Առողջություն

Կերպարանափոխվող COVID-19․ Հայտնի ենթատեսակներին ավելացավ ևս մեկը՝ «Օմիկրոնը»

Թվում է, թե մարդկանց արդեն մոտ երկու տարի ուղեկցող COVID-19-ը այլևս ոչնչով չի կարող զարմացնել։ Նախանշանները հայտնի են, գիտնականները ստեղծել են պատվաստանյութեր՝ ծանր դեպքերի և մահվան դեմ պայքարի համար։ Սակայն համավարակը սիրում է «կերպարանափոխվել» և նոր ու ավելի վտանգավոր թափով մուտք գործել մարդկանց կյանք։

COVID-19-ի տարածման պատճառ հանդիսացող SARS-CoV-2 վիրուսն անընդհատ զարգանում է և ժամանակի ընթացքում ենթարկվում փոփոխութունների՝ մուտացիաների:

«Ամեն շաբաթ SARS-CoV-2 վիրուսի նոր տարբերակներ են հայտնաբերվում։ Շատերը հայտնվում ու վերանում են, որոշները շարունակում են մնալ, բայց չեն տարածվում, մյուսներն էլ որոշ ժամանակով զգալիորեն տարածվում են բնակչության շրջանում, ապա՝ անհետանում»,- ասում է ամերիկացի բժիշկ և պրոֆեսոր Ստյուարտ Ռեյը:

Մուտացիաները կարող են փոխել.

  1. Վարակի տարածման արագությունը,
  2. Հարակից հիվանդությունների հետևանքով առաջացող բարդությունների աստիճանը,
  3. Պատվաստանյութերի նկատմամբ ընկալունակությունը,
  4. Բուժման միջոցները,
  5. Ախտորոշիչ գործիքները,
  6. Հանրային առողջության և սոցիալական այլ միջոցառումների անցկացման առաջնահերթությունները:
Covid-19 վիրուսի մուտացիան

Մարդու օրգանիզմում զարգացող ու տարածվող վիրուսը երբեմն կարող է ենթարկվել իր համար բարենպաստ փոփոխության, ինչը, օրինակ, կարող է հնարավորություն տալ նրան ավելի հեշտությամբ ներթափանցել բջիջներ և ավելի ակտիվ բազմանալ։

Նման մուտացիաները գերակշռում են՝ այդպիսով հիվանդությունը դարձնելով ավելի վարակիչ կամ առողջության համար առավել վտանգավոր։

«Վիրուսը ցույց է տվել, որ ընդունակ է դառնալ ավելի փոխանցելի և խուսափել իմունային համակարգի պաշտպանությունից»,- ասում է բժիշկ-համաճարակաբան Էրիկ Վոլցը, որն ուսումնասիրում է վարակիչ հիվանդությունների էվոլյուցիան Լոնդոնի կայսերական քոլեջում:

Համավարակի տարածման սկզբնական շրջանում՝ մուտացիաների առաջացման արդյունքում, COVID-19 վիրուսը սկսել է ավելի հեշտորեն տարածվել։ Ժամանակի ընթացքում նաև երիտասարդացել է․ այսօր վարակը ծանր հետևանքներ է թողնում ոչ ավելի մեծ թվով երիտասարդների վրա, քան նախկինում էր:

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի բժիշկ և պրոֆեսոր Ռոբերտ Բոլինգերն ասում է, որ կորոնավիրուսի մուտացիաներից մի քանիսը կարող են նպաստել կորոնավիրուսի՝ մի մարդուց մյուսին ավելի արագ տարածմանը, հանգեցնել հիվանդության ծանր և մահվան ավելի շատ դեպքերի։

«Քանի դեռ կորոնավիրուսը տարածվում է բնակչության շրջանում, մուտացիաները կշարունակվեն»,- նշում է նա։

Մեկ կամ մի քանի նոր մուտացիաներով վիրուսը դառնում է սկզբնական վիրուսի «տարբերակ»։ Եթե տարբերակն ունենում է այնպիսի ֆիզիկական հատկություններ, որոնցով տարբերվում է սկզբնական վիրուսից, այն անվանում են նոր «շտամ»։

Loading...

Loading…

Այս պահին առավել վտանգավոր են «մտահոգիչ տարբերակները»։ Դրանցից առաջինը՝ B117 շտամը, հայտնաբերվել է Քենթում, Անգլիայի հարավ-արևելքում, 2020 թ․ դեկտեմբերին վերցված նմուշներում: Այն ենթարկվել է 17 տարբեր մուտացիաների։

B117-ի հայտնաբերումից կարճ ժամանակ անց ուշադրության կենտրոնում հայտնվեցին ևս երկու շտամեր՝ B1.351-ը և P1-ը: Իսկ 2021 թ․-ին «մտահոգիչ տարբերակների» ցանկը համալրեց B.1.617.2-ը։ Այս չորս շտամերը ստացել են հունական այբուբենի առաջին չորս տառերի անվանումները և ամենատարածվածն են ամբողջ աշխարհում։

Լրացում․ Նոյեմբերի վերջ, ԱՀԿ ահազանգեց կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում։ Նշվում է, որ առաջին անգամ այս շտամն արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում և Ռուսաստանում: 

Loading...

Loading…

«Մտահոգիչ տարբերակներից» առաջին երեքը կանխարգելման և բուժման տեսակետից առավել հաղթահարելի են։ Դելտան, սակայն, ավելի դիմացկուն է առկա պատվաստանյութերի և բուժման նկատմամբ․ այն գրեթե կրկնակի վարակիչ է, քան մյուս երեք տեսակները, և կարող է առաջացնել ավելի ծանր հիվանդություններ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ նախնական տվյալներով Հարավային Աֆրիկայում աճում են հոսպիտալացման տեմպերը, բայց դա կարող է պայմանավորված լինել վարակվողների ընդհանուր թվի աճով, այլ ոչ թե լինել հենց Օմիկրոնի շտամի վարակի հետևանքով։

Վերադառնալով Դելտա շտամին, նշենք, որ ըստ Statista-ի տվյալների՝ 2021 թ․ նոյեմբերի 23-ի դրությամբ SARS-CoV-2 Դելտա տարբերակի դեպքերի թվով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է՝ 950,327 գրանցված դեպքով։

ԱՄՆ-ը, Գերմանիան, Դանիան և Ֆրանսիան եզրափակում են առաջին հնգյակը։

Loading...

Loading…

Դելտան այսօր տարածվում է նաև Հայաստանում՝ հանգեցնելով երկրում հիվանդության դրսևորման ավելի ծանր դեպքերի։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ, ի տարբերություն մյուս տեսակների, Դելտան «բավական ագրեսիվ է» և հանդես է գալիս այլ նախանշաններով․

«Նախկինում համի-հոտի կորուստը բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, սակայն այս շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Շատ դեպքերում համի և հոտի զգացողությունը չեն կորցնում: Բացի դրանից՝ այն ավելի հարբուխային նախանշաններ ունի»,- ասել է նա։

Հատկանշական է, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը դեռևս մնում է Դելտա տարբերակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Բացի այդ, ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած COVID-19-ի դեմ շրջանառվող պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր ընթացքն ու մահերը։

Նոր շտամի՝ Օմիկրոնի դեպքում, սակայն, նշվում է, որ դրանք կարող են այլևս նույնքան արդյունավետ չլինել:

Ամփոփեց Հռիփսիմե Հայրապետյանը

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Աղբյուրներ՝ WHO, European Commission, UNICEF

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/10/2021