Էկոլոգիա

Կենսաբազմազանությունն ու դրա անվտանգությունը

Ի՞նչ է կենսաբազմազանությունը

Բույսերը, կենդանիները և նույնիսկ մանրէները փոխկապակցված են և կազմում են էկոհամակարգի մաս: Յուրաքանչյուրի անհետացումը խախտում է բնության հավասարակշռությունը և սպառնալիքի տակ դնում մարդու անվտանգությունը, ընդհուպ՝ գոյությունը:

Մարդը բնությունից է ստանում իր գոյության համար անհրաժեշտ ռեսուրսները՝ սնունդ, մաքուր ջուր, թարմ օդ, էներգիա: Այս օգուտները կոչվում են էկոհամակարգային ծառայություններ, որոնք միշտ չէ, որ ակնհայտ են: Օրինակ՝ մեղուները ոչ միայն մեղր են տալիս, այլև իրականացնում բույսերի փոշոտում՝ ապահովելով մեր սննդի 1/3-ը։

Ֆիզիկոս Էյնշտեյնն ասում էր.

Վերջին մեղվի ոչնչացումից հետո մարդկությունը չորս տարի անց կկործանվի սովից:

Իհարկե մարդկությունը, զրկվելով փոշոտող միջատներից,  կկարողանա գոյատևել, բայց առանց գինու, պանրի, պաղպաղակի, սուրճի և այլ մթերքների: Այսօր մարդու գործունեության հետևանքով բազմաթիվ կենդանիներ և բույսեր արդեն անհետացել են, իսկ շատերը գտնվում եմ ոչնչացման եզրին։

Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են․

  • անտառահատումները,
  • գյուղատնտեսությունը,
  • կենսառեսուրսների գերօգտագործումը,
  • քաղաքաշինությունը,
  • հանքարդյունաբերությունը,
  • միջավայրի աղտոտումը:

Երկրագնդի վրա գոյություն ունեն 5-50 մլն տեսակի բույսեր և կենդանիներ: Մինչ այսօր բացահայտված և ցուցակագրված են միայն մոտ 1.5 մլն-ը:

Անհետացումը սպառնում է բուսական աշխարհի 34 000 և կենդանական աշխարհի 5 200 տեսակներին, թռչունների յուրաքանչյուր 8-րդ տեսակին:

Ներկայումս բույսերի և կենդանիների անհետացման տեմպերը 50-100 անգամ գերազանցում են բնական տեմպերը: Տարբեր գնահատականներով ամեն օր անհետանում է 2-20 կենդանատեսակ:

Մարդկության համար մեծ վտանգ է ներկայացնում այն տեսակների ոչնչացումը, որոնք կապված են պարենի արտադրության հետ: Միայն վերջին 50 տարում մարդկությունը ոչնչացրել է ձկան արդյունագործական պաշարների մոտ 90%-ը:

Հայաստանի կենսաբազմազանությունը

Հայաստանում առկա են Կովկասի բոլոր հիմնական բնական էկոհամակարգերը՝ կիսաանապատ, տափաստան, անտառ, մարգագետին, ալպյան և ջրաճահճային էկոհամակարգեր: Հայաստանն ունի հարուստ կենսաբազմազանություն. մոտ 3 800 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույս, ավելի քան 17 500 կենդանատեսակ։

Յուրաքանչյուր 1 000 քառ. կմ տարածքում աճում է մոտ 107 տեսակ:

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում նկարագրվել են գիտության համար 50-ից ավելի նոր տեսակներ:

Սակայն այստեղ էլ, ինչպես ամբողջ աշխարհում, մեծ արագությամբ նվազում է կենսաբազմազանության տեսակային կազմը: Միայն Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող 308 կենդանատեսակ և 492 բուսատեսակ։

Օրինակ՝ Սևանի իշխան ձկան 4 ենթատեսակից իսպառ անհետացել են երկուսը` բոջակը և ձմեռային իշխանը՝ գերօգտագործման, ամբարտակների կառուցման, ջրի աղտոտման, ձկնագողության պատճառով:

Ինտենսիվ բնօգտագործման հետևանքով Հայաստանում մարդու կողմից կատարվող  փոփոխությունների աստիճանը մեծ է: Գերօգտագործման հետևանքով տեղի է ունեցել վայրի կենսաբազմազանությամբ զբաղեցված տարածքների կրճատում, աղտոտում, առանձին տեսակների բնակության միջավայրերի կորուստ, էկոհամակարգերի ծառայությունների փոփոխություն:

Հայաստանի կենսաբազմազանությունը վտանգի տակ է հատկապես արդյունաբերության, կենսաբանական պաշարների գերօգտագործման, անասնապահության, ձկնաբուծության, անտառների հատման, բաց եղանակով հանքերի շահագործման, հիդրոէներգետիկայի զարգացման պատճառներով:

Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված քայլեր

Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գլխավոր միջազգային համաձայնագիրը Կենսաբազմազանության մասին կոնվենցիան է, որը գործում է 1992թ-ից: Մինչ օրս համաձայնագիրը վավերացրել է շուրջ 200 պետություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի հիմքում հետևյալ գաղափարն է․

Չկա ոչ կարևոր կամ ոչ անհրաժեշտ պոպուլյացիա կամ տեսակ․ ողջ բնությունը պաշտպանության կարիք ունի:

Կոնվենցիայի նպատակներն են կենսաբազմազանության պահպանումը, կենսաբազմազանության բաղադրիչների կայուն օգտագործումը, գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացված օգուտների արդարացի և հավասար բաշխումը։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ կառավարությունը մինչ օրս Կոնվենցիայի շրջանակում։

  • Ընդունել է Կենսաբազմազանության պահպանման ռազմավարություն և գործողությունների ծրագիր։
  • 88 հազար հեկտարով ավելացել են բնության հատուկ պահպանվող տարածքները, որտեղ կենտրոնացված է Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի մոտ 70%-ը:
  • Առանձին ծրագրեր են իրականացվում վտանգված տեսակների պոպուլյացիան պահպանելու և մեծացնելու ուղղությամբ։

Հայաստանը միացել է նաև՝

  • «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիային,
  • «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիային,
  • «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին» կոնվենցիային:

Կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման քաղաքականությունը Հայաստանում իրականացնում են Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունները:

Կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ է բոլոր երկրների, կառավարությունների, համայնքների և անհատների մասնակցությունը, որպեսզի կարողանանք հոգալ գլոբալ և ազգային կարիքները, իսկ ապագա սերունդներին չզրկենք կենսական նշանակության ռեսուրսներից և բնական միջավայրից։

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 25/02/2019