Կրթություն Միջազգային

Իլոն Մասքը ևս մեկ քայլով մոտեցավ համակարգիչը ուղեղին միացնելուն

Neuralink-ը ցուցադրել է իր կողմից ստեղծված համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսի նախատիպը, որն այժմ փորձարկվում է խոզերի վրա:

Օգոստոսի 28-ին կայացած միջոցառման ժամանակ Իլոն Մասքը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց իր խորհրդավոր նեյրոգիտական Neuralink ընկերության և համակարգիչները մարդու ուղեղին միացնելու իրենց ծրագրերի մասին: Թեև այս ֆուտուրիստական հնչեղությամբ տեխնոլոգիայի զարգացումը դեռ վաղ փուլում է, ակնկալվում էր, որ կցուցադրվի փոքր, ռոբոտային սարքի երկրորդ տարբերակը, որը էլեկտրոդի շատ փոքր թելիկները տեղադրում է գանգի և ուղեղի մեջ: Մասքը նախքան միջոցառումն ասաց, որ «ցույց կտա նեյրոնների ազդակներն իրականության մեջ: Մատրիցան մատրիցայի մեջ»:

Եվ այդպես էլ արեց: Միջոցառմանը Մասքը ցուցադրեց մի քանի խոզերի, որոնց գլխում տեղադրված էր նեյրոնային չիփի նախատիպը, ինչպես նաև ցուցադրվեց սարքը, որով հնարավոր է տվյալ պահին հետևել խոզերի ուղեղի ակտիվությանը: Միլիարդատերը նաև հայտարարեց, որ ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը ընկերությանը շնորհել է բժշկական աննախադեպ միջոցների ստեղծման արտոնություն, ինչը կնպաստի բժշկական սարքերի վերաբերյալ հետազոտությունների առավել արագ իրագործմանը:

Ինչպես մեքենաների ստորգետնյա թունելներ կառուցելու և դեպի Մարս մասնավոր հրթիռներ ուղարկելու գաղափարները, այնպես էլ Մասքի այս նախաձեռնությունն աներևակայելի հավակնոտ է, բայց Neuralink-ը հիմնվում է համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսի տարիներ շարունակ իրականացրած ուսումնասիրությունների վրա: Համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսը մի տեխնոլոգիա է, որի միջոցով համակարգչի պես սարքը կապ է հաստատում և հաղորդակցվում ուղեղի հետ:

Մասնավորապես, Neuralink-ը նպատակ ունի կառուցել մեծաքանակ տվյալներ կառավարելու ունակ աներևակայելի հզոր համակարգիչ-ուղեղ ինտերֆեյս, որը հնարավոր կլինի իմպլանտավորել հարաբերականորեն պարզ վիրահատական միջամտությամբ: Իսկ կարճաժամկետ նպատակն այնպիսի սարքի ստեղծումն է, որը կարող է օգնել կոնկրետ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:

Neuralink-ի գործունեության իրական պատկերը որոշակիորեն առեղծվածային է, և միջոցառման ընթացքում արված բացահայտումներն արդյունք էին այն բանի, որ նախկին աշխատակիցները բողոքում էին ընկերությունում տիրող ներքին քաոսից: Մասքն արդեն խոսել էր այն նախագծի մասին, որով նախատեսվում էր հնարավոր դարձնել կապիկի ուղեղի միջոցով համակարգչային սարքի կառավարումը, և ինչպես New York Times-ը հաղորդեց 2019-ին, Neuralink-ը ցուցադրեց մի համակարգ, որտեղ 1500 էլեկտրոդներ միացված էին լաբորատոր առնետին: Այդ ժամանակից ի վեր Մասքն ակնարկում է ընկերության գրանցած հաջողությունների մասին՝ ժամանակ առ ժամանակ գրառումներ կատարելով Թվիթերում, չնայած որ ներգրավվածները հիմնականում շատ գաղտնապահ էին հետազոտությունների կարգավիճակի վերաբերյալ:

Միջոցառման բացման խոսքում Մասքն ընդգծեց ողնաշարային և նյարդաբանական խնդիրների այն շարքը՝ ցնցումներ, կաթված, ուղեղի վնասվածքներ և դեպրեսիա, որոնք հնարավոր կլինեն բուժել Neuralink-ի տեխնոլոգիայով:

«Այս բոլոր խնդիրները կարող են լուծվել՝ նեյրոնային չիպերի իմպլանտավորմամբ», – ասաց Մասքը: «Նեյրոնները նման են էլեկտրալարերի, և էլեկտրոնային խնդիրները լուծելու համար որոշակի էլեկտրոնային միջամտություն է անհրաժեշտ»:

Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ Մասքը ցանկանում է, որ Neuralink- ը շատ ավելին անի, քան որոշակի առողջական խնդիրներ բուժելն է: Նա կարծում է, որ համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսը կարող է լայնորեն հասանելի դառնալ սպառողների համար, ինչը, նրա կարծիքով, կօգնի մարդկանց զարգանալ այն նույն տեմպով, ինչ հզոր արհեստական բանականությունը:

Ուստի, Neuralink-ի հետազոտությունն արդեն կանխատեսում է, թե ինչպես կարող է այս տեխնոլոգիան մի օր փոխել ներկայիս ապրելակերպը: Միևնույն ժամանակ, սա ահազանգ է այն մասին, որ մարդկանց և համակարգիչների հնարավոր միաձուլումը առաջ է քաշելու էթիկական և սոցիալական հարցերի լայն շրջանակ, որոնց մասին, հավանաբար, պետք է մտածել այսօր:

Neuralink-ը ցանկանում է միացնել ուղեղդ համակարգիչներին, բայց դա որոշակի ժամանակ կպահանջի

2016 թ․ հիմնված Neuralink-ը նեյրոգիտական տեխնոլոգիական ընկերություն է, որի հիմնական գործունեությունն ուղղված է էլեկտրոդներ կրող գերբարակ թելիկների միջոցով համակարգեր հիմնելուն: Ուղեղի մեջ իմպլանտավորելուց հետո այս թելիկները ստեղծում են հզոր կարողություններով մի ալիք, որի միջոցով համակարգիչը հաղորդակցվում է ուղեղի հետ, մի համակարգ, որը ենթադրաբար շատ ավելի հզոր է, քան ներկայումս ուսումնասիրվող համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսը:

Այս աներևակայելի փոքրիկ լարերը ներդնելու հիմնական խոչընդոտն այն է, որ դրանք շատ ավելի բարակ են, քան նույնիսկ մարդու մազը, և դրանք պետք է գանգի միջով անցնեն ու տեղադրվեն ուղեղի մեջ: Այդ պատճառով Neuralink- ը նաև մշակում է աներևակայելի փոքր ռոբոտ, որը միացնում է էլեկտրոդը մարդկանց ուղեղին վիրահատական միջամտությամբ և նույնքան ինտենսիվ է, որքան աչքի լազերային վիրահատությունը: Միջոցառմանը Մասքը նշեց, որ ընկերությունը հույս ունի այնպես անել, որ միջամտությունը լինի առանց ընդհանուր անզգայացման և մեկօրյա հիվանդանոցային ռեժիմով: Սա է այս պահին նպատակը, որի իրականացումը հսկայական թռիչք կլինի, եթե համեմատենք նախորդ համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսների հետ, որոնց դեպքում պահանջվում էին առավել միջամտողական վիրահատություններ:

«Արդեն 20 – 30 տարի է, ինչ փորձում ենք մարդու ուղեղն այլ կերպ միացնել համակարգչին», – Recode-ի հետ զրույցում ասաց Սթենֆորդի ուղեղի խթանման լաբորատորիայի տնօրեն Նոլան Ուիլյամսը՝ հղում անելով Պարկինսոն հիվանդությամբ տառապող մարդկանց դեպքում կիրառվող ուղեղի խորը խթանմանը՝ որպես ուղեղը համակարգչին միացնելու օրինակ:

«Մարդու ուղեղն ի սկզբանե ունի որոշակի հաճախականությունների և ազդակների միջոցով ինքն իր հետ հաղորդակցվելու կարողություն», բացատրեց Ուիլյամսը: «Ձեր ուղեղը մի շարք շղթաների միաձուլում է, որոնք մշտական հաղորդակցման մեջ են միմյանց հետ»:

Ըստ էության, համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսն էլեկտրոդներին զուգահեռ կարող է օգտագործել նաև այն էլեկտրաէներգիան, որն ուղեղն արդեն օգտագործում է իր աշխատանքի համար: Neuralink-ը մեջբերում է օրինակներ անցյալից, երբ մարդիկ օգտագործել են էլեկտրոդներն ուղեղի միջոցով կառավարելու օրինակ արհեստական վերջույթները:

Բայց Neuralink–ի ծրագրի նորամուծությունը կայանում է նրանում, որ նպատակ կա սարքը ուղեղին միացնելու գործընթացը հնարավորինս պարզեցնել՝ միևնույն ժամանակ զանգվածաբար ավելացնելով էլեկտրոդների քանակը: Ընկերությունը ցանկանում է համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսները ոչ միայն ավելի պարզ կիրառելի դարձնել, այլև շատ ավելի հզոր:

Միջոցառման կիզակետում երկրորդ սերնդի ռոբոտի ցուցադրումն էր Մասքի կողմից։ Այն իրենից ներկայացնում էր մեծ սպիտակ սարք՝ օժտված հինգ աստիճանի ազատությամբ:

«Ռոբոտը գերբարդ, խիստ ճշգրիտ սարք է, որն ունակ է հասնել ուղեղին, այնուհետև գրեթե կարի մեքենայի նման միկրո ասեղով և թելով տեղադրել նեյրոնային թելիկները ճիշտ տեղում ՝ հիմնվելով վիրաբույժի որոշումների վրա, թե որ հատվածն է անվտանգ տեղադրման համար», – Recode-ի հետ զրույցում ասաց Woke ֆիրմայի հիմնադիր և դիզայներ Աֆշին Մեհինը, ով աշխատել է ռոբոտի ասեղը կրող հատվածի արտաքին մասի վրա:

Մասքն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում Neuralink-ն առավել պարզ տարբերակ է ստեղծել՝ սարք, որը կտեղադրվի մարդու մեջ և այն կապ կհաստատի ուղեղում իմպլանտավորված թելիկների հետ: Առաջին սերնդի սարքը նախատեսվում էր տեղադրել ականջի հետևում: Նոր տարբերակը փոքր, մետաղադրամի չափ սարք է, որը տեղադրվելու է գլխամաշկի տակ:

«Այն կարծես շատ փոքր լարերով Ֆիթբիթ լինի՝ տեղադրված գանգի մեջ», – բացատրեց Մասքը՝ համեմատելով սարքը խելացի ժամացույցի հետ:

Ուսումնասիրությունները դեռ վաղ փուլում են, և հետագա զարգացումները ենթադրում են կենտրոնանալ հատկապես տեխնոլոգիայի միջոցով խիստ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու վրա, ինչպես տեղեկացնում է Ստենֆորդի նյարդավիրաբուժության պրոֆեսոր Մահին Ադամսոնը: Չնայած նման տեխնոլոգիայով բժշկական կիրառությունները կարող են լայնածավալ լինել, ներկայիս սկզբնական վիճակից անցում կատարելը կպահանջի ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վարչության մանրակրկիտ վերահսկում:

Այս դեպքում ևս Neuralink-ի ծրագրերը չեն սահմանափակվելու միայն հատուկ կարգավիճակների բուժմամբ: Ընկերությունը հայտարարել է, որ հույս ունի մարդկանց հնարավորություն ընձեռել «պահպանել և բարելավել» իրենց ուղեղը և «ստեղծել խոստումնալից ապագա»: Չնայած դա սովորական մարդու համար կարող է թվալ առանձնապես ոչ հրատապ կարիք, նախագիծը արհեստական բանականության վերաբերյալ Մասքի վաղեմի մտահոգությունների շրջանակում է: Նախկինում Մասքը հայտարարել էր, որ տեխնոլոգիան կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը, և զգուշացրել է, որ արհեստական բանականությունը կարող է չափազանց արագ հզորանալ՝ թույլ չտալով մարդկանց վերահսկել այն:

Neuralink-ի գերնպատակը, ինչպես բացատրեց Մասքը 2019-ին մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ, «լիարժեք համակարգիչ-ուղեղ ինտերֆեյս» ստեղծելն է, որը կհասնի «արհեստական բանականության հետ սիմբիոզի (փոխազդեցության) մակարդակին»: Բայց սրան հասնելը, իհարկե, դեռ շատ վաղ է:

Համակարգիչ-ուղեղ իներֆեյսները նորություն չեն, բայց դրանք առաջ են բերում էթիկական խնդիրներ

Neuralink-ը և Մասքը միակը չեն, որ հետաքրքրված են համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսներով: Ֆեյսբուքը, օրինակ, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետ համատեղ ջանասիրաբար աշխատում են սեփական համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսի ուսումնասիրությունների վրա: Ընկերությունը մտադիր է համակարգիչների հետ հաղորդակցվելու «առանց ձեռքերի» տարբերակ ստեղծել և արդեն նախնական արդյունքներ է գրանցել: Անցյալ տարի Facebook-ը ձեռք բերեց CTRL-Labs- ը՝ ստարտափ, որի մշակած տեխնոլոգիան չափում է նեյրոնի ակտիվությունը թևի վրա տեղադրվող սարքի միջոցով՝ վերահսկելով թվային ակտիվությունը:

Բացի այդ շարունակական բժշկական հետազոտություններ են իրականացվում, որոնք շատ ավելի տարածված են, քան հնարավոր է պատկերացնել:

«Սա իրականացվում է այսօր», – Recode-ի հետ զրույցում ասաց Սթիվեն Չեյզը՝ Քարնեգի Մելոնի նյարդաբանական գիտությունների ինստիտուտից: «Այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ, երբ կվադրիպլեգիայով տառապող հիվանդների ուղեղում իմպլանտավորում են էլեկտրոդներ, որոնց միջոցով նրանք կառավարում են այնպիսի սարքեր, ինչպիսիք են համակարգչի մկնիկի սլաքը կամ ռոբոտ ձեռքերը»:

Իրականում, այդպիսի տեխնոլոգիայի վերաբերյալ առաջին բժշկական հետազոտությունները կատարվել են 20-րդ դարի երկրորդ կեսին, և ներկայումս համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսերը որոշ չափով սահմանափակ հնարավորություններ ունեն: 1980-ականներին հայտնաբերվեցին ինչպես ուղեղի խորը խթանումը, այնպես էլ, այսպես կոչված, տրանսկրանիալ մագնիսական խթանումը, որը, ըստ Մայո կլինիկայի, օգտագործում է «մագնիսական ազդակներ ուղեղի նյարդային բջիջները խթանելու համար» և կարող է կիրառվել դեպրեսիայի մեջ գտնվող հիվանդների բուժման համար:

2000-ականների սկզբին հայտնվեց նաև BrainGate-ը` փորձարարական սարք, որն էլեկտրոդների միջոցով վերջույթները տեղաշարժելու ցանկության ազդակը հաղորդում է ուղեղից սարքին, այն դեռ ուսումնասիրության փուլում է: 2013 թ․ ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը հաստատեց RNS սիմուլյատոր կոչվող համակարգը, որը փոքր էլեկտրական ազդանշաններ է արձակում ուղեղ՝ էպիլեպսիայով տառապող հիվանդների մոտ ցնցումները դադարեցնելու համար:

Արդեն կան մի շարք պարզ կոմերցիոն սարքեր, որոնց գործողությունները հանգիստ կարելի է համեմատության մեջ դնել համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսների հետ։ Կան գլխակապեր, որոնք էլեկտրաուղեղագրերի (էլեկտրաէնցեֆալոգրամա) միջոցով չափում են ուղեղի ակտիվությունը, այնուհետև այդ տվյալներն օգտագործում տարբեր նպատակներով՝ խորացված մեդիտացիայից մինչև անօդաչու թռչող սարքերի կառավարում: Այս ծրագրերը շատ հեռու են Neuralink-ի նախատեսած տեխնոլոգիայից, բայց կարող են պատկերացում տալ, թե ինչպիսին կարող է լինել մեր ապագան։ Երկու տարի առաջ Պաշտպանության առաջատար հետազոտական նախագծերի գործակալությունն (DARPA) օգտագործեց փորձարարական համակարգիչ-ուղեղ ինտերֆեյս՝ վիրաբուժական միկրոչիպ, որը կաթված ունեցող մարդուն թույլ տվեց ղեկավարել մոդելավորված ինքնաթիռներ:

«Աշխարհով մեկ բարդ մտքերն անլար եղանակով ուղարկելու գաղափարը մեր իրականությունից դեռևս շատ-շատ հեռու է»,- ասում է RAND- ի ավագ գիտաշխատող Թիմ Մարլերը: «Սա հաստատ գիտական ֆանտաստիկա չէ: Ի վերջո դա էլ կլինի կիրառելի և կոմերցիոն, բայց դեռ շատ աշխատանք կա անելու»:

Ներկայումս հետազոտական լաբորատորիաների հնարավորությունների և Մասքի պատկերացրած գաղափարի միջև հսկայական անջրպետ կա, որը պահանջում է սարքեր, որոնք կարող են կարգավորել ուղեղ մտնող ու դուրս եկող ահռելի քանակությամբ տեղեկատվությունը: Համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսի հետ կապված հետագա ակնկալիքներից մեկն էլ կապված է այն բանի հետ, որ, ի վերջո այս համակարգը կարող է օգնել կաթված ունեցող մարդկանց ինքնուրույն կատարել առօրյա գործողություններ: Ինչպես բացատրեց Չեյզը Քարնեգի Մելոնից, «Ամենամեծ ցանկությունը, որ այս հիվանդներն ունեն, անկախությունն է. այս տեխնոլոգիան ունի դա առաջարկելու ներուժը»:

«Երբ խորանում ենք այս նախագծի մեջ, ինքներս մեզ հարց ենք տալիս՝ ինչպիսի՞ն կլինի մտքի վրա հիմնված ինտերֆեյսը: Արդյո՞ք պետք է այլ կերպ մտածել մտքեր ուղարկելու և ստանալու համար», – նկատեց դիզայներ Մեհինը: «Արդյո՞ք պետք է մարզել ուղեղը, որ այն որոշակի ձևով մտածի: Ինչպիսի՞ն կլինի տեղեկատվություն ստանալը»:

Բայց բացի տեխնոլոգիական մարտահրավերներից, համակարգիչ-ուղեղ ինտերֆեյսի զարգացումն իր հետ բերում է նաև էթիկական և իրավական նոր խնդիրներ: Միջոցառման նախորդ օրը կառավարության կողմից ֆինանսավորվող RAND վերլուծական կենտրոնը հրապարակել է զեկույց ռազմական ոլորտում համակարգիչ-ուղեղ ինտերֆեյս համակարգերի կիրառման շուրջ քաղաքականության անհրաժեշտության մասին, քանի որ տեխնոլոգիան կարող է առերեսվել նոր խնդիրների, ինչպիսին է լայնածավալ իրականացվող հաքերությունը: Իհարկե, նման սարքերը, որոնք գրանցում են ուղեղից եկող տվյալները, ներառյալ մարդկանց հոգեբանական և հուզական վիճակների մասին, մարդկանց անձնական գաղտնիությանն առնչվող բազում հարցեր են առաջացնում:

«Եթե համակարգիչ-ուղեղ սարքերը կարողանում են կարդալ մտքերի բովանդակությունը, ապա հետագայում կառավարությունները շահագրգռված կլինեն օգտագործել այս տեխնոլոգիան հարցաքննությունների և հետաքննությունների համար», – Vox-ի հետ զրույցում ասաց նյարդաբան-հետազոտող Մարչելո Իենկան:

Մարտահրավերների ցուցակը շարունակվում է: Չեյզը առաջ է բերում մեկ այլ մտահոգիչ սցենար՝ աշխարհ, որտեղ այս տեխնոլոգիան հասանելի կլինի միայն հարուստներին՝ ստեղծելով տեխնոլոգիական ծայրահեղ պառակտում: Եվ հետո, կան առողջության համար չկանխատեսված ռիսկեր՝ կապված վիրահատական եղանակով համակարգչային սարքավորումները մարդկանց ուղեղներում ներդնելու հետ։

Թեև այժմ այս ամենի համար շատ մտահոգվելու հիմք չկա, Neuralink-ի հերթական հնչեղ հայտարարությունը խոսում է այն մասին, որ առավել կանոնավոր կերպով մարդու ուղեղը համակարգչին միացնելու գաղափարն արագորեն իրականություն է դառնում:

Հեղինակ՝ Ռեբեկա Հեյլվեյլ [Rebecca Heilweil]

Աղբյուրը՝ Vox.com

Պատկերը՝ Healthcarepackaging.com կայքից

Թարգմանությունը՝ Ամփոփ Մեդիայի

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի, ինֆոգրաֆիկաների, վիզուալ նյութերի և թարգմանությունների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/09/2020