Էկոլոգիա

Ինչո՞ւ են կարևոր անտառները

Անտառները մեծ դեր են խաղում մարդու կյանքում և երկրագնդի համար: Չնայած ոչ միշտ է, որ մենք գիտակցում ենք դրանց կարևորությունը։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ է տալիս մեզ անտառը ու ինչպես ենք վարվում դրա հետ։

Անտառներն ապահովում են կենսաբազմազանությունը

Անտառները պարզապես ծառեր չեն, այլ էկոհամակարգ՝ հանդիսանալով միլիոնավոր բույսերի և կենդանիների բնակատեղի։ Ու շատերին թյուրիմացաբար թվում է, թե կարելի է ծառեր հատել, հետո նորը տնկել ու դրանից ոչինչ չի փոխվի: Մինչդեռ ծառերը հատելիս վնասում են անտառի կենդանիներին, բույսերին, քանի որ խաթարվում է նրանց միջև կապը։

Մաքրում են օդը և տալիս թթվածին

Պատահական չէ, որ անտառները համարվում եմ մեր մոլորակի թոքերը, քանի որ կանաչ բույսերը կլանում են ածխաթթու գազը և արտազատում թթվածին: Հաշվարկված է, որ անտառներն ապահովում են  թթվածնի շրջապտույտի շուրջ 28%-ը:

1 ժամում 1 հա անտառը արտադրում է 200 մարդու համար անհրաժեշտ թթվածին:

Կառավարում են ջրային հոսքերը

Անտառները կուտակում են ձյունը, պահում հալոցքաջրերն ու անձրևաջրերը՝ բարելավելով ջրավազանների ջրաբանական ռեժիմը։ Դանդաղեցնելով ձյան հալոցքը՝ անտառները թուլացնում են գետերի վարարումը, օգնում ջրի քանակության հավասարակշռության պահպանմանը։ Տարբեր հաշվարկներով անտառներն ապահովում են բնության մեջ ջրի շրջապտույտի մոտ 50%-ը։ Բացի այդ, անտառները մաքրում են ջրային ավազաններն ու մարդկանց ապահովում են խմելու ջրով։

Սնուցում են հողը

Անտառները պաշտպանում են հողերի արգավանդ շերտերը հողմահարումից։ Անտառների ծառերի արմատները նպաստում են, որպեսզի ջուրը ներթափանցի հողի ներքին շերտերը, որի արդյունքում փոխվում է հողի խոնավությունն ու կանխվում է հողի աղակալումը։ Անտառները ամրացնում են նաև սորուն ավազները։ Հողերը ողողումից պաշտպանելու համար հատկապես կարևոր են մեծ թեքություններում գտնվող անտառները:

Դեղամիջոցի հումք են

Զարգացող երկրների բնակչության ավելի քան 70%-ն օգտվում է ավանդականդեղամիջոցներից, որոնցից կեսից ավելին ստացվում են անտառային բույսերից: Բոլորիս հայտնի ասպիրինի ստացման համար օգտագործվում են ուռենու ծառից արտազատված նյութեր, իսկ քաղցկեղի դեմ դեղորայքի շուրջ 70%-ի համար` արևադարձային անտառների բույսեր:

Ապրուստի և եկամտի աղբյուր են

Մոտավորապես 1,6 մլրդ մարդ աշխարհում օգտագործում են անտառը որպես ապրուստի և եկամուտ հայթայթելու աղբյուր՝ ստանալով փայտ և շինարարական նյութեր, հավաքելով մրգեր, ընկուզեղեն, սունկ, մեղր, դեղաբույսեր, արածեցնելով անասուններին և որսալով վայրի կենդանիներ: Փայտային վառելիքն աշխարհում ապահովում է վերականգնվող էներգիայի 40%-ը:

Կառավարում են գլոբալ տաքացումը

Անտառները կլանում են մթնոլորտի ածխաթթու գազը, որն էլ այժմ կլիմայի փոփոխության գլխավոր պատճառներից է:

Երկրի մթնոլորտում կա մոտ 800 գիգատոննա ածխաթթու գազ:

Անտառներում կուտակվում է 550 գիգատոննա ածխածին: Եթե այսքան ածխածինը ներթափանցի մթնոլորտ, ապա կտրուկ կբարձրանա ջերմոցային էֆեկտն ու կշարունակվի գլոբալ տաքացումը: Ապացուցված է, որ ջերմոցային գազերի տարեկան գլոբալ արտանետումներում անտառահատումների պատճառով դեպի մթնոլորտ արտանետումների ավելցուկը կազմում է շուրջ 20%:

Տարեցտարի երկրագնդի անտառածածկ տարածքների թիվը նվազում է անտառահատումների, անտառային հրդեհների պատճառով: Ցայտուն կապ կա միջավայրի անտառազրկման, բնական աղետների առաջացման և բնակչության կենսամակարդակի անկման միջև:

Այսպես, օրինակ՝ Գերմանիայում անտառային  հրդեհներից 4-5 տարի հետո  ջրի հոսքը տեղական աղբյուրներից դարձել էր անկանոն՝ առաջացնելով 25% ջրային դեֆիցիտ: Արդյունքում ջրի պակասի պատճառով էլեկտրական կայանները սկսեցին ընդհատել իրենց աշխատանքը, ինչը խաթարեց տնտեսության տարբեր ճյուղերի գործունեությունը և նվազեցրեց եկամուտները:

Հայաստանի անտառներ

Համաձայն պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ում անտառածածկ մակերեսը կազմում է 289.2 հա կամ ընդհանուր տարածքի մոտ 9.7%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը դասվում է սակավ անտառածածկ ունեցող երկրների շարքին (ոչ ավելի, քան 10%-ը)։

Հայաստանի անտառները միայն վերջին 100 տարվա ընթացքում 2 անգամ ենթարկվել են գերհատումների: 1-ին անգամ 1930-50-ականներին, երբ արդյունաբերական նպատակներով տարեկան հատվում էր 450 հազ. խմ3 բնափայտ: 2-րդ պիկը 90-ականներին էր՝ կապված էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման հետ: Այդ տարիներին (92-95թթ.) վնասվեց մոտ 27 հազ. հա անտառ կամ անտառածածկ տարածքի շուրջ 8%-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ապօրինի ծառահատումների քանակը 2017թ-ին նախորդ տարվա համեմատ աճել է 14 անգամ։ Այս փաստը կարելի է բացատրել երկու տեսանկյունից․ կամ իսկապես ավելացել են ապօրինի ծառահատումները, կամ պարզապես նախորդ տարիների համեմատ 2017թ-ին պատկան մարմիններն ավելի աչալուրջ էին ու շատ դեպքեր են արձանագրել։

Անտառների դեգրադացման գլխավոր պատճառներից մեկն էլ հրդեհներն են։ Միայն 2017թ. ընթացքում հրդեհվել է 1112 հա անտառածածկ տարածք՝ այն դեպքում, երբ 2013-2016թթ. ընթացքում հրդեհված անտառածածկույթը կազմել է ընդամենը 194 հա։ Հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել նաև 2019թ. առաջին կիսամյակում:

Նման տեմպերով առաջ շարժվելու դեպքում մենք կկորցնենք անտառի էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական գործոնների ազդեցությունը, քանի որ որքան քիչ անտառ, այնքան ավելի կեղտոտ օդ, ջուր, հողերի դեգրադացիա, համաճարակային բռնկումներ, կլիմայական հետագա փոփոխություններ, բերքի անկում, ինֆեկցիոն, սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդություններ և այլն:

Անելիքներ ունեն ինչպես պատկան մարմինները՝ օրենքով սահմանված կարգով ապահովելու անտառների պաշտպանությունը, պահպանությունը, վերականգնումը ու արդյունավետ օգտագործումը, այնպես էլ մենք՝ քաղաքացիներս՝ զերծ մնալու ապօրինի ծառահատումներից, ավելին, չխրախուսելու ապօրինի հատված ծառերի վաճառքը, անհրաժեշտության դեպքում մեր լուման ունենալու ծառեր տնկելու մեջ և քաջալերելու մյուսներին ևս վարվել նույն կերպ։

Հիշենք, որ 1 ծառը կարելի է հատել 5 րոպեում, իսկ այն վերականգնելու համար պահանջվում են տարիներ։

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/08/2019