Էկոլոգիա

Պլաստիկ ռեինկարնացիա․ Հայաստանում աղբի տեսակավորման մշակույթ է ձևավորվում

Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տ պոլիէթիլենային թափոն։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների` Հայաստանի Հանրապետության տարածք տարեկան ներմուծվում է ավելի քան 622 տ  և արտադրվում ավելի քան 201 տ պոլիէթիլենային տոպրակ:

Չնայած այս ամենին՝  Հայաստանի աղբահանության ոլորտում դրական տեղաշարժ կա․ ավելացել են տեսակավորում և վերամշակում իրականացնող կազմակերպությունները, իսկ քաղաքում կարելի է նկատել 3 տիպի թափոնների տարաներ։

image-15448

«ԷկոԱղբ» քաղաքացիական նախաձեռնության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը շուրջ 5 տարի է իր տան աղբը տեսակավորում է։ Սկզբում քաղաքում կամավորություն էր իրականացնում, հետո «վարակեց» նաև ընտանիքի անդամներին, այնուհետև միացավ նախաձեռնությանը։ 2018թ․-ից «ԷկոԱղբ»-ի ծրագրերն ավելի մեծ թափ հավաքեցին։

«Երևանի Քաղաքապետարանը միշտ ունեցել է թափոնների տարաների տեղադրման գաղափար, բայց տարբեր պատճառներով չի իրականացրել։ Մեր կողմից պարբերաբար խնդիրը բարձրացվել է, մենք պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու ծրագրի իրականացմանը, և ի վերջո համագործակցությունը կայացավ»։

Քաղաքապետարանը 2020 թ.-ի դեկտեմբերից մայրաքաղաքի բոլոր համայնքներում սկսել է տեղադրել թափոնների տարաներ։ Այժմ, Վահեի տվյալներով, ընդհանուր առմամբ Երևան քաղաքի 135 կետերում տեղադրված են տարաներ՝ նախատեսված 3 տեսակի թափոնների համար՝ թղթի, պլաստիկի և ապակու։

1_eco
3_eco
10_eco
previous arrow
next arrow

Նախաձեռնությունը կյանքի կկոչվի նաև մարզերում և, հավանաբար, այն շուտով կմեկնարկի Լոռվա մարզի համայնքներից մեկում։

Վահեն այս խնդրի լուծման կարևոր և առանցքային կետերից մեկը համարում է քաղաքացիներին կրթելը և թեմայի վերաբերյալ հնարավորինս շատ ինֆորմացիա տրամադրելը․ «Երևանի կրթական հաստատություններից մեկի հետ պլանավորել ենք մասշտաբային կրթական ծրագիր իրականացնել հանրակրթական դպրոցներում դասընթացների անցկացման տեսքով, օրինակ այն մասին, թե ինչ են թափոնները, ինչպես են դրանք տեսակավորվում և այլն»։

Կրթական արշավի ընթացքում կազմակերպությունը կմշակի նաև էկոթրեյներների դասընթացաշար։ Այն կօգնի քաղհասարակության ներկայացուցիչներին բնապահպանական թեմաներով դասընթացների կազմակերպման հարցում՝ իրենց համայնքներում խնդրի վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու համար։

«Հասարակության գիտակից մի ստվար զանգված պատրաստ էր նման փոփոխությունների։ Անշուշտ, դեռ կան դեպքեր, որ կամ անփութությամբ, կամ էլ տեղյակ չլինելով, աղբը ճիշտ չեն տեսակավորում, այն խառը նետում են տարաներից որևէ մեկի մեջ։ Սա փաստում է, որ կրթական արշավները շատ պիտի լինեն ու պարբերաբար։ Բայց ընդհանուր առմամբ, պատկերը հուսադրող է»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Վահեն։

image-15449

Նա զուգահեռներ է տանում աղբ տեսակավորող քաղաքացու և վերջինիս կողմից իր իսկ կյանքում ցուցաբերած պատասխանատվության միջև։ «Այն, թե ինչպես ենք վերաբերվում մեզ շրջապատող միջավայրին, հայելու էֆեկտով ցույց է տալիս մեր հոգին, մեր մտածելակերպը ու առհասարակ վերաբերմունքը երկրի հանդեպ։ Աղբը գետնին չգցող և աղբը տեսակավորող անձը նաև շատ լավ ծնող է, շատ լավ հարկ վճարող է և մտահոգ քաղաքացի»։

Պլաստիկին՝ երկրորդ կյանք

Պարզվում է՝ աղբի «ճակատագիրը» հնարավոր է ավելի արդյունավետ ու օգտակար կազմակերպել։ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը «Րիսայքլ իթ» (Recycle It) ծրագրի շրջանակում զբաղվում է աղբի վերամշակման, թափոնների տեսակավորման աշխատանքների կազմակերպմամբ։

Արդեն մոտ 420 կազմակերպություններ միացել են այս ծրագրին։ Նրանց մոտ տեղադրված են տեսակավորման տարաներ, որոնց շնորհիվ աշխատակիցները հնարավորություն ունեն աղբը նետել համապատասխան տարաներ, ապա ուղարկել վերամշակման կայաններ։

Վերջերս կազմակերպությունը հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որն ուղղված է պլաստիկ շշերից թելերի ստացմանը։

Կազմակերպության նախագահ Մխիթար Ավետիսյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ մինչ այժմ հավաքված պլաստիկը մանրացվում էր փոքր կտորների, ուղարկվում ՌԴ կամ այլ երկրներ, վերածվում սինտեպոնի, ապա ներկրվում ՀՀ, և այստեղ մեր բնակչությունը այն գնում էր ավելի թանկ գնով։

«Մեզ մոտ միտք առաջացավ, որ ինքներս էլ կարող ենք ապահովել այդ գործընթացը ու սկսեցինք վերամշակումը։ Մենք այսօր թափոնների վերամշակումից արտադրում ենք սինտեպոն, որից էլ՝ թելեր, իսկ թելերից արդեն՝ էկո-պայուսակներ»։

Պլաստիկ շշերից թելեր ստանալը բավականին բարդ ու աշխատատար գործընթաց է։ 1 կգ թել ստանալու համար մոտ 1,5 կգ պլաստիկ է հարկավոր։ Այժմ վերամշակված արտադրանքը փորձաշրջան է անցնում, իսկ հետագայում չի բացառվում նաև վաճառքը։

image-15450

«Նախադեպը, վստահաբար կարող ենք ասել, որ չի եղել, և մենք առաջինն ենք ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև տարածաշրջանում։ Մեր նպատակն է, որ ՀՀ-ում ներդրվի շրջանաձև տնտեսության գաղափարը»,- ասաց կազմակերպության նախագահը։

Աղբի տեսակավորումից մինչև վերամշակում վերահսկվում է կազմակերպության կողմից։ Նրանք նաև իրազեկվածության մեծ արշավներ են իրականացնում, համագործակցում են Երևանի Քաղաքապետարանի հետ, դպրոցներում էլ պարբերաբար դասընթացներ են ացնկացնում։


Պլաստիկի, ապակու և թղթի վերամշակումից գեղեցիկ և օգտակար իրեր կարող եք տեսնել այստեղ:


Թելերի մշակումից բացի, ՀԿ-ն սկսել է նաև #Եսպլաստիկշիշէի արշավը, որի շրջանակներում ներկայացվում են կենցաղային օգտագործման իրեր, որոնք նախկին կյանքում պլաստիկ շիշ են եղել, օրինակ՝ գեղեցիկ պատկերներով բարձեր` 100% վերամշակված պլաստիկից, ներսում՝ սինտեպոնով, որը նույնպես պատրաստվում է Հայաստանում։

Այս երկու կազմակերպությունների օրինակը վառ ապացույցն է այն բանի, որ ՀՀ-ում աղբի տեսակավորումն ու վերամշակումն արդեն իրականություն է:

Քաղաքացիներից պահանջվում է ոչ միայն հետևել, այլև տանտիրոջ իրավունքով մասնակցել այս գործընթացին՝ տնից արդեն աղբը տեսակավորած դուրս բերելով։

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Ինֆոգրաֆիկան՝ Սուրեն Դեհերյանի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/03/2021