Միջազգային

Արթնացող Բելառուսը․ «Ես լավ եմ, երկիրը՝ կրակի մեջ․․․ Շնորհակալ եմ աջակցության համար, սիրելիս»։

Լուսանկարը՝ Наша Нива

Սա օգոստոսի 12-ին բելառուս ընկերոջիցս ստացած կարճ նամակն էր՝ դրանից երեք օր առաջ իրեն ուղղված հաղորդագրությանն ի պատասխան, երբ Բելառուսում տիրող իրավիճակից անհանգստացած գրել էի՝ հասկանալու որտեղ է և ինչ վիճակում։

Պատասխանել էր ինտերնետ հասանելիություն ունենալուն պես, քանի որ Բելառուսում 4 օր շարունակ բոլորը զրկված էին կապի դուրս գալու հնարավորությունից։

Իսկ մինչ այդ․․․

Օգոստոսի 9-ին Բելառուսի Հանրապետությունում նախագահահական ընտրություններ էին և ըստ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, նախագահական ընտրություններում քվեների ավելի քան 80%-ը վաստակել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մարդ, որը երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնում է արդեն 26 տարի՝ 1994թ․-ից ։

Համաձայն չլինելով ԿԸՀ-ի ներկայացրած «իրականության» հետ՝ Բելառուսի ժողովուրդը սկսեց բողոքի ակցիաներ` պահանջելով Լուկաշենկոյի հեռանալը։ Սրան ի պատասխան իրավապահները սկսեցին բռնի ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։

Եվրամիությունն էլ իր հերթին ընտրությունները «ոչ ազատ և ոչ արդար» է որակել՝ իշխանություններին կոչ անելով դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անընդունելի բռնությունները։

Ես քաղաքագետ չեմ և չեմ պատրաստվում վերլուծել Բելառուսում տիրող քաղաքական իրավիճակը, չեմ պատրաստվում ծանրութեթև անել, թե նախագահի թեկնածուներից ով և ինչ չափով է «հարմար» այդ պետության համար։

Ինձ հետաքրքիր է հասկանալ իրավիճակը Բելառուսում․ երկիր, որի հետ Հայաստանը բազմաթիվ հարցերով կապող օղակներ ունի։ Իրավիճակը հասկանալու համար փորձել եմ հիմնվել քաղաքացիների պատմածների, տեասնյութերի ու լուսանկարների վրա։

«Անկախության հրապարակում ենք, օգնության կարիք կա, հասե՛ք»,

«Մենակ չքայլե՛ք․ ծեծում են»,

«Շարժվում ենք դեպի կենտրոնական փողոցներ»,

«Տեսե՛ք՝ ինչքան մարդ կա, հրաշալի տեսարան է»․ հեռախոսս այսպես «աղմկում է» արդեն տասներորդ օրն անընդմեջ։

Սրանք նամակներ են Տելեգրամում առկա բելառուսական տարբեր խմբերից, որոնց միջոցով մարդիկ փորձում են ինքնակազմակերպվել, իրար զգուշացնել տարածքում եղած հնարավոր վտանգների մասին ու, ընդհանրապես, հաղորդակցվել, քանի որ երկրում օրեր շարունակ արգելափակված էր նաև բջջային կապը։

Ցույցեր են ոչ միայն մայրաքաղաք Մինսկում, այլևս Բելառուսի մյուս փոքր ու մեծ քաղաքներում՝ Բրեստում, Գրոդնոյում, Գոմելում և այլուր։

Բելառուսների խոսքով, Մինսկում խորհրդանշական վայր է դարձել մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի տարածքը` հաշվի առնելով այնտեղի մեծաքանակ ցույցերը, տխուր սիմվոլիզմ ունի նաև այն փողոցը, որտեղ օգոստոսի 10-ին սպանվել է Ալեքսանդր Տարայկովսկին, որին հրաժեշտ տալու համար օգոստոսի 15-ին, սգո սրահի մոտ հավաքվել էր մի քանի հարյուր մարդ՝ կրկնելով՝ «Ոչ մեկը մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ»։

Ընդհանուր առմամբ, ցույցերի առաջին իսկ օրվանից ուժայիններն առանձնակի դաժանություն են ցուցաբերել ինչպես ցուցարարների, այնպես էլ` լրագրողների նկատմամբ՝ նրանցից խլելով նկարահանած տեսանյութերն ու լուսանկարները։

Այս օրերին, որոշ հեռուստալրագրողներ անգամ աշխատանքից դուրս գալու որոշում կայացրին, եղան նաև այնպիսիք, որոնք դաժանաբար ծեծվեցին, օրինակ Tut.by բելառուսական օնլայն պարբերականի աշխատակիցը, որի խոսքով նրան ավելի ուժեղ սկսեցին հարվածել՝ ասելով, որ այդ նրանք են իրենց մասին վատ բաներ գրում։

Մեկուսարաններից դուրս գալուց հետո փողոց վերադարձածներն ու հիվանդանոցային մահճակալին հայտնվածները մեկը մյուսից զարհուրելի բաներ են պատմում, խոսում հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների մասին, թեև վերջինիս մասին հաճախ պատմելու կարիք էլ չկա, լրատվամիջոցների ֆիքսած կադրերը խոսում են բառերի փոխարեն։

Օրինակ Tut.by-ի լրագրողի հետ զրույցում Մինսկի հիվանդանոցներից մեկում գտնվող 19-ամյա Մարիա Զայցևան պատմում է, որ գլխին ստացած հարվածից արդեն մի քանի օր է՝ լավ չի լսում, բացի այդ հարվածի պահին լինզան է կորցրել։

Նույն ռեպորտաժում 34-ամյա Մաքսիմ Սալնիկովն էլ ասում է՝ տանից դուրս էր եկել՝ ծխախոտ գնելու, բայց հենց որ շքամուտքի դուռը բացել է հատուկ ծառայության աշխատակիցները հարձակվել են ու մոտ 3 րոպե ծեծել, ինչից հետո մի կերպ տուն է հասել ու զանգել Շտապօգնություն։ Ծեծն այնքան դաժան է եղել, որ անգամ վիրահատության կարիք է զգացվել։ Հետաքրքրական է նաև, 20-ամյա Ալեքսեյ Կուրաչևի խոսքն այն մասին, թե իրեն հարվածելիս անընդհատ հարցնում էին, թե ով է իրեն գումար ու ինֆորմացիա տալիս։ «Ամեն բան Տելեգրամից եմ իմանում»-ին ի պատասխան շարունակել են հարվածել, ասում է՝ չեն հավատացել։

Քաղաք Գրոդնոյում բռնությունից զերծ չի մնացել անգամ 5-ամյա փոքրիկ մի աղջնակ, որի արյունաթաթախ հագուստով լուսանկարը տարածվել էր ողջ համացանցով։

«Ամենավախենալուն այն պահն է, երբ երեխայիս ամբողջությամբ արյան մեջ գրկեցի ու նա ասաց, մա՛մ, ես չեմ ուզում մահանալ»,- ասել է երեխայի մայրը «Настоящее время»-ին տված հարցացրույցում։

Ուժայինների կողմից ցուցաբերվող բռնությանը հակառակ, ցուցարարները լարվածությունը փորձում են մեղմել՝ պահելով ցույցերի խաղաղ բնույթը, ոստիկաններին ծաղիկներ նվիրելով ու գրկելով։ Եվ հակառակ Լուկաշենկոյի այն մտքին, թե ցուցարարները անգործ մարդիկ են, տասնյակ հարյուրավոր ցուցարարների շարքին են միացել նաև բելառուսական խոշոր գործարանների հարյուրավոր աշխատակիցներ, բժիշկներ, արվեստագետներ․․․

Մասնավորապես օգոստոսի 16-ին Մինսկում տեղի է ունեցել իր մասշտաբներով ամենախոշոր զանգվածային բողոքի ցույցը։ Tut.by-ի փոխանցմամբ Մինսկի Հաղթանակի պողոտայում եղել է ոչ պակաս, քան 200 հազար մարդ։ Սրան զուգահեռ, սակայն, Անկախության հրապարակում կայացել է Լուկաշենկոյի աջակիցների հանրահավաքը։

«Ամբողջ երկրից մարդկանց տանում են Մինկս՝ Լուկաշենկոյին աջակցելու։ Կա մարդ, որ ինքնակամ է գալիս, կան նաև այնպիսիք, որոնց գումար և արձակուրդ են խոստացել, կան նաև մարդիկ, որոնց չգալու դեպքում սպառնացել են ազատել աշխատանքից և զրկել հանրակացարանում ունեցած սենյակից»,- հայտնում է Tut.by պարբերականը։

Ավելու ուշ Լուկաշենկոն այցելել է նաև Մինսկի անիվային քարշակների գործարան, որի աշխատակիցները ևս գործադուլ են հայտարարել։ Այնտեղ նրան դիմավորել են «Հեռացի՛ր» և «Ամո՛թ» վանկարկումներով։ Լուկաշենկոն ասել է, որ շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում, նշել է, որ աշխատող մարդիկ իրեն միշտ էլ աջակցել են, ինչին ի պատասխան, սակայն, մարդիկ բղավել են «Ո՜չ»։

Եվ մինչ մարդիկ պատմում են ուժայինների դաժան վերաբերմունքի մասին, Լուկաշենկոն այսօր` օգոստոսի 18-ին, մեդալներով պարգևատրում է նրանց․ մասնավորապես՝ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ է շնորհվել ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ գնդապետ Խազալբեկ Աթաբեկովին։ Հենց նրա ստորաբաժանումներն էին մասնակցել օգոստոսի 9-ին կայացած ընտրություններին հաջորդած ցույցերի ցրման գործընթացին։

Թե ինչի և ուր կհասնեն բելառուսներն ամեն օր ակտիվացող իրենց ցույցերով, դեռևս հայտնի չէ, պարզ է մի բան, նրանց համբերության բաժակը լցվել է՝ թափվելու աստիճան, և արդեն 9-րդ օրն անընդմեջ փողոցներում, տներում, պատուհաններից ու սոցցանցերում մարդկանց ասելիքը հետևյալն է՝ «Лукашенко, уходи, нам нужен новый президент»։

Մինսկում բնակվող ընկերս երեկ ասում էր՝ տեսնում եմ ԼՈՒՅՍԸ։

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

#COVID19 #Belarus #Elections #Protests

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 18/08/2020