Առողջություն

Բուժաշխատողների կադրային սուր խնդիրը մարզային ԲԿ-ներում․ պայմանները հրապուրիչ չեն

Կապանից 4-ամյա Հենրին մոր՝ Անիի հետ Երևան է հասել առողջական վիճակի հաճախակի դիտվող բարդացումների պատճառը պարզելու ակնկալիքով։ Երեխան այնպիսի հաճախականությամբ էր ջերմում, որ Կապանի ԲԿ-ի մանկական բաժանմունքում ռիսկային են համարել հիվանդին իրենց հսկողության տակ վերցնելը։ Երիկամի ֆունկցիայի խանգարման կասկածանքով Կապանի ԲԿ-ի մանկական բաժանմունքի վարիչը երեխային ուղեգրել է Երևան։

«Գնացինք ուղիղ Արաբկիր ԲԿ։ Երեխային պետք է հետազոտեր նեֆրոլոգը (երիկամաբան), ու քանի որ ահավոր հերթ էր բաժանմունքում, մի քանի ժամ սպասեցինք մինչև մասնագետը կընդուներ։ Երեխային հետազոտելուց հետո հաստատվեցին կասկածները․ ստրեպտոկոկ վիրուսի բարդացումը երեխայի մոտ հանգեցրել էր երիկամի ֆունկցիայի խանգարման»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում պատմում է Հենրիի մայրը՝ Անի Սարգսյանը։

Մայր ու որդի արդեն Կապանում են․ հիվանդանոցից դուրս են գրվել, բայց վտանգը, որ խնդիրը նորից գլուխ կբարձրացնի, չի անցել, ուստի Հենրին շարունակում է դիսպանսեր հսկողության տակ մնալ Արաբկիր ԲԿ-ում։

Նեֆրոլոգը միակ մասնագետը չէ, որի կարիքը ներկա դրությամբ ունի Կապանի ԲԿ-ն։ Անին էլ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ համապատասխան պրոֆիլի բժշկի բացակայության պատճառով ստիպված է եղել 4-ամյա տղայի հետ անցնել 300 կիլոմետրից ավելի ճանապարհ և հասնել Երևան։

Մարզային հիվանդանոցներում սուր է ոչ միայն նեղ մասնագետների խնդիրը։ Ավագ բուժաշխատողները կենտրոնացած են մայրաքաղաքում։ Եթե Երևանում 10 000 բնակչին բաժին է ընկնում 59 բժիշկ, ապա մարզերում երեքուկես անգամ ցածր է այդ ցուցանիշը․ 10 000 բնակչին ընդամենը 17 բժիշկ է հասնում։

Մարզային բուժհաստատությունները պահանջվող մասնագետներով համալրելու նպատակով 2011 թվականից Առողջապահության նախարարությունն իրականացնում է նպատակային կլինիկական օրդինատուրա ծրագիրը։ Այսինքն՝ ամեն տարի ԱՆ առաջարկի հիման վրա Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում անվճար տեղեր են հատկացվում այն մասնագիտությունների գծով, որոնց պահանջարկը կա մարզերում։

Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Քրիստինե Գյուրջյանն ասում է, որ մարզային պահանջարկը հավաքագրվում է տարին երկու անգամ՝ հասկանալու համար, թե որտեղ ինչ մասնագետի կարիք կա։ «Նպատակային կլինիկական օրդինատուրայում պետպատվերով տեղեր ենք հատկացնում հենց այդ՝ մեծ պահանջարկ ունեցող մասնագետների համար»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Գյուրջյանը և հավելում՝ համապատասխան տեղերի համար դիմած ուսանողների հետ նախարարությունը կնքում է պայմանագիր։

Համաձայն պայմանագրի՝ այդ մասնագետները պարտավորվում են ուսումն ավարտելուց հետո նվազագույնը երեք տարի աշխատել այն մարզային բուժհաստատությունում, որտեղ կուղեգրի նախարարությունը։

Գյուրջյանի վստահեցմամբ՝ նպատակային կլինիկական օրդինատուրա ծրագրով հաջողվում է 30-40 %-ով ծածկել մարզերում առկա մասնագիտական պահանջարկը։

Գրավիչ պայմանների ապահովումը մարզային ԲԿ-ներում

Այս համատեքստում ուշագրավ է ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի ներկայացրած վիճակագրությունը, ըստ որի՝ միայն այս տարի կլինիկական օրդիանատուրայում մանկաբուժության գծով մասնագիտանում է 42 հոգի։

«ԱՆ կայքի տվյալների համաձայն՝ մարզերում այս տարվա փետրվարի դրությամբ մանկաբույժի 22 թափուր հաստիք կա։ Այդ մասով առկա պահանջարկը կարճ ժամանակում կարելի է բավարարել։ Շաբաթական կտրվածքով միայն «Մուրացան» համալսարանական հիվանդանոց ընդունվում է 1300-1400 երեխա՝ ՀՀ տարբեր մարզերից»,- ասում է Ավետիսյանը, բայց նաև ավելացնում է, որ մարզերում խնդրահարույց ծառայություններում ակնկալվող մասնագետների համար ավելի հրապուրիչ պայմաններ պետք է ստեղծվեն, քան Երևանում։

Գյուրջյանը ևս հակված է կարծելու, որ երիտասարդ մասնագետների՝ մարզերից խուսափելու պատճառները սոցիալ-կենցաղային հարթությունում են։ Նրա համոզմամբ՝ նորավարտ բժիշկը՝ այն էլ ընտանիքով, մարզում ապրելու համար կենցաղային գոհացուցիչ պայմաններ ու առօրյան հետաքրքիր դարձնելու հնարավորություններ է պահանջում։

Նախկինում բժիշկներն ուղեգրվում էին 5 տարի ժամկետով, բայց այսօր տեղերն ավելացրել են, ժամկետը կրճատել՝ դարձնելով 3 տարի։

«Բժիշկների հետ զրուցելով՝ հասկացել ենք, որ 5 տարին երկար ժամանակ է նրանց համար՝ հատկապես, եթե Երևանից են տեղափոխվում։ Մարդիկ զբաղմունք չեն գտնում մարզերում, կենցաղային խնդիրների են բախվում։ Այդ խնդիրները պետք է լուծել, հրապուրիչ պայմաններ ստեղծել»,-համոզված է ԱՆ ներկայացուցիչը։

Կարդացեք նաև․ Գյուղական ամբուլատորիաներ. Ինչպե՞ս օգնել առաջին բուժօգնությանը

Առողջապահության նախարարության կողմից 2020-ից վերագործարկված մեկ այլ ծրագիր, որի էությունը մարզային բուժհաստատությունները պահանջվող մասնագետներով հրատապ կերպով ապահովելն է, համեմատաբար հրապուրիչ պայմաններ է առաջարկում։ Այն մասամբ ներկայացված է պատկերում։

2022թ․ ընթացքում հրատապ պահանջարկով ներկայացված բացը լրացնելու նպատակով 8 բժիշկ-մասնագետներ ուղեգրվել են Կապանի, Նոյեմբերյանի, Մեղրու տարածաշրջանային, Տաշիրի և Վանաձորի բժշկական կենտրոններ։

Հիմնական մասնագետները, որոնցով հրատապ համալրման կարիք են ունեցել նշված մարզային ԲԿ-ները, վիրաբույժները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն ու մանկաբարձ-գինեկոլոգներն են։

Քրիստինե Գյուրջյանը նկատում է՝ որպես հիմնական մասնագիտություն՝ շատերն ընտրում են այն մասնագիտությունները, որոնք շահութաբեր են կամ, սովորաբար, կիրառելիության ավելի մեծ շրջանակ ունեն։ Այս պատճառով ֆինանսապես պակաս հրապուրիչ, բայց պահանջված բազմաթիվ մասնագիտություններ անտեսվում են։

Մասնագիտությունների «ռեբրենդինգ» կամ Քովիդ-19-ի «դրական էֆեկտը»

«Օրինակ՝ ռեանիմատոլոգիա մասնագիտությունը շատ քիչ էին ընտրում։ Քովիդ-19-ի համավարակից հետո այդ մասնագետների աշխատավարձը կտրուկ բարձրացավ, սկսեցին դիմել։ Կլինիկական օրդինատուրայում նպատակային 12 տեղ տրամադրեցինք ռեանիմատալոգիային, անգամ մանկական ռեանիմատալոգիայի տեղերը համալրվեցին։ Մրցակցությունը շատ մեծ էր, քանի որ ֆիանսական գրավչություն կար արդեն»,- ասում է տիկին Գյուրջյանը։

ԵՊԲՀ պրոռեկտորն այն համոզմունքին է, որ հիմնական մասնագիտության ընտրությունը պետք է համապատասխանի կարիքին՝ աշխատաշուկայի պահանջարկին։ Եվ որպեսզի ինչ-որ պահի գործազրկության խնդիր չառաջանա, Ավետիսյանն առաջարկում է նաև գերառաջարկը սահմանափակել։

«Կան մասնագիտություններ, որոնք շատ կարևոր են ու հետաքրքիր, բայց ճիշտ չեն ընկալվում, և, ըստ այդմ, դիմորդները խուսափում են դրանք ընտրել՝ ինչպես օրինակ դատական բժշկությունը, կլինիկական պաթոլոգիան։ Աշխատանքի բնույթն ու հնարավորություններն ամբողջությամբ չեն պատկերացնում դիմորդները»,- ասում է Ավետիսյանը։

Ի տարբերություն պաթոլոգիայի, որի թաքնված գրավչությունը դիմորդների համար բացահայտելու և առաջ մղելու գոործում ԵՊԲՀ-ն որոշակի հաջողության է հասել, դատական բժշկություն մասնագիտությունն ընտրելու հարցում երիտասարդները չեն շտապում։ Աշխատաշուկան այս մասնագետների գծով մեծ պահանջարկ չունի, բայց եղածը բավարարելու համար էլ կադրերը քիչ են։

Նույնանման խնդիր կա նաև համաճարակաբանների և ինֆեկցիոնիստների հետ կապված։ Քովիդ-19 համավարակից հետո, սակայն, պատկերացումները որոշակիորեն փոխվել են՝ փոխելով նաև հետաքրքրությունների շրջանակը։

«Կան մասնագիտություններ, որոնք կարևոր են դառնում որոշակի պայմաններում։ Վերջին տարիներին համաճարակաբանություն ընտրողները քիչ են եղել, բայց, ինչպես ցույց տվեց Քովիդ-19-ը, մենք ապրում ենք համաճարականների, համավարակների շրջանում և համաճարակաբանն աշխարհում ամենապահանջված մասնագետներից է։ Նրանք շատ կարևոր են նաև հիվանդանոցային օղակում՝ համաճարակների կանխարգելման, պլանավորման գործում»,-շեշտում է Ավետիսյանը։

Նույն ձևով համավարակը թոքաբանների կարևորությունն է ընդգծել։

Անցած տարի առաջին անգամ անոթային վիրաբուժության, թոքաբանության և կրծքային վիրաբուժության համար կլինիկական օրդինատուրայում անվճար տեղեր են հատկացվել։ Ինչպես «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշել է Գյուրջյանը, պատերազմն ու կորոնավիրուսային համավարակը ցույց են տվել, որ կա նաև այս մասնագետների կարիքը։

Առաջարկն ու պահանջարկը որոշակիորեն բալանսավորելու, «մոդայիկ» համարվող մասնագիտությունների փոխարեն դիմորդներին արդարացված ընտրության մղելու համար ԵՊԲՀ-ն որոշակի մարտավարություն է մշակել՝ արտոնյալ պայմաններ սահմանել պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար։ Այդ տրամաբանությամբ մանկական մասնագիտությունների դեպքում սահմանված վարձավճարը գրեթե 50 տոկոսով նվազել է:

Թերևս, այս տարվա օրդինատորների քանակն ինքնին վկայությունն է այն բանի, որ ներբուհական մակարդակում մոդելը բավականին հաջողել է։ Հաջորդ փուլում արդեն անհրաժեշտ է պատրաստի կադրերն ըստ կարիքի բաշխելու խելամիտ տարբերակ գտնել։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Վիզուալիզացիան՝ Անուշ Բաղդասարյանի և Կարինե Դարբինյանի

Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/09/2022