Սոցիալական

Մինչև հունիսի 13-ի «չիկարելիները»․ ամենաշատ քննարկվող հարցերի պատասխանները

Photolure

Նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրության վերաբերյալ Կառավարության մայիսի 14-ի որոշումը հանրության շրջանում նոր հարցերի տեղիք տվեց։

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է նոր կանոններին առնչվող ամենաքննարկվող հարցերի մասին պարզաբանումները։

Կառավարության որոշումը ուժի մեջ է մտել մայիսի 18-ից, համաձայն որի արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ․ հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ը, սակայն ավելի մեղմացված սահմանափակումների ռեժիմով։

  • Դիմակ դնելը պարտադիր է փակ վայրերում

Նախ պետք է իմանալ, որ դիմակի առկայությունն է պարտադիր։ Անկախ այն հանգամանքից՝ ուր և ինչպես եք գնում, դիմակ ունենալը պարտադիր է, անգամ եթե զբոսնում եք այգում կամ քայլում եք որևէ բաց տարածքում։

«Պարտադիր ասելով, չի նշանակում, որ պարտադիր եռաշերտ դիմակների մասին է խոսքը։ Դրանք կարող են լինել նաև տան պայմաններում պատրաստված «ինքնաշեն» դիմակներ», – հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Դիմակ դնելը պարտադիր է բոլոր փակ վայրերում՝ հանրային տրանսպորտում, առևտրի իրականացման օբյեկտներում, մարզասրահներում, աշխատանքի վայրերում՝ սահմանված կարգով։

Աշխատանքի վայրում գործատուն պարտավոր է աշխատակիցներին ապահովել անհրաժեշտ պարագաներով։

Պարետատնից պարզաբանել են, որ երեխաներին պարտադիր չէ դիմակ դնել։

Առևտրի վայրերից կամ դեղատներից գնված դիմակները նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար և արժեն 150-250 դրամ։ Առողջապահության նախարարությունը շարունակ հիշեցնում է, որ այդպիսի դիմակները մեկանգամյա են և պետք է փոխել ամեն 4 ժամը մեկ։

Ռեզինե ձեռնոցների արժեքը 70-100 դրամ է։

Հանրային տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է մտնելիս արդեն լինել դիմակով և ձեռնոցով, հակառակ դեպքում վարորդը կարող է չթույլատրել օգտվել տրանսպորտային միջոցից։

Հանրային միջոցառումներ կարելի է կազմակերպել ոչ ավելի քան հինգ հոգու մասնակցությամբ։ Թույլատրվում է միայն ռեստորանների, սրճարանների և բարերի բացօթյա հատվածներում այցելուների սպասարկումը, սակայն նախ նրանց ջերմաչափելուց և անունները գրանցելուց հետո։

Փակ վայրերում սույն որոշմամբ հիշատակված կանոնների խախտման դեպքում քաղաքացին ոստիկանության աշխատակցի կողմից կարող է տուգանվել՝ 10 000 դրամի, իսկ տնտեսվարողը 100000-300000 դրամի չափով։

  • Չեն գործում կրթական և մշակութային հաստատություններն ու արտադպրոցական խմբակները

Դպրոցները, բուհերը, կրթական բոլոր օջախներն առայժմ շարունակում են փակ մնալ։ Թույլատրված է միայն նախադպրոցական կրթություն կազմակերպող կենտրոնների գործունեությունը, ինչը հիմնավորվում է նրանով, որ աշխատող ծնողների համար մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը խնդիր է։

Դպրոցներում չեն կազմակերպվելու վերջին զանգեր, բուհերում՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություններ։

  • Առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց

Այս տարի բոլոր պետական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց, եթե տվյալ բնակավայրում այդ դպրոցը միակը չէ։ Հայտագրումը պետք է կատարել Hayt.emis.am համակարգի միջոցով։ Հունիսի 11-ին համակարգը կբացվի բոլորի համար։ Մանրամասներն ԱՅՍՏԵՂ։

  • Բուհերի ընդունելության կարգը մեղմացվել է

Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն: Դիմում-հայտերը կներկայացվեն առցանց` մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:

Քննության համար ընտրվելու է այն առարկան, որը տվյալ ֆակուլտետի համար առաջնային է։

«Կարևոր սկզբունքն այն է, որ ընտրել այնպիսի առարկաներ, որ դիմորդը հնարավորություն ունենա նաև մյուս ֆակուլտետների և մյուս մասնագիտությունների համար մասնակցել մրցույթի»,- ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նպատակն այն է, որ մեկ առարկա հանձնելով՝ դիմորդը մեկ հայտով կարողանա մասնակցել մի շարք այլ մասնագիտությունների մրցույթի ևս։

  • Թանգարաններ և թատրոններ

Կշարունակեն փակ մնալ թանգարաններն ու թատրոնները, փակ տարածքներում գործող մշակութային օջախները։

Թույլատրված է միայն բաց թանգարանների գործունեությունը, սակայն սահմանափակ այցելուների առկայությամբ։

  • Արտադպրոցական խմբակներն ու գեղարվեստի կենտրոնները հնարավոր է վերաբացվեն

Այժմ ոլորտի պատասխանատուները քննարկում են արտադպրոցական դաստիարակության, համայնքային ազատ ժամանցի կազմակերպման և գեղարվեստական կրթության ոլորտների հետագա բնականոն գործունեության հնարավոր կազմակերպման հարցը։ Չի բացառվում, որ դրանց գործունեությունը վերականգնվի, եթե դրանք կազմակերպվեն փոքր խմբերով։

Ամփոփեցին՝ Ռաիսա Պապյանը, Սուրեն Դեհերյանը

Ինֆոգրաֆիկան՝ Լիլիթ Մկրտչյանի

Հավելյալ աղբյուրներ

  • Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ բիզնես ոլորտին
  • Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում

#COVID19 #ArmGov #anticrisis #actions

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 23/05/2020