Էկոլոգիա

Ռեստարտ առանց դիմադրության. Թեղուտի հանքավայրը վերագործարկվեց

Թեղուտ գյուղ մտնող ճանապարհին առաջինը հայտնվում է «Բարի գալուստ Թեղուտի լեռնահանքային կոմբինատ» ցուցապաստառը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Թեղուտ գյուղից ընդամենը 4 կմ է հեռու: Հանքն այստեղ ավելի բարձր դիրքում է տեղավորվել, քան Թեղուտ գյուղը, բայց գյուղի բարձրադիր մասերից բաց հանքն ու վերամշակման գործարանն ամբողջությամբ երևում են։ Իսկ Թեղուտի երբեմնի փարթամ անտառն այլևս նախկին տեսքը չունի, քանի որ նրա մի հատվածն արդեն անդառնալիորեն հատվել է: Հատվել է հենց այս հանքի շահագործման նպատակով:

Ներկայումս Թեղուտը հարևան Շնող և Քարկոփ բնակավայրերի հետ ներառված է Շնող խոշորացված համայնքի կազմում: Խոշորացված համայնքը, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, ունի մոտ 4000 բնակիչ, որից մոտ 800-ը Թեղուտի բնակիչներն են: Այս բնակավայրերի և հանքավայրի մոտով են անցնում Շնող և Դեբեդ գետերը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն արդեն այս համայնքի պատմության մաս է կազմում`շրջակա միջավայրի և այստեղ ապրող յուրաքնաչյուր բնակչի վրա իր ունեցած մեծ ազդեցությամբ: Հանքավայրի բուն շահագործումը մեկնարկեց 2015թ-ին, որից երեք տարի անց` 2018թ. հունվարին, աշխատանքները դադարեցվեցին: Հանքը շահագործող կազմակերպությունը երկու պատճառ էր շրջանառում: Հիմնավորումներից մեկն այն էր, որ 2016թ. սկզբին պղնձի միջազգային գների անկում գրանցվեց, իսկ արդեն 2018թ. հունվարին, պատճառաբանվեց պոչամբարի պատվարի ցուցանիշների անհամապատասխանությունը ՀՀ օրենսդրական և միջազգային չափորոշիչներին: Դա էլ հիմք հանդիսացավ հանքի շահագործումը դադարեցնելու համար:

Մեկ ու կես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսի 1-ից, Թեղուտի հանքավայրը կրկին վերագործարկվում է և վերականգնվում է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը, սակայն արդեն նոր սեփականատերերի կողմից: Վերջիններս պնդում են, որ պոչամբարի հետ կապված ոչ մի խնդիր չկա․ խնդիրը հանքավայրի վատ կառավարումն է եղել:

«Ամփոփ Մեդիան» սույն ուսումնասիրությամբ ներկայացնում է Թեղուտի հանքավայրի ժամանակագրական պատմությունը և այն, թե որքանով է հանքավայրը շահագործվում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից ելնելով: Այլ կերպ ասած՝ ընկերությունն առաջնորդվո՞ւմ է սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքներով` ապահովելով կայուն դրական արդյունք ինչպես հասարակության, այնպես էլ բիզնեսի համար:

Տնտեսական գործոն. հանքի կառավարում

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն այժմ համարվում է «ՎՏԲ» բանկի սեփականությունը: 2018թ-ին բանկը նախորդ սեփականատիրոջից այն փաստացի առգրավել է` վարկային պայմանագրով նշված կետերը չկատարելու հիման վրա: «Թեղուտ» ՓԲԸ-ի հիմնադիր սեփականատերը «Վալլեքս» խումբն էր` ի դեմս «Արմենիան Քափըր փրոգրամ» ՓԲԸ-ի (Էյ-Սի-Փի) և նրա սեփականատեր Վալերի Մեջլումյանի:

Ըստ արդեն նախորդ սեփականատիրոջ՝ հանքավայրի համալիր գործունեության համար ներդրված գումարը կազմում էր շուրջ 352 մլն դոլար, որից «ՎՏԲ» խմբի ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկի չափը 308 մլն դոլարն էր, իսկ 44 մլն-ը` «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական միջոցները:

«Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարության համաձայն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից վարկի գծով սպասարկման (մայր գումարի և տոկոսների մարումներ) և կոմիսիոն վճարների ընդհանուր գումարը 2018թ. օգոստոսի դրությամբ կազմում էր շուրջ 110 մլն դոլար: Հանքավայրը կառավարող ընկերությունը վարկը վերցրել էր 2014թ. վերջին` 9% տոկոսադրույքով և պարտավորվել երրորդ տարուց սկսած մարել վարկը: Սակայն դրա փոխարեն տվյալ տարում դադարեցվեց հանքավայրի գործունեությունը:  2018թ. հունվարի 24-ին հայտարարվեց պլանային դադարի մասին, իսկ փետրվարի 2-ին՝ աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին:

Նոր սեփականատեր «ՎՏԲ» բանկը, որին անցել է թե հանքավայրը, թե կից ֆաբրիկան, իր կողմից ստեղծել է տնօրենների խորհուրդ: Ինչպես ասում է «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը՝ հանքի վերագործարկման համար անհրաժեշտ ներդրումների հարցում մեծ դեր կունենա ձևավորված տնօրենների խորհուրդը:

Հանքի նոր շահագործողները նշում են, որ իրենց մասնագետները պոչամբարի վթարային վիճակ չեն արձանագրել: Պոչամբարի խնդիրներն առաջացել էին պոչամբարի մակարդակի բարձրանալու պատճառով` տարեկան թույլատրվածից մեկ միլիոն տոննա ավել հանքաքար հանելու և վերամշակելու պատճառով:

«Մեկ ու կես տարի անցել է, պատնեշն այսօր լիովին ամրացել է, և այսօրվա դրությամբ նախագծի որևէ խախտում չկա»,- Ազատությանը տված հարցազրույցում ասել է «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն:

Դեռ 2017թ-ի գարնանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ հետո նաև 2018թ-ի հունվարին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնակիչների ահազանգի հետքերով ուսումնասիրելով և զննելով պոչամբարի տարածքը՝ ոչ մի խախտում չէին հայտնաբերել:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագետ Լևոն Գալստյանն իր զարմանքն է հայտնում Թեղուտի հանքավայրի շահագործման վերսկսման վերաբերյալ: «Նոր կառավարությունը, ի պատասխան մեր հարցմանը, նշել է, որ որևէ նոր եզրակացություն չի տրվել հանքավայրի այսօրվա վիճակին, այսինքն ուժի մեջ են նախորդ կառավարության տված եզրակացությունները: Սակայն դրանով գործել հնարավոր չէ: Ինչպե՞ս կարելի է առանց վերագնահատման, առանց նախագծի, նոր բնապահպանական, անվտանգության փորձաքննության և դրական եզրակացության այդ հանքը կրկին շահագործել», – ասում է Գալստյանը:

Ըստ նրա՝ տեղեկություն չկա նաև, թե ինչ արդյունքներ են ունեցել պոչամբարի վերաբերյալ արված միջազգային հետազոտությունները:

«Նոր կառավարությունը մինչ օրս գնահատական չի տվել մոտ տասը տարի Հայաստանի «տնտեսապես ամենալավ, հզոր» ծրագիրը համարվող Թեղուտի հանքի կոլապսին: Ինչո՞ւ չեն գնահատվել մինչև այժմ արված հանցագործությունները: Ես այլ կերպ այն անվանել չեմ կարող: Թեղուտի հանքի շահագործման ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանցագործություններ` փաստաթղթերը և իրականությունը չեն համապատասխանել միմյանց, և դրա պատճառով էլ եղավ այս կոլապսը», – «Ամփոփ Մեդիան»-ին ասում է Գալստյանը:

Սոցիալական գործոն. հանքավայրը բնակիչների տեսանկյունից

Հանքի վերագործարկմամբ ոգևորված են հատկապես Թեղուտի բնակիչները: Գյուղացիները նշում են, որ նոր օպերատորը իրենց հետ հանդիպել է մայիսին և վստահեցրել, որ գյուղը հանքի շահագործումից միայն շահելու է։ Ըստ բնակիչների՝ օպերատորն ասել է, որ արդեն իսկ մի շարք սոցիալական ծրագրեր ունեն համայնքի համար՝ համակարգչային ուսուցում երեխաների համար, ֆուտբոլային թիմի ստեղծում և այլն։

Ավելին, բնակիչների շրջանում լարված մթնոլորտ է, քանի որ հանքի ղեկավարությունն արդեն սկսել է աշխատատեղերի համար մարդկանց կանչել։ Գյուղացիները պատմում են, որ հանքում աշխատանքի անցնելու համար իսկական մրցավազք է սկսվել․ բոլորը հույս ունեն, որ գոնե ընտանիքից մեկ հոգի կաշխատի այնտեղ, որպեսզի կարողանան վարկերը փակել։

Made with Visme Infographic Maker

Այժմ, երբ հանքն արդեն պատրաստ է վերագործարկման, օպերատորը փոխված է, իսկ գյուղացիները վարկեր ունեն, անգամ նրանք, ովքեր դեմ էին հանքի շահագործմանը, գերադասում են լռել։

«Հանքը ունի լիցենզիա, նոր օպերատոր կա, որի աշխատանքը չենք տեսել, դրա համար էլ հիմա, եթե խոսենք, գյուղում մեզ կմեղադրեն իրենց հացը կտրելու համար, կասեն, որ վատն ենք խոսում, որպեսզի հանքը փակվի։ Ով դեմ է խոսում հանքի շահագործմանը, ասում են՝ բա ես երեխեքիս ինչով պահեմ, որ հանքը փակվի», -ասում է Թեղուտի երիտասարդ բնակիչներից մեկը:

Երիտասարդներից ոմանք անիմաստ են համարում խոսելը, երբ չունեն փաստեր. «Ոչ մի ուսումնասիրություն չկա: Եթե խոսում ես, ասում են, որ պռովոկատոր ես կամ նախանձում ես, որ քեզ աշխատանքի չեն ընդունել։ Կխոսեմ այս ամենի մասին, երբ վերջապես ուսումնասիրություն լինի, թե հանքը որքանով է վնասում բնակչությանը և գյուղին»։

Թեղուտի և Շնողի բնակիչների կարծիքով հանքի բացումից հետո առաջացած խնդիրների մեծ մասը նախկին օպերատորի վարած քաղաքականության հետևանքն է։ Նրանք, սակայն, հասկանում են, որ հանքի շահագործումը չի կարող անհետևանք մնալ: Հողի էրոզիան, ծառահատումները և բաց պոչամբարն իրենց բացասական ազդեցությունը թողնում են։ Հույս ունեն միայն, որ համապատասխան ձևով կփոխհատուցեն իրենց:

Թեղուտի հանքի շահագործման մեկնարկի ժամանակ ընկերության նախին ղեկավարները և պետական բարձրաստիճան պաշտոնյաները չէին հապաղում բարեկեցիկ կյանքի խոստումներ տալ Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներին: Չնայած խոստացված գազաֆիկացմանը, այսօր Թեղուտ գյուղը գազաֆիկացված չէ, իսկ Շնողը՝ մասամբ:

Թեղուտի հանքի շահագործման հետ կապված մյուս խնդիրը Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների հողերի գնումն էր «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից:

Դեռևս 2009թ. «Թեղուտ» ՓԲԸ-ը պղնձի հանքավայրի տարածքների յուրացման դիմաց Թեղուտ և Շնող գյուղերի 345 տնտեսությունից  ձեռք էր բերել հողեր՝ 1քմ-ը՝ 70-100 դրամ գումարով, ինչը շուկայական արժեքից (222 դրամ) անհամեմատ քիչ էր:  Այսօր արդեն Եվրադատարանը Թեղուտին վերաբերող 7 վճռով Հայաստանին պարտավորեցրել է 82 հազար եվրո փոխհատուցում վճարել: Բոլոր գործերում նշվում է, որ  բնակիչը չի համաձայնվել վաճառել իր հողակտորը էժան գնով, սակայն «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ «դատական անազնիվ գործընթացի» արդյունքում ստիպված է եղել գնալ այդ քայլին:

Մյուս կողմից էլ, բնակիչների ստորագրությամբ է, որ գերակա շահ են ճանաչվել ոչ միայն իրենց սեփական հողատարածքները, այլև գյուղին հարակից մի քանի տարածքներ: Իսկ այժմ բողոքում են, որ արոտավայր չկա, գետի ջուրը իրենց չի հասնում կամ հասնում է կեղտոտ կամ էլ, որ Խեչ (գյուղի մոտ գտնվող մատուռն է) գնալու համար իրենց հատուկ թույլտվություն է պետք, քանի որ այն ևս հանքի տարածքում է:

Բնապահպանական գործոն

Թեղուտ հանքի շահագործման դեմ պայքարը Հայաստանի բնապահպանական ամենամասշտաբային նախաձեռնություններից մեկն էր: Բնապահպանական հիմնական խնդիրներն էին անտառահատումը, հանքի պոչամբարը և հանքի շահագործման ծրագրի օրինականության հարցը:

Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի համաձայն, հանքավայրի ստեղծման շինարարական աշխատանքների ընթացքում հատման ենթակա էր 357 հա անտառ: Հանքը շահագործող ընկերությունը պարտավորություն էր վերցրել, որ փոխարենը հարակից ազատ տարածքներում կտնկի 714 հա անտառ: Հետագայում տնկվելիք անտառի 714 հա-ից 180-ը փոխարինվեց պտղատու այգով, քանի որ բնակիչները չէին ցանկանում իրենց՝ մշակման պիտանի առանց այդ էլ փոքրածավալ հողերում անտառ տնկել:

Սակայն, բնապահպանների հավաստիացմամբ, այգին վնասակար է այնքանով, որ այն ոռոգվում է Դեբեդ և Շնող գետերով, որոնք, ըստ Բնապահպանության նախարարության՝ ունեն աղտոտվածության ամենաբարձր՝ 5-րդ աստիճանը: Ծանր մետաղներից Դեբեդում բարձր է եղել մոլիբդենը և երկաթը, Շնող գետում՝ մոլիբդենը: Աղտոտված են նաև տեղի գյուղատնտեսական նշանակության հողերը:

2018թ. հունվարի դրությամբ՝ հանքավայրի շահագործման մեկնարկից սկսած, հանքի նախկին սեփականատերը նշել էր, որ հատվել է շուրջ 223 հա անտառ և տնկվել` 562 հա, որից 31 հա-ը՝ այգի: Տնկված անտառի միջին կպչողականությունը 2017թ. կազմել է 61%: Սակայն բնապահպան Լևոն Գալստյանը նշում է, որ թվերը չեն համապատասխանում իրականությանը:

Made with Visme Presentation Maker

Թեղուտի անտառի համար և հանքի բացման դեմ պայքարող ակտիվիստները, որոնք միավորված էին Թեղուտի քաղաքացիական նախաձեռնության շուրջ, իրազեկող և պաշտպանող ակցիաներից զատ նաև դատական գործընթացով են փորձել լուծել խնդիրը, սակայն ապարդյուն: Առաջին դեպքում դատարանը չի ընդունել հայցը, իսկ երկրորդ դեպքում դատական գործը կարճվել է: «Թեղուտ» ՓԲԸ-ի ապօրինի գործունեության հարցով նրանք դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին:

ՄԻՊ գրասենյակը իր 2013թ. զեկույցում նշել էր, որ Թեղուտի հանքի շահագործման լիցենզիա ստանալու ընթացքում թույլ են տրվել Օրհուսի կոնվենցիայի, այսինքն` Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասի խախտումներ:

ՄԻՊ-ը անդրադարձ էր կատարել նաև այն փաստին, որ հանքավայրն աշխատում է ոչ թե 2006թ. ընդունված և կառավարության կողմից հաստատված նախագծով, այլ 2010թ. նոր նախագծով, որը փորձաքննություն չէր անցել: 2010թ. նոր ծրագրով ընդլայնված էր բաց հանքի տրամագիծը, կրկնակի ավելացել էր խորությունը: Բնապահպանության նախարարությունը ևս հայտնել էր, որ 2010թ. նախագիծը չի հանձնվել փորձաքննության, սակայն չնայած դրան՝ հանքավայրում տեսչական ստուգումներ չէին կատարվել:

Ծրագրի փոփոխության առիթով բնապահպաններն ու իրավապաշտպանները դիմեցին  դատարան: Գործը վարույթ ընդունվեց, սակայն կարճվեց հենց այն ժամանակ, երբ Բնապահպանության նախարարությանը մի քանի օր էր մնացել դատարանի որոշմամբ տեսչական ստուգում իրականացնելու համար:

2014թ. զեկույցում ՄԻՊ-ը կրկին հաստատեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը ստուգման կարիք ունի, ինչը արդեն 3 տարի է չի կատարվում բնապահպանության նախարարության կողմից: Իսկ արդեն 2017թ. զեկույցում նշվում էր, որ Բնապահպանության նախարարությունը 2013-2017թթ. Թեղուտ ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ չի իրականացրել, չնայած պարտավոր էր, քանի որ ընկերությունն ընդգրկված էր ստուգումների ենթակա ընկերությունների ցուցակում:

Հավելում

Հուլիսի 1-ից վերագործարկելով հանքավայրը՝ «Թեղուտ» ընկերությունը պատրաստվում է տարեկան մինչև 7 մլն տոննա հանքաքար արդյունահանել և վերամշակել: Ընկերության նոր կառավարիչները հավաստիացնում են, որ ներկայիս կառավարությունից ստացել են անհրաժեշտ բոլոր թույլտվությունները և չեն պատրաստվում կրկնել նախորդների սխալները: Միևնույն ժամանակ խոստանում են փոշին նվազեցնելու նոր մեթոդներ կիրառել, ինչպես նաև բարձրացնել պոչամբարի սեյսմակայությունը առաջիկա 3-5 տարիների ընթացքում:

Բնապահպանները թերահավատորեն են մոտենում այս խոսքերին՝ համարելով, որ նոր շահագործողների առաջնային խնդիրներն են «փակել բանկի 400 մլն դոլար վարկը կամ հետագայում վաճառել ուրիշ ընկերության»:

«Անաչառ գիտնականները` էկոլոգները, տնտեսագետները, դեռևս 2015թ. հայտնում էին, որ այդտեղ հանք շահագործել չի կարելի: Արդյունքում ապացուցվեց, որ Թեղուտի հանքավայրը էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական առումով չէր կարելի ստեղծել:… Եվ զարմանալի է, որ նոր կառավարությունը շահագործման է հանձնում հանքավայրը՝ առանց այս ամենը հաշվի առնելու և գնահատելու», – ասում է Գալստյանը:

Ամփոփեցին Աստղիկ Գևորգյանը և Ռաֆիկ Ենգիբարյանը

Լուսանկարիչ և օպերատոր՝  Թորոս Խաչատրյան

Մոնտաժ՝ Սոֆի Թովմասյան

Ինֆոգրաֆիկները՝ Աստղիկ Գևորգյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Այլ լուսանկարներ՝  Vallexgroup.am, Azatutyun.am, Armlur.am, Primeminister.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/07/2019