Էկոլոգիա

Սևանա լճի ձկնատեսակներն ու պաշարները

Սևանա լճի ձկնային պաշարները կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ բնակչության սննդաբաժնում: Լճի ձկները բաժանված են ընտանիքների՝ Սաղմոնազգի, Սիգազգի և Ծածանազգի: Սաղմոնազգիներին է պատկանում էնդեմիկ տեսակ Սևանի իշխանը՝ իր 4 ենթատեսակներով` ամառային բախտակ, ձմեռային բախտակ, գեղարքունի և բոջակ:

1930թ.-ի էներգետիկ և ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց թողված մեծ քանակությամբ ջուրը հանգեցրեց նրան, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը խախտվեց, ինչի հետևանքով կրճատվեց լճի ծավալը, իջավ ջրի մակարդակը և բարձրացավ ջրի միջին ջերմաստիճանն ու ախտոտվածության աստիճանը: Այս ամենից բացի մոտ 50 անգամ կրճատվեցին նաև ձկնային պաշարները: Մասնավորապես իշխանի երկու ենթատեսակներ՝ ձմեռային իշխանն ու բոջակն իսպառ ոչնչացան, իսկ ամառային և գեղարքունիքի ենթատեսակները պահպանվեցին, սակայն քիչ քանակությամբ:

2004թ.-ից պետական տարբեր ծրագրերի շրջանակներում ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ՝ ձկան պոպուլյացիան վերականգնելու նպատակով: Մանրաձկներն արտադրվում են ձկնաբուծարաններում, որտեղ ջրի ջերմաստիճանը, քիմիական բաղադրությունն ու թթվածնի առկայությունը մոտ է Սևանա լճի չափանիշներին:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն «Ամփոփ մեդիայի» հետ զրույցում նշում է, որ մանրաձկները, որոնք բաց են թողնվում` իշխանի ենթատեսակներն են` գեղարքունին և ամառային բախտակը, որովհետև միայն դրանք են արհեստականորեն աճում և որպես մանրաձուկ բաց թողնվում:

«Նախկինում մրցույթ էր հայտարարվում, և Սևանա լիճ բաց էին թողնվում անհայտ տեսակի ձկներ, որովհետև որևէ մեկը չէր ստուգում` դա Սևանի իշխա՞ն է, կարմրախա՞յտ է, թե՞ հիբրիդ տեսակի: Պարզապես նմանություն կար սաղմոնազգի տեսակին»,- նշում է Գաբրիելյանը:

Նա կարևորում է Կարճաղբյուր համայնքում պետական գործարանի գործարկումը` համարելով, որ ձկնատեսակի պահպանման և վերականգման համար չի կարելի հույսը դնել մասնավոր անձանց վրա:

«Մեր մասնագետների օգնությամբ, սելեկցիայի և այլ մեթոդներով, կարելի է ասել՝ մենք ստեղծել ենք գրեթե մաքուր ենթատեսակներ: Հիմա մանրաձուկը բաց է թողնվում միայն այդ գործարանից»,- ասում է Գաբրիելյանը:

2013թ.-ի դեկտեմբերին ստեղծվել է նաև «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, որն իրականացնում է կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը:

Սևանի իշխանի պաշարների համալրումն արհեստական վերարտադրության ճանապարհով կազմակերպելու նպատակով պետբյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 10 մլն դրամ: Պարբերաբար իրականացվում է նաև Կողակի և Սիգի պաշարների համալրում:

Մտահոգիչ է խեցգետնի պաշարների նվազումը: Վերջին երկու տարվա ընթացքում պաշարները նվազել են 2 անգամ` 4,500-ից հասնելով 2,300 տոննայի:

Ձկնատեսակների և խեցգետնի պաշարները պահպանելու և վերականգնելու լավագույն լուծումը որսի նվազեցումն է` հատկապես ձվադրման շրջանում: Դրա անուղղակի լուծումը Սևանա լճի հարակից բնակավայրերում տնտեսական ծրագրերի իրականացումն է, նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչը կնպաստի գործազրկության բարձր ցուցանիշների կրճատմանը: Արդյունքում՝ Սևանա լիճն իր բարիքներով կդադարի գոյատևման աղբյուր լինել հարակից բնակավայրերի բնակիչների համար:

կարդացեք նաև

Սևանա լճի հիմնախնդիրներն ու դրա պահպանումը

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 06/08/2019