Էկոլոգիա

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ

Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ): Այս տարածքներում է կենտրոնացված կենդանիների և բույսերի տեսակների 60-70%-ը: Հատուկ պահպանվող տարածքներում են գտնվում հազվագյուտ, վտանգված և էնդեմիկ տեսակների մեծամասնությունը:

Իսկ Հայաստանի Կարմիր գրքում ներառված 800 բույսերից, կենդանիներից և սնկերից այստեղ է գտնվում մոտ կեսը՝ 390 տեսակ:

Ներկայումս Հայաստանում գործում է ընդհանուր առմամբ 267 հատուկ պահպանվող տարածք, որը կազմում է 387 հազ. հա: Այս տարածքի մեջ մտնում է նաև Սևանա լիճը:

Հայաստանի մի շարք արգելոցներ պարզապես եզակի են իրենց բազմազանությամբ: Օրինակ՝ «Էրեբունի» պետական արգելոցում հանդիպող ցորենի 278 տեսակներից 61-ը վայրի ազգակիցներն են: Այս տեսանկյունից սա աշխարհում նախադեպը չունեցող արգելոց է, որի պահպանությունը, սակայն, անհրաժեշտ մակարդակի չէ:

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով նախատեսվում է մինչև 2020թ. աշխարհի ցամաքային տարածքներում հատուկ պահպանվող տարածքների մակերեսը հասցնել 17%-ի: Ներկայումս այդ տարածքը ցամաքում և ներքին ջրերում կազմում է 15%: Իսկ Հայաստանում 13% է: Քանի որ Հայաստանը ևս ստորագրել է այդ կոնվենցիան, հետևաբար Հայաստանը ևս ունի պարտավորություն ԲՀՊՏ-ի մակերեսը մեծացնել մինչև 17%:

Էկոլոգիական ցանցի ստեղծման նպատակով ներկայումս ավելացվում է ԲՀՊՏ-ների քանակը, ի դեմս` «Ջերմուկ» և «Տաթև»  ազգային պարկերի, «Իջևանի անտառային» արգելավայրի, «Գնիշիկ» և «Լոռու լճեր» պահպանվող լանդշաֆտի:

Էկոտուրիզմը՝  որպես   ԲՀՊՏ-ների պահպանության միջոց

Վերջին 40 տարիների ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ վերաբերմունքը փոխվել է: Եթե նախկինում այդ տարածքները խիստ հսկողության տակ պետք է պահվեին, ապա այժմ դրանք կարող են օգտագործվել տեղի բնակչության բարեկեցության բարձրացման համար, սակայն պահպանելով բնությունը: Այդպիսի ձևաչափ հնարավոր է հատկապես էկոտուրիզմի զարգացման պարագայում:

Էկոտուրիզմը ներառում է գյուղական զբոսաշրջություն և օրգանական սնունդ, բացօթյա միջոցառումներ՝ քայլարշավներ, արկածային զբոսաշրջություն, ժայռամագլցում, ձիավարություն, դահուկային սպորտ և այլն:

Հատուկ պահպանվող տարածքներն իրենք կարող են ծառայություններ մատուցել, դրանցից լրացուցիչ եկամուտ ստանալ իրենց կարիքները հոգալու և ֆինանսական կայունության համար: Օրինակ՝ «Դիլիջան» ազգային պարկը զբոսաշրջիկներին վարձով տրամադրում է վրան, քնապարկ, հեծանիվ, հանգստի տաղավարներ և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են էկոտուրիզմի սիրահարներին:

Միաժամանակ գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն են ստանում իրենց իսկ կողմից պատրաստված մթերքների վաճառքից ստանալ եկամուտ, որով լուծում են իրենց զբաղվածության և աղքատության հաղթահարման հարցերը, նվազում է նրանց կախվածությունը բնական պաշարներից:

Տեղացիների կողմից ԲՀՊՏ-ների օգտագործումը սահմանափակելու արդյունքում հակասություններ են առաջանում  նրանց հետ հարաբերություններում, կարող է դժվարանալ նրանց հետ համագործակցությունը: Սրա հիմնական պատճառն այն է, որ տեղացիները մինչ օրս մեծ կախվածություն ունեն պահպանվող տարածքների բնական պաշարներից`փայտից, վայրի ուտելի կենդանիներից, ուտելի և դեկորատիվ բույսերից:

Հայաստանում ԲՀՊՏ-ների պահպանությանն ու զարգացմանը նպաստում են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ և հիմնադրամներ: 2018թ.-ին հաստատված ծրագրերով ՄԱԿ-ի հարմարվողականության հիմնադրամը ԲՀՊՏ-ներին կից էկոհամակարգերի կառավարման և համայնքների կարողությունների զարգացման նպատակով նախատեսում է տրամադրել 30 հազ. ԱՄՆ դոլար, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ԲՀՊՏ-ների կառավարման բարելավման համար՝ 11 մլն դրամ:

կարդացեք նաև

Կենսաբազմազանությունն ու դրա անվտանգությունը

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/08/2019