Առողջություն

Ո՞վ է ընտանեկան բժիշկը և ինչպե՞ս գրանցվել նրա մոտ

Ընտանեկան բժիշկն առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկ է, այսինքն՝ աշխատում է հիմնականում պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում։ Ընտանեկան բժիշկն ունի գրեթե նույն գործառույթները, ինչ տեղամասային թերապևտը և մանկաբույժը, սակայն ի տարբերություն այս երկուսի՝ ընտանեկան բժիշկն աշխատում է բոլոր տարիքի մարդկանց հետ։

ԱԱՊ համակարգում ընտանեկան բժշկի ծառայություններն անվճար են բոլոր բնակիչների համար։

Ընտանեկան բժշկի ինստիտուտը ենթադրում է, որ ընտանեկան բժիշկն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բուժօգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ։

Ընտանեկան բժիշկը նաև տեղյակ պետք է լինի իր մոտ գրանցված ընտանիքի առողջական խնդիրների մասին, իմանա բժշկական պատմությունը, մասնակցի ընտանիքի բժշկական, սոցիալական և առողջապահական կրթման խնդիրների լուծմանը:

Ինչպե՞ս գրանցվել ընտանեկան բժշկի մոտ

Յուրաքանչյուր բնակիչ, անկախ ՀՀ-ում իր պաշտոնական հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրել ընտանեկան բժիշկ՝ իր բնակության վայրի մարզի սահմաններում։ Իսկ Երևան քաղաքի դեպքում ընտանեկան բժիշկ կարելի է ընտրել քաղաքում գործող ցանկացած ԱԱՊ հաստատությունից։ Սակայն պետք է հաշվի առնել  այն, որ բժիշկը չի կարող գրանցել ձեզ իր մոտ, եթե ներկայացրել եք ոչ պատշաճ փաստաթղթեր, կամ էլ հեռավորությունն այնքան է, որ ընտանեկան բժիշկը չի կարող կատարել տնային այցեր և հակահամաճարակային հսկողություն։ Չնայած ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված են ընտանեկան բժշկի մոտ գրանցվող բնակչության թույլատրելի թվաքանակի նորմաները (նվազագույն, օպտիմալ և առավելագույն՝ 1000, 1700, 2300), այնուամենայնիվ, այսօր ընտանեկան բժիշկները կարող են աշխատել, եթե նրանց մոտ գրանցված է թեկուզ 500 բնակիչ։ Շատ դեպքերում էլ՝ հատկապես գյուղերում, ընտանեկան բժիշկները սպասարկում են իրենց մոտ գրանցված 3 500-3700 բնակիչների։

Անհրաժեշտ է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա գնալիս այցելել նախ ընտանեկան բժշկին (կամ տեղամասային թերապևտին ու մանկաբույժին): Այս դեպքում ընտանեկան բժիշկն է որոշում՝ արդյո՞ք պացիենտը ունի նեղ մասնագետի կարիք, թե՞ նրա խնդիրը կարող է լուծել հենց ընտանեկան բժիշկը։ Սա նաև թեթևացնում է նեղ մասնագետների ծանրաբեռնվածությունը։

Քանի որ նեղ մասնագետները հիմնականում քիչ են մարզերում և հատկապես գյուղերում, ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել է հենց գյուղական համայնքներում։ Մինչդեռ մայրաքաղաք Երևանում նեղ մասնագետները ավելի պահանջված են մնում։ Չնայած Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում գրեթե բոլոր թերապևտները ստացել են ընտանեկան բժշկի մասնագիտացում, սակայն այսօր շատ բուժհիմնարկներ չունեն ընտանեկան բժշկության լիցենզիա, ինչի պատճառով նրանք շարունակում են աշխատել թերապևտի անվան տակ։

Ըստ ՀՀ ԱՆ հրամանի՝ ընտանեկան բժիշկը, տեղամասային թերապևտը կամ մանկաբույժը առնվազն ամիսը մեկ անգամ պարտավոր են այցելություն կատարել իրենց ընտրած կամ կցագրված գյուղական համայնքներ և տեղում՝ բուժական-մանկաբարձական կետում, կատարել բնակչության ընդունելություն:

Ընտանեկան բժշկի ինստիտուտի մասին փոքրիկ «սպռավըչկա»

Ընտանեկան բժշկությունը ներդրվել է Հայաստանում 1997թ․՝ նպատակ ունենալով բարձրացնել առաջնային բուժօգնության որակը։

Ըստ Առողջապահության նախարարության՝ ընտանեկան բժշկության ներդրումից հետո վերապատրաստվել է 1676 ընտանեկան բժիշկ և 1804 ընտանեկան բուժքույր, և այժմ երկրի քաղաքային բնակչության մոտ 85%-ին և գյուղական բնակչության գրեթե 100%-ին մատուցվում են ԱԱՊ ծառայություններ վերապատրաստված ընտանեկան բժիշկների և բուժքույրերի կողմից:

2018թ․ տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերում ամենաշատ թափուր տեղերը եղել են ընտանեկան բժշկի համար՝ 26 թափուր տեղ։ Նույն թվականին 10 հազար բնակչի հաշվով ամենաքիչ ընտանեկան բժիշկները եղել են Երևանում՝ 0,6, իսկ ամենաշատը՝ Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում (տես պատկերը)։

2017թ․ ընթացքում ընտանեկան բժշկին Երևանում դիմել է բնակչության 8,5%-ը, ՀՀ այլ քաղաքներում՝ 37%-ը, իսկ գյուղական համայքներում՝ բնակչության 44,5%-ը։

Ընտանեկան բժշկությանը տրված են նաև լայն հնարավորություններ անկախ պրակտիկաներ իրականացնելու՝ անհատական կամ նեղ մասնագետների հետ խումբ կազմելու տարբերակով: Սա նշանակում է, որ ընտանեկան բժշկի որակավորում ունեցող բժիշկը կարող է հիմնադրել արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող մասնավոր բուժհաստատություն,ստանալ ընտանեկան բժշկության լիցենզիա և պետական պատվերի շրջանակներում մատուցել առողջության առաջնային պահպանման ծառայություններ։

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

image-8856

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 02/10/2019