Էկոլոգիա

Ինչպե՞ս նվազեցնել կլիմայի փոփոխության տեմպերը

Մոլորակի կլիման, իրականում, փոխվում է միշտ և անկախ մարդու գոյությունից: Խնդիրն այն է, որ մարդն արագացնում է այդ փոփոխությունները: Այն, որ մարդու միջամտությամբ կլիման գնում է դեպի կտրուկ տաքացում, գիտնականները սկսեցին նկատել 20-րդ դարից: Հենց այս շրջանում միջազգային կազմակերպությունները սկսեցին միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու կլիմայի տաքացման տեմպերը:

Գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության մեղմման տարբեր քաղաքականություններ կան: Դրանցից որոշներն առաջարկում են հանածո վառելիքը փոխարինել վերականգնվող էներգիայով: Մյուսները փորձում են գտնել նոր պայմաններին հարմարվելու եղանակներ:

Կլիմայի փոփոխման դեմ պայքարին են միտված 1992թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված և 191 երկրների կողմից վավերացված Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան և դրան հաջորդած Կիոտոյի արձանագրությունը:

ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 ծրագրերից 13-րդը ևս վերաբերում է կլիմայի փոփոխությանը: Ծրագրերը նախատեսում են ձեռնարկել միջոցառումներ՝ նվազեցնելու մարդու միջամտությամբ կլիմայի փոփոխման տեմպերը, մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը։

Հայաստանի Հանրապետությունը ևս վավերացրել է վերը նշված պայմանագրերը։

Փարիզի համաձայնագրով՝ Հայաստանը պարտավորվում է կրճատել ջերմոցային գազերի արտանետումների քանակը մինչև 633 միլիոն տոննա: Մյուս պարտավորությունը անտառապատումն է: Նախատեսվում է անառապատ տարածքների մակերեսը 12.7%-ից դարձնել 20.1%:

Կլիմայի փոփոխման դեմ պայքարին է ուղղված նաև «Մոլորակի ժամը» Երկրի ամենամեծ բնապահպանական ակցիան: 2007 թ․ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում մոտ 2 միլիոն մարդ միաժամանակ մեկ ժամով անջատեց լույսերը՝ հանուն մոլորակի բնապահպանական խնդիրների բարձրաձայնման և կլիմայի փոփոխության կանխման: 2018 թվականին ակցիային մասնակցեց արդեն 180 երկիր։ Հայաստանն այս ակցիային մասնակցում է 2008 թվականից։

Հայաստանը իր խոցելի էկոհամակարգերի և չորային կլիմայի պատճառով առավել զգայուն է կլիմայական փոփոխությունների նկատմամբ: Այսօր երկրի փոքր տարածքի վրա կարելի է հանդիպել տարբեր կլիմայական գոտիներ:

1935-2014 թվականների դիտարկումների տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում միջին տարեկան ջերմաստիճանն աճել է 1 աստիճանով, իսկ տեղումների քանակը նվազել է շուրջ 8%-ով:

Ի՞նչ կարող են անել անհատները

Աղբի, թղթի, հեղուկ վառելիքի և պլաստիկի օգտագործումն ածխաթթու գազի մեծ պաշարներ են ուղարկում մթնոլորտ անգամ այն դեպքում, երբ օգտագործածը մեկ լիտր բենզին է կամ 3-4 պլաստիկե շիշ։ Աշխարհում այսօր ապրում է 7 միլիարդից ավելի մարդ և յուրաքանչյուրի կողմից օդ արտանետած մեկ կիլոգրամ ածխածնի երկօքսիդը մթնոլորտում կկազմի 7 միլիարդ կիլոգրամ։

Կլիմայի փոփոխման տեմպերը նվազեցնել հնարավոր է՝ ընդամենը կենցաղում որոշ սովորություններ նորերով փոխարինելով (տե՛ս պատկերը)։

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/12/2019