Էկոլոգիա

Ինչո՞ւ մեկընդմիշտ հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից

Մեզանում ամեն օր, ամեն տեղ ականատես ենք լինում օդում սավառնող պոլիէթիլենային տոպրակների: Պոլիէթիլենային տոպրակները բնապահպանական մեծ  խնդիր են առաջ բերում, քանի որ դրանց քայքայման համար պահանջվում են հարյուրավոր տարիներ, իսկ այրումից արտանետվում են մարդու համար վտանգավոր նյութեր։ Սա հաշվի առնելով` աշխարհի շատ երկրներ արդեն իսկ հրաժարվել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից:

image-7231

Առաջին երկիրը, որը 2002թ. հարկ սահմանեց, Իռլանդիան էր։ Մեկ պոլիէթիլենային տոպրակ գնելու դեպքում հաճախորդը պետք է 15 եվրո վճարեր: Ի հաշիվ տոպրակների վաճառքի՝ Իռլանդիայի բյուջեն 2009թ. համալրվեց 120 մլն եվրոյով: Կարճ ժամանակ անց, սակայն, մարդկանց մեծ մասը հրաժարվեց գնել դրանք: Իռլանդիայի օրինակը թերևս ամենավառն է, քանի որ այն ոչ միայն պայքար սկսեց պոլիէթիլենային տոպրակների կիրառման դեմ, այլ նաև փոխեց քաղաքացիների մտածողությունը:

2018թ-ի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի «Մեկանգամյա օգտագործման պլաստիկի և միկրոպլաստիկի օգտագործման օրենսդրական կարգավորումները» զեկույցի համաձայն, ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից 127-ում մասամբ կամ ամբողջությամբ գործում են պլաստիկի կիրառությունը կարգավորող մեխանիզմներ՝ սահմանափակումների կամ տուգանքների միջոցով։ Մի շարք երկրներում անգամ սահմանված է խիստ պատիժ:

Օրինակ՝ Տանզանիայում տոպրակների արտադրության համար սպառնում է 2000 դոլար տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում: Իսկ Քենիայում արգելված է օդանավակայանի տարածքից դուրս բերել Duty Free խանութների տրամադրած տոպրակները: Խախտողներին սպառնում է 19,000 դոլար տուգանքից մինչև 4 տարի ազատազրկում: Հարավաֆրիկյան Հանրապետությունում օրենքն առավել դաժան է՝ 10 տարի ազատազրկում:

Արգելքի սահմանման գործընթացի մեկնարկը՝ Հայաստանում

Հայաստանյան մի շարք սուպերմարկետերում, եթե մինչև 2016թ-ի ամառը պոլիէթիլենային տոպրակներն անվճար էին, ապա արդեն երրորդ տարին է դրանք վաճառվում են 10-20 դրամով:

Արգելքի գործընթացը դեռ օրենսդրական փուլում է: 2019թ. փետրվարին Շրջակա միջավայրի նախարարության կողմից e-draft կայքում տեղադրվել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արժեքը` մեկ հատը ոչ պակաս, քան 100 դրամ: Ըստ նախագծի հեղինակների` այս փաստաթուղթը թույլ կտա նվազեցնել տոպրակների օգտագործումը: Իսկ արդեն 2023թ-ին կարգելվի նաև վաճառքը:

Էկո տոպրակներն ու պայուսակները՝ որպես այլընտրանք

image-7232

Պոլիէթիլենային տոպրակների ամենաարդյունավետ այլընտրանքը կտորից և այլ գործվածքներից պատրաստված պայուսակներն ու տոպրակներն են, որոնց բնապահպանները «էկո տոպրակներ» են անվանում: Դրանք տարողունակ են, հարմարավետ, հնարավոր է օգտագործել երկու և ավելի տարի, ծալված վիճակում շատ տեղ չեն զբաղեցնում և, ամենակարևորը, խնայում են առողջությունն ու գումարը:

Որպես այլընտրանքային տարբերակ՝ շատերն օգտագործում են թղթից տոպրակներ, սակայն դրանք ևս արդյունավետ չեն, քանի որ արագ վերածվում են թափոնի:

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 27/07/2019