Թուրքիայում մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի նախագահի թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ «Նոր մետաքսի ճանապարհ» նախագծի վերաբերյալ ներկայացրած քարտեզը զգալի աղմուկ է բարձրացրել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։ Բանն այն է, որ միասնական ընդդիմության առաջնորդի ներկայացրած քարտեզում դեպի Չինաստան ձգվող «թուրքական ճանապարհը» շրջանցում է Ադրբեջանը։
Այս դիպվածն ակնհայտորեն հարուցել է ադրբեջանական վերնախավի և դրան սպասարկող մեդիայի զայրույթը՝ չնայած պատմականորեն «Մետաքսի ճանապարհ»-ի հետ «Ադրբեջան» պետության ունեցած աննշան առնչություններին։
Ադրբեջանցի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին, օրինակ, բնութագրելով 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուի քարտեզը, ասել է, որ դա աննորմալ և անհնարին մոտեցում է․․․ «Նման մտքերը ծառայում են հայերի շահերին: Հետևաբար, նա հայերի հետ է: Նման մարդուն նախագահ ընտրելը մեծ աղետ կլինի Թուրքիայի և տարածաշրջանի համար»: Ադրբեջանցի պատգամավորը համոզմունք է հայտնել, որ թուրք ժողովուրդը ցույց կտա իր խելամտությունը և «ստոր մտքերի հեղինակ Քըլըչդարօղլուն կմնա պատմության արկղում»։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո պարոն նախագահի [խմբ․՝ Ի․ Ալիևի] հանրահայտ «Noldu, Paşinyan? Cəbrayıla yol çəkirdin» [թրք․՝ Ի՞նչ պատահեց, Փաշինյան, բա Ջաբրայիլով էիր անցնելու] միտքը կկրկնենք այսպես՝ «Ի՞նչ է պատահել, Քըլըչդարօղլու, բա Իրանի միջով Ադրբեջանը շրջանցող ճանապարհով էիր անցնելու»», – ասել է Աղամալին։
Առհասարակ համաթուրանական գաղափարներով ոգեշնչվածների համար, որքան էլ դրանք ուտոպիստական լինեն, դեռևս 19-րդ դարավերջից և 20-րդ դարից խմորվող թեման բավականին զգայուն է, ինչն էլ հիմք ընդունելով՝ շահարկվում է Ալիևի կողմից 44-օրյա պատերազմից ի վեր՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման մասին քարոզչությամբ։
Այն իր խորհրդանշական իմաստով ընկալվում է որպես միջանցք թյուրքական աշխարհի երկրների միջև, ուստիև դրանով են բացատրվում Քըլըչդարօղլուին «թուրքական աշխարհի միասնականությունը դավաճանողի» պիտակ փակցնելու արձագանքները և այդպիսով այն Իրանից ու Չինաստանից կախվածության մեջ դնելու հավանականության մասին անհանգստությունները։ Ադրբեջանական «Մուսավաթ» պարբերականն անգամ զգուշացնում է, թե իբր նախագահական ընտրություններում Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում Հայաստանի հետ թուրքական սահմանը կարող է բացվել առանց նախապայմանների, իսկ 2021թ․ բռնազավթված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագիրը կարող է չեղյալ համարվել։
2023թ․ թուրքական ընտրությունների համատեքստը
69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմադիր Քըլըչդարօղլուն նախկինում 3 անհաջող փորձ է ունեցել Էրդողանի հետ ընտրական պայքարներում։ Սակայն այսօր վերջինիս հաղթելու հավանականությունը, ըստ The Guardian-ի վկայակոչած տվյալների, գնահատվում է 48․9% Էրդողանի 43․2%-ի դիմաց։
Հատկանշական է նաև, որ խորհրդարանական պայքարում Էրդողանի կուսակցության քվեները կանխատեսվում են ամենաբարձրը՝ 34․4%, որին անմիջապես հաջորդում է Քըլըչդարօղլուի կուսակցությունը 29․5% հավանականությամբ։
Համաձայն ընտրական օրենսդրության՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ կազմակերպվող նախագահական ընտրություններում հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է առաջին փուլով հավաքել քվեների 50+1%-ը։ Հակառակ պարագայում՝ մայիսի 28-ին նախատեսվում է անցկացնել առավելագույն քվե հավաքած 2 թեկնածուների միջև ընտրության երկրորդ փուլ։ Քվեարկելու իրավունք ունի Թուրքիայի 61 մլն քաղաքացի երկրի ներսում, ևս 3 մլն-ը՝ արտասահմանում։
Այսպիսի ներքաղաքական մրցավազքում, երբ երկիրը դեռևս հեռու է փետրվարյան ահեղ երկրաշարժի հետևանքները վերացնելուց, երբ ազգային արժույթն ու գնաճը չափվում են 80-85%-ով, անհնար է խուսափել դաշինքներ ձևավորելու անհրաժեշտությունից։
Ուստի Էրդողանի ձևավորած դաշինքն ընդգրկում է իշխող «Արդարություն և զարգացում», ծայրահեղ աջ արմատական «Ազգայնական շարժում» (MHP) և «Նոր բարեկեցություն» (YRP) կուսակցությունները։
Քըլըչդարօղլուի դաշինքում են իր ղեկավարած և Մուստաֆա Քեմալի հիմնադրած «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, ինչպես նաև «Երջանկություն» (Saadet), նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնադրած «Ապագա», «Լավ», «Ժողովրդավարություն և Առաջընթաց» և «Դեմոկրատ» կուսակցությունները։ Ի դեպ, Քըլըչդարօղլուի թեկնածությունը պաշտպանում է նաև Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցությունը (HDP), իսկ Թուրքիայում ընտրողների շուրջ 15%-ը քրդեր են։
Հաջորդ երկու՝ ոչ այդքան աչքի ընկնող թեկնածուներն են՝ Մուհարրեմ Ինջեն աջ ազգայնական «Հայրենիք» կուսակցությունից, ով մայիսի 11-ին դադարեցրեց ընտրապայքարը՝ արժանանալով ընդդիմության աջակիցների քննադատությանը, ինչպես նաև անկախ թեկնածու Սինան Օղանը, ով նախկինում անդամակցել է «Ազգայնական շարժում» կուսակցությանը:
Ընտրության վերջնարդյունքի կանխատեսումներ
Այս ընտրություններում նշմարելի է 2 հավանական սցենար․
- Քըլըչդարօղլուն հաղթում է նախագահի պաշտոնում ձայների զգալի տարբերությամբ հենց առաջին փուլում, իսկ Էրդողանը՝ 600 աթոռից բաղկացած խորհրդարանում, որով իրականում ավարտվում է Էրդողանի 20-ամյա՝ գրեթե միանձնյա կառավարման պատմափուլը, սակայն երկուստեք ստիպված են լինում վերաձևավորել դաշինքներ ու ականատես լինել քաղաքական երկարատև դիմակայության,
- ոչ ոք չի հավաքում 50%+1 ձայն և Էրդողան-Քըլըչդարօղլու պայքարը շարունակվում է երկրորդ փուլում, որտեղ Քըլըչդարօղլուի կողմից ոչ զգալի առավելությամբ քվեներ հավաքելու դեպքում Էրդողանը վիճարկում է նախագահական ընտրությունները, իսկ դժվարին սոցիալ-տնտեսական կարգավիճակում գտնվող երկիրը խորասուզվում է քաղաքական երկփեղկվածության մեջ։
Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի որևէ հանգուցալուծում դժվար թե էական փոփոխություն մտցնի Հայաստանի հանդեպ պաշտոնական Անկարայի վարած ավանդական քաղաքական, համակարգային կուրսում։ Իսկ իբրև ամփոփում՝ վերհիշենք նշանավոր ռազմական, քաղաքական գործիչ Ֆոն Բիսմարկի խոսքերը․ «Մարդիկ երբեք այնքան չեն ստում, որքան որսից հետո, պատերազմի ընթացքում և ընտրություններից առաջ»։
Հեղինակ՝ Վահե Սալահյան
Վահե Սալահյանը Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի շրջանավարտ է, մասնագիտացումը՝ միջազգային հարաբերություններ
#դիտարկում
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 13/05/2023