Դըրբըզեք

Ճոճվող ժամանակը․ Շրջափակումը մայրիկների պատերազմն էր

Երեխաների համար նախատեսված նախաճաշը սեպտեմբերի 19-ին համեմատաբար ճոխ էր: Խմբագրիս շնորհիվ աշխատավայրից նախօրոք ձեռք բերված 5 լիտր կաթից մայրս նաև պանիր էր պատրաստել: Երանելի պանրի կտորը տաք հացով ճաշակելու համար ջանք չխնայեցի. գիշերը վերջին բուռ ալյուրից խմոր հունցեցի: Պետք էր ժամանակը ճիշտ կազմակերպել, անելիքները պլանավորել հովհարային անջատումների գրաֆիկին համապատասխան և ամեն ինչ հասցնել ընդամենը 2 ժամում:

Պանրի փոքրիկ կտորը տաք հացի հետ առաջինը եղբորս 13-ամյա որդին՝ Տիգրանը ճաշակեց. ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար հաճախ էր մեր տանը մնում: Նրան ավելի վաղ արթնացրեցի, քանի որ ոտքով պետք է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը հասներ, ինչը մեր տնից մոտ 4 կմ հեռավորության վրա էր։ Հեծանիվն էլ սարքին չէր:

Մինչ սալօջախին մարմանդ կեռար սուրճս, Տիգրանի հետ մտերմիկ ու ջերմ զրույց ունեցանք: Սուրճն էլ նախորդ օրը գործընկերուհիս՝ Անին, սկեսրոջ օրեցօր դատարկվող սուրճի տուփից մեկ չափաբաժին էլ ինձ համար էր «թռցրել»:

Պղպջակախառը սուրճը սթափեցնող էր անքուն գիշերից հետո… Կարծես էլիքսիր լիներ… բլոկադայի ընթացքում սուրճի մեջ սերն ավելի շատ էր… Իսկ պանրի մեկ կտորը, թվում էր, Տիգրանին այնպես էր հագեցրել, որ նա նույնիսկ չփորձեց երկրորդը:

«Երկրորդն էլ կեր, Տիգ»,- ասացի:

«Հորքուր, Դավիթն ու Սոնան էլ պիտի օտին»,- սաստեց ու գնաց:

Տիգրանին դպրոց ճանապարհեցի երեկոյան հանդիպելու ակնկալիքով: Դավիթին ու Սոնային արթնացրեցի: Թեպետ դպրոցը մոտ էր տնից, սակայն «էքսկլյուզիվ նախաճաշը» վայելելու համար նրանց էլ էր լրացուցիչ ժամանակ պետք:

Դավիթին դժվարությամբ արթնացրեցի: Կեսգիշերն անց էր, դեռ հացի գործող փուռ գտնելու փնտրտուքով էր: Խոհանոց չհասած՝ զգաց թարմ հացի անուշաբույրը:

«Մամ, էս հիբըս հըսցըրալ»,- ասաց ու գրկեց ինձ շնորհակալության փոխարեն:

Շրջափակումը մայրիկների պատերազմն էր: Երբ հետևում ես ժամանակին և ուզում ես, որ շուտ անցնի, այն սկսում է դանդաղել և, հակառակը, երբ մի բան չես հասցնում և տենչում ես, որ ժամանակը դանդաղի, այն սկսում է սլանալ։ Ու ավելի ես շփոթվում:

Ժամանակը դանդաղում էր հատկապես ձմռանը… առանց լույսի ու գազի պարբերաբար ընդմիջվող 6 ժամն անտանելի ձգվում էր: Իսկ 120 րոպեն, երբ լույս կար, սլանում: Եվ կանգ էր առնում ժամանակը, երբ էլեկտրական համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով առաջացած վթարից հոսանքազրկվում էր քաղաքը:

Հովհարային անջատումներն իրականացվում էին 4 պայմանական խմբերով: Մայրիկների համար մեծ հաջողություն էր, երբ տան և աշխատավայրի խմբերն իրար չէին համապատասխանում: Պետք էր ամեն տեղ հասցնել… Ստեփանակերտի Հեքիմյան և Մամիկոնյան փողոցները հովհարային անջատումների միևնույն խմբում չէին, ինչը ձեռքբերում էր ինձ համար: Խառնաշփոթը, կարծես, փոքր-ինչ մեղմվում էր:

Սիրելի կաթնամթերքը դասերից հետո էլ ճաշակելու համար Սոնան կիսեց իր չափաբաժինը, փայլաթիթեղի մեջ փաթաթեց ու դրեց սառնարան:

Երեխաներիս դպրոց ճանապարհեցի։ Սովորության համաձայն, պատուհանից նրանց հետևում էի այնքան ժամանակ, քանի դեռ տեսադաշտում էին: Երբեմն նաև լուսանկարում էի. այդ օրն էլ նկարեցի: Բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում գտնվող իմ պատուհանը, ինչպես մայրիկս էր սիրում բնորոշել, ամֆիթատրոն էր:

 

Դպրոց ճանապարհելիս

Քաղաքը նույնքան էմոցիոնալ ու խառնաշփոթ էր, որքան մենք: Ազատության զգացողությունը կասկածի տակ էր արդեն 10 ամիս շարունակ:

Չգիտեի, որ վերջին անգամ եմ քաղաքի շարժին հետևում տանս պատուհանից…

Ու էլի շատ բան չգիտեի…

Ժամանակը ճոճվում էր… Ես դեռ պետք է հասնեի աշխատավայր:

Առջևում շարունակվող անորոշությունն էր…

Շարունակելի…

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի

Այս նյութը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/04/2024