Էկոլոգիա

Ինչպես նվազեցնել պլաստիկի օգտագործումը

Պլաստիկ իրերի կիրառումը լայնորեն տարածվեց 1950-ականներից սկսած։ Այդ նյութերը թեթև են, մատչելի և մեր կյանքը զգալիորեն հեշտացնում են: Այսօր արդեն դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց պլաստիկի․ մեկանգամյա օգտագործման շշեր, բաժակներ, այլ սպասքի պարագաներ, տեխնիկա, բժշկության մեջ լայնորեն կիրառվող ներարկիչներ և այլն:

2015թ-ին աշխարհում արտադրվել է ավելի քան 320 միլիոն տոննա պլաստիկ։ Սակայն պլաստիկ իրերի միայն փոքր մասն է վերամշակվում: Թափոնները կուտակվելով զգալի վնաս են հասցնում մեր առողջությանը և շրջակա միջավայրին: Այդ թափոնների այրվելու դեպքում առաջանում են վնասակար քիմիական տարրեր, որոնք ոչ միայն աղտոտում են օդը, այլև ազդում են մարդու առողջության վրա։

ՀՀ բնապահպանության նախարարության գնահատականով՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային աղբի ծավալի ավելի քան 30%-ը: Համաձայն 2016թ. ԵԱՀԿ հրապարակած գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչներն են։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝  Հայաստան տարեկան ներմուծվում է ավելի քան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ, և արտադրվում ավելի քան 201 տոննա, այսինքն` տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ կամ 1 բնակչի հաշվով մոտ 0.25 կգ:

տես նաև  Ինչո՞ւ մեկընդմիշտ հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից

Վերամշակում

Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ուղղությամբ վերջին տասնամյակում մի շարք քայլեր են ձեռնարկվել. բացվել են պլաստիկի, ինչպես նաև այլ թափոնների վերամշակման ձեռնարկություններ: Բայց այս ամենը բավարար չէ, քանի որ աղբն ավելի շատ է, քան դրա վերամշակումը։ Հայաստանում վերամշակվում է պլաստիկ շշերի ընդամենը 15%-ը, մինչդեռ, համաշխարհային միջին ցուցանիշը՝ 50% է։ Բայցևայնպես, թափոնների վերամշակման խնդիրը ոչ միայն վերամշակող կառույցների սակավությունն է, այլև աղբի տեսակավորման բացակությունը։

Ինչպես կարելի է նվազեցնել պլաստիկ թափոնների քանակը

Պլաստիկ թափոնների նվազեցման գործում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Անկախ միջազգային և ներպետական օրենսդրական ու քաղաքացիական նախաձեռնություններից՝ մեզնից յուրաքանչյուրն ամեն օր կարող է նվազեցնել պլաստիկ թափոնների իր չափաբաժինը:

Այս առումով շատ կարևոր է կրճատել մեկանգամյա օգտագործման իրերը, որոնց կիրառությունը մեկ օրից էլ քիչ է, բայց դրանք անգամ տարիների ընթացքում վերջնական չեն քայքայվում:

Ավելի հեշտ է նվազեցնել թափոնների քանակը, քան մաքրել արդեն իսկ աղտոտված միջավայրը։

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/08/2019