Տնտեսություն

Հետպատերազմյան մշակութային զարթոնք․ թատրոնները կրկին բաց են

2020 թվականն իր ողջ գորշ «գունապնակով» արդեն մեկ ամիս է՝ անցյալում է, սակայն նախորդ տարվա արհավիրքների հետքը խորը դաջվել է մեր մտքերում։ Մշակութային կյանքը՝ որպես իրականությունն արտացոլող և, թերևս, ամենազգայուն ոլորտ՝ նույնպես անմասն չէր մնացել դրանից։ Սկզբում՝ նոր կորոնավիրուս, կարանտինային պայմաններ և համատարած մեկուսացում, իսկ հետո՝ պատերազմ․ թատրոնի կյանքը, ինչպես և բոլորինը, տևական ժամանակ կանգ առավ։

Եվ չնայած դաժան իրականությանն ու ծանր առօրյային՝ արդեն երկու շաբաթ է մայրաքաղաքի թատրոնները ողջ թափով վերսկսել են իրենց աշխատանքը, թեկուզև կառավարությունը չի չեղարկել համաճարակային իրավիճակը։

Tomsarkgh.am-ի սպասարկման բաժնի մենեջեր Լուսինե Շարբաթյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ հանդիսատեսը բավականին ակտիվ է․ «Մարդիկ հոգնել էին մեկուսացումից։ Մեր հիմնական հանդիսատեսը տևական ժամանակ է՝ ներկայացումների չէր այցելել, հիմա մեծ հաճույքով տոմսեր են գնում»,- ասում է Լուսինեն և նշում, որ ինչպես ներկայացումների, այնպես էլ համերգների տոմսերը հավասար ակտիվությամբ վաճառվում են։

«Քանի որ թատրոնների մեծ մասը, համաճարակով պայմանավորված, պահպանում է դահլիճում 1,5 մետր սոցիալական հեռավորությունը, համեմատաբար ավելի քիչ տոմսեր են վաճառքի հանվում»,- ասում է Լուսինեն։

Աֆիշները հուշում են, որ թատերական զարթոնքը խոստումնալից է ու լեցուն անակնկալներով․ առաջիկա երեք ամիսների խաղացանկն արդեն հաստատված է։ Գրեթե բոլոր թատրոններում ու համերգասրահներում՝ ներկայացումներ, համերգներ ու կրկեսային շոուներ․ խաղացանկին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ toms.am և tomsarkgh.am առցանց տոմսարկղերի կայքեր այցելելով։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, ով նաև Թատերական գործիչների միության նախագահն է, «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ թատրոնը հունվարին հանդես է եկել երկու ներկայացմամբ, որոնց պրեմիերան նախատեսված էր նախորդ տարվա սեպտեմբերին․

«Թատրոնը աշխատել էր ներկայացման վրա, մի քանի անգամ փորձեցինք պրեմիերա անել, սակայն մեկ անգամ խանգարեց համաճարակը, իսկ երկրորդ անգամ՝ պատերազմը։ Այդ ներկայացումները պետք էր բեմ բարձրացնել, որովհետև թատրոնն աշխատել և ծախսեր է արել՝ երաժշտություն, դեկորացիա և այլն, և անշուշտ այդ գործերը պետք էր ներկայացնել հանրությանը»,- ասում է ռեժիսորը։

Խոսքը «Հարդասենյակ կանանց համար» և «Չինացին էլ կարող է հայ լինել» կատակերգությունների մասին է, որոնք հանդիսատեսի դատին կհանձնվեն ևս երկու օր՝ փետրվարի 19-ին և 20-ին։ Ղազանչյանը նշում է, որ խաղացանկում առկա են պիեսներ, որոնք համապատասխանում են իր ղեկավարած թատրոնի պրոֆիլին, բայց ինչ-որ թեմաներ կարծարծվեն նաև պատերազմի հետ կապված։

«Իհարկե, ոչ ուղղակիորեն։ Կարծում եմ՝ պետք է ապրել, այլ ոչ թե ավելի սրել այս հոգեբանական վիճակը, մենք պետք է առաջ նայենք ու ապրենք, այլ տարբերակ չունենք»։

Հակոբ Ղազանչյանն ասում է, որ թատերաշրջանն սկսել են դեռևս դեկտեմբերին՝ ամանորյա «Բրեմենյան երաժիշտները» ներկայացումով, որը խաղացել են 15 անգամ։

«Հիմա շարունակում ենք հանդես գալ նոր ներկայացումներով, որից հետո էլ մեր դասական ռեպերտուարը կսկսենք՝ իհարկե, հաշվի առնելով Պարետատան պահանջները դահլիճում հանդիսատեսի սահմանափակ քանակի վերաբերյալ։ Այդպես էլ ենք համաձայն, միայն թե շարունակենք աշխատել»,- ասում է նա։

Հարցին, թե արդյոք նույն ոգով հնարավո՞ր է կատակերգություն բեմադրել և խաղալ, Ղազանչյանը պատասխանում է․

«Մենք կոմեդիայի թատրոն ենք, մենք թատրոնի պրոֆիլը չենք կարող փոխել։ Այսպիսի իրավիճակում ես եղել եմ նաև [հեղ․ 1988թ․] Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, երբ նշանակվեցի Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար», – ասում է նա։

Երկրաշարժից մեկ տարի անց՝ 1989թ․-ին նրա ղեկավարած թատրոնը պետք է սկսեր թատերաշրջանը։ «Այն ժամանակ էլ եղան խոսակցություններ, որ երկրաշարժի մասին պիես անենք, ես կատեգորիկ դեմ էի դրան, քանի որ քաղաքը և մարդիկ հոգեբանորեն արթնանալու կարիք ունեին, և ես ընտրեցի Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգեր» կատակերգությունը, ու շատ լավ ներկայացում ստացվեց։ Պարզվեց՝ մենք ճիշտ էինք, մարդիկ գոհ ու շնորհակալ էին»։

Դժվար է տեսնել այն ամենն, ինչ կատարվում է, հետո գալ թատրոն ու աշխատել՝ խոստովանում է Ղազանչյանը։

«Ես հուսով եմ, որ այն փոփոխությունը, որ պիտի անհապաղ լինի մեր երկրի կյանքում, կլինի խաղաղ, հնարավորինս քիչ ճնշող, և արդյունքում չի խանգարի, որպեսզի մշակույթի գործիչը կարողանա աշխատել, և այն պահանջը, որն ի վերուստ դրված է թատրոնի վրա, մենք կարողանանք իրականացնել, իսկ դա մարդկանց մեջ վաղվա օրվա հանդեպ ապրելու հույս ներշնչելն է», – ասում է նա և կրկին հիշեցնում, որ թատրոնը վերսկսել է իր մշակութային առօրյան ու դռները բաց սպասում է իր հանդիսատեսին։

Այցելե՛ք թատրոն։

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/02/2021