Սոցիալական

Համաճարակն ու մեկուսացումը․ տարածական լուծումներ դարերի խորքից

Դուբրովնիկի լազարեթը

Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Մեծը դեռևս 365թ.-ի Աշտիշատի եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացրել Մեծ Հայքի թագավորության տարածքում ամենուրեք կառուցել հիվանդանոցներ և բորոտանոցներ։

Թե՛ Փավստոս Բուզանդը և թե՛ Մովսես Խորենացին վկայում են, որ Ներսես Ա-ի այս որոշումը, շատ չանցած, կյանքի է կոչվել։ Եվ քանի որ 4-րդ դարում արդեն իսկ ըմբռնել էին բոր հիվանդության վարակիչ բնույթը, բորոտանոցները կառուցվում էին բնակավայրերից հեռու, իսկ այնտեղ գտնվողներին արգելվում էր լքել այդ շինություններն ու շփվել առողջ մարդկանց հետ։

Կաթողիկոս Ներսես Ա-ի՝ 1655 տարի առաջ կայացրած որոշումը խոսում է այն մասին, որ համաճարակները ձևափոխում են մարդկանց կենսակերպը, փոխհարաբերությունները։ Երկարաժամկետ ազդեցություններն արտացոլվում են ամենատարբեր ոլորտներում, այս դեպքում նաև՝ ճարտարապետության մեջ։

Հենց միայն «սոցիալական (կամ ֆիզիկական) հեռավորություն» արտահայտությունը հուշում է հանրային վարքի տարածական փոփոխության մասին։ Դրա վիզուալ դրսևորումը՝ 1 մետր հեռավորությամբ գծանշանները կամ օղակները, հանրային վայրերի ինտերիերի կարևոր բաղադրիչն է դարձել։

Տարածությունը պայմանավորում է սոցիումի վարքը, ուստի ճարտարապետությունն առաջարկում է տարածական այնպիսի լուծումներ, որոնք կծառայեն իրավիճակին։

Կաթողիկոս Ներսես Ա-ի որոշմամբ կառուցված բորոտանոցների մասին տեղեկությունները միակ վկայությունները չեն պատմության էջերում։

Վենետիկյան ծովածոցի Լազարետո կղզին

Մեկուսացման եղանակով վարակի կանխարգելման ռազմավարությունը կարևորվել է հատկապես 1346-1353 թթ․-ի ժանտախտի համավարակի ժամանակ։ Իտալիայում որոշում է կայացվել որպես մեկուսարան օգտագործել մի ամբողջ կղզի՝ Լազարետոն։ Կղզին գտնվում է Վենետիկյան ծովածոցում, Վենետիկից 4 կմ հարավ֊արևելք, իսկ մակերեսը կազմում է 27000 քառ․ մ։ Այստեղ ժամանած նավերը մնում էին կարանտինի մեջ 40 օր (իտալերեն՝ quaranta giorni)։ Մեկուսացման կազմակերպման համար կզղու վրա կառուցվում է հիվանդանոց, բարաքներ և այլ շինություններ, որոնք մինչ օրս պահպանվել են։ Կարանտինը կղզում տևում է մինչ 17-րդ դար և դադարեցվում է միայն 1630թ.֊ին։ Բոլորովին վերջերս՝ պեղումների ժամանակ կղզում գտնվող հիվանդանոցային գերեզմանատնից հանվել են շուրջ 1500 ժանտախտով վարակվածների կմախքներ։

Կարճ ժամանակ անց համանման հաստատություններ են կառուցվել նաև Մալթայում, Կրետեում և այլուր։ Այսօր դրանցից ամենահայտնին թերևս Դուբրովնիկ (Խորվաթիա) քաղաքում գտնվող լազարեթն է, որն այժմ տուրիստական նշանակության վայր է։

Դեռ 1377թ.֊ին Դուբրովնիկում օրենք մտցվեց առ այն, որ ցանկացած ռիսկային երկրից եկող նավ պետք է 30 օր (trentine) մեկուսանա քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Մրկան կամ Ցավտատ կղզիներում։ Որոշ ժամանակ անց Դուբրովնիկի իշխանությունները նույնպես որոշեցին մեկուսացման ժամկետը դարձնել 40 օր։

Սկզբում կարանտինն անց էր կացվում բացօթյա, բայց որոշ ժամանակ անց, հաշվի առնելով եղանակային պայմանները, բարաքներ կառուցվեցին։ Բարաքները փայտաշեն էին այն նկատառումով, որ անհրաժեշտության դեպքում հրդեհելով հեշտությամբ ոչնչացվեին։ 15-16-րդ դարերում քաղաքում ժանտախտի մի քանի բռնկում է եղել, և աստիճանաբար կարանտինի համար շինություններ են հատկացվել հենց քաղաքում։ Ի վերջո որոշում է կայացվել կառուցել նոր մեծ լազարեթ քաղաքի արևելյան Պլոչե (Ploče) դարպասի մոտ, որի շինարարությունն ավարտվել է 1642-ին:

 

Դուբրովնիկ քաղաքը. աջից երևում է արևելյան Պլոչե դարպասի մոտ գտնվող լազարեթը: Լուսանկարը՝ Visitcroatia.com

Կառույցը բաղկացած է 10 շինությունից, որոնցից 5-ը նախատեսված էր մարդկանց, մյուս 5-ը ապրանքներ պահելու համար։ Լազարեթի շահագործումն էականորեն դրական ազդեցություն է ունեցել համաճարակների ճնշման և կանխարգելման հարցում։

Վերջինիս հանդեպ հետաքրքրությունը մեծացել է հատկապես այն բանից հետո, երբ այն հայտնվել է «Գահերի խաղը» (Game of Thrones) ֆիլմում։

Նոր ժամանակներում քաղաքներն ու ենթակառուցվածքներն ավելի գլոբալ փոփոխությունների են ենթարկվել՝ ամբողջությամբ վերազինվելով ընդդեմ համաճարակների։ Օրինակ, Փարիզի կենտրոնն իր մեջ ամփոփում է հակահամաճարակային տրանսֆորմացիայի հիշողությունը, երբ 19-րդ դարավերջին անխնա կերպով քանդվեցին կենտրոնական նեղ, մութ, խիտ բնակեցված և անհարմար փողոցները և դրանց ընդլայնմանը խանգարող բոլոր կառույցները։ Ֆրանսիացի պետական գործիչ Ժորժ Էժեն Օսմանը դրանք հայտարարեց անառողջ միջավայր։

image-12567
Փարիզի միջնադարյան հին փողոցներից մեկը. 1850-ականներ

Նույն թվականներին քաղաքային միջավայրի վերակազմակերպման աշխատանքներ էին ընթանում նաև ԱՄՆ֊ում։ 1858թ.-ին՝ խոլերայի համաճարակի հերթական բռնկումից հետո, լանդշաֆտային ճարտարապետ Ֆրեդերիկ Օլմստեդը, ում առաջնեկը մի քանի ամսականում մահացել էր խոլերայից, նախագծեց Նյու Յորքի Կենտրոնական պարկը։

Օլմստեդը համոզված էր, որ Պարկը խոլերայի դեմ պայքարում կարևոր դերակատարում կունենա՝ քաղաքի բնակիչներին մաքուր օդ շնչելու և արևի տակ լինելու հնարավորություն ընձեռելով։ Պարկի հաջողությունից հետո Օլմստեդը նախագծեց ավելի քան 100 հանրային այգի ԱՄՆ-ի տարբեր քաղաքների համար։

1882-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտնաբերեց տուբերկուլյոզի հարուցիչը, ինչի արդյունքում սկսվեց առողջարանային (սանատորիա) շարժումը։

Քանի որ այդ շրջանում տուբերկուլյոզի բուժումն առավելապես միջավայրային պայմանների ցուցումներ էր ենթադրում, ճարտարապետությունը մեծ ազդեցություններ կրեց ոչ միայն առողջարանային համալիրների ստանդարտների ստեղծման, այլև առհասարակ բնակելի շինությունների հարմարեցման տեսակետից։

Հակահամաճարակային նպատակահարմարությունը, փաստորեն, շատ առումներով դարձավ ճարտարապետական մոդեռնիզմի կարևոր ազդակներից մեկը։ Լուսավոր և ընդարձակ սենյակները, բնական միջավայրի հետ կապը և շենքի՝ բնության հետ ինտեգրումը ոչ այնքան էսթետիկ մտածողության, որքան պրակտիկ նշանակության էլեմենտներ են։

Մեր օրերում դրա վառ օրինակը Չինաստանում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված առաջին ժամանակավոր հիվանդանոցի կառուցումն էր՝ ընդհանուր 25000 քառ.մ մակերեսով։ Չինական աղբյուները նշում են, որ այն կառուցվել է համաճարակի բռնկումից մեկ ամիս անց՝ 10 օրվա ընթացքում շուրջ 7500 շինարարի մասնակցությամբ։ Հիվանդանոցը զինված էր ստացիոնար խնամքի 1000 և ինտենսիվ խնամքի 30 մահճակալային ֆոնդով։

Աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, հետևելով չինական օրինակին՝ կառուցեցին մեծ ու փոքր ժամանակավոր հիվանդանոցներ, մոդուլային ընդունարաններ, որոնք ընդունված է անվանել նաև panic-built (խուճապային վիճակում կառուցված) հիվանդանոցներ։

Քաղաքաշինության ոլորտում ավելի երկարաժամկետ փոփոխություններն այսօր դժվար է գնահատել, սակայն  ճարտարապետների միջազգային հանրույթն արդեն իսկ միավորել է ջանքերը՝ գտնելու այնպիսի ժամանակակից լուծումներ, որոնք լավագույնս կծառայեն համաճարակների կանխմանը և արդյունավետ կառավարմանը։

Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան

Նույն շարքից այլ նյութեր

#COVID19 #ArmGov #anticrisis #actions #pandemic

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/07/2020