Առողջություն

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, նմանություններն ու տարբերությունները

Լուսանկարը՝ Clinicaltrials կայքից

Կորոնավիրուսի տարածման աննախադեպ տեմպով պայմանավորված՝ դրա դեմ կիրառվող պատվաստանյութերը ստեղծվել են խիստ կարճ ժամանակահատվածում։ Սակայն, ինչպես վստհեցնում են ոլորտի պատասխանատուները, հետազոտության որևէ փուլ չի կրճատվել, միայն կլինիկական որոշ հետազոտություններ զուգահեռ են իրականացվել։

Որպես կանոն, բոլոր պատվաստանյութերը, նախքան լայն կիրառության մեջ մտնելը, մանրակրկիտ կլինիկական հետազոտություններ են անցնում։ Կլինիկական ՝ այսինքն մարդկանց մասնակցությամբ փորձարկումներ իրականացվում են դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը լիովին ստուգելուց հետո միայն։

Փորձը ցույց է տվել, որ սովորաբար կլինիկական փորձարկումների փուլին հասած յուրաքանչյուր հինգերորդ պատվաստանյութն արդարացնում է իրեն, այսինքն՝ թե՛ արդյունավետությամբ, թե՛ անվտանգությամբ, հաջողված է լինում։ Բացի ներկայում աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի դեմ կիրառվող շուրջ երկու տասնյակ պատվաստանյութերից, ևս հինգ տասնյակը փորձարկումների տարբեր փուլերում են։

Հայաստանի Առողջապահության նախարարությունում ստեղծված մասնագիտական խումբն առայժմ հավանություն է տվել հինգ տեսակ պատվաստանյութի, որոնք և բերվել են Հայաստան։

Մասնագիտական խումբն առաջնորդվում է հետևյալ կետերով․

  • կլինիկական բոլոր փորձարկումները հաջողությամբ անցած,
  • միջազգային կազմակերպությունների (ԱՀԿ, Դեղամիջոցների եվրոպական գործակալություն) կողմից գրանցված,
  • տեղափոխման ու պահպանման համար պահանջվող պայմանները բավարարող,
  • բարձր որակ ունեցող։

ԱՀԿ-ի հավանությանն արժանանում են այն պատվաստանյութերը, որոնք առնվազն 50% արդյունավետություն են ունենում։ Պատվաստանյութի արդյունավետությունը ստուգվում է կլինիկական բազմաթիվ փորձարկումների արդյունքում։ Օրինակ, եթե փորձարկումների ընթացքում մարդկանց 80 %-ի մոտ ցածր է գնահատվում հիվանդանալու հավանականությունը, նշանակում է՝ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն։ Պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին սովորաբար մասնակցում են տարբեր տարիքի, սեռի ու ազգության մարդիկ։

Մեր օրերում պատվաստանյութերի արդյունավետությունը գնահատվում է՝ հիմնվելով միևնույն ժամանակահատվածում միևնույն երկրում տարբեր պատվաստանյութեր ստացող մարդկանց շրջանում պատվաստումների տվյալների վրա:

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն ասում է, որ դեղերի կամ պատվաստանյութերի անվտանգությունը ստուգվում է տարբեր հետազոտությունների միջոցով՝ նախ կենդանիների վրա, ապա՝ մարդկանց։ Դրանք հենց կլինիկական փորձարկումներն են։ Ըստ վիրուսաբանի, կլինիկական փորձարկումների վերջին՝ չորրորդ փուլում, դեղերը կամ պատվաստանյութը հետազոտվում են շուկայում՝ կիրառմանը զուգահեռ։

«Ու եթե փորձարկումների որևէ փուլում ի հայտ է գալիս լուրջ խնդիր, ապա դեղամիջոցների փորձարկումը կամ կիրառումը դադարեցվում է։ Բնականաբար, կորոնավիրուսի բոլոր պատվաստանյութերը, որոնք հիմա հասանելի են, անցել են փորձարկումների բոլոր փուլերով» –«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Զաքարյանը։

Պատվաստանյութերի ազդեցության մեխանիզմները նույնն են

Առանձնացվում են պատվաստանյութերի մշակման երեք հիմնական սկզբունքներ՝ կախված նրանից, թե ինչ է օգտագործվում իմունիզացիայի ձևավորման համար.

Loading...

Loading…

Առաջին դեպքում օգտագործվում է հիվանդաստեղծ վիրուսը կամ բակտերիան, որն ապակտիվացվում է (անկենդան է դառնում) քիմիական ռեագենների ազդեցությամբ, ջերմությամբ կամ ճառագայթմամբ։

Երկրորդ տարբերակում պատվաստանյութը ստացվում է թուլացված վիրուսից կամ նրան շատ նման մեկ այլ վիրուսից։

Ի տարբերություն թուլացված կամ անկենդան միկրոօրգանիզմների օգտագործմամբ ստացվող պատվաստանյութերի, կան նաև նուկլեինաթթվի հիմքով՝ գենետիկական նյութով ստացված պատվաստանյութեր։

Այս հիմքով ստացված պատվաստանյութերը մեր բջիջներին դրդում են արտադրել ցանկալի սպիտակուցը՝ անտիգենը, որին իմունային համակարգը «ճանաչում» և հակազդում է։ Այդ սպիտակուցներն են, որ «մարզում», պատրաստում են մեր իմունային համակարգը, և հետագայում վարակվելու դեպքում այն անմիջապես պատասխանում է օրգանիզմ թափանցած վիրուսին։

Այս մեթոդով պատվաստանյութերի ստացումը բոլորովին նոր տեխնոլոգիա է։ Նախքան կորոնավիրուսային վարակի տարածումը, այս ձևով ստացված ոչ մի պատվաստանյութ կլինիկական փորձարկումների փուլին չէր հասել։

Կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերում վերոնշյալ տեխնոլոգիաները կիրառվել են։

Այս առնչությամբ Հովակիմ Զաքարյանն ասում է․ «չնայած այն հանգամանքին, որ կիրառվող պատվաստանյութերը պատրաստվել են տարբեր տեխնոլոգիաներով, սակայն բոլորի ազդեցության մեխանիզմը նույնն է։ Իրենք մեր օրգանիզմի իմունային համակարգին ներկայացնում են ամբողջական վիրուսը կամ դրա մի առանձին մասը, որի արդյունքում իմունային համակարգը ճանաչում և հիշողություն է ձևավորում այդ վիրուսի նկատմամբ։ Այսպես են աշխատում բոլոր պատվաստանյութերը՝ թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի, թե՛ որևէ այլ ախտածինի համար ստեղծված»։

Չնայած պատվաստանյութերի ազդեցության մեխանիզմը նույնն է, բայց, մի շարք գործոններից կախված, արդյունքները կարող են շատ տարբեր լինել։ Հովակիմը կոնկրետ օրինակներ է բերում․

«Փայտացման դեպքում, որի հարուցիչը ոչ թե վիրուսն է, այլ բակտերիան, մենք ստանում ենք մի քանի ներարկում կյանքի առաջին տարիներին, որից հետո խորհուրդ է տրվում ամեն տասը տարին մեկ անել բուստեր (իմունային հիշողությունը խթանող) ներարկումներ: Նույնը նաև դիֆտերիայի դեպքում է, որի հարուցիչը նույնպես բակտերիա է։ Պոլիովիրուսի դեպքում խորհուրդ է տրվում երեք կամ չորս ներարկում՝ կախված պատվաստանյութի տեսակից, որից հետո բուստեր ներարկումների անհրաժեշտություն չի լինում։ Այսինքն՝ պատվաստանյութերի տարբերությունները, բացի ստեղծման տեխնոլոգիաներից, նաև կիրառման հաճախության մեջ է»։

Պատվաստանյութի արդյունավետությունն ուղիղ համեմատական է սահմանված դեղաչափին ու ժամանակացույցին

Կորոնավիրուսի դեմ օգտագործվող բոլոր պատվաստանյութերի համար սահմանվել են օպտիմալ դեղաչափեր ու ժամանակացույց, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի ապահովել օրգանիզմի առավելագույն պաշտպանությունը։

Փորձը ցույց է տվել, որ ցանկացած պատվաստանյութի արդյունավետություն զգալիորեն կախված է ներարկված դեղաչափից ու սահմանված ներարկումների միջև ընկած ժամանակահատվածից։

Հայաստանում ներկայում կիրառվող բոլոր պատվաստանյութերը ներարկվում են երկու դեղաչափով։ Ամբողջ դեղաչափն ընդունելուց 2-3 շաբաթ անց միայն իմունային համակարգը կարողանում է ապահովել առավելագույն պաշտպանություն վիրուսից։ Դա թույլ է տալիս օրգանիզմ ներթափանցած վիրուսին շատ արագ հակազդել։ Արդյունքում, եթե անգամ պատվաստված մարդը հիվանդանում է, հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթև, հնարավոր է նաև՝ առանց ախտանշանների։

Ներարկումների միջև ընկած ժամանակահատվածները տարբեր պատվաստանյութերի դեպքում տարբեր են։ ԱՀԿ-ն նշում է յուրաքանչյուրի համար սահմանված ժամկետները, որոնք պահպանելու դեպքում օրգանիզմն առավելագույն պաշտպանություն կունենա վիրուսից։

Աշխարհում ամենալայն կիրառություն ունեցող պատվաստանյութերը՝ այդ թվում մեր երկրում կիրառվողները, անվտանգ են համարվում 18 և բարձր տարիքի անձանց համար։ Շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում, ասթմա, լյարդի, երիկամային և մի շարք հիվանդություններ ունենալը պատվաստման հակացուցում չի համարվում, եթե հիվանդությունը կայուն է ու վերահսկելի։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/10/2021