Միջազգային

Վանա լճի հատակին 3000 տարվա հայկական ամրոցի ավերակներ են հայտնաբերվել

Archaeology World կայքում հրապարակվել է Վանա լճի հատակում հայտնաբերված ամրոցի մասին նյութ, որի հայերեն տարբերակը ամբողջության ներկայացվում է «Ամփոփ մեդիայի» լսարանին։

Թուրքիայի տարածքում գտնվող ամենամեծ լճի հատակին հայտնաբերվել է 3000 տարվա պատմություն ունեցող բազմաբերդ մի ամրոց: Ստորջրյա պեղումներն իրականացվել են Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի և Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի իշխանությունների կողմից:

Ասում են, որ ամրոցը համարվում է Երկաթի դարաշրջանի հայկական քաղաքակրթության վերջին մնայուն ապացույցը, հայտնի նաև որպես Հայաստանի, Արարատի, Ուրարտուի և Վանի թագավորություն: Լիճը հավանաբար խառնարանային ծագման է, որն առաջացել է Վանի նահանգի մերձակայքում գտնվող Նեմրութ լեռան հրաբխային ժայթքումից: Ներկայումս ջրի մակարդակը մոտ 150 մետրով բարձր է, քան Երկաթի դարաշրջանում էր:

Վանա լճում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ջրասուզակները գտել են տարիներ շարունակ լճի խորքերում պահպանված ամրոցի մի պատը, որն ըստ նախնական վարկածների, հավանաբար, կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում: Ընդհանուր առմամբ, փորձագետները մոտ մեկ տասնամյակ ուսումնասիրություններ են կատարել լճում մինչև որ հայտնաբերել են կորած ամրոցը:

Ջրասուզակները գտել են աներևակայելիորեն լավ պահպանված պատը, որը հավանաբար կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։

Ամրոցի բացահայտման գործում ջանք չեն խնայել մի խումբ հետազոտողներ, որոնց թվում՝ Թահսին Սեյլանը, ով ստորջրյա լուսանկարիչ և տեսագրող է, ինչպես նաև ջրասուզակ Կումալի Բիրոլը և Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մուսթաֆա Ակքուշը:

Հետազոտությունները նախաձեռնելուն նպաստել են մարդկանց պատմած լեգենդները ջրի հատակին թաքնված հին ավերակների մասին։ Այդպիսով՝ Վանի թիմը որոշեց հանձն առնել հետազոտական գործը, ինչի արդյունքում հայտնաբերվեցին մետամորֆոզային նստվածքային ժայռեր, կորալներ և նույնիսկ ռուսական խորտակված նավի մնացորդներ, բայց նրանց այս բացահայտումները գնահատանքի չարժանացան:

Որոշ ժամանակ անց, երբ արդեն հայտնաբերվեց քարե ամրոցը, որը քայքայումից պաշտպանվել էր լճի բարձր ալկալային ջրերի շնորհիվ, նրանց հետազոտական աշխատանքը վարձատրվեց:

Ամրոցը, ինչպես նաև տարածքում գտնվող մի շարք գյուղեր և բնակավայրեր, կառուցվել են այն ժամանակ, երբ ջրի մակարդակը շատ ավելի ցածր էր, քան այսօր:

Hurriyet Daily News-ի հետ զրույցում Սեյլանն ասել է․ «Շատ քաղաքակրթություններ և մարդիկ բնակություն հաստատեցին Վանա լճի շրջակայքում, ովքեր լիճն անվանեցին «վերին ծով»։ Նրանք հավատում էին, որ այն շատ խորհրդավոր իրողություններ է թաքցնում: Հավատալով դրան՝ մենք աշխատում ենք բացահայտել լճի գաղտնիքները: Ուղղակի հրաշք է այս ամրոցը ջրի տակ գտնելը»:

Ուրարտական թագավորությունը եղել է հնագույն երկիր՝ տեղակայված Սև ծովի հարավարևելյան և Կասպից ծովի հարավարևմտյան լեռնային շրջանում: Այսօր տարածաշրջանը բաժանված է Հայաստանի, արևելքից՝ Թուրքիայի և հյուսիս-արևմուտքից՝ Իրանի միջև:

Ասորական աղբյուրներում հիշատակվում է, որ մ.թ.ա. 13-րդ դարից սկսած` Ուրարտուն զգալի քաղաքական ազդեցություն ուներ Մերձավոր Արևելքում։

Ուրարտացիներին մ.թ.ա. 6-րդ դարում փոխարինելու եկան հայերը: Ուրարտուն ասորական անուն է, և տեղաբնակ ուրարտացիներն իրենց երկիրն անվանել են Բիայնիլի: Նրանց մայրաքաղաք Տուշպան գտնվում էր այժմյան Վանա լճի մոտ:

Ուրարտական բնակավայրերի մնացորդների մեծ մասը հայտնաբերվել են չորս լճերի միջև՝ Թուրքիայում Ժիլդիր և Վան, Իրանում՝ Ուրմիա, Հայաստանում Սևան, իսկ որոշ մնացորդներ էլ գտնվել են արևմտյան ուղղությամբ՝ դեպի Եփրատ ձգվող չբնակեցված մի հատվածում:

Սկզբնաղբյուր՝  Archaeology World, Ruins of a 3000-year-old Armenian castle found in Լake Van

Լուսանկարները՝ սկզբաղբյուրի

Թարգմանությունը՝ Թամար Սիմոնյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 09/03/2020