Տնտեսություն

Երևան քաղաքի բյուջե 2019. պարգևավճար, տրանսպորտ և վերելակներ

Լուսանկարը Yerevan.am կայքից

Այս տարի Երևանի քաղաքապետարանի աշխատողների պարգևավճարների և խրախուսանքների համար քաղաքային բյուջեից կհատկացվի մոտ 2 մլրդ դրամ, ինչը 2,5 անգամ ավելի շատ է նախորդ` 2018թ. համեմատ։ Իսկ ընդհանուր առմամբ քաղաքի բյուջեի ծախսերն այս տարի ավելացել են 5%-ով՝ կազմելով 84.3 մլրդ դրամ: Արդյունքում՝ այս տարվա բյուջեի դեֆիցիտը 26 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ և կազմել 1.3 մլրդ դրամ: Մայրաքաղաքի բյուջեում կատարված այս ու մի շարք այլ փոփոխություններ լարված քննարկման պատճառ դարձան հանրության շրջանում և Երևանի ավագանու նիստերում։

Բյուջեի նախագծի հանրային քննարկումները մեկնարկել էին նոյեմբերի 14-ից։ Դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանին հաստատեց քաղաքի 2019թ․ բյուջեն։ Սակայն բյուջեի մի շարք հոդվածների շուրջ ավագանու անդամների կողմից քննարկումներն ու քննադատությունները շարունակվում են։ Ըստ ավագանու ընդդիմության՝ «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների՝ բյուջեն թերի է, անգամ հետընթաց նախորդ տարվա բյուջեի համեմատ։ Սակայն, քաղաքային իշխանությունների պարզաբանմամբ, նվազող թվերը չեն խոսում աշխատանքի նվազման մասին. խնդիրը գումարը նպատակային ծախսելն է, ինչը չի արել նախորդ իշխանությունը։

Հարկեր, տուրքեր, եկամուտներ

2019թ. Երևանի բյուջեի եկամուտները 3 մլրդ դրամով ավել կլինեն՝ կազմելով 83 մլրդ դրամ: Գումարի աճը պայմանավորված է հարկերի և տուրքերի բարձրացմամբ, որի արդյունքում 1,3 մլրդ դրամի հարկ ավել կհավաքագրվի: Բացի դա, քաղաքապետարանը կստանա 1,4 մլրդ դրամի չափով դրամաշնորհ՝ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից:

Տեղական տուրքերի բարձրացման մասին ավագանին որոշում ընդունեց դեկտեմբերի 25-ին` 51 կողմ ձայնով: Քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրեց, որ այն ազդեցություն չի ունենա փոքր և միջին բիզնեսի վրա, իսկ մեծ շրջանառություն ունեցող բիզնես ընկերությունների վրա այդ ազդեցությունն աննշան կլինի: Սակայն դրա հաշվին 2019-ին հարկերի չափը նախատեսվում է հասցնել 15,7 մլրդ դրամի` նախորդ տարվա 14,4 մլրդ դրամի համեմատ:

Համաձայն այս որոշման՝ հունվարի 1-ից, օրինակ՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տուրքը դառնալու է 600 հազար դրամ, նախկինում առկա 350 հազարի փոխարեն: Բարձրացել են նաև Երևանի տարածքում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղերի, զվարճանքների, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիք-սաունաների, խաղատների՝ կեսգիշերից հետո աշխատելու համար տուրքերը:

Տեղական տուրքերի բարձրացման հետ միաժամանակ քաղաքային իշխանությունը արտոնություններ է սահմանում փոքր և միջին բիզնեսի համար։ Ըստ այդմ՝ մինչև 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար տուրքերը չեն բարձրանա։ Նրանք կշարունակեն վճարել տուրքերը՝ մինչև նոր օրենքի ընդունումը՝ եղած դրույքաչափերով։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարկման նոր մեխանիզմի ներդնումը դրական է գնահատում, հավելելով` եթե այն ճիշտ կիրառվի։

«Եթե իշխանությունները կարողանան հստակ հաշվառել, թե քաղաքում մինչև 58 միլիոն դրամ շրջանառությամբ որքան կազմակերպություն կա, և հաշվառման ընթացքում քաղաքի հարկային քաղաքականությունն ուղղվի նրանց խրախուսելուն՝ ծրագիրը ողջունելի կլինի»։

Սակայն Խաչատրյանն անհանգստություն հայտնեց, որ, այս պարագայում, կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել։ Մասնավորապես՝ որոշ կազմակերպություններ կարող են փորձել թաքցնել իրենց ֆինանսական շրջանառության իրական պատկերը, իսկ այդ դեպքում կտուժեն ավելի փոքր շրջանառություն ունեցող գործարանները։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասում է, որ իրենց խմբակցությունը ևս մտահոգված է այդ խնդրով, և սպասում են քաղաքային իշխանությունների խոստացած նոր բյուջեի ներկայացմանը։

«Մենք դեմ ենք քվեարկել այս փաստաթղթին, որը  բարձրացնում էր տուրքերը, և, մեր խորին համոզմամբ, վնասելու է փոքր և միջին բիզնեսին՝ որոշ ոլորտներում։ Բայց, եթե բերեն այլ նախագիծ, որը կուսումնասիրենք և կհամարենք, որ դրա հիման վրա վիճակը կարող է բարելավվել, ապա այո՛, մենք կողմ կքվեարկենք»,- «Ամփոփ մեդիային» ասում է Սամսոնյանը:

Ծախսեր

2019-ի բյուջեի ծախսերը կազմում են 84,35 մլրդ դրամ` նախորդ տարվա բյուջեից մոտ 4 մլրդ դրամով ավելի: Բացի պարգևավճարների և խրախուսանքների համար հատկացված ծախսից բյուջեով 80%-ով ավելացել է նաև արտասահմանյան գործուղումների համար նախատեսվող գումարը` կազմելով մոտ 113 մլն դրամ: Ավելացել են նաև աշխատողների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները և այլ ծախսեր, որոնք ներկայացված են առաջին պատկերում։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը համարում է, որ պարգևատրումների դրական անդրադարձ կունենա աշխատողների մոտիվացիայի վրա, հատկապես այն պարագայում, երբ քաղաքապետարանում աշխատավարձերը բավական ցածր են։

«Սակայն ես և մեր դաշինքի անդամներից ոմանք դեմ ենք բյուջեի այն տողին, որը սահմանում է քաղաքապետարանի աշխատողների լեզուների ուսուցումը բյուջեի հաշվին։ Լեզվի իմացությունը նվազագույն պայման է, որ պետք է հաշվի առնել աշխատանքի ընդունելիս։ Մենք ամեն ինչ կանենք, որ բյուջեի այս կետը փոխվի։ Այլ հարց է մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղվող գումարը։ Ի վերջո, այս պարագայում շահելու է քաղաքապետարանը»։

Ինչ վերաբերվում է քաղաքապետարանի աշխատողների 2 մլրդ դրամի չափով նախատեսվող պարգևավճարներին ու խրախուսանքներին, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այն կարող է նպաստել աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, եթե սուբյեկտիվության խնդիր չառաջանա:

«Պարգևատրման մեթոդն ընդունված պրակտիկա է կառավարման համակարգում։ Միայն հայտնի չէ՝ մարդկանց շահագրգռելու այս մեթոդը որքանով կաշխատի մեր իրականությունում։ Սուբյեկտիվության խնդիրը լուծելի է, եթե ճիշտ կիրառվի գնահատման մեխանիզմը»:

Ընդդիմությունն այս հարցով ևս բարձրաձայնել է իր մտահոգությունը՝ առաջարկելով պարգևատրումների փոխարեն բարձրացնել ամենամսյա աշխատավարձերը։ Անի Սամսոնյանը նշում է, որ դեռ պարզ չէ՝ այս մասով նեկայացվելիք բյուջեում փոփոխություններ տեղ կգտնեն, թե ոչ։ Ամեն դեպքում, մինչ այս, պարգևավճարների և խրախուսանքների բյուջեի փոփոխման մասին որևէ խոսք չի եղել։

«Մեր քննարկումներում խոսել ենք այն մասին, որ այս բյուջեն ունի խնդիր։ Բայց նոր բյուջեի վերաբերյալ, որը փետրվարին պետք է ներկայացնեն, հստակ քննարկում չի եղել, թե որ հոդվածներն են վերանայվելու»։

Տրանսպորտի բյուջեն կրճատված

Հանրությանը հուզող մյուս կարևոր հարցը տրանսպորտի հարցն է։ Պարզվում է` տրանսպորտի համար հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ 1,9 մլրդ դրամով նվազել է՝ կազմելով 13 մլրդ 275 մլն դրամ: Ավագանու ընդդիմադիր անդամները ևս քննադատեցին այս փոփոխությունը։ Քաղաքապետարանի պարզաբանման համաձայն՝ գումարների նվազման պատճառը Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ուղղված 900 մլն դրամի վարկային ծրագրի ավարտն է։ Իսկ տրանսպորտի վիճակի բարելավում բնակիչները կտեսնեն 2 տարվա ընթացքում։ Հենց այսքան ժամանակ են նախատեսում քաղաքային նոր իշխանությունները Երևանում միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու համար։

Մինչդեռ ընդդիմությունն անհանգստություն է հայտնում, որ արդյունքում կարող է բարձրանալ տրանսպորտի սակագինը։

Վերելակներ

Լայն քննարկման պատճառ դարձավ բյուջեի մեկ այլ՝ վերելակների վերանորոգման համար հատկացվող գումարներին վերաբերող կետը։ Նախորդ տարվա 109 մլն դրամի փոխարեն այս տարի դրա համար կհատկացվի 31 մլն դրամ։ Ընդդիմության քննադատությանն ի պատասխան` Գայանե Աբրահամյանը շեշտում է, որ վերելակների խնդիրը լուծելու համար գումարներ են նախատեսված բյուջեի այլ հոդվածով, ըստ որի՝ վերելակները ոչ թե վերանորոգվելու են, այլ փոխարինվելու են նորերով։

Արդյունքում՝ բյուջեի դեֆիցիտը 2019թ․ կազմում է 1 մլրդ 269 մլն. դրամ՝ 26 անգամ ավելի նախորդ տարվա դեֆիցիտից։ Սա, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի պարզաբանմամբ, խոսում է ավելի շատ պահանջների մասին: Իսկ բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է լրացնել վարկային միջոցներով:

Ընդդիմության կողմից 2019թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ հետընթաց համարելը տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վիճելի է համարում։ Ըստ նրա՝ միայն այն փաստը, որ այս իշխանությանն ու ավագանուն ընտրել են քաղաքացիները, և, որը մինիմալացրել է կոռուպցիոն ռիսկերը, արդեն առավելություն է։

«Կարծում եմ` մի թերացում կա քաղաքային իշխանությունների կողմից, որ բյուջեն և նրա հետ կապված հիմնավորումներն ու պարզաբանումները հանրությանը չեն ներկայացնում։ Այսինքն՝ իրենք պետք  է բացատրեն ու հիմնավորեն, թե ինչպես ու ինչի վրա է ծախսվում քաղաքի բյուջեն։ Նման բան երբևէ չի արվել, և նախորդ իշխանություններն էլ իրենց առաջ նման խնդիր չեն դրել։ Բայց այս դեպքում, երբ քաղաքացիներն են ընտրել իրենց ավագանին, նրանք պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, հատկապես, երբ ինֆորմացիայի տարածման դժվարություններ չկան»։

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Անի Ավետիսյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on LinkedIn
Linkedin
Հրապարակվել է` 10/01/2019