի գեղեցիկ օր, սակայն, նամակ ստացա, որ չեմ կարող այլևս գնալ հիվանդանոց՝ մինչև արտակարգ դրության ավարտը։

Այս փաստը, իհարկե, անսպասելի և որոշ չափով նաև շոկային էր, քանի որ գիտակցում ես, որ Եվրոպայի գեղեցիկ քաղաքներից մեկում ես սովորում, ունես հնարավորություն պրակտիկա անցնելու լավագույն հիվանդանոցում և հանկարծ «դռները փակվում են»։

Մեկուսացում

Ես բավականին մեծ դժվարություններ հաղթահարելով էի եկել, այսպես ասած, երազանքիս ետևից. ամիսներ շարունակ փաստաթղթային հարցեր, վիզայի հետ կապված խնդիրներ։ Բայց, ամեն դեպքում, կարանտինի ընթացքում հուսահատությունից ու տխրությունից զատ կար գիտակցում, որ այս ամենն առաջին հերթին իմ անվտանգության համար է, ինչպես նաև այն պացիենտների, բժիշկների, որոնց հետ աշխատում եմ։

Ես հնարավորություն ունեցա պրակտիկաս շարունակել արտակարգ դրությունը չեղարկելուց հետո միայն։ Ընդ որում՝ այսպիսի հնարավորություն ոչ բոլորին տրվեց․ իմ այլ մասնագիտություններով ընկերները դեռ շարունակում են հեռավար ուսուցումը։ Իմ առավելությունը բժշկական կրթությունն է, որը ենթադրում է կանոնների պահպանման մասին գիտելիքներ:

Ես պրակտիկաս անցնում եմ Ռադիոլոգիայի բաժանմունքում։ Այստեղ ռադիոլոգի և պացիենտի հետ շփումը մինիմումի է հասցված, քանի որ անամնեստիկ բոլոր տվյալները ստանում ենք առցանց։ Շփումս բացառապես բժիշկների հետ է։ Բայց ես ինքս շատ հետևողական եմ, քանի որ աշխատում եմ ռիսկային խմբի հետ աշխատող բժիշկների կողքին։ Ցանկացած կողմնակի մարդու մուտք հիվանդանոց առ այսօր մինիմալի է հասցված։

Ինքնամեկուսացման՝ դար թվացող 3 շաբաթը

– Ես բնակվում եմ վարձակալած տանը՝ հայ և ֆրանսիացի աղջիկների հետ։ Հեռավար կրթութունը բժիշկների համար բարդ է իսկապես։ Մոտ 3 շաբաթ եղել եմ ինքնամեկուսացման մեջ, դուրս եմ եկել բացառապես խանութից գնումներ անելու համար, ընդ որում ՝սահմանված հստակ հեռավորությունը պահելով։

Առաջին մի քանի օրը դժվար էր։ Ունես գրաֆիկ՝ կապված դասերի, պրակտիկայի, զբոսանքի հետ, սակայն առավոտյան արթնանում ես ու հասկանում, որ դու պետք է մնաս տանը։

Բայց փորձեցի արդյունավետ օգտագործել այդ դադարը, քանի որ այլ տարբերակ չկար էլ։ Հեռավար դասերիս զուգահեռ սկսեցի կարդալ մասնագիտական գրականություն, ուսումնասիրություններ անել, լրացնել երբեմնի բացերը։

Դիմակ դնում են բոլորը, ձեռնոց՝ ոչ

– Հունիսի 1-ից, կարելի է ասել, որ Պորտուգալիան անցավ բնականոն կյանքի, բայց՝ կանոնների խստիվ պահպանմամբ։ Չկա սահմանված կարգ, որ դրսում պետք է դիմակ դնել, սակայն մարդկանց մեծամասնությունը դնում է։ Փակ տարածքներում, իհարկե, պարտադիր է։

Նշեմ, որ այստեղ չեն դնում ձեռնոցներ, քանի որ չկա պարտադրանք։ Ձեռնոցներ դնելն առաջացնում է կեղծ պաշտպանվածության զգացողություն, որն էլ իր հետևանքներն ունի։ Փոխարենը, ամեն քայլափոխի ախտահանիչ հեղուկներ են, որոնց օգտագործումը վերահսկվում է անվտագության աշխատակիցների կողմից:

Գայանեն

Այս պահին կրթական հաստատությունները, մանկապարտեզները շարունակում են փակ մնալ, եթե չեմ սխալվում՝ միայն սահմափակ դասեր են անցկացվում՝ ավագ դպրոցների աշակերտների համար:

Գիտե՞ք, շատ ցավալի է, որ դեռ չեմ հասցրել քաղաքը լիարժեք տեսնել։ Բայց այն, ինչ տեսել եմ՝ հիացած եմ։ Շատ եմ ճամփորդել, բայց տեղի ճարտարապետությունը յուրօրինակ է ինձ համար: Ներկա պահին փորձում եմ այցլելել միայն բաց տարածքներ, խուսափել տրանսպորտից և մարդաշատ վայրերից։

Հայացք Հայաստանին

– Ծնողներս, իհարկե, անհանգստանում են, բայց նաև գիտակցում են, որ բժիշկ եմ։ Մասնագիտությունը պարտավորեցնում է հավատարիմ մնալ սկզբունքներին։ Բայց, հիմա ես եմ անհանգստանում նրանց համար, քանի որ Հայաստանում օրեցօր աճող դեպքերը մտահոգիչ են։

Եթե փորձեմ համեմատական անցկացնել ոչ միայն որպես բժիշկ, այլև որպես ՀՀ քաղաքացի, ապա տարբերություններն ակնհայտ են։ Իսկ ամենաակնառուն՝ մարդկանց վերաբերմունքն է իրավիճակին։ Նման պարագայում կարևորը պետություն-հասարակություն համագործակցությունն է: Յուրաքանչյուր քաղաքացի ունի որոշակի պարտավորություններ, իսկ տվյալ պարագայում նաև պատասխանատվություն իր և իր շրջապատի առողջության համար: Եվ եթե մենք՝ քաղաքացիներս, չենք կարող ընդունել այս իրականությունը, ապա կարծում եմ պետությունը պետք է կիրառի իր ամբողջ գործիքակազմը ՝ ընդհուպ մինչև շատ խիստ քայլեր:

Կարծում եմ, որ Հայաստանում մարդիկ կանոնները պահում են ոչ թե գիտակցելով, որ այդպիսով կկանխեն վարակը, դրա տարածումը, այլ որ կկանխեն տուգանվելու հավանականությունը։

Պորտուգալիայում պատկերը այլ է։ Այստեղ չեն քննարկում՝ հավատա՞լ, թե՞ չհավատալ վիրուսի առկայությանը, դիմակ դնե՞լ, թե՞ չդնել, և իհարկե՝ ամենաակտուալը՝ չիպավորումը, 5G-ն և այլն։ Այստեղ պարզապես հետևում են կանոններին։

Վերադարձ

Ծրագիրս ավարտվում է հուլիսին, բայց քանի որ մոտ 3 շաբաթ ինքնամեկուսացման մեջ եմ եղել, ապա Պորտոյի համալսարանը ընդառաջեց և երկարացրեց ուսմանս տևողությունը։ Ուստի Հայաստան կվերդառնամ օգոստոսին։ Իհարկե, առաջնայինն ինձ համար գիտելիքն է, որը ստանալու եմ։ Բայց այս շատ գեղեցիկ քաղաքում, այս յուրօրինակ մշակույթ ունեցող ու բարի մարդկանց երկրում հույս ունեմ ժամանակ գտնել նաև մի փոքր շրջագայելու համար:

Զրուցեց Գայանե Մելիքյանը

Լուսանկարները՝ հերոսուհու անձնական արխիվից

Հավելյալ աղբյուրներ

#COVID19 #ArmGov #anticrisis #actions

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/06/2020