Սոցիալական

Տատիս գյուղում կյանքն ուրիշ համ ու հոտ ունի․ Ազոխի թթենին

Գյուղի կյանքն ուրիշ է՝ պարզ, անշտապ…

Գյուղի օդն էլ է ուրիշ, արևն էլ…

Բա ամա՜ռը։

Ոչ ասֆալտ կա, որ շիկացած ածուխի պես ոտնաթաթերդ վառի, ոչ էլ գլխապտույտ առաջացնող բարձրահարկ շենքեր։ Սեփական տներ են՝ սեփական ուժերով կառուցած, համեստ, առանց ճոխությունների՝ ինչպես տերերը, հաճախ էլ՝ անկողպեք։ Գողերից զգուշանալու պատճառ գյուղում չեն ունենում։ Ուրիշի ունեցվածքի վրա աչք դնելն այստեղ ամոթ է։

Գյուղում ամեն ինչն իրական է, մարդիկ՝ավելի անմիջական։ Դրա համար էլ սիրում եմ գյուղը, իսկ ամենաշատը՝ իմ գյուղը՝ Արցախի հարավում գտնվող Ազոխը։

Զարթուցիչ գյուղում քչերն են օգտագործում, բայց և ոչ մեկը ոչ մի տեղից չի ուշանում։

Ազոխը

Հենց երկինքը մի փոքր շառագունում է, աքաղաղը հավաբնի նեղլիկ պատուհանից ազդարարում է լուսաբացը։ Ու գյուղը սկսում է արթնանալ։ Տան ավագներն աչքերը տրորում ու առաջինը գոմ են շտապում։ 6։00-ին կովերը պետք է հավաքատեղիում լինեն. ուշացնելու դեպքում ստիպված ես լինում նախիրի հետևից վազել, կովին էլ վազեցնել։ Իսկ կովերն առանձնապես չեն սիրում վազել։

Հետո մի հատիկ ցորեն գտնելու ակնկալիքով, իրար հերթ չտալով, հավերն են հավաբնի կիսաբաց դռնից դուրս շտապում։
Այդ ժամանակ ջահելները դեռ քնած են, եթե, իհարկե, հաջողվում է բարձի օգնությամբ մի քիչ խլացնել ձեն ձենի տված աքաղաղների ծուղրուղուն ու ալարկոտ քայլերով գոմից դժկամությամբ դուրս եկող կովերի բառաչը։

Ինձ մոտ, համենայնդեպս, ստացվում էր։

Գյուղի ամեն ինչին կարոտում եմ, անգամ՝ թութ թափ տալուն

Նախկինում ստացվում էր, հիմա՝ ոչ, ավելի ճիշտ՝ հիմա չեմ էլ փորձում։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև հիմա գյուղում հազվադեպ եմ լինում, տարին` մեկ կամ երկու տարին մեկ անգամ։ Ու գյուղի ամեն ինչին կարոտում եմ, շատ-շատ եմ կարոտում, անգամ՝ թութ թափ տալուն։

Ազոխի թթենին

Երկար ընդմիջումները շատ բաներ վերաարժևորելու հնարավորություն են տալիս։

Հիշում եմ՝ երբ փոքր էի, թութ թափ տալու հետ առանձնապես սեր չունեի։ Դա մի ամբողջ արարողակարգ էր, որի մեջ սիրում էի միայն այն, որ գործը գլուխ բերելու համար հարևան կամ բարեկամ մեկին պետք է խնդրեինք միանալ մեզ։ Շալի (մեծ շոր, որի մեջ թափվում էր թութը) չորրորդ ծայրը բռնողը հիմնականում զարմիկներիցս մեկն էր լինում, թութը թափ տվողն էլ՝ հայրս, մեկ-մեկ էլ՝ եղբայրս։

Ամեն անգամ հետհաշվարկ էի անում, թե քանի ծառ մնաց թափ տալու ու, երբ թթի հյութից ծանրացած շալը հասցնում էինք վերջին ծառի տակ, ուրախությանս չափ չէր լինում։ Այդ արարողակարգը չսիրելուս պատճառն այն էր, որ գործն ավարտելուց հետո մազերիցս ամեն անգամ մի բուռ գերհասած, հյութը ծորացող թութ էի հանում։

Հիմա մեր թթի ծառերն էլ բերք չեն տալիս, չորացել են։ Տասնամյակներ տևած, ավանդույթի ուժ ստացած թութթափոցից ինձ միայն հիշողություններ են մնացել՝ կարոտով պարուրված ու սիրով փաթեթավորված։

Ժամանակին գյուղում գրեթե բոլորը թթի ծառեր ունեին, ու հունիսը թութ թափելու սեզոնն էր։ Հիմա էլ թութը հունիսին է հասնում, ուղղակի թթի ծառերն ու թափ տվողներն են քչացել։

Թեկուզ քիչ, բայց գյուղում կան մարդիկ, որոնց տանը միշտ կգտնվեն թթից ստացվող բարիքները՝ օղին ու դոշաբը։

Տատի այգին

Ի տարբերություն թթի, կարտոֆիլի բերքահավաքին ամեն տարի անհամբերությամբ էի սպասում։ Դա էլ է արարողակարգ, ու ընտանիքով էինք բերքը հավաքում։ Քանի որ աշխատանքը զույգերով է արվում՝ մեկը կարտոֆիլները հողից տակից հանում է, մյուսը՝ հավաքում, ես տատիկիս հետ էի զույգ կազմում։ Ժամը մեկ պարկերն էի հաշվում, որ տեսնեմ՝ ես ու տատս ենք արագ աշխատո՞ւմ, թե՞ հայրս ու մայրս։

Աշխատանքիս համար հայրս միշտ պարգևատրում էր ինձ, պարգևի ընտրությունն էլ ինձ էր թողնում։ Ես էլ խղճով էի. հիմնականում քաղցրավենիք էի ուզում։

Քանի որ կարտոֆիլի բերքահավաքը սովորաբար մի քանի օր էր տևում, ժամանակ չկորցնելու համար այդ օրերին ճաշում էինք այգում։

Տատս միշտ ասում է՝ քո իսկ այգում, այդ նույն այգու բերք ու բարիքով բացված սեղանի շուրջ ծալապատիկ նստելն ու մի կտոր հաց ուտելն ուրիշ հաճույք է։

Ինչ հիշում եմ՝ տատս է մշակում այգին։ Հիմա էլ՝ 88 տարեկան հասակում, չորացած հողակտորի վրա կուչ եկած ամեն մի թփին կենդանություն տալու համար կիզիչ արևի հետ կռիվ է տալիս։ Ու ամենակարևորը՝ շատ դեպքերում հաղթում է։
Հիմա բերքը հավաքելու շրջանն է սկսվել։ Պայուսակի մեջ ամեն օր մի քանի վարունգ տատս տուն է բերում ու ասում՝ քանե ստըղ ըս, կեր, մատաղ ինիմ։

Քանե ստըղ ըս, կեր, մատաղ ինիմ

Տատիիս մշակած վարունգը մի ուրիշ համ ունի… Ու, ընդհանրապես, գյուղի ամեն ինչն ուրիշ է։

Միայն գյուղում է, որ նոր հավաքած ու դեռ կիսաթաց խոտի հոտը միախառնվում է առավոտվա թարմ օդի հետ ու արևի առաջին ճառագայթների հետ սենյակի բաց պատուհանից լցվում ներս։

Միայն գյուղում է, որ թոնրից նոր հանած տաք հացի բույրը բռնում է ամբողջ թաղն ու մի կտոր պանրի հետ պահմտոցիից ուժասպառ եղած ճժերի համար լավագույն ընթրիքը դառնում։

Միայն գյուղում է, որ օդն այնքան մաքուր է, որ թոքերիդ ամբողջ ծավալով շնչում ես ու չես հագենում։

Միայն գյուղի երեկոներն են այնքան խաղաղ, որ ամեն երեկո կարող ես լսել պատուհանիդ տակ երգող ծղրիդի երգն ու զգալ, թե որքան երջանիկ ես, որ ծնվել ու կյանքիդ մի մասը գյուղում ես ապրել…

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/07/2020