Էկոլոգիա

Կաթիլային ոռոգման համակարգի շահավետ կողմերը

Գյուղատնտեսության ոլորտի զարգացումն անհնար է առանց ջրի: Վիճակագրական տվյալների համաձայն` ողջ աշխարհում ջրի հիմնական սպառումը տեղի է ունենում գյուղատնտեսության ոլորտում: Դրան հաջորդում է արդյունաբերական, ապա կենցաղային նպատակներով ջրօգտագործումը:

Հայաստանում ջրօգտագործման 83.7%-ը բաժին է հասնում գյուղատնտեսության, ձկնաբուծության և անտառտնտեսության ոլորտներին: Հետևաբար՝  կարևոր գործոններից է ոռոգման հիմնարար համակարգերի առկայությունը:

Ոռոգման համակարգը ստեղծում է բույսի համար օպտիմալ խոնավություն, ինչով կարգավորվում է հողի` ջրաօդային, ջերմային և սննդային ռեժիմները:

Կախված  բնակլիմայական պայմաններից և հողի կառուցվածքից՝ ցանկացած կուլտուրայի համար գոյություն ունի ոռոգման ռեժիմ: Վերջինս գյուղատնտեսական կուլտուրաների ջրման և ոռոգման նորմերի, ջրումների թվերի և ժամկետների համակցությունն է:

Ոռոգման արդյունավետ տեսակները

Ջրման բոլոր ձևերը խմբավորվում են ստորգետնյա և վերգետնյա եղանակների մեջ: Ոռոգման արդյունավետ տեսակներից են համարվում մարգերով ջրելու տեսակը, ինչպես նաև կաթիլային ոռոգման տարբերակը:

Մարգերով ջրման տարբերակը, թերևս, ամենատարածված ջրման ձևն է, որով կարելի է ջրել դաշտային, բանջարանոցային մշակաբույսերը: Դրանք կիրառել են նաև ջերմոցներում և ջերմատներում: Սակայն այս համակարգի համար անհրաժեշտ է ռելիեֆի հարթ կամ շատ թույլ թեքություն: Այն ջրի խնայողության համար լավ տարբերակ է:

Կաթիլային սա, թերևս, ամենաարդյունավետ և ջրախնայող տարբերակն է, որը կիրառվում է նաև Հայաստանում՝ վերջին 10-15 տարիների ընթացքում՝ հիմնականում ջերմատնային տնտեսություններում, բաց դաշտում, և տարբեր ռելիեֆային պայմաններում: Իրականացվում է մեխանիկական (պոմպի աշխատանքը և փականները կառավարվում են ձեռքով)  և ավտոմատացված եղանակով (վերահսկվում և կառավարվում է համակարգչի միջոցով):

Կաթիլային ոռոգումն ունի մի շարք առավելություններ: Մասնավորապես՝ այն թույլ է տալիս ավելի ճկուն կառավարել բնակլիմայական գործընթացները, այն է՝ ըստ պահանջի բույսին տրամադրել սննդանյութեր և ջուր: Այդպիսով՝ անցում է կատարվում ինտենսիվ գյուղատնտեսության, այսինքն՝ բարձր բերքատվություն՝ քիչ ջրի ծախսով: Բացի այդ, ջուրը և պարարտանյութերն անմիջապես մատակարարվում են բույսի արմատային համակարգին:

Սակայն պետք է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք, այն է՝ կաթիլային ոռոգման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել ջրի ֆիլտրացիա, առանց որի գործընթացը գործնականում անհնար է:

Ոչ պակաս կարևոր է ֆիլտրացման համակարգի ճիշտ ընտրությունը, ինչը երաշխիք է, որպեսզի համակարգը երկար կյանք ունենա:

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 07/08/2019