Առողջություն

Երկրի ժողովրդագրական պատկերը կախված է առողջապահության որակից․ հայրենիք վերադարձած բժշկի խորհուրդները

Հասմիկ Ահարոնյանը գործընկերների հետ

Ամեն ինչ սկսվեց 2022թ․ ապրիլի 24-ի Մոսկվա-Երևան չվերթից կամ գուցե՝ ավելի վաղ։ Համենայնդեպս, Հասմիկի երազանքից նպատակ անցումը կատարվեց այդ օրը։

Երեք տարեկանում, ծնողների որոշմամբ, Արմավիրից Մոսկվա տեղափոխված Հասմիկ Ահարոնյանը հայրենիք վերադառնալու որոշում վաղուց էր կայացրել։

Հետաձգման միակ պատճառն ուսումն էր։ Հայաստան վերադառնալը, նրա խորին համոզմամբ, որևէ պարագայում ինքնանպատակ չպետք է լինի․ եթե վերադառնալ, ապա մի դրական փոփոխություն անելու նպատակադրմամբ ու ներուժով։

«Երբ փոքր էի, ճամպրուկ ունեի, որի մեջ անձնական իրերս էի դրել՝ այն ամենը, ինչ կարևոր էր ինձ համար, որպեսզի որ պահին ծնողներս որոշեին վերադառնալ Հայաստան, ես պատրաստ լինեի, հանկարծ չուշացնեի։ Ինձ ոչ ոք երբևէ չի ասել, որ պետք է սիրեմ հայրենիքս։ Դա, կարծում եմ, ասելով չի լինում․․․ ներսից է գալիս»,- «Ամփոփ Մեդիայի» հետ կիսվում է հայրենիք վերադարձած մանկաբույժ-նեֆրոլոգ Հասմիկ Ահարոնյանը։ [խմբ․ նեֆրոլոգը մասնագիտանում է երիկամների հիվանդության ախտորոշման, բուժման և կանխարգելման մեջ

Հասմիկը 27 տարի ապրել է Մոսկվայում, բժշկական կրթություն ստացել, հետո աշխատանքի անցել Մոսկվայի Երեխաների առողջության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում [Национальный медицинский исследовательский центр здоровья детей

Ասում է՝ կրթական բոլոր մակարդակներում՝ բակալավրից մինչև ասպիրանտուրա, հնարավորինս շատ գիտելիք ու փորձ ձեռք բերելու գլխավոր մոտիվացիան Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը ծառայելն էր։

Հայաստանի առողջապահական համակարգի «ուռուցքային» խնդիրներից Հասմիկը տեղեկացված էր դեռ Մոսկվայում: Ռուսաստանում Հայաստանից սովորող բժիշկներին օգնելու նպատակով ընկերների հետ [այդ թվում՝ օտարազգի] հիմնել էին Հայկական բժշկական ասոցիացիա։ Բժշկական կրթություն ստացող հայ ուսանողների համար կազմակերպում էին հանդիպումներ փորձառու բժիշկների հետ, իրականացնում սեմինարներ, հնարավորություն էին ստեղծում հերթապահել Մոսկվայի բժշկական կենտրոններում։

2020թ․ պատերազմը փոխեց պատկերացումներն ու հստակեցրեց, որ պետք է առաջնահերթ աշխատել Հայաստանի ու Արցախի բժիշկների հետ։

«Պատերազմի օրերին Մոսկվայում ոչինչ չէի ուզում անել․ դեկտեմբերին Արցախ եկա։ Դա իմ հինգերորդ այցն էր Արցախ, պատերազմից հետո՝ առաջին։ Առաջին անգամ Ստեփանակերտ ոտք եմ դրել 26 տարեկանում, ու այն, ինչ զգացել եմ, ուրիշ ոչ մի տեղ երբևէ չեմ զգացել․ ինձ իմ տանն էի զգում․․․»,- հիշում է մանկաբույժը։

Առողջապահության համակարգի խնդիրները խորքային ուսումնասիրելու հնարավորություն առաջացավ Հասմիկի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո։ Հասմիկը որոշեց ամիսը գոնե մեկ անգամ մարզային որևէ ԲԿ այցելել և ծանոթանալ աշխատելոճին։

Երևանում նա աշխատանքի է անցել այն բժշկական կենտրոնում, որն իր պատկերացրած մոդելով է աշխատում։ Վերադարձից հետո բժշկուհին հասցրել է 5 մարզային հիվանդանոց այցելել։ Խնդիրների քարտեզագրումն օգնել է հասկանալ, որ կառավարման արդյունավետության բարձրացման խիստ անհրաժեշտություն կա։

Փաստ է այն, որ վերջին 3 տարիների ընթացքում (2019-2021թթ․) առողջապահության համակարգին պետբյուջեից հատկացված գումարները 2018թ․-ի համեմատ միջինում աճել են 27,4%- ով՝ 2021-ին կազմելով պետական բյուջեի 8%-ը։ Միևնույն ժամանակ, առողջապահական ծառայությունների որակը դեռևս զգալիորեն կաղում է։

«Որակյալ առողջապահական ծառայության հիմքում միշտ ընկած է ճիշտ, արդյունավետ կառավարումը։ Եթե առողջապահական հաստատության ղեկավարը կառավարման հմտությունների չի տիրապետում, չի կարող ճիշտ բաշխել տրամադրված ռեսուրսները»,- համոզված է Հասմիկը։

Ինչից սկսել

Ցանկացած երկրի ժողովրդագրական պատկեր զգալիորեն կախված է առողջապահության որակից։ Երկարաժամկետ կտրվածքով դեմոգրաֆիական աճ ունենալու համար կարևոր է ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որն այդ աճը կկարողանա ապահովել։ Դրան հասնելու միակ տարբերակը, մեր զրուցակցի համոզմամբ, առողջապահության զարգացման ազգային ռազմավարություն ունենալն է, որն իրոք կլինի ազգային, այսինքն՝ լիովին տեղայնացված․

«Ազգային ռազմավարությամբ առաջնորդվելն այլընտրանք չունի։ Այն ներառում է նաև հիվանդությունների վարման ուղեցույցները․ այսինքն՝ որևէ երկրում կիրառվող ուղեցույցը նույնությամբ կիրառելու փոխարեն՝ գերադասելի է ընտրել այն տարբերակը, որն ամենամոտն է մեզ և, իհարկե, անպայման տեղայնացնել», – ասում է նա։

Ըստ երիտասարդ մասնագետի, հարկավոր են աշխատանքային խմբեր, որոնք անմիջական կապի մեջ կլինեն մարզային բժիշկների հետ։ Պետք է հասնել մի վիճակի, երբ հիվանդը ժամանակին ու ճիշտ բուժում կստանա իր իսկ մարզում։

Կարդացեք նաև․ Բուժաշխատողների թափուր հաստիքներ մարզային ԲԿ-ներում․ պայմանները հրապուրիչ չեն

Ճիշտ աշխատող առողջապահական համակարգի մշակման և գործընթացի արդյունավետ կազմակերպման համար սփյուռքահայ մասնագետների ներգրավումը, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանի խորին համոզմամբ, շատ կարևոր է։

Բժշկական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման առումով բժշկական հաստատություններից ստացված վիճակագրական տվյալների ամենօրյա վերլուծությունն առանցքային դեր է խաղում ամբողջ աշխարհում։

Մեր զրուցակիցը գիտակցում է՝ Հայաստանում այդ պրակտիկան ներդնելն ու զարգացնելն արագ ու հեշտ գործընթաց չի լինելու, բայց հենց նման ցուցանիշներով՝ մահճակալների քանակով, նշանակված հակաբիոտիկներով, տրված ախտորոշումներով է ճիշտ գնահատվում բժշկի աշխատանքի արդյունավետությունը։

Նմանատիպ վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքում է նաև պարզ դառնում, թե համակարգին հատկացված հանրային ռեսուրսները որքանով են արդյունավետ բաշխվում։

«Այդ ցուցանիշներն ունենալու դեպքում կհասկանանք, թե որ ախտորոշման դեպքում է ավելի հաճախ հակաբիոտիկ նշանակվում։ Դա իր հերթին կօգնի կողմնորոշվել, թե որ մասնագետների հետ ավելի շատ աշխատելու, նրանց վերապատրաստելու կարիք կա։ Այդ ցուցանիշների օգնությամբ նաև այս կամ այն հիվանդության տարածվածությունն ավելի լավ կպատկերացնենք»,- ասում է բժշկուհին։

Նրա համոզմամբ, հանրապետությունում առավել տարածված հիվանդությունների ու դրանց աշխարհագրության մասին ինֆորմացիան կանխարգելիչ միջոցառումների մշակման հիմքում պետք է դրվի։ Առողջության պահպանման առաջնային օղակն այդ առումով ահռելի դերակատարում ունի և ըստ այդմ՝ ուշադրության կենտրոնում պետք է լինի մշտապես։

Բժշկուհին շեշտում է՝ կանխարգելիչ բժշկության նպատակահարմարությունը թե՛ դեմոգրաֆիական, թե՛ ֆինանսական առումով վաղուց ապացուցված փաստ է։

Հիվանդության վաղ հայտնաբերումը մեծացնում է և՛ դրա հետագա զարգացումը կանխելու, և՛ այն լիովին բուժվելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ, որպես կանոն՝ հիվանդության կանխարգելումն ավելի քիչ ֆինանսական միջոցներ է պահանջում, քան բուժումը։

«Այն նաև ապահովում է մարդու աշխատունակությունը, երկարացնում կյանքի տևողությունը»,-նկատում է զրուցակիցն, ում համար կանխարգելիչ բժշկության հաջողության լավագույն օրինակներից մեկը Ճապոնիան է։

Ունենալով ստամոքսի քաղցկեղով հիվանդների բավականին բարձր ցուցանիշներ՝ այդ երկրի առողջապահական համակարգը ճիշտ հաշվարկված կանխարգելիչ քայլերի շնորհիվ հասել է նրան, որ հիվանդների շուրջ 80 տոկոսի մոտ հիվանդությունն ախտորոշվում է 1-ին կամ 2-րդ փուլում, և բուժվելու հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Բժշկուհին լիահույս է, որ աշխարհի տարբեր երկրներում գիտելիք ու փորձ կուտակած հայ բժիշկների ջանքերը համադրելու արդյունքում, իրոք, հնարավոր կլինի կառուցել որակյալ առողջապական այնպիսի համակարգ, որը կմատուցի բարձր որակի ծառայություն և կնպաստի ժողովրդագրական աճին։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Վիզուալիզացիան՝ Անուշ Բաղդասարյանի և Կարինե Դարբինյանի
Լուսանկարները Հասմիկ Ահարոնյանի անձնական արխիվից

Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/09/2022