Առողջություն

Հայաստանում Քովիդի 4 ալիքները․ արդյո՞ք ամենամահաբեր ալիքն անցյալում է

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2021թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է Քովիդի 344 980 հաստատված դեպք։ Նույն ժամանակահատվածում մահվան ելքերը եղել են 7975-ը, ինչը նշանակում է, որ վարակվածների շրջանում մահացության ցուցանիշը կազմել է 2․3%:

Հայաստանում COVID-19-ով վարակի առաջին դեպքը գրանցվել է Իրանից ժամանած քաղաքացու մոտ՝ մարտի 1-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 26-ին։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 2020թ․-ի մարտի 16-ին Հայաստանում արդեն արտակարգ դրություն էր հայտարարվել։

 ՀՀ-ում ընդհանուր առմամբ արձանագրվել է COVID-19-ի 4 ալիք

Դրանցից յուրաքանչյուրն արտահայտվել է դեպքերի աճով, ապա նվազմամբ։ Դիտարկված տվյալների համաձայն` այդ ալիքներից երեքն ունեցել են 6 ամիս տևողություն, իսկ մեկը՝ 3-րդ ալիքը, 4 ամիս տևողություն։

Ներքոնշյալ ինտերակտիվ գրաֆիկները ներառում են ՀՀ-ում COVID-19-ի վիճակագրությունը բռնկման պահից ի վեր՝ 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ տարեվերջ՝ դեկտեմբերի 31-ը։ Գրաֆիկները ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի և մահվան ելքերի դինամիկան՝ ըստ ամիսների և օրերի։

Առաջին ալիքի ամենաթեժ շրջանը եղել է 2020թ-ի հունիսը՝ 16 573 հաստատված դեպքով և 314 մահով։ Այս ալիքի ընթացքում օրական միջինում գրանցվում էր շուրջ 240 նոր դեպք և 5 մահ։

Երկրորդ ալիքի ժամանակ հաստատված նոր դեպքերի թվով մեծ աճ գրանցվեց հատկապես 2020թ․ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, յուրաքանչյուր ամսում ավելի քան 40 000 հաստատված դեպքով։ Մահերն ամենաշատը գրանցվել են հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին՝ օրական միջինը 20 մահ, այսինքն շուրջ 3 անգամ շատ վարակման և 2,5 անգամ շատ մահվան ելքերով, քան առաջին ալիքի ժամանակ։ Կորոնավիրուսային հիվանդության աճն այս անգամ պայմանավորված էր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով, ինչի պատճառով հոկտեմբերին գրանցվեց դեպքերի կտրուկ աճ՝ 6 անգամ ավելի, քան նախորդած՝ սեպտեմբեր ամսին։

Երրորդ ալիքը կրկին աչքի է ընկել դեպքերի կտրուկ աճով, այս անգամ, հավանաբար, պայմանավորված ուսումնական հաստատություններում դասերի վերաբացմամբ, մինչդեռ թե՛ հաստատված դեպքերի, թե՛ մահերի թվով այն էապես տարբերվել է երկրորդ ալիքից, քանի որ իրավիճակը հարաբերականորեն վերահսկելի է եղել։ Բացի այդ, այն նաև ավելի կարճատև է եղել։ Այս ալիքի ամենաթեժ ամիսների ընթացքում՝ 2021թ-ի մարտին և ապրիլին ամսական գրանցվել է ավելի քան 20 000 դեպք։ Մահերի ամենաշատ դեպքերը գրանցվել են մարտ-մայիս ամիսներին՝ օրական միջինում 14 մահ։ Երրորդ ալիքի ժամանակ գրանցված վարակվածներն ու մահվան ելքերը 2-2,5 անգամ պակաս են եղել երկրորդի համեմատ։

Չորրորդ ալիքը համարվում է ամենամահաբեր ալիքը՝ պայմանավորված օգոստոսի 2-ից հանրապետությունում Դելտա շտամի տարածմամբ, որը Քովիդի նախնական տարբերակների համեմատ ավելի մեծ վարակելիության աստիճան ունի։ Այս ալիքի ամենաթեժ շրջանը վարակի դեպքերի գրանցման տեսանկյունից, 2021թ-ի հոկտեմբերն է, որի ընթացքում հաստատված դեպքերը կազմել են ավելի քան 46 000։ Հոկտեմբերի 20-ին գրանցվել է հակառեկորդ՝ 2603 նոր դեպք օրվա կտրվածքով։ Մինչ այդ, մեկ օրում վարակի ամենաշատ՝ 2476 դեպք գրանցվել էր դրանից մոտ մեկ տարի առաջ՝ 2020-ի նոյեմբերին, երբ երկրորդ ալիքը հասավ իր գագաթնակետին։ Չորրորդ՝ մահաբեր ալիքի ընթացքում ամենաշատ մահերը գրանցվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ օրական միջինում 37 մահ։ 2021թ-ի նոյեմբերի 11-ին արձանագրվել է կորոնավիրուսով մահերի 70 դեպք․ սա համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Դեկտեմբերին կտրուկ նվազեցին ինչպես վարակի, այնպես էլ մահվան դեպքերը։

Ներկայումս շրջանառվում է COVID-19-ի նոր՝ Օմիկրոն շտամը։ Այս շտամով Հայաստանում երկու դեպքի հայտնաբերման մասին տեղեկություն տարածվեց հունվարի 8-ին՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։

Հեղինակ՝ Արաքսյա Դարբինյան

Ինտերակտիվ գրաֆիկները՝ հեղինակի

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/01/2022