Կրթություն

Տաթևը Գերմանիայից․ լավ է մեկ ամիս տանը մնալ, քան՝ վարակի աղբյուր դառնալ

«Ամփոփ Մեդիա»-ի «Հայացք ներսից» շարքի հաջորդ պատմությունը ներկայացնում է 23-ամյա Տաթև Գևորգյանը` Գերմանիայից։ Տաթևը մասնագիտությամբ ֆինանսիստ է և արդեն 2-րդ տարին է բնակվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը, Տաթևը մեկնել է Գերմանիա՝ մագիստրոսական կրթություն ստանալու։

Համաճարակը Գերմանիայում

83 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Գերմանիայում կորոնավիրուսի վարակի տարածումն արձանագրվել է փետրվարի 15-ին։ Այդ ժամանակվանից ի վեր՝ չորս ամիսների ընթացքում, գրանցվել է վարակակիրների ավելի քան 190 000 դեպք, որից շուրջ 8950-ը՝ մահվան ելքով: Վարակակիրներից 174 100-ն արդեն համարվում են բուժված։ Հունիսի 20-ի դրությամբ երկրում կա շուրջ 7000 ակտիվ վարակակիր։


Սակայն ինչպես բոլոր երկրներում, Գերմանիայում ևս չէին կարող պատկերացնել, որ կորոնավիրուսի տարածումը կարող է նման մասշտաբների հասնել։ Սկզբնական շրջանում առավել ակնհայտը թերևս խանութներից կատարվող գնումներն էին, ինչն ըստ Տաթևի, հուշում էր բնակչության շրջանում վախի և խառնաշփոթի առկայության մասին։

«Ակտիվ առևտուր էր ընթանում։ Մարդիկ փորձում էին կատարել առնվազն 1-2 ամսվա գնում։ Այստեղ գնումների ցուցակի առաջին տեղում նպարեղենն ու զուգարանի թուղթն էր։ Բայց ապրանքների դեֆիցիտ չի եղել»,-նշում է նա։

Սահմանափակումներն սկսեցին գործել մարտի կեսերից։ Սակայն Տաթևն ասում է, որ մարդիկ սկսեցին զգուշություն ցուցաբերել առաջին դեպքերի մասին լուրերի տարածումից սկսած։

Սահմանափակումներ մտցնելուց հետո փակվեցին ուսումնական հաստատությունները։ Սրճարաններն ու ռեստորանները գործում էին առաքման եղանակով։ Բաց էին միայն տնտեսական և մթերային խանութները։ Սակայն վերջիններս էլ աշխատում էին սահմանված ռեժիմով․ հստակ ցուցումներ կային՝ դիմակների, ախտահանման, հերթերի և սոցիալական հեռավորության պահպանման հետ կապված։

Տաթևն ասում է, որ սոցիալական հեռավորություն պահելու շատ հետաքրքիր լուծում է գտնվել խանութների համար՝ սայլակների միջոցով․ «Խանութներ մուտքը բացառապես սայլակներով է, իսկ դրանց թիվը հավասար է խանութում գտնվող այցելուների թվին։ Սա իսկապես հարմար տարբերակ է հերթերի կառավարման և սոցիալական հեռավորության պահպանման համար։ Այն հիանալի գործում է»։

Ֆրանկֆուրտի փողոցներում կարելի էր տեսնել քաղաքային տրանսպորտ, սակայն ոչ այնպես, ինչպես, օրինակ, մինչև վարակն ու սահմանափակումները։ Տրանսպորտում քիչ մարդ կարելի էր տեսնել։ Հիմնականում նրանց, ովքեր չունեին հեռավար աշխատելու հնարավորություն։ Տրանսպորտի աշխատանքը ևս վերահսկվում էր։

Մարդկանց՝ տանը մնալու գիտակցումը

– Այնպես ստացվեց, որ սահմանափակումների շրջանը համընկավ իմ արձակուրդի հետ։ Ես տանից 1,5 ամիս գրեթե դուրս չեմ եկել, իսկ դուրս գալու դեպքում՝ միայն մոտակա սննդի խանութ կամ հարակից ոչ մարդաշատ այգի մի փոքր զբոսնելու։

Ի դեպ, սկզբնական շրջանում փողոցներում գրեթե մարդ չկար, անգամ մեքենաների շարժ չկար։ Բոլորը տանն էին, հետևում էին կանոններին։ Եվ դա նորմալ էր։ Կարող եմ ասել, որ տանը մնալու և կանոններին հետևելու արդյունքում է, որ Գերմանիան այս պահին վարակի առումով նման ցածր ցուցանիշներ ունի։ Բոլորը գիտակցում էին, որ ավելի լավ է մեկ ամիս տանը մնալ, քան վարակվել և վարակի աղբյուր դառնալ։

Գերմանիայի առողջապահական համակարգը համարվում է աշխարհում լավագույներից մեկը COVID-19-ի դեմ պայքարում։ Դեռ մարտի 12-ին Գերմանիան իր ունեցած 25 000  շնչառական ապարատները համալրեց ևս 10 000-ով։ Գերմանացի բժիշկները վստահ էին, որ այդ քանակությունը կբավականեցնի և ընտրության առջև կանգնելու անհրաժեշտություն չի լինի։ Ապրիլին հիվանդանոցներում կար մոտ 10 000 ազատ մահճակալ, ինչը թույլ էր տալիս օգնության ձեռք մեկնել նաև Ֆրանսիային, Իտալիային և Նիդերլանդներին՝ ընդունելով նրանց հիվանդներին։

Սակայն կարևոր է նշել նաև գերմանացիների կարգապահությունը՝ հետևել Կառավարության, Առողջապահության նախարարության ցուցումներին՝ պահպանելով կարանտինի բոլոր պայմանները, այլ կերպ ասած՝ համագործակցել պետության հետ։

Տաթևի կարծիքով՝ Գերմանիայում կորոնավիրուսից մահերի ցածր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ մարդիկ ավելի շուտ են բժշկի դիմում։ Չեն սպասում, որ իրենց խնդիրը որոշակի ստադիայի հասնի, հետո դիմեն։

50 եվրո տուգանք՝ դիմակ չկրելու համար

– Վիրուսի տարածման առաջին իսկ օրերից բաց և փակ տարածքներում կարելի էր տեսնել մարդկանց, որոնք դիմակով էին։ Ներկա պահին դրսում դիմակ կրելը պարտադիր չէ, չնայած կան կրողներ։ Այն պարտադիր է փակ տարածքներում։ Դիմակ չկրելու դեպքում տուգանքը 50 եվրո է։

Բայց, ի տարբերություն Հայաստանի, այստեղ անձնական մեքենայով երթևեկողներն ու տվյալ մեքենայում գտնվող անձինք չեն դնում դիմակ։

Ձեռնոցներ չենք դնում, փոխարենը՝ ձեռքերն ախտահանում ենք։

Իրազեկելու տարբերակ՝ ռեստորանների և սրճարանների կողմից

– Նշեմ, որ արդեն մայիսի կեսերից սկսած՝ սահմանափակումները մեղմացվել են։ Արդեն բաց են հագուստի խանութները, ռեստորանները, սրճարանները․․․ Սակայն կախված տարածքի չափերից՝ գործում են սոցիալական հեռավորության պահպանման և մարդկանց քանակի սահմանափակումներ։

Ոչ բացօթյա ռեստորաններում կամ սրճարաներում թույատրվում է դիմակ չկրել միայն սեղանի շուրջ նստելուց հետո։ Բայց նաև այցելուները գիտեն, որ պետք է պարտադիր լրացնեն հատուկ թերթիկ՝ տրամադրելով մի շարք անձնական տվյալներ։ Հիմնավորումն այն է, որ եթե օրեր անց այցելուներից մեկի մոտ վարակ գրանցվի, հնարավոր լինի մյուսների հետ կապ հաստատել և իրազեկել իրավիճակի մասին։ Կարծում եմ, որ սա լավ մեխանիզմ է։ Չնայած անձնական տվյալներ ենք տրամադրում, բայց վստահ եմ, որ դրանք պաշտպանված են։

Պետք է նշեմ, որ այստեղ մարդկանց վստահությունը համակարգի հանդեպ մեծ է, որովհետև դու հստակ գիտես, թե ինչ քայլեր պետք է անես, եթե հանկարծ վարակվես կամ եթե օրեր առաջ շփվել ես վարակակրի հետ։ Անգամ ապահովագրական ընկերություններն են զանգահարում և հարցնում առողջական վիճակիդ մասին։ Կազմակերպվածությունն այստեղ շատ բարձր մակարդակի վրա է։

Հեռավար դասերի անցկացումը

– Մեր դասերը վերսկսվեցին ապրիլի կեսերից, սակայն հեռավար եղանակով՝ ընդ որում՝ մեկ շաբաթ ուշացումով։

Հեռավար դասերն անցնում էին այնպես, ինչպես շատ վայրերում՝ Zoom հարթակի միջոցով։ Կարող եմ ասել, որ հեռավար դասերի ընթացքում արվում էր առավելագույնը, որպեսզի ուսանողներն ապահովված լինեին անհրաժեշտ գրականությամբ, քանի որ գրադարան գնալու հնարավորությունից զրկված էինք։

Դասախոսները դասերի ձայնագրություններն էին հրապարակում, ունենում էինք նաև հարց ու պատասխանի ժամեր, պրեզենտացիաներ էին ներկայացնում, ինչպես նաև անհատական հանդիպումներ կազմակերպում, որոնք կապված էին մեր թեզերի հետ։

Ինքնամեկուսացումն ազդեց հունիսին սպասվող միջազգային քննությանս անցկացման վրա․ այն, ցավոք, չեղարկվեց։ Անկեղծ ասած՝ մի փոքր դժվար է համակերվել պլանների չեղարկման հետ, որոնց իրականացմանը երկար ես սպասել։

Հայացք՝ դեպի Հայաստան

– Այս պահին ես անհանգստանում եմ Հայաստանում գտնվող ընտանիքիս անդամների համար՝ հաշվի առնելով երկրում վարակի ակտիվ տարածումը։

Բայց պետք է նշեմ, որ լրահոսում շրջանառվող լուրերի բազմազանությունը շփոթեցնող է, չգիտես՝ ինչին հավատալ։ Հիմնականում հիմնվում եմ վիճակագրության վրա։ Զարմանում, զայրանում և երբեմն էլ ամաչում եմ մարդկանց վերաբերմունքից։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու չեն հետևում կանոներին։

Զրուցեց Գայանե Մելիքյանը

Լուսանկարները Տաթև Գևորգյանի անձնական արխիվից

COVID-19-ը Հայաստանում․ այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #ArmGov #anticrisis #actions 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/06/2020