Էկոլոգիա

Շրջանաձև տնտեսություն․ Ի՞նչ է դա

Հայաստանում 2018թ․ դրությամբ վերամշակվում է թափոն դարձած պլաստիկի միայն 15%-ը, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը` 50%-ն է։

Անգամ կիսով չափ վերամշակման պարագայում, պլաստիկե թափոնն այնպիսի արագությամբ է ավելանում, որ ըստ Էլեն Մըքարթուր հիմնադրամի՝ 2050 թ․ թափոնները ջրում ավելի շատ կլինեն, քան ձկները։

Բնության շրջապտույտի արդյունքում, սակայն, բոլոր այն պլաստիկե թափոնները, որոնք նետվում են աղբարկղեր կամ բնության գիրկը, վերադառնում են աղտոտված սննդի, ջրի և օդի տեսքով: Պլաստիկե և կենցաղային ու տնտեսական բոլոր թափոններն ի զորու են էկոլոգիական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, մյուս կողմից՝ վնասել մարդու առողջությունը։

Այս վտանգները կանխարգելելու նպատակ ունի աշխարհում արդեն իսկ մեծ տարածում գտած վերամշակող արդյունաբերությունը։ Վերամշակող ու վերականգնող տնտեսություն կազմակերպելուն է ձգտում նաև շրջանաձև տնտեսությունը:

Ներկայումս համաշխարհային տնտեսությունը գծային է։ Այսինքն՝ արտադրվող իրերը մեկ անգամ օգտագործվելուց հետո վերածվում են թափոնի: Սա մեծ սթրես է մոլորակի համար: Իսկ Երկրի բնակչության աճն էլ ավելի է մեծացնում այդ սթրեսը: Հաշվարկները ցույց են տալիս, որ Երկրի բնակչությունը մինչև 2050թ. կհասնի 10 միլիարդի: Այս պարագայում կտրուկ կավելանա տնտեսական թափոնների քանակը:

Շրջանաձև տնտեսությունը հնարավորություն ունի առավելագույնի հասցնելու տարբեր իրերի վերաշրջանառությունը: Էներգախնայող ու վերամշակող այս գործընթացն ունակ է նաև նվազեցնելու երկրագնդի բեռը:

Circle Economy-ն՝ 2018 թ. հրապարակել է «Շրջանաձև տնտեսության բաց» առաջին զեկույցը, համաձայն որի` 2015 թ. համաշխարհային տնտեսության մեջ ներգրավված ընդհանուր նյութերի քանակը կազմել է 92.8 Գտ (գիգատոննա)։ Դրանից 84.4 Գտ արդյունահանված և 8.4 Գտ վերամշակված նյութերն են։

Ինչո՞ւ շրջանաձև տնտեսություն

Շրջանաձև տնտեսությունը կարող է նպաստել միաժամանակ և՛ տնտեսական, և՛ բնական ռեսուրսների աճին: Սա նշանակում է, որ վերամշակող արդյունաբերությունից ստացվող արտադրանքը կնպաստի տվյալ երկրի տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ թափոնների օգտագործումը կօգնի զգալիորեն նվազեցնել բնական ռեսուրսների ծախսը։ Սրա համար վերամշակող տնտեսության զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել մի քանի գործողություններ։ Առավել կարևորներից են՝ գույքի կիսումը կամ համատեղ օգտագործումը, դրանց վերօգտագործումը և որակի հաշվին օգտագործման ժամկետի երկարացումը։

Շրջանաձև տնտեսությունը նյութերը բաժանում է երկու կատեգորիայի` կենսաբանական և տեխնիկական: Կենսաբանական նյութերը մարդու կողմից օգտագործվող կենսազանգվածներն են՝ սնունդը, փայտյա կահույքը և այլն: Տեխնիկական նյութերն են` պլաստմասսան, փրփուրները, մետաղները, էլեկտրոնիկան և այլն:

Շրջանաձև տնտեսության 3 սկզբունքները

Պահպանել և ընդլայնել բնական կապիտալը` վերահսկելով սահմանափակ պաշարները և հավասարակշռելով վերականգնվող ռեսուրսների հոսքերը

Օպտիմալացնել ռեսուրսների արդյունքը՝ առավելագույնս պահելով ապրանքները, բաղադրիչները և նյութերը իրենց օգտագործման շրջանառության մեջ՝ թե տեխնիկական, թե կենսական ցիկլներում

Խթանել համակարգի արդյունավետությունը` բացասական արտաքին ազդեցությունները բացահայտելու և հեռացնելու միջոցով։

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/12/2019