Սոցիալական

Նյութական վնասներ հոսանքազրկումից և լարման տատանումներից․ ո՞ր դեպքում է ՀԷՑ-ը փոխհատուցում

Գեղարքունիքում էլեկտրաէներգիա սպառող ամեն բաժանորդի հաշվով տարեկան միջինում 20 անգամ հոսանքի անջատում է լինում։ Այս ցուցանիշով Գեղարքունիքը կրկնակի գերազանցում է Հայաստանի միջին ցուցանիշը։

Ավելի քիչ անջատումներ լինում են Արարատի մարզում ու Երևանում՝ ամեն բաժանորդի հաշվով տարեկան 5 անգամ։ [Եթե թիվը անհավանական է թվում, հիշեք, որ որոշ բաժանորդներ կարող են ընդհանրապես չունենալ անջատումներ, որոշները՝ ունենալ ավելի շատ]։


Գեղարքունիքում անջատումները նաև ամենաերկարատևն են ամեն բաժանորդի հաշվով՝ միջինում 30 ժամից ավելի 2022 թվականին։ Սա 4 անգամ ավելի երկար է, քան մայրաքաղաքում գրանցված անջատումների տևողությունը։

Այս մարզում անջատումները հիմնականում լինում են «մատակարարի բաշխիչ ցանցի էլեկտրակայանքի հրաժարման պատճառով»։ Այլ մարզերում անջատումների պատճառները որոշակիորեն տարբերվում են։

Գրաֆիկի ձախ վերին մասից կարող եք ընտրել կոնկրետ պատճառը՝ տեսնելու համար դրանով պայմանավորված անջատումների բաշխումը՝ ըստ մարզերի։


Սրանց մի մասով ՀԷՑ-ը՝ որպես մատակարար, կրում է պատասխանատվություն։ Եվ որպես այդ պատասխանատվության դրսևորում՝ ամսական մինչև տասնյակ միլիոնավոր դրամներ փոխանցում է այն բաժանորդների հաշիվներին, որոնց հոսանքը անջատվել է իր պատճառով։

Բաժանորդներին վերադարձվող գումարները

Միայն 2022 թվականին վճարված գումարը կազմել է 166 միլիոն դրամ, 2023-ի առաջին 3 ամիներին՝ ևս 49 միլիոն (hաջորդ եռամսյակի տվյալներն առայժմ հասանելի չեն)։

Եվ չնայած ՀԷՑ-ի կողմից վճարվող այս մեծ գումարներին, բնակիչների համար դրանք առանձնապես տեսանելի չեն։ Բանն այն է, որ 2022-ին այդ ամբողջ գումարը վճարվել է շուրջ 97 հազար դեպքով (կան բաժանորդներ, որոնք մի քանի անգամ են փոխհատուցում ստացել)։ Իսկ 2023-ի առաջին 3 ամսիներին կատարվել է ևս մոտ 30 հազար փոխհատուցում։

Դրանց մեծ մասը, ինչպես երևում է գրաֆիկից, եղել են փոխանցումներ Երևանի բաժանորդներին։ Բանն այն է, որ թեև տոկոսային առումով նույն Գեղարքունիքի բաժանորդներն ավելի շատ են զրկվում հոսանքից, բայց քանակական հաշվարկով՝ Երևանում ավելի շատ բաժանորդներ կան։ Հետևաբար՝ քանակով ավելի շատ անջատումներ, ավելի շատ հատուցումներ։


Ու քանի որ հատուցումների քանակը շատ է, ամեն բաժանորդի հաշվին փոխանցված գումարը համեմատաբար փոքր է։ Նշված ժամանակահատվածում բոլոր հատուցումների թվում առավելագույն գումարը եղել է 2500 դրամ, նվազագույնը՝ 18 լումա։

Ավելին, այստեղ նաև որոշակի օրինաչափություն կա։ 2022 թվականին բոլոր հատուցումների 62-63 %-ը եղել են 2500-դրամանոց հատուցումները, 7,5 %-ը եղել են 1975-դրամանոցները։ Մյուսները, առանձին վերցրած, չեն հասնում 1 %-ի։

Այսինքն ակնհայտ է, որ կան հատուցումների «սիրելի» չափեր, որոնք ամենաշատն են կիրառվում։ Նույն կերպ 2023-ի առաջին եռամսյակում փոխհատուցումների «սիրելի» չափեր են եղել 2000-դրամանոցները (62-63 %) և 2500-դրամանոցները (2,5 %)։

Փոխհատուցման փոքր չափը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում բացատրում է, որ 2000 դրամը, իսկ հետագայում 2500 դրամը իրենք որպես վերին շեմ են սահմանել՝ ելնելով սպառման ընդհանուր ծավալներից։

Ղոսալմյանը բացատրում է նաև, թե ինչպես են առհասարակ հաշվարկում, թե որքան պետք է լինի փոխհատուցումը՝ ըստ իրենց նախատեսած կանոնների։

«Բաշխողը վճարում է տույժ սպառողի սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամ», – նշում է Ղոսալմյանը։

Նույն կանոններով՝ միջին ամսական ծախս է համարվում խախտման օրվան նախորդած 12 ամսվա միջին ծախսը։ Իսկ եթե նախորդ 12 ամիսներին բաժանորդը էլեկտրաէներգիա չի օգտագործել, ապա միջինը հաշվարկվում է նախորդ ամսվա ցուցանիշով։

Բայց սրանք փոքր գումարներ են ամեն բաժանորդի հաշվով և չեն ներառում այն դեպքերը, երբ հոսանքի անջատումների պատճառով փչացել է բաժանորդների՝ մարդկանց և ձեռնարկությունների տեխնիկան, գույքը, ապրանքը, արտադրանքը և այլն։

Ղոսալմյանը օրինակով բացատրում է, որ նման դեպքերում 2500 դրամից բացի, կարող են լինել նաև այլ պահանջներ։

«Ասենք մարդը խանութ ունի, սառնարան ունի, մեջը պաղպաղակ կա։ Ենթադրենք էլեկտրաէներգիան 10 ժամ է անջատվել, ու մարդը դրա պատճառով վնաս է կրել։ Այդ դեպքում բաշխողը [խմբ.` ՀԷՑ-ը] 2500 դրամը վճարում է, բայց դա չի նշանակում, որ ցանցը 2500 դրամով ավարտեց գործը։ Երբ խախտման փաստը արձանագրվում է, տնտեսվարող սուբյեկտը իրավունք ունի ցանցի նկատմամբ դատական հայց ներկայացնել՝ իր ամբողջ վնասը փոխհատուցելու համար, ուղղակի այդ վնասի փոխհատուցումը հանձնաժողովի տիրույթում չէ», – նշում է հանձնաժողովի վարչության պետը։

Հանձնաժողովը, սակայն, ներկայացնում է վիճակագրություն, որի համաձայն՝ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ հենց այսպիսի դեպքերի վերաբերյալ են ՀԷՑ ուղարկվում ամենաշատ դիմումները։ Խոսքը «էլեկտրաէներգիայի ցածր որակի պատճառով սպառման սարքերը նորոգելու կամ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ» դիմումների մասին է։


Եթե ՀԷՑ-ը չի բավարարում այդ դիմումները, բաժանորդները կարող են դիմել դատարան՝ փոխհատուցման պահանջով։ Դատալեքս համակարգում Հայաստանի էլեկտրական ցանցեր և ՀԷՑ անվանումներով որոնումները տասնյակ նմանատիպ դեպքեր են ի ցույց դնում։ Դրանցից ներկայացնում ենք երկուսը։

Դատական գործ 1. անհատի բողոքը ՀԷՑ-ի դեմ

Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ Կ․Պ․-ն 2021 թվականին հայց է ներկայացնում դատարան և նշում է, որ իր հոսանքի տատանման պատճառով իր տան սառնարանը բռնկվել է, հրդեհ է սկսվել, և իրեն պատճառվել է 700 հազար դրամի վնաս։ Բնակիչը ներկայացնում է հրդեհի մասին ԱԻՆ աշխատակիցների տված ակտը, որի համաձայն՝ հրդեհը հավանաբար սկսվել է հենց հոսանքի տատանման պատճառով։ Բնակիչն այդ հայցով ՀԷՑ-ից պահանջում է փոխհատուցել կրած վնասը։

ՀԷՑ-ը պատասխանում է, որ նախ հրշեջների ներկայացրած ակտը չի կարող փոխհատուցման համար հիմք հանդիսանալ։ Նաև նշում է, որ ՀԾԿՀ 27.12.2006թ. 358-Ն որոշմամբ, եթե բաժանորդը միացած է 220 վոլտ լարման ցանցին, ապա ՀԷՑ-ը պատասխանատու է մինչև սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը։ Իսկ հրդեհը եղել է սպառողի տանը, հետևաբար իրենք պատասխանատու չեն։ ՀԷՑ-ը նաև պնդում է, որ եթե տատանումը իրենց պատճառով լիներ, ապա այլ բաժանորդների մոտ նույնպես կզգացվեր, և բողոքներ կլինեին։ Իսկ բողոքներ, ըստ ՀԷՑ-ի, այդ օրը այդ տեղամասից չեն ստացվել։

Դատարանը արձանագրում է, որ հոսանքի տատանման վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել, իսկ վնասի չափի հաշվարկը փաստարկված չէ և մերժում հայցը։ Բնակիչը մնում է առանց փոխհատուցման։

Գործի մանրամասներն՝ այստեղ։

Դատական գործ 2. ձեռնարկության բողոքը ՀԷՑ-ի դեմ

«Էլիզա և Գոհար» ընկերությունը 2020 թվականին դատարան հայց է ներկայացնում ՀԷՑ-ի դեմ, որով պնդում է, որ չնախատեսված հոսանքի անջատման պատճառով ընկերության արտադրանքը՝ 1420 հատ մսաբուսական պահածոներ, փչացել են։ Ընկերությունը ՀԷՑ-ից պահանջել է պահածոների գումարը՝ շուրջ 700 հազար դրամ, և հարակից ծախսերը․ ընդհանուր՝ շուրջ 925 հազար դրամ։

ՀԷՑ-ը մերժում է հայցը և պարզաբանում, որ հոսանքի անջատումը վթարային է եղել, իսկ մատակարարումը վերականգնելու համար իրենց մասնագետներն աշխատել են ուժեղ անձրևի պայմաններում, ինչի հետևանքով չեն տեղավորվել վթարը վերացնելու համար նախատեսված ժամանակի մեջ։ Ավելին, ըստ ՀԷՑ-ի՝ ապացուցված չէ, որ պահածոների փչանալը եղել է հենց հոսանքի անջատման հետևանքով։ Հոսանքի մատակարարը նաև նշում է, որ որպես բիզնես՝ «Էլիզա և Գոհար» ընկերությունը պետք է շրջահայց լիներ և էլեկտրաէներգիայի հավելյալ աղբյուրներ ունենար՝ իր ռիսկերը նվազեցնելու համար։

Դատարանը ի վերջո եզրակացնում է, որ հայցվորը [պահածոներ արտադրող ընկերությունը] չի ներկայացրել ապացույցներ, որ վնասը եղել է հենց հոսանքի անջատման պատճառով, և չունի ապացույցներ նաև այն մասին, որ ՀԷՑ-ը պատշաճ չի աշխատել վթարը վերացնելու համար։ Դատարանը ոչ միայն մերժում է ՀԷՑ-ի դեմ արտադրողի հայցը, այլև պահանջում է ընկերությունից ՀԷՑ-ին վճարել 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։

Օգոստոսի վերջի դրությամբ՝ գործը գտնվում է վերաքննիչ դատարանի վարույթում։ Դրա մանրամասները՝ այստեղ։

ՀԷՑ-ի դեմ պայքարը դատարանում

Ինչպես երևում է երկու գործերից, քանի որ ապացուցման ծանրությունն ընկնում է հայցվոր կողմի վրա, և՛ անհատները, և՛ մասնավորը կարող են խնդիրներ ունենալ և բավարար ապացույցների չտիրապետել՝ ՀԷՑ-ի դեմ գործը գլուխ բերելու համար։

Բանն այն է, որ գործնականում խիստ դժվար է, իսկ անհատների դեպքում՝ գրեթե անհնար է ապացուցել, որ հոսանքի հետ կապված խնդիրները եղել են հենց ՀԷՑ-ի պատճառով։ Օրինակ, անհատը ինչպե՞ս պետք է ապացուցի, որ տատանումը եղել է ոչ թե իր տան ներսում, այլ ՀԷՑ-ի ցանցի պատճառով։

Այլ կարգավիճակ ու կարողություններ ունեն ձեռնարկությունները, սակայն այս դեպքում էլ ապացուցման բեռը բավական ծանր է։ Վերը նշված գործով «Էլիզա և Գոհար» ընկերության շահերը ներկայացրած փաստաբան Արևհատ Սիմոնյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ հիշատակված վթարային անջատման օրը ՀԷՑ-ը բավական ուշ է արձագանքել վթարի վերականգնմանը, ինչի հետևանքով 13 ժամ հոսանք չի եղել, մինչդեռ օրենքով վթարը պետք է վերացվեր 4 ժամում։

«Օրենքը նախատեսում է, որ վերականգնելու համար նախատեսված ժամանակի հարցում բացառություններ են այն դեպքերը, երբ արտակարգ իրավիճակներ են եղել՝ փոթորիկ, երկրաշարժ և նման դեպքեր։ Կոնկրետ այդ ժամանակ փոթորիկ, պտտահողմ չի եղել։ Անձրև է եկել, ի՞նչ անենք։ Եթե երեք օր անձրև գար, երեք օր լույսերը չէին միանալո՞ւ, վթարը չէր վերացվելո՞ւ», – նշում է փաստաբանը։

Այն, որ ընկերությանը մեղադրում են շրջահայաց չլինելու մեջ, փաստաբանը նշում է, որ փոքր կազմակերպությունների համար հոսանքի երկրորդ աղբյուր ունենալն օրենքով պարտադիր չէ․ այն պարտադիր է հիվանդանոցների և նման կազմակերպությունների համար։

Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշում է, որ դատարանները սովորաբար հակված են լինում պաշտպանել պետական ու խոշոր մասնավոր ընկերությունների շահերը, ինչպիսին ՀԷՑ-ն է։

Պատճառված նյութական վնասների հատուցման պահանջով դատական հայեցրի վերաբերյալ «Ամփոփ Մեդիան» հարցում է ուղարկել նաև ՀԷՑ-ին։ Սակայն ընկերությունից գրավոր տեղեկացրել են, որ պահանջվող տեղեկատվությամբ առանձին վիճակագրություն չի վարվում։

Այնուամենայնիվ,«Ամփոփ Մեդիան» պատրաստ է հարթակ տրամադրել ՀԷՑ-ի տնօրինությանը, եթե ցանկություն հայտնեն ներկայացնելու ընկերության դիրքորոշումը նյութում նշված օրինակների վերաբերյալ և կիսվելու թեմայի շրջանակում հավելյալ տվյալներով։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան 
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ հեղինակի 

Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագիծի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։

Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/08/2023