Առողջություն

3-րդ դեղաչափ կամ բուսթեր․ Ինչու է հարկավոր խթանիչ պատվաստումը

COVID-19-ի դեմ պաշտպանությունն ամրապնդելու նպատակով երկու դեղաչափով պատվաստված քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ստանալ նաև բուսթեր դեղաչափով պատվաստում։

Բուսթերը անգլերենից թարգմանաբար նշանակում է խթանող: 3-րդ՝ խթանիչ դեղաչափը իրականացվում է առկա պատվաստանյութերից որևէ մեկով։

Հայաստանում 3-րդ դեղաչափով պատվաստումային գործընթացի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 1-ին։

Բուսթեր դեղաչափով պատվաստվել կարող են 18 և բարձր տարիքի բոլոր այն քաղաքացիները, ովքեր պատվաստումների ամբողջական կուրսն (երկու դեղաչափ) ավարտել են առնվազն վեց ամիս առաջ։ Առաջնահերթության կարգով խթանիչ մեկ դեղաչափ պատվաստանյութ կստանան այդ նպատակով դիմած, ռիսկի խմբում ընդգրկված քաղաքացիները։

Ինչպես ամբողջական պատվաստման, այնպես էլ խթանիչ դեղաչափի ընդունման նպատակը հոսպիտալացումից, հիվանդության ծանր ընթացքից ու մահերից խուսափելն է։ Ինչպես բառն է հուշում, այն խթանում, ակտիվացնում է օրգանիզմի իմուն պատասխանը, որը պատվաստումից որոշ ժամանակ անց (տարբեր հետազոտությունների համաձայն՝ վեց ամիս անց) սկսում է պասիվանալ։

Եթե պատվաստվել, բայց վարակվել եք COVID-19-ով

  • Եթե ամբողջական պատվաստվելուց հետո անձը վարակվել է COVID-19-ով, ապա ՊՇՌ դրական թեստից վեց ամիս անց կարող է ստանալ խթանիչ դեղաչափով պատվաստում՝ ընտրելով նույն պատվաստանյութը կամ այլ պատվաստանյութ։
  • Եթե անձը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է առաջին դեղաչափն ընդունելուց հետո, ապա հիվանդության վերջին ախտանշանաններն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ երկրորդ պատվաստումը, իսկ երրորդը՝ դրանից 6 ամիս անց։

Պատվաստանյութի ընտրությունն այս դեպքում ևս կատարում է քաղաքացին։ Կախված դրանից՝ սահմանվել են դեղաչափերը:

Խթանիչ պատվաստման և պատվաստման ամբողջական կուրսի ժամանակային միջակայքերն ու դեղաչափերը սահմանելիս՝ ՀՀ-ում իմունականխարգելման հարցերով զբաղվող մասնագետների խումբը հիմնվել է տարբեր երկրների փորձի, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) դիրքորոշման վրա։

«Եթե անձը խթանիչ պատվաստումը ցանկանում է ստանալ նույն պատվաստանյութը, ինչ առաջինն ու երկրորդը, որևէ խնդիր չի առաջանում, բայց, եթե ամբողջական պատվաստումն իրականացվել է, օրինակ, ինակտիվացված հիմքով ստեղծված պատվաստանյութով, ապա խթանիչի դեպքում ցանկալի է ընտրել ՌՆԹ հիմքով ստեղծվածը։ Արդյունավետությունն այս դեպքում ավելի բարձր է», – «Ամփոփ մեդիա»-ի հետ զրույցում ասում է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ ՌՆԹ հիմքով ստեղծված պատվաստանյութերը, որոնցից այսօր Հայաստանում առկա է Մոդեռնան, ավելի բարձր պաշտպանություն են ապահովում վիրուսից։ Եվ հակառակը՝ ՌՆԹ հիմքով պատվաստանյութ ընտրելուց հետո այլ հիմքով պատվաստանյութով պատվաստվել խորհուրդ չի տրվում։ Պատճառը, ինչպես տիկին Սահակյանն է ասում, երկրորդ դեպքում ցածր արդյունավետությունն է։

Երրորդ պատվաստումը պարտադիր չէ, բայց կա որոշակի վերապահում։ Եթե անձը ցանկանում է 2-րդ պատվաստումը ստանալ 1-ից չորս շաբաթ անց ու ընտրում է այլ պատվաստանյութ, ապա այս դեպքում պետք է նաև ստանա խթանիչ դեղաչափ։ Դիցուք՝ անձն 1-ին դեղաչափը ստացել է Սինոֆարմից, իսկ 2-րդը՝ Մոդեռնայից, ու այդ երկու պատվաստումների ժամանակային միջակայքը եղել է 4 շաբաթ, ապա պետք է ստանա նաև երրորդ պատվաստումը։

Սովորաբար, երկրորդ պատվաստումից հետո իմուն համակարգն անհամեմատ արագ պատասխան է տալիս։ Նման ռեակցիայի են դրդում իմուն համակարգի հիշողության բջիջները, որոնք ձևավորվում են առաջին պատվաստումից հետո և, արագ ճանաչելով ախտածինը, արագ չեզոքացնում են այն։

Ընկճված իմուն համակարգ ունեցող մարդկանց մոտ իմուն պատասխանը բավարար չափով չի լինում, ինչի համար էլ խորհուրդ է տրվում առաջին հերթին խթանիչ դեղաչափով պատվաստել հենց այդ մարդկանց։

Այս տարվա հուլիսին Պփայզերի հեղինակները եկան այն եզրահանգման, որ իրենց ստեղծած պատվաստանյութով ձևավորված պաշտպանությունը 2-րդ պատվաստումից վեց ամիս անց սկսում է նվազել, ուստի թույլ իմուն համակարգ ունեցողները կարիք են ունենում 3-րդ դեղաչափի։

Առայժմ շարունակում է անհայտ մնալ, թե հակամարմինների ինչ քանակությունն է ապահովում պաշտպանություն, որքան է տևում այդ պաշտպանությունը և թե հակամամինների քանակի նվազումն ինչպես է ազդում պատվաստանյութերի արդյունավետության վրա։

Կարդացեք նաև․ Ի՞նչ է հակամարմինը ու ինչպե՞ս է օգնում օրգանիզմին պայքարել

Միևնույն ժամանակ, բազմաթիվ հետազոտություններ վկայել են, որ իմուն համակարգում ձևավորված հիշողությունը զգալի նվազեցնում է հիվանդությունը ծանր տանելու հավանականությունը։

Խթանիչ պատվաստման արդյունավետությունը, մի քանի գործոններից կախված, տարբեր կարող է լինել․ այդ գործոններից են՝

  • նախորդ երկու պատվաստումների միջև ընկած ժամանակահատվածը,
  • վիրուսի շտամները,
  • մարդու տարիքը,
  • քրոնիկ հիվանդությունների առկայությունը,
  • այլն։

Խթանիչ դեղաչափի համար առաջարկվող պատվաստանյութերը, կախված նախորդած երկու պատվաստումներից, երկրների նախընտրություններից, տարբեր են։ Կան երկրներ, որտեղ գերազանցապես խորհուրդ է տրվում 3-րդ դեղաչափն ընդունել նույն պատվաստանյութից։ Իսկ երկրներ էլ կան, որտեղ որպես խթանիչ՝ նախապատվությունը տալիս են այլ հիմքով ստեղծված պատվաստանյութի։ Վերջին մոտեցումը գերակշռում է այն դեպքում, երբ առաջին երկու դեղաչափը անձը ստացել է չինական պատվաստանյութից։

Երկրները սահմանել են սեփական մոտեցումները

Երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստումներ սկսելու որոշման մասին առաջինը հայտարարել է Իսրայելը, դեռևս ամռանը։ Կարճ ժամանակ անց որոշում է ընդունվել, որ երկրի չափահաս բնակչությունը պետք է վերապատվաստվի՝ երրորդ դեղաչափը ստանա, քանի որ միայն այդ դեպքում անձը կհամարվի լիովին պաշտպանված։

Տնտեսապես զարգացած մի շարք երկրներում, սակայն, գտնում են, որ երրորդ պատվաստման կարիքն ունեն միայն ռիսկի խմբում գտնվողները, մասնավորապես՝ մեծահասակներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցողները։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ է տալիս բուսթեր պատվաստում իրականացնել չափահաս բնակչության շրջանում՝ առաջնահերթություն տալով 40 տարեկանից բարձր մարդկանց։

«Օմիկրոն» շտամի մասին հայտնի դառնալուց կարճ ժամանակ անց մի շարք երկրներ հայտարարել են իրենց բուսթերային ծրագրերի ընդլայնման մասին։ Վերջերս էլ ԱՄՆ է որոշել երրորդ պատվաստումն իրականացնել 18 և բարձր տարիքի մարդկանց շրջանում։

Այդուհանդերձ, ԱՀԿ-ն շարունակում է ուսումնասիրել բուսթեր դեղաչափի կիրառման անհրաժեշտությունը, առավել արդյունավետություն ապահովելու համար պահանջվող ժամանակային միջակայքը։

Համաձայն ԱՀԿ-ի՝ բուսթերային դեղաչափի ներարկման անհրաժեշտությունը պետք է հիմնավորված լինի, այսինքն՝ ապացուցված լինի, որ պատվաստանյութերի արդյունավետությունը, իրոք, ժամանակի ընթացքում նվազել է, և անձը խոցելի է դարձել վիրուսի տարբեր շտամների նկատմամբ։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկաները՝ Անուշ Բաղդասարյանի

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/12/2021