Էկոլոգիա

Ինչո՞ւ է կարևոր թղթի վերամշակումն ու տնտեսումը

Աշխարհում անտառահատումներն այնպիսի մեծ ծավալների են հասել, որ անտառածածկ տարածքների պահպանությունը դարձել է բնապահպանական լուրջ խնդիր։ Թթվածնի հիմնական աղբյուր հանդիսացող անտառներն անխնա հատվում են տարբեր պատճառներով՝ արտադրական, շինարարական, սոցիալական և այլն։

Անտառների պահպանությունը գուցե համամոլորակային խնդիր չդառնար, եթե մարդկությունը խնայողաբար օգտագործեր նրա տված տնտեսական ու սոցիալական բարիքները։

Միայն թղթի արտադրության մեջ օգտագործվում է արդյունաբերական ծառահատումների ավելի քան 40%-ը։ Եվ այդ թիվը դեռ աճման միտում ունի։

Չնայած ապրում ենք 21-րդ դարում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ինֆորմացիայի պահպանման ու փոխանցման բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել, այդուհանդերձ, թղթի պահանջարկը շարունակում է բավականին մեծ մնալ։

Ինչպես հայտնի է, թղթի արտադրության համար օգտագործվում է ցելյուլոզա, որը բուսական ծագման բոլոր օրգանիզմների կարևոր տարրերից է։ Ճիշտ է` ցելյուլոզա ստանալու համար ծառեր են աճեցվում նաև հատուկ տնկարաններում, բայց դրանցից առայժմ ստացվում է թղթի արտադրության համար օգտագործվող ցելյուլոզայի 16%-ը։ Բացի այդ, դրանց աճն արագացնելու համար օգտագործվում են թունաքիմիկատներ՝ վնաս հասցնելով նաև հողին։ Ցելյուլոզայի մոտ 9%-ն էլ ապահովում է հին կամ հասուն անտառներից ստացվող բնափայտը։

image-7254

Առաջին հայացքից թանկարժեք չթվացող թղթի արտադրությունն իրականում բավականին ռեսուրսատար է։ Աշխարհում արդյունաբերական նպատակով ծախսվող էներգիայի ավելի քան 12%-ը բաժին է ընկնում թղթի արտադրությանը։

Բացի այն, որ արտադրական պրոցեսում մեծ քանակությամբ էներգիա ու ջուր է պահանջվում, նաև շրջակա միջավայրն է աղտոտվում։ Թղթի արտադրության ընթացքում մթնոլորտ են արտանետվում ու մոտակա գետեր թափվում այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են՝ ֆոսֆորը, մեթանը, քլորի երկօքսիդը, աղաթթուն և այլն։

Թղթի վերամշակում

Թղթի արտադրության էկոլոգիական ու տնտեսական հետևանքները մեղմելու տարբերակներից մեկն օգտագործված թղթի վերամշակումն է։

Ըստ տարբեր գնահատականների՝ մակուլատուրայի վերամշակման ժամանակ 40-60%-ով ավելի քիչ էներգիա է ծախսվում, քան թղթի արտադրության ժամանակ։ Վերամշակման դեպքում նվազում է նաև շրջակա միջավայրին հասցվող վնասը։

Թեև վերջին տարիներին թղթի վերամշակման տեմպերն ակտիվացել են ամբողջ աշխարհում, այդուհանդերձ, թուղթը կոշտ թափոների շարքում առաջնային տեղ է գրավում։ Օգտագործված թղթի մոտ 40%-ը շարունակում է դեն նետվել։ Ի դեպ, բաց տարածությունում՝ տվյալ դեպքում աղբանոցում քայքայվելու դեպքում, թղթից մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը 23 անգամ գերազանցում են ածխաթթու գազի ծավալները։

Թղթի տնտեսումը՝ ամենառացիոնալ լուծում

Վերջերս Երևանում և Հայաստանի համայնքների որոշ անկյուններում հնարավոր է տեսնել աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ։ Դրանց քանակն առայժմ մեծ չէ, սակայն առաջին քայլն արված է:  Այնուամենայնիվ, ոչ միշտ է, որ քաղաքացիները ջանք են գործադրում նախ տեսակավորել, ապա դեն նետել աղբը։ Հետևաբար՝ օգտագործված թուղթն աղբաման նետելու փոխարեն ցանկալի է այն հանձնել վերամշակմամբ զբաղվող ընկերություններին: Նման ընկերությունները դեռ քիչ են հանրապետությունում, բայց կարևոր գործ են կատարում շրջակա միջավայրի համար։ Recycling.am կայքում կարող եք գտնել ինչպես թղթի, այնպես էլ այլ թափոնների վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մասին տվյալներ։

Չնայած այն հանգամանքին, որ թղթի վերամշակումն ավել քիչ ծախսատար ու էներգատար է, քան արտադրությունը, այնուամենայնիվ, կլիմայի վրա չազդելու և գումար խնայելու լավագույն տարբերակն օգտագործման ծավալների կրճատումն է։ Այսինքն՝ թուղթը հնարավորինս տնտեսելու դեպքում միաժամանակ մի քանի խնդիր կլուծվի, այդ թվում՝ կնվազի հատվող ծառերի քանակը:

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 28/07/2019