Սոցիալական

«Ընդհատակում»` ընդհատված․ երևանյան փաբերը ճգնաժամի մեջ են

Համաճարակից առաջ երևանյան բարերը, փաբերն ու ակումբները ժամանցային կյանք սիրողների համար դարձել էին քաղաքի սիրելի անկյուններ, որտեղ կարելի էր մտերմիկ շրջապատով կտրվել քաղաքի եռուզեռից։

Հատկապես վերջին տարիներին, այսպես ասած, «անդերգրաունդ» կյանքը փաբերում և ակումբներում յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծել՝ որոշ դեպքերում թեմատիկ երեկոներով` ուղեկցվող տարբեր երաժշտական ոճերով։ Փաբերից յուրաքանչյուրն ուներ սպասված հաճախորդներ, իսկ վերջիներն էլ՝ իրենց նախընտրելի անկյունները՝ սիրելի փաբում։

Հանգստյան օրերի երեկոյան ժամերին ազատ սեղաններ գտնելն անհնար էր, եթե նախօրոք ամրագրում չէր արվում։

Վերջին ամիսներին, սակայն, պատկերը կտրուկ փոխվեց․ սեղանները տեղում են, այցելուներ՝ չկան։ Կենտրոնում առկա փաբերից մի քանիսն այցելելու փորձերն ապարդյուն անցան, զանգերն անպատասխան մնացին։ «Կներեք, բայց խոսելու տրամադրություն չունեմ։ Գործերս էլ վատ են»,- «Ամփոփ Մեդիայի» զանգին ի պատասխան ասաց Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկի ղեկավարը։

Բայց զրուցելու պատրաստակամություն հայտնեց Yankee Pub-ի հիմնադիր Մանուկ Սուքիասյանը։ Այս փաբում ևս նախկինի նման աշխույժ, աղմկոտ ու մարդաշատ չէ։ Սուքիասյանն ասում է՝ համաճարակից «առաջն» ու «հետոն» բոլորովին տարբեր իրականություններ են։

«Օր կա՝ ոչ մի այցելու չենք ունենում»։

«Մարտի 16-ին փակվեցինք։ Երկար դադարից հետո՝ մայիսի 18-ին, վերսկսեցինք աշխատանքը։ Բայց շարժը չնչին էր, մոտ տասն օր պահեցինք աշխատակիցներին, հետո ստիպված եղանք կրճատումներ անել»,- ասում է Սուքիասյանը։

Մինչև արտակարգ դրության ռեժիմին անցնելը փաբն ուներ 5 աշխատակից։ Այժմ միայն մատուցողն է մնացել։ Սուքիասյանի խոսքով, աշխատակիցները երկու անգամ՝ ապրիլին և հուլիսին, պետության կողմից գումար են ստացել՝ ապրիլին 68 հազար դրամից մի փոքր պակաս, հուլիսին՝ հենց 68 հազար դրամ։ Փաբի հիմնադիրը՝ որպես տնտեսվարող, որևէ օգնություն չի ստացել։

«Մեր ամենաթանկ կապիտալը մեր անունն է, բայց անգամ լավ համբավը ֆինանսական սնուցում է պահանջում»,- ասում է Մանուկ Սուքիասյանը։

Սուքիասյանը, կարծես, ժամանակավոր լուծում էր գտել ստեղծված իրավիճակը մեղմելու համար։ Նա դիմել էր վարչական շրջանի ղեկավարին և քաղաքապետարան՝ փաբի դիմաց եղած տարածքն օգտագործելու թույլտվություն ստանալու համար։ Մերժել են։

«Բանավոր ասել են՝ գրավոր մի էլ դիմեք, համաձայնություն չենք տալու։ Ինձ համար պարզ չէ, թե ինչ չափորոշիչներով են նրանք ընդունում կամ մերժում նման առաջարկները։ Որևէ մեկին չէինք խանգարելու։ Գոնե բացօթյա սրճարանի միջոցով կկարողանայինք շրջանառություն ապահովել, և դա կարող էր բիզնեսի գոյատևման տարբերակ լինել»։

Նրա խոսքով, այս պահին եկամտի մասին չեն էլ խոսում, բիզնեսը պահում են՝ դժվար ժամանակները հաղթահարելու ակնկալիքով։

previous arrow
next arrow
Slider

Ակումբային երաժիշտները գործազուրկ

«Անդերգրաունդ» կյանքը սիրված էր նաև իր երաժիշտներով, սակայն համաճարակը «լռեցրել է» նաև երաժիշտներին ու նրանց գործիքները։

Անհատ երաժիշտներից և խմբերից շատերի համար ժամանցային վայրերում ելույթներով հանդես գալը եկամտի հիմնական, երբեմն էլ՝ միակ աղբյուրն էր։

Ջազ և բլյուզ ժանրում ստեղծագործող Absolute band-ի հիմնադիր և վոկալիստ Քրիստինա Մանգասարյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ այս պահին խումբն աշխատանք չունի։ Ասում է՝ ինքը, 3 մասնագիտություն ունենալով, կարողացել է այլ աշխատանք գտնել, սակայն խմբի անդամներից մի քանիսի համար երաժշտական գործունեությունը գումար վաստակելու միակ միջոցն է։

«Ես երաժիշտ եմ, ատամնաբույժ և տելեմարկետոլոգ։ Տեսնելով, որ իրավիճակն անորոշ է, ռուսական կազմակերպություններից մեկի հետ վերսկսել եմ աշխատանքս՝ որպես տելեմարկետոլոգ, ինչն, իհարկե, լավ չէ։ Ստիպված եմ, որովհետև չգիտեմ՝ ինչի սպասել»,- ասում է Քրիստինան։

Absolute band-ի 2019թ․ դեկտեմբերյան աֆիշից ակնհայտ է դառնում, որ խումբը այդ ամսին յոթ օրերի ընթացքում ունեցել է վեց համերգ և վեցն էլ տարբեր ռեստորաններում և փաբերում։

image-12903
Աֆիշը խմբի Ֆեյսբուքյան էջից

Խումբը 5 հոգուց է բաղկացած. Քրիստինա Մանգասարյան՝ վոկալիստ, Գևորգ Արզումանյան՝ բաս-կիթառիստ, Արթուր Մարգարյան՝ սոլո-կիթառիստ, Արթուր Հովակիմյան՝ դաշնակահար և Սամսոն Ղումաշյան՝ հարվածային գործիքներ։

Քրիստինայի խոսքով, խմբի մյուս անդամներից հատկապես տուժել են Արթուր Հովակիմյանն ու Սամսոն Ղումաշյանը։

«Արթուրը Արցախից է, Սամսոնը՝ Վանաձորից։ Երևանից գնացին, որովհետև այլևս աշխատանք չունեին։ Մայիսին 10 օր ընդմիջմամբ 2 ելույթ ունեցանք, հետո նորից ամեն ինչ դադարեց։ Այս իրավիճակը բենդի վրա շատ վատ է ազդում։ Եթե նորից թույլատրեն ելույթներ ունենալ, ես չեմ կարող տղաներին վստահեցնել, որ մայիսի իրավիճակը չի կրկնվի։ Նրանք էլ չեն կարող անընդհատ գալ ու գնալ, այդպես հարմար չէ»։

Քրիստինան նշեց, որ նախկինում շաբաթվա մեջ  համերգների ֆիքսված օրեր ունեին, բացի այդ տարբեր միջոցառումների էին մասնակցում։ Հիմա ամեն բան չեղարկվել է։ Առաջիկայում պլանավորված համերգներ չկան։ Իրավիճակն անորոշ է. չգիտեն՝ ինչի սպասել։

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Լուսանկարները հեղինակի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

#COVID19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/07/2020