Առողջություն Իրավունք

Թունավորված տարեդարձս․ հոսպիտալացվածների ցանկից դուրս պատմություն

2021թ․-ի տարեդարձս հակասական հիշողություններ է արթնացնելու։ Շատ էի ցանկանում, որ այն տարբերվեր նախորդներից։ Բայց այդ օրը առավոտյան հասկացա, որ ոչ մի հետաքրքիր միտք չունեմ, ու որոշեցի ուղղակի տաք հագնվել ու ամբողջ օրը թրև գալ քաղաքում՝ բառիս բուն իմաստով։

Դատարկ ստամոքսով փողոցները երկար չես չափչփի, ուստի դրսում մի բան ուտելը կարևոր էր չպլանավորած երեկոն չփչացնելու համար։

Դե տեսեք՝ փչացնելը ոնց է լինում։

Եթե հետևում եք մամուլին, հաստատ կհիշեք նոյեմբերի՝ սննդային թունավորման երկու խոշոր դեպքերի մասին, որոնք ակտիվ լուսաբանվեցին։ Առաջինը կապվում էր «Տաշիր պիցցայի» սննդային ցանցի հետ, որի մասնաճյուղերից օգտված ավելի քան 170 հիվանդ էր հոսպիտալացվել։ Իսկ հետո նաև լուրեր տարածվեցին 13 քաղաքացու հոսպիտալացման մասին, որոնք նոյեմբերի 18-22-ն ընկած շրջանում օգտվել էին «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կենտրոններից։

Հիվանդանոց տեղափոխվածների շարքում կարող էի լինել նաև ես, քանի որ տարեդարձիս օրը ես նույնպես օգտվել էի նշված սննդի կետերից մեկից։

Ըստ լրատվական նյութերում նշված նախնական վարկածի, երեք սննդի կետերում էլ սննդամթերքում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա։ Հիմա էլ հայտարարում են, թե պատճառը սնունդը չէ, այլ հիգիենայի ոչ պատշաճ կազմակերպումը։ Թունավորված մարդուն, հավատացնում եմ ձեզ, հետաքրքիր չէ, թե ով կամ ինչն է կանգնած այդ ամենի հետևում։ Այդ օրերին միակ բանը, որ ուզում ես, փրկվելն է։

Անցել է մոտ քսան օր, և ես, թեև վերադարձել եմ բնականոն սնվելուն, բայց, հնարավոր է, դեռ երկար կխուսափեմ հանրային սննդի կետեր այցելելուց։ Ինչ-որ տագնապ կա, ու չգիտեմ էլ, թե որքան ժամանակ այն կուղեկցի ինձ։

Այնպես չէ, որ առաջին անգամ էի օգտվում նշված սննդի կետից․ հավանել էի, դրա համար էլ որոշեցի տարեդարձիս օրը քաղցս հագեցնել հենց այնտեղ։ Բուրգերը հանգիստ կերա, բայց հավի նագեթների համը անսովոր տհաճ էր թվում։ Մեկ-երկու կտոր փորձելուց հետո չշարունակեցի․ բայց չմոռանանք, որ իմ տարեդարձն էր, ու ես մենակ չէի, ուստի նագեթների ափսեն, ի վերջո, դատարկվեց։

Այդ օրը կյանքումս առաջին անգամ սկուտեր վարեցի, մի քիչ էլ գարեջուր խմեցի։ Բարձր տրամադրությամբ վերադարձա տուն ու իմ՝ սկուտեր վարելուց մի աղավաղված նկար թողեցի Ինսթայի ու Ֆեյսբուքի սթորիներում՝ այս տարեդարձս միշտ հիշելու ոգևորությամբ։

Ծրագրել էի հաջորդ երկու օրն էլ նվիրել մյուս ընկերներիս, հարազատներիս ու բարեկամներիս։ Սակայն հաջորդ օրը սկսվեց անտանելի սրտխառնոց, ու միակ բանը, որ ուզում էի անել, պառկելն էր։ Շուրջս կատարվող ոչինչ չէր գրավում ինձ, ես կարծես տաք վառարանում լինեի․ չեմ հիշում՝ երբ էի վերջին անգամ նման զգացողություն ունեցել։

Ու սկսվեց․
– Գուցե Քովի՞դ ես։
– Հաստատ մրսել ես։
– Քիչ խմեիր։

Ես տաք հագնված էի, առհասարակ շատ չեմ խմում։ Չէ՜, ի՞նչ Քովիդ, ես Քովիդ տարել եմ, սա լրիվ ուրիշ զգացում է։

Երկու օր անցկացրի անկողնում՝ չկարողանալով ոտքի կանգնել, իսկ հարազատներիս/բարեկամներիս համար կազմակերպված ծնունդն անցավ առանց ինձ։ Միակ բանը, որ ասացի հյուրերին սենյակիս դռան մոտից, բարևն էր ու շնորհակալությունը։ Հետո միայն հիշում եմ՝ ինչպես էի ջերմության մեջ պառկած փակ աչքերով լսում նրանց ձայները, մինչև որ ուղեղս մթագնեց, ու քնեցի։

Առաջին երկու օրերին ջերմությունս հասել էր 38-ի։ Իսկ տարեդարձիս «զոհը» ավելի բարձր՝ 39․3 աստիճան ջերմությամբ, իր տանն էր ինքնաբուժության փորձեր անում։

Թեյեր, շատ ջուր, ցիտրուսային մրգեր։ Սրանք առաջինն էին, որ եկել էին մտքիս՝ ինքնազգացողությունս լավացնելու համար։ Եթե մեկ օր էլ փոփոխություն չզգայի, որոշված էր՝ շտապօգնություն եմ կանչում։

Բայց երրորդ օրը ջերմությունս սկսեց նահանջել, ոտքի կանգնեցի ու սկսեցի նորմալ, բայց, ուտելիքները զգուշորեն ընտրելով, սնվել։ Նախորդ օրերին գրեթե ոչինչ չէի կերել․ տանջող սրտխառնոցս, ստամոքսի ցավն ու անտանելի գլխացավը չէին թողնում որևէ բան ճաշակել: Միայն մեկ շաբաթ անց իմացա սննդային թունավորմամբ հոսպիտալացված քաղաքացիների մասին։ Վուալա՛, վերջապես կասկածներս փարատվեցին։

Բարեբախտաբար, ինձ հաջողվեց տնային պայմաններում, ձեռքի տակ ունեցած միջոցներով պայքարել թունավորման դեմ։ Սակայն ամեն ինչ ավելի վատ ավարտ կարող էր ունենալ։ Խորհուրդ կտամ չկրկնել իմ «լայֆհաքը» և նման ախտանիշներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի։

Այս ֆոնին ոմանք փորձում են կասկածի տակ դնել թունավորումների փաստը, ինչը նման է քմծիծաղի՝ ուղղված մարդկային կյանքերին ու դրանց կարևորությանը։

Հեղինակ՝ Հռիփսիմե Հայրապետյան

Լուսանկարը՝  Remy Gabalda /AFP 

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/12/2021