Առողջություն

Գյուղական ամբուլատորիաներ. Ինչպե՞ս օգնել առաջին բուժօգնությանը

Տորֆավանի բուժկետն ու համայնքի գրասենյակը նույն շենքում են

Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի միակ բուժկետը բաց է միայն աշխատանքային օրերին` մինչև ժամը 16:00-ը: Բուժկետի միակ աշխատողը բուժքույր Քրիստինե Բադալյանն է, ով այստեղ է գալիս շաբաթվա հինգ օրերին հարևան Կարճաղբյուր գյուղից:

«Չկա հասարակական տրանսպորտ: Ես օգտվում եմ մասնավոր տաքսիների ծառայությունից: Սովորել եմ արդեն գնալ-գալուն»,- նշում է Քրիստինեն, ով մասնագիտացել է որպես ընտանեկան բուժքույր:

Բուժքույր Քրիստինեն ավելի քան 3 տարի է աշխատում է այս համայնքում. տորֆավանցիներին առաջին օգնություն է ցուցաբերում, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղորդում է Կարճաղբյուրի առողջության կենտրոն կամ Վարդենիսի հիվանդանոց, որտեղ արդեն օգնություն են ցուցաբերում բժիշկները:

Համայնքում առողջության կենտրոնի բացակայությունը ցավոտ խնդիրներից է տորֆավանցիների համար, քանի որ բժշկի օգնության անհրաժեշտության պարագայում միշտ չէ որ լինում է համապատասխան փոխադրամիջոց կամ բավարար գումար հիվանդին համայնքից դուրս գտնվող բժշկական կենտրոններ հասցնելու համար: Շտապ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը ևս այս պայմաններում ամենացածր մակարդակի վրա է:

«Ես 2 երեխա ունեմ՝ 7 և 9 տարեկան: Հենց հիվանդանում են, սկսում եմ աղոթել, որ հանկարծ բարդացում չլինի. ոչ ֆինանս ունեմ, ոչ էլ մեքենա, որ կարողանամ երեխաներին հասցնեմ հարևան գյուղի հիվանդանոց»,- ասում է 31-ամյա Մելինե Վարդանյանը:

Մելինեն ասում է, որ անգամ պարտքով գումար է վերցրել, որպեսզի երեխաներին կարողանա պատվաստման տանել հարևան գյուղ:

«Մեր գյուղում հիվանդանալը պետք է հարմարեցնենք գրպանի պարունակության և բուժքրոջ գրաֆիկի հետ: Օրվա մի կեսն է նա այստեղ, հանգստյան օրերին չկա: Իսկ եթե փող չեղավ, տանն ենք մնում ու հարևանին խնդրում, որ մի դարման անի (որևէ կերպ օգնի)»,- ասում է Մելինեն (Տեսանյութը դիտեք այստեղ):

Տորֆավանը այն համայնքներից է, որտեղ կա մեկ բուժկետ: Մինչդեռ Հայաստանում բազմաթիվ են նաև համայնքները, որտեղ ոչ միայն գյուղական ամբուլատորիա չկա, այլ նաև չկան բարվոք ճանապարհներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում շտապօգնության մեքենան կարողանա հարևան համայնքից ժամանել դեպքի վայր: Հատկապես հեռավոր համայնքներում ձմռան ամիսներին ձյան պատճառով փակ ճանապարհներն ընդհանրապես մեկուսացնում են համայնքի բնակիչներին:

Ամբուլատոր բուժօգնության հիմնախնդիրները

Ըստ «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանի, Հայաստանում առկա ամբուլատորիաների վերաբերյալ ուսումնասիրություններ գրեթե չկան, եղածներն էլ հիմնականում ֆոկուս խմբերի արդյունքում ստացված տեղեկատվութուն է, կամ այլ թեմաներով հետազոտություններում ամբուլատորիաների վերաբերյալ մասնակի անդրադարձ:

«Երբ նախորդ տարի ուսումնասիրում էինք պոլիկլինիկաների և շտապ օգնության մեքենաների առկայությունը մարզերում, այդ ժամանակ բժիշկների համար դասընթաց էինք կազմակերպել, որի ընթացքում էլ բժիշկները բողոքեցին, որ շատ դժվար է իրականացնել իրենց պարտականությունները, քանի որ ֆիզիկապես չեն հասցնում», – ասում է Զոփունյանը:

Ըստ նրա, ամբուլատոր բժիշկներից մեկն ասել է, որ սպասարկում է թվով 9 համայնք` տեղակայված ընդհանուր 120 կմ տարածության վրա, ուստի սահմանված ժամանակը չի բավարարում աշխատանքային ծառայությունների բավարար մատուցման համար:

«Կադրերի պակասն ամենալուրջ հիմնախնդիրներից է այստեղ: Ոչ ոք չի ուզում գնալ հեռավոր գյուղերում աշխատելու, այն էլ ամբուլատորիաներում, քանի որ պայմանները բարենպաստ չեն ու, առհասարակ, բժշկական գիտության զարգացման հետ մեկտեղ մասնագիտություններ կան, որ կորչում են, նույնիսկ պահանջարկը չի լինում այլևս»:

Ըստ Զոփունյանի, երիտասարդ բժիշկները կենտրոնանում են այն մասնագիտությունների վրա, որոնցով կարող են շատ գումար վաստակել, իսկ մասնագիտանալուց հետո հակված են աշխատել երկրից դուրս:

«Անգամ կառավարության նախաձեռնած քայլերը, որոնցով քաջալերում են, խրախուսում են երիտասարդներին մարզերում աշխատել, չեն ունենում ցանկալի ազդեցություն երիտասարդների վրա»:

Համայնքներում առաջնային բուժօգնության խնդիրներից է նաև դեղերի բաշխումը:

«Նախարարության կողմից դեղերի համապատասխան խմբաքանակն ուղարկվում է մարզկենտրոններ, որից հետո բաշխվածության վերահսկողությունը համարվում է, որ մարզպետարանները պիտի անեն: Բայց փաստացի այդ բաշխումը լիարժեք չի իրականացվում, քանի որ յուրաքանչյուր համայնք իր միջոցներով է հոգում տվյալ դեղամիջոցների տեղափոխումը մարզկենտրոնից, այնինչ տեղափոխումը պետք է մարզպետարանը կազմակերպի: Այսինքն, նախնական հաստատված մոդելը սխալ է աշխատում»,- ասում է Զոփունյանը:

Համաչափ չէ նաև ամբուլատորիաների բաշխվածությունը: Կան խոշոր համայնքներ, որտեղ առկա ամբուլատորիաների թիվը չի բավականացնում:

«Համամասնությունը հաշվի չի առնվել: Անհրաժեշտ է ամբուլատորիաների քանակը ստեղծել բնակչության թվաքանակին համապատասխան, որպեսզի առաջին բուժօգնությունը չուշանա»,- ասում է Զոփունյանը:

Զոփունյանը կարծում է, որ սրանք շղթայական, մեկը մյուսի հետ կապ ունեցող խնդիրներ են՝ ներառյալ բժշկական կրթության ծրագրերը, կադրերի պատրաստումը, աշխատանքի և աշխատավարձի բաշխվածությունը, գյուղական համայնքներում բժշկական ծառայությունների հասանելիությունը:

Վիճակագրություն

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2017թ. դրությամբ Հայաստանի արտահիվանդանոցային բժշկական ծառայություն իրականացնող հաստատությունների թիվը 356 է, որից 240-ը` գյուղական ամբուլատորիաներ:

Հիվանդանոցային բժշկական հաստատությունների թիվը 125 է, որից 82-ը պետական կարգավիճակով, այսինքն պատկանում են Առողջապահության նախարարությանը կամ մարզպետարաններին:

Բժշկական հաստատություններով համեմատաբար հագեցած են քաղաքային բնակավայրերը: 125 հիվանդանոցային բժշկական ծառայություն իրականացնող հաստատություններից միայն 51-ը գտնվում են Երևանում:

Հայաստանի քաղաքային բնակավայրերը թեպետ ունեն բժշկական կենտրոններ, սակայն դրանցից ոչ բոլորն ունեն շենքային անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև հագեցած չեն ժամանակակից սարքավորումներով: Մասնագետների պակաս կա նաև այս հաստատություններում:

Փաստացի

Դեռ 2018թ. օգոստոսին բժշկական կադրերի հարցը քննարկվեց կառավարության նիստերից մեկում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ մարզերում 300 բժշկի թափուր աշխատատեղ կա: Օրակարգով առաջարկվել է փոխհատուցել բժշկական համալսարանի այն ուսանողների վարձավճարը, ովքեր պատրաստ են ուսումն ավարտելուց հետո 5 տարի աշխատել Առողջապահության նախարարության կողմից նշանակված համայնքում: Կառավարությունը հաստատել է այս առաջարկը և 2018-2019 ուսումնական տարվա համար այս նպատակով հատկացրել 123 տեղ:

2018թ. օգոստոսից բարձրացվել են նաև պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների ու միջին բուժանձնակազմի աշխատավարձերը: Համաձայն նախարար Թորոսյանի՝ նշված աշխատակիցների թիվը շուրջ 10 հազար է, և նրանց աշխատավարձերը բարձրացվել են մոտ 15%-ով: Դա կատարվել է 700 միլիոն դրամի տնտեսման հաշվին: Իսկ արդեն նոյեմբերին Ազգային ժողովում 2019թ. պետբյուջեի քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է նաև 2019թ.:

Ամփոփեց Արմինե Ավետիսյանը 
Ինֆոգրաֆիկան` Աստղիկ Գևորգյանի
Տեսանյութը` Գարիկ Արամյանի

Հղումների պահոց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Արմինե Ավետիսյանը  Ինֆոգրաֆիկան` Աստղիկ Գևորգյանի Տեսանյութը` Գարիկ Արամյանի Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Հղումների պահոց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 16/01/2019