Դըրբըզեք

Ապրեցնող հուշեր Խնածախից․ Նարինեն Աստծուց ուժ ու համբերություն է խնդրում

Երեխաների քնից մեկ ժամ առաջ մայրը՝ Նարինեն, սկսում է նախապատրաստությունները. լողացնում է նրանց, խնամքով հագցնում, ակտիվորեն մարզում աղջիկների մկանները, հետո կերակրում:

Մեկ տարեկան երկու ամսական Արիանան և Արփինեն թեպետ երկվորյակ են, բայց ի տարբերություն Արփինեի՝ Արիանան շատ ավելի անհամբեր է, դրա համար Նարինեն առաջինը նրան է կերակրում: Այնուհետև աղջնակներին հարմար դիրքով տեղավորում է իր անկողնում և սովորության համաձայն` կամ հեքիաթ կարդում, կամ էլ օրորոցային երգում:

«Քնեցին․․․ 45 րոպեից կարթնանան»,- զգույշ քայլերով դուրս գալով սենյակից ու կիսաբաց թողնելով դուռը՝ շշնջում է նա։

Նարինե Կարապետյանն Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից էր: Ամուսնու՝ Վիտալիի հետ, ավելի քան 13 տարի երեխայի սպասումով էին: Երկար տարիներ բուժումներ ստանալուց հետո արտամարմնային բեղմնավորման ճանապարհով Նարինեն զույգ աղջիկ ծննդաբերեց, այն էլ՝ Արցախի շրջափակման ընթացքում:

«Թեկուզ շատ դժվարին ժամանակներ էին, բայց մեր տանը, կարծես, իրականությունից դուրս մի աշխարհ էր։ Երեխաների ծնունդը մեր կյանքում տեղի ունեցած ամենագեղեցիկ իրադարձությունն էր»,- ասում է Նարինեն ու ավելացնում՝ Արիանան իմ նմանակն է, Արփինեն՝ հայրիկի։

Սիրով լեցուն քույրիկները՝ Արիանան և Արփինեն

Երեխաների ծնվելուց հետո Կարապետյանների ընտանիքում կյանքը կարծես նոր իմաստ ու գույներ էր ստացել: Ամուր և ուժեղ էին՝ առավել, քան երբևէ: Դժվարությունները հաղթահարվում և «անտեսվում էին» երեխաներից ստացած գերբնական ուժով:

Բայց լիարժեք երջանկությունն ընտանիքում ամիսներ տևեց միայն: Արցախի երկինքը մռայլվեց 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմից: Վիտալին զինծառայող էր: Շուրջ մեկ շաբաթ շրջափակման մեջ էր, տուն վերադարձավ միայն սեպտեմբերի 24-ին:

Երջանկությունն ընտանիքում ամիսներ տևեց միայն․․․

«Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, ինձ ու երեխաներին եղբորս հետ Հայաստան ճանապարհեց՝ խոստանալով վառելիք հայթայթել և ընտանիքի մյուս անդամների հետ միանալ մեզ»,- ասում է Նարինեն:

Գաղթի ճանապարհը ձգվեց ավելի քան երկու օր: Կապի բացակայության պատճառով Նարինեն հարազատներից տեղեկություն չուներ: Սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրը վատ կանխազգացումով էր համակել նաև նրան: Ճանապարհին, երբ մի պահ վերականգնվեց կապը, Նարինեն հեռախոսում բազմաթիվ բացթողնված զանգեր ու հաղորդագրություններ ուներ: Ամուսնուց բաց թողնված զանգ չունենալու հանգամանքը բազմապատկեց անհանգստությունը:

Ամուսնու եղբոր՝ Վահրամի հետ կապ հաստատելուց հետո միայն պարզվեց, որ Վիտալին քրոջ ամուսնու և որդու հետ նույնպես պայթյունի վայրում էր։

Քրոջ ամուսնու և որդու դիակներն անճանաչելի էին։ Վիտալիին վառված վիճակում տեղափոխել էին նախ Ստեփանակերտի հիվանդանոց, այնուհետև՝ ուղղաթիռով Հայաստան: 35 օր շարունակ նա պայքարեց ապրելու համար։

«Լիահույս էի, որ կապրի, այնքան երազանքներ ու նպատակներ ունեինք, բայց չդիմացավ»,- ասում է կինը:

Նրա բնորոշմամբ՝ Վիտալին չափազանց հոգատար ու նվիրված հայր էր, նրբանկատ ամուսին:

Հոգատար հայրիկը

«Ինչքան էլ աշխատանքից հոգնած էր վերադառնում, օգնում էր երեխաների խնամքի հարցում: Սիրում էր հատկապես նրանց զբոսանքի տանել: Կարևորում էր երեխաներին տրամադրած ժամանակը, ուշադրությունը»,- նկարագրում է կինը:

«Չգիտեմ, գուցե կանխազգացում ուներ, որ իր ապրելու ժամանակը կարճ է… այնքան սեր ու ջերմություն է նվիրել մեզ: Ամեն օր երանի եմ տալիս մեր կարճատև երջանիկ օրերին»,- ասում է ու աչքը գցում սենյակի մի անկյունում դրված երկտեղանոց կարմիր մանկասայլակին։ Սա այն եզակի նմուշներից է, որը հիշեցնում է Նարինեի երջանիկ օրերը Վիտալիի և նորածին երկվորյակների հետ։

«Մեր ճանապարհվելուց հետո ամուսինս որոշել էր ցանկացած գնով մանկասայլակն ուղարկել: Նրան հաջողվեց մանկասայլակի հետ նաև երեխաների մահճակալներից մեկը բեռնատարում տեղավորել: Սակայն ճանապարհին տեղատարափ անձրևից մահճակալը վնասվել էր»,- հիշում է Նարինեն։

Վերջերս Նարինեն կորցրեց նաև 74-ամյա մորը: 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին նա նույնպես ստիպված էր եղել թողնել Հադրութի շրջանի հարազատ Տող գյուղն ու ապաստանել Հայաստանում: Շրջափակման ընթացքում աղջկա երկարատև սպասված հղիությունն է՛լ ավելի բազմապատկեց մոր անհանգստությունը: Առողջական խնդիրները խորացան և ուղեղի կաթվածից մայրը մահացավ։

Երեխաների խնամքի հարցում Նարինեին օգնում են հարազատները: Աղջնակների հետ ապրում է ամուսնու ծնողների և տեգոր ընտանիքի հետ, Քասախ գյուղում: 9 հոգով տեղավորվել են 3 սենյականոց բնակարանում:

Բավականին բարձր վարձավճարով տունն արդեն չորրորդն է, որ փոխել են: Առավել մատչելի տան փնտրտուքով են: Ընտանիքի անդամներից միայն ամուսնու եղբայրն է աշխատում․ նախկինում զինվորական էր, հիմա շինանյութերի խանութում որպես բանվոր է աշխատում:

Սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմվեցին պետական աջակցության ծրագրերի ու բարի մարդկանց շնորհիվ:

Փոքրիկներն առայժմ ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սակայն, երեխաների հետագա խնամքի ու ապագայի հետ կապված մտահոգությունները Նարինեին հանգիստ չեն տալիս։

«Ինչպես պետք է անեմ փոքրիկներիս հետ՝ չգիտեմ, աշխատե՞լ՝ կարիքները հոգալու համար, թե՞ երեխաների խնամքով զբաղվել։ Աստծուց ուժ ու համբերություն եմ խնդրում, որպեսզի կարողանամ մեր նպատակների ու երազանքների գոնե կեսը տալ իմ երեխաներին»,- ասում է Նարինեն:

Այս զրույցն ընդհատեց հարևան սենյակից լսվող երեխաների ճիչը, ուր էլ շտապեց Նարինեն։ Նա համբուրեց քույրիկներին, ովքեր գրկելու համար իրար հերթ չէին տալիս։

«Երբ գրկում են ինձ ու ասում՝ մամա, ես ինձ պարտավորված և առավել ուժեղ եմ զգում,- արցունքախառը ժպտալով՝ ասում է Նարինեն ու հավելում։ – Երբեմն մտածում եմ՝ լավ է, որ փոքր են ու ամեն ինչ չեն հասկանում»։

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները տրամադրել է Նարինեն։

Այս նյութը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/04/2024