Կրթություն

Գիտական կոչում՝ բազմոցից․ ակադեմիական գլխարկն օդ նետելու ակնկալիքով

Ասացին՝ դու առաջինն ես լինելու։

Իսկ ես տխրեցի։

Չէ՛, առաջինը լինելու հետ խնդիրներ չունեմ։ Միշտ էլ ձգտել եմ ցանկացած գործում առաջինը լինել, բայց համաձայնեք, որ «դուք Հայաստանի կրթական համակարգի պատմության ողջ ընթացքում առաջինն եք, որ գիտական աստիճան եք ստանալու տանը՝ բազմոցին նստած» արտահայտությունն այնքան էլ ոգևորիչ չէ։

Դե, գոնե ինձ համար, որ համալսարան ոտք դնելու պահից սկսել էի պատկերացնել ավարտական էն սև գլխարկն օդ նետելու հաճույքը։

Հետո ասացին՝ դու պատմական ժամանակներում ես ապրում։

Ինչ-որ նախախնամությամբ ավարտելու հետ կապված իմ ու պատմության պլանները ցանկացած դեպքում չեն համընկնում։ 2016-ին, երբ դպրոցն էի ավարտում ու սպասում վերջին զանգի արարողությանը, պատերազմ սկսվեց։ Մարդիկ էին զոհվում, ուրախանալու սիրտ չկար։ 2020-ին, երբ համալսարանն եմ ավարտում, կրկին լուրերն ուրախալի չեն։

Ինչ-որ բան փոխելու անկարողությունը հուշում է միայն մեկ ելք՝ հարմարվել, բայց երիտասարդությունն ունի իր չգրված օրենքը՝ ըմբոստանալ պարտադիրի դեմ։

Ուրեմն․․․ բախտն անիծելու ենթատեքստով գրառում՝ Ֆեյսբուքում, դրամատիզմի ամենավառ դրսևորումներով մենախոսություններ՝ տանը, անհանգստությունների տեղատարափ՝ գիտական ղեկավարիս հետ հեռախոսազրույցներում։

Ես անկեղծորեն հավատում էի, որ ամբիոնն է արժեքավոր դարձնելու երկար ուսումնասիրությունների ու մի քանի անքուն գիշերների արդյունքում գրված ավարտական աշխատանքս։

Հավանաբար միակը չէի։

Անգամ եթե ավարտում ես քննադատություններից անբաժան համալսարանը, անգամ եթե վստահ ես՝ կրթական համակարգը դեռ շատ պիտի զարգանա, որ «գիտական կոչում» արտահայտության պես վեհ լինի նաև դրա արժեքը, միևնույն է՝ 4 տարվա նվիրված ուսումն արժանավայել ու պատկերացրածին համապատասխան ավարտելու ցանկությունն անխուսափելի է։

Գուցե ասեք՝ էս ջահելները բովանդակությունը թողած՝ ձևի հետևից են ընկնում։

Ուսանողն ուզում է նայել հանձնաժողովականների աչքերին, ուզում է մի փոքր դողացող ձայնով խոսել ու այդ ձայնը տեղ հասցնել որևէ սարքով չմիջնորդավորված։ Ուսանողն ուզում է իմանալ, որ լսարանի դռան հետևում իր կուրսընկերներն են սպասում՝ անհանգստացած ու իրար հանգստանալու կոչեր անելով։

«Սկսե՞նք, «Լսարանի վրա ազդեցության արդի մեդիահնարքները հայաստանյան առցանց մամուլում», խնդրեմ Արուսյակ ջան»,- ամբիոնի վարիչն է խոսում էկրանից։

Իսկ եթե հենց հիմա հոսանքն անջատվի՞։

Եթե կորի՞ ինտերնետը։

Բա որ հեռախոսին զանգ գա։

Բա որ դուռը թակեն։

Հարևանը սկսի վերանորոգման աշխատանքները։

Միայն թե այլմոլորակայինները հենց հիմա չայցելեն Երկիր։

Ինչ ասես մտքովս անցնում է ավարտական աշխատանքիս պաշտպանությունից վայրկյաններ առաջ։ Գիտակցում եմ, որ իրավիճակի տերը մեծամասամբ ոչ թե ես եմ, այլ դիմացս դրված էկրանը։

Ուսումնառության տարիներին ինձ սովորեցրել են, որ «ինչ» ասելուց ոչ պակաս կարևոր է «ինչպես» ասելը։ Նաև սովորել եմ, որ տեղեկատվության 60-70%-ը շփման ընթացքում մարդիկ փոխանցում են մարմնի լեզվի շնորհիվ։

Բայց ինչպե՞ս դա անեմ փոքրիկ էկրանի միջոցով։ Պիտի խոսքս տեղ հասցնեմ 100%-ով, բայց «ձեռք չտամ» մարմնի լեզվին բաժին ընկած 60-70%-ին ։ Ես այս մաթեմատիկան չեմ հասկանում․ դե ես հումանիտար եմ ու առհասարակ մաթեմատիկա չեմ հասկանում։

Վերջ, մոռանում ենք էս հիմար խնդիրներն ու սկսում պատասխանել։ Իմ հերթն է։

«Ֆեյսբուքը Հայաստանում ամենամեծ լսարան ունեցող սոցիալական հարթակն է․ 2020 թ․ մարտի՝ ընդամենը 2 ամիս առաջվա տվյալներով՝ Հայաստանի մոտ 1 մլն 600 հազար բնակիչ, բնակչության մոտ 53,8%-ն օգտվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցից։ Սա նշանակում է, որ․․․»

Արագ-արագ խոսում եմ մոռանալով հարևաններին, հոսանքը, ինտերնետը․ ամբողջ աշխատանքը պիտի հասցնեմ ներկայացնել 6-7 րոպեում։ Հետո պատասխանում եմ հարցերին, լսում կարծիքներ, անջատում համակարգիչս ու․․․ վե՞րջ։ Այսքանը։

Երբ սեղանը չես կարողանում միայնակ տեղափոխել, այլ ելք ես գտնում ։)

Ես Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավա՞րտ եմ։

Շրջանավա՛րտ եմ։

Ուրախության ճիչեր եմ արձակում ընկերներիս հետ՝ ֆեյսբուքյան չաթերում՝ մեկ տառով․․․ Աաաաաաաաաաաաաաաաաա

Ստանում ծաղկեփնջի նկարներ, մի քանի կիլոմետր հեռու գտնվող մարդկանցից «ջերմ գրկախառնություններ» այս անգամ՝ ավելի փոքր էկրանի միջոցով։

Անցնում է մեկ ժամ, կամ երկու, կամ մի քիչ ավելի․ հանձնաժողովի նախագահը կարդում է գնահատականները․

« ․․․Արուսյակ Կապուկչյան՝ 20»,

Լսարանը, ամբիոնը ձևն են, բովանդակությունը շատ ավելի խորքում է։ Ես էն ջահելներից մեկն եմ, որն իրոք կարևորում է ձևը ու երևի երբեք էլ չի սովորի անել հակառակը։

Այս փուլի համար ես այլ բան ունեի սովորելու․ անորոշության նկատմամբ դրսևորել տոլերանտություն։ Ընդունել, որ միշտ չես կարող տնօրինել իրավիճակը, բայց պիտի միշտ փորձես դրանից հաղթող դուրս գալ։

Պատմության ու մեր պլանները երբեմն չեմ համապատասխանում։

Երբեմն մենք լինում ենք առաջինը ու դա տխուր է։

Օգնության են հասնում հույսը, որ առաջինից բացի կլինենք նաև միակը, և վստահությունը, որ մի օր կզգամ ավարտական էն սև գլխարկը օդ նետելու հաճույքը։

Արուսյակ Կապուկչյան

 COVID-19-ը Հայաստանում․ այս թեմայով այլ նյութեր

  •  Հայ ուսանողուհին Շվեյցարիայից․ կառավարության հորդորից հետո այլևս մարդ չկար փողոցներում
  • Պորտուգալիայում մեկուսացած․ «Ծնողներս անհանգստանում են, բայց նաև գիտակցում են, որ բժիշկ եմ»
  • Մուլտիմեդիա պատմություն․ Հայաստանն ու Մոլդովան բարձրագույն կրթության բարեփոխումների շրջապտույտում
  • Համաճարակը նպաստեց տեր կանգնել աշխատանքային իրավունքներին
  • Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում

#COVID19 #ArmGov #anticrisis #actions

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/06/2020